Շվեյցարիայում, ըստ էության, բավարարվեց Թուրքիայի նաեւ երրորդ նախապայմանը
31 Հունվար 2025
Հունվարի 30-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Քննարկվել են ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների և խորացող ճգնաժամերի հետ կապված հարցեր: Պատգամավորն ի մասնավորի խոսել է վերջերս Շվեյցարիայում ՀՀ վարչապետի՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող խայտառակ հայտարարությունների, դրանց հնարավոր հետևանքների, հայ-ադրբեջանական բանակցություններում հայկական կողմի անդադար և շարունակական զիջումների, բանակցությունների գաղտնիության պատրվակով իրականության կոծկումների, ինչպես նաև արտաքին քաղաքական վեկտորի՝ տնտեսապես չհիմնավորված փոփոխության շուրջ բարձրացած աղմուկի մասին: Ըստ պատգամավորի՝ ՀՀ իշխանությունները, խոսելով ԵՄ մտնելու գործընթացի մասին, Հայաստանը հաստատուն քայլերով տանում են դեպի Թուրքիա և Ադրբեջան, որտեղ Հայաստանին սպառնում է Թուրքիայի պրոտեկտորատ դառնալու հեռանկարը:
Խոսելով ՀՀ վարչապետի՝ Շվեյցարիայում արած հայտարարությունների մասին, Քրիստինե Վարդանյանը նշել է, որ դրանք ոչ այլ ինչ էին, եթե ոչ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ավանդական նախապայմաններից երրորդ՝ վերջին նախապայմանի բավարարում: «Առաջին նախապայմանը Արցախից հրաժարումն էր, որ իշխանություններն արդեն իսկ կատարել են, երկրորդը հայկական սիմվոլիկայից հրաժարումն է, որ նույնպես առկա է (Արարատ լեռան պատկերից հրաժարում, օրհներգի նկատմամբ արշավ, Անկախության հռչակագրից նահանջ) և Թուրքիայի համար ամենախնդրահարույց երրորդ նախապայմանը՝ Հայոց ցղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում»,- ասել է Քրիստինե Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: