Աշխարհում գեթ մեկ հայ չկա, որ կասկածի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը՝ բացառությամբ Փաշինյանի ու իր գործընկերների
30 Հունվար 2025
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Alpha News-ի հետ զրույցում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունները:
«Փաշինյանը գրեթե 7 տարի ճիգեր է գործադրում տկարացնելու հայկական կողմին: Սա անհասկանալի է և պետք է ասել, որ ինքը դա անում է փայլուն ձևով՝ Հայաստանը, Սփյուռքը տկարացնելով այնպես, ինչպես արեց Արցախի դեպքում»,- ասել է Փափազյանը ու հիշեցրել, որ որոշ ժամանակ առաջ էլ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն էր այդպիսի հայտարարություններ արել՝ կասկածի տակ առնելով 1915թ-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
«Հիշու՞մ եք՝ մի որոշ ժամանակ առաջ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «մենք պետք է հաշվենք զոհերի թիվը, կարող է 1,5 միլիոնից ավելի շատ է կամ քիչ»: Սա նշան էր, որ հարցականի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը: Սա համաձայնեցված քաղաքականություն է Էրդողանի հետ, ինչպես Արցախի հարցն էր համաձայնեցված Ալիևի հետ»,- ընդգծել է Մուրադ Փափազյանը:
Նա այս ամեն ինչին հավելել է նաև Սահմանադրության ու Անկախության հռչակագրի հարցերը, որոնց փոփոխության մասին խոսում են միայն Ալիևը, Էրդողանը, ապա նրանց հաջորդում է Փաշինյանը: Փափազյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում բացի Փաշինյանից ուրիշ հայ չկա, որ կասկածի տակ կարող է դնել Հայոց ցեղասպանությունը:
«Այս ընդհանուր հայտարարություններին կարող ենք ավելացնել նաև Սահմանադրության հարցը: Փաշինյանն ուզում է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Երբ Փաշինյանը հարցականի տակ է դնում ու քննադատում Անկախության հռչակագիրը, երբ տեսնում ենք, որ Փաշինյանը չի պաշտպանում Հայաստանի սահմանները՝ 2021-ից ի վեր, Հայաստանի ինքնիշխան տարածքից ունենք օկուպացված տարածքներ ու երբ տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է տկարացնել հայկական Սփյուռքը, եզրակացնում ենք, որ հենց դա է իր առաքելությունը: Աշխարհում գեթ մեկ հայ չկա, որ հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը, չկա, չեք կարող գտնել այդպիսի մեկին՝ բացառությամբ Փաշինյանի ու իր գործընկերների»,- եզրափակել է Մուրադ Փափազյանը: