ՀՅ Դաշնակցութիւնը եւ Հայաստանի դեմարկացիայի առաջին փորձերը
01 Փետրվար 2025 (Համառօտ ուսումնասիրութիւն)
Նախաբան
Հայ ազգային ազատագրական շարժման մասնակից ուժերը, յատկապէս ՍԴ Հնչակեան կուսակցութիւնը եւ ՀՅ Դաշնակցութիւնը նպատակ էին ճշտել ազատագրելու Հայաստանը, բայց գոյութիւն չունէին քաղաքա-աշխարհագրական եւ իրաւական յստակ հիմնաւորումներ Հայաստանի ո՛չ արեւմտեան եւ ո՛չ էլ արեւելեան հատուածների դիրքը սահմանելու համար։
Պատմական տուեալները ցոյց են տալիս, որ 19-րդ դարավերջին Թուրքահայաստանի կամ Արեւմտեան Հայաստանի սահմանները առաւել ճշտորոշ են եղել Ռուսահայաստանի կամ Կովկասեան Հայաստանի համեմատութեամբ։ 1877-1878 թթ. ռուս-օսմանեան պատերազմի արդիւնքում կայացած Սան Ստեֆանոյի հաշտութեան պայմանագրում նշւում էր Հայաստան բառը, որն էլ ունէր աշխարհաքաղաքական որոշակի նշանակութիւն։ «Նկատի առնելով այն,- նշւում է պայմանագրի 16-րդ յօդուածում,- որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրաւուած ՀԱՅԱՍՏԱՆ-ի` Թուրքիային վերադարձուելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդութիւնների, որոնք երկու պետութիւնների բարի յարաբերութիւնների վրայ կ’ունենան վնասակար ազդեցութիւն, Բարձր Դուռը պարտաւորւում է անյապաղ կենսագործել ՀԱՅԱԲՆԱԿ ՄԱՐԶԵՐ-ի տեղական կարիքներից յարուցուող բարելաւումներ եւ բարենորոգութիւններ, եւ հայերի անվտանգութիւնը զերծ պահել քրդերից եւ չերքէզներից» (ընդգծումները մերն են – Կ․Խ․)։
Այսպիսով Օսմանեան կայսրութեան մաս կազմող Հայաստանը պարզապէս նոյնականացւում էր՝ օսմանեան երեք վիլայէթների՝ Էրզրումի (Կարին), Վանի, Բիթլիսի (Բաղեշ) հետ ամբողջապէս եւ չորս վիլայէթների՝ Դիարբեքիրի (Տիգրանակերտ), Խարբերդի, Սըվասի (Սեբաստիա) եւ Տրապիզոնի որոշակի մասերի հետ (տես՝ նկար 1)։
Նկար 1
Առաւել խրթին եւ տարաբնույթ բարդութիւններով լի էր ընդհանրապէս Անդրկովկասի վարչատարածքային բաժանումը եւ մասնաւորաբար Ռուսահայաստանի աշխարհագրական սահմանումը։
Անդրկովկասին, 1903 թ. դրութեամբ, մաս էին կազմում չորս նահանգ կամ գուբերնիա (Թիֆլիս, Երեւան, Ելիզաւէտպօլ, Բաքու), մէկ մարզ կամ օբլաստ (Կարս) եւ չորս վարչատարածքային առանձին շրջան կամ օկրուգ, (Սուխումի, Բաթումի, Արդուին, Զաքաթալի) (տես՝ նկար 2)։
Նկար 2
Թիֆլիսի, Երեւանի, Ելիզաւէտպօլի (Գանձակ), Բաքուի գուբերնիաները եւ Կարսի օբլաստը բաժանուած էին ներքին գաւառների (տես՝ նկար 3)։
Նկար 3
* * *
Օսմանյան քարտէզներում, մինչեւ 1880-ականի կէսերը, նշւում էր Հայաստանի անունը, իսկ Անդրկովկասի 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի վարչատարածքային բաժանումներում չէր յիշատակւում Հայաստանը։
Այսպիսով ՀՅ Դաշնակցութեան համար անհրաժեշտութիւն էր համարւում ճշտորոշել Միացեալ Հայաստանի քաղաքական քարտէզը, մանաւանդ այն հանգամանքից ելնելով, որ նա ձգտում էր իրականացնել Օսմանեան Հայաստանի ինքնավարութիւնը մէկ կողմից եւ միւս կողմից՝ Անդրկովկասի ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութիւնը, իր էթնօգրաֆիկական հիմունքներով եւ տեղական լայն ինքնավարութեամբ օժտուած աւտօնոմ (ինքնավար, ինքնիշխան) ԿԱՆՏՕՆ-ներով, այդ թւում՝ նաեւ ՌՈՒՍԱՀԱՅԱՍՏԱՆ-ով։
ՀՅ Դաշնակցութեան 3-րդ Ընդհանուր Ժողովը գումարուեց 1904 թ. սկզբին եւ որոշում ընդունեց Կովկասեան յեղափոխական շարժմանը ՀՅԴ շարքերի եւ մարմինների մասնակցութեան մասին։ Սոյն որոշման լոյսի տակ 1905 թ. յունիսին կայացաւ ՀՅԴ Կովկասեան Ռայոնական Ժողովը, ուր որդեգրուեց գործունէութեան լրացուցիչ մի ծրագիր, որն յայտնի է, որպէս՝ «Կովկասեան Նախագիծ»։
Այս նախագծով առաջադրւում էր. «1. Ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութիւն Անդրկովկասի համար, հիմնուած ընդհանուր, հաւասար, ուղղակի եւ գաղտնի ձայնատուութեան (քուէարկութեան) վրայ»,- ապա եւ ամրագրւում էր այն, որ. «11. Անդրկովկասը բաժանւում է գաւառների, որոնք վայելում են ամենալայն տեղական ինքնավարութիւն: Գաւառների սահմանները գծագրելիս՝ ի նկատի պիտի առնել ազգաբնակութեան ցեղագրական (տպագրական այլ տարբերակներում նշուած է՝ ազգագրական – Կ․Խ․) եւ կուլտուրական կազմը, ըստ կարելւոյն միաձոյլ համախմբումներ կազմելու համար» ։
ՀՅԴ քաղաքական սոյն պահանջին դէմ էին հայ մարքսիստները իրենց երեք գլխաւոր հոսանքներով՝ «Ռուսական Սոցիալ-դեմոկրատական բանուորական կուսակցութեան» մենշեւիկ ու բոլշեւիկ հատուածները եւ «Սոցիալ-դեմոկրատական բանուորական հայ կազմակերպութիւն»-ը (սպեցիֆիկները)։ Իսկ հայ ԷսԷռ-ները, ելնելով մայր գաղափարակցութեան՝ Ռուսաստանի սոցիալիստ յեղափոխական կուսակցութեան նպատակային հիմադրոյթներից, թէեւ տեսականօրէն ընդունում էին Անդրկովկասում ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութիւն ստեղծելու գաղափարը, այդուհանդերձ խիստ պասիւ էին Դաշնակցութեան տուեալ պահանջատիրութեան նկատմամբ, նրա մէջ տեսնելով՝ մրցակցին կրեդիտներ տալու սխալ քայլ։
Հայ մարքսիստ, սպեցիֆիկ սոց-դեմոկրատ, բժիշկ՝ Տիգրան Իսախանեանը, Genosse ծածկանուամբ, գրում էր. «Հայ իրականութեան մէջ գործող քաղաքական կուսակցութիւններից Դաշնակցութիւնը իր minimum ծրագրի մէջ մտցրած ունի Անդրկովկասի ֆեդերացիայի խնդիրը: Մինչդեռ սրան հակառակ դիրք է բռնած Սօցիալ-դեմօկրատ կուսակցութիւնը, մասնաւորապէս ՍԴԲ Հայ Կազմակերպութիւնը, որը Ռուսաստանի ապագայ քաղաքական կազմի նկատմամբ իրագործելի ու միանգամայն բաւական է համարում, պրօլետարիատի դասակարգային շահերի տեսակէտից տեղական ու շրջանային լայն ինքնավարութիւնը» :
Մի այլ հայ մարքսիստ, բոլշեւիկամէտ սոցիալ-դեմոկրատ՝ Աշոտ Աթանասեանը, նոյն ինքը «Զանգակ»-ն , իր դաւադրութեան տեսութեամբ բուռ քննադատութիւն էր հնչեցնում Դաշնակցութեան հասցէին, ասելով, որ. «Դաշնակցութեան ֆեդերացիան ազգային է լինելու… Ահա որտեղ է թաղուած շունը՝ այս նոր գաւառների մէջ, եւ կարող է լինել այնպէս, որ ողջ Անդրկովկասը կը սկսուի բաժանուել նոր ադմինիստրատիւ գաւառական մասերի այս կամ այն ազգին պատկանող ազգաբնակչութեան համեմատ, որով եւ հրապարակ կը գայ կռուախնձորը, որը այնպէս գաղտնի է պահում դաշնակցութիւնը իր «ամենալայն տեղական ինքնավարութիւն» բառերի վերմակի տակ» ։
«Միայն եւ միայն, – եզրակացնում էր Աթանասեանը,- համառուսական հիմնադիր ժողովը իրաւունք ունի դնելու այդպիսի խնդիրներ, քննադատելու, առաջարկելու եւ լուծելու այնպէս, որպէս որ այդ կը համապատասխանի ողջ պետութեան եւ նրա մէջ ապրող ազգութիւնների շահերին եւ առաջադիմութեանը՝ որպէս ռուս քաղաքացիների… Սա է այն միակ, այն ուղիղ, այն հարազատ ճանապարհը, որով գնալու է ամեն մի զուտ յեղափոխական կուսակցութիւն, որը յետին մտքեր չունի, որը չէ ուզում «պօլիտիկոսութեամբ» պարապել։ Իսկ Դաշնակցութիւնը ամենից շատ եւ ամենից հեշտ պօլիտիկոսութիւնով է պարապում» ։
Սպեցիֆիկներն առաւել տրամաբանական էին իրենց քննադատութիւններում։ Նոյն Տիգրան Իսախանեանը կամ Genosse-ը շատ պարզ հարց էր բարձրացնում. «Նախ մի նկատողութիւն. ամիսներ ու տարիներ անցան այն օրուանից, երբ Դաշնակցութիւնը ծնեց իր այդ հռչակաւոր Անդրկովկասեան կանտօնները, բայց այս ամբողջ ժամանակամիջոցում սա չկարողացաւ մեզ տալ մի քարտէզ, որի վրայ նա Անդրկովկասը բաժանած լինէր ըստ իր բարեհաճ հայեցողութեան մի քանի տասնեակ կամ հարիւր կանտօնների: Դաշնակցութիւնը այդ մինչ օրս ոչ միայն չարաւ, այլ այսօր էլ հեռացնում է իրանից այդ պարտականութիւնը… Նա չկարողացաւ մինչ այսօր ասել, թէ որոնք են այդ կանտօնները, որպէս զի կարելի լինէր քննել նրանց իրագործուելու հաւանական լինելը: Կրկնում ենք, որ այս տեղի է ունենում մի հարցի վերաբերեալ, որի ամեն մի մանրամասնութիւնը նա արդէն վաղուց պիտի պարզած լինէր» :
Սակայն ՀՅԴ-ի համար Անդրկովկասի վերաբաժանումների ճշտորոշման եւ դրանից բխող կոնկրետ առաջադրանքի ձեւաւորման հարցը, այլեւայլ բարդութիւններից բացի, կախում ունէր մէկ այլ հանգամանքից նաեւ։ Անդրկովկասի վերաբերեալ ծրագրային մինիմալ պահանջը պետք է հաստատուէր կուսակցական բարձրագույն ժողովում, ինչին սպասում էին դաշնակցական տեսաբանները։
Հայ մարքսիստ, սպեցիֆիկ սոց-դեմոկրատ՝ Դաւիթ Անանունն աւելի ուշ գրում էր. «Այս հեռանկարի դիմաց, որ միջցեղային կռիւ ու անհամաձայնութիւն էր, հայ մարքսիստները դէմ էին արտայայտւում Անդրկովկասի ֆեդերացիային։ Բայց մարքսիստների կարծիքը պարտադիր չէր դաշնակցականների համար, եւ նրանք շարունակեցին Ռուսական Հայաստանի տեղն ու դիրքը որոշել» ։
ՀՅԴ 4-րդ Ընդհանուր Ժողովը գումարւում է Վիեննայում, 1907 թ. փետրուար եւ մարտ ամիսների ընթացքում։ Այդ ժողովում ընդունւում է նոր ծրագիր, իր մաքսիմալ (ընդհանուր տեսութիւն) եւ մինիմալ (քաղաքական պահանջներ, տնտեսական պահանջներ) բաժիններով։ Քաղաքական պահանջների Անդրկովկասի մասով անփոփոխ է մնում ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութիւն առաջադրանքը, սակայն ի տարբերութիւն «Կովկասեան նախագծի» 11-րդ յօդուածի, նոր ծրագրում, ըստ հետեւեալի, ընդունւում է երկու յօդուած, որտեղ ԳԱՒԱՌ-ների փոխարէն առաջ է քաշւում ԿԱՆՏՈՆ-ների գաղափարը. «8) Անդրկովկասեան Հանրապետութիւնը բաժանւում է կանտոնների, որոնք վայելում են տեղական լայն ինքնավարութիւն: Համայնքները նոյնպէս վայելում են ինքնավարութիւն՝ զուտ համայնական խնդիրներում: 9) Կանտոնների սահմանները որոշելիս պէտք է նկատի առնել ազգագրական, տեղագրական եւ կուլտուրական առանձնայատկութիւնները, ըստ կարելոյն միաձոյլ համախմբումներ կազմելու համար» ։
Այսպիսով «ցեղագրական եւ կուլտուրական»-ին փոխարինեցին «ազգագրական, տեղագրական եւ կուլտուրական առանձնայատկութիւնները», որպէս վերաբաժանման տեսական հիմունքներ։
Նոր ծրագրում ամրագրուած Կանտոնների սահմանագծման գործում թերեւս առաջին քայլը կատարել է Գարեգին Խաժակը, ով իր «Դէպի ֆեդերացիա» աշխատութիւնում, վիճակագրական զանազան տուեալները քննութեան ենթարկելով եւ Անդրկովկասի քարտէզը նոր սահմանաբաժանումներով ձեւափոխելով, ընդհանուր գծերով բնորոշել է ռուսական Հայաստանը։ «Ախալցխայի գաւառի հարաւային մասը,- գրել է նա,- Գանձակի եւ Թարթառի կամ Ջիվանշիրի գաւառների լեռնային մասերը, Շուշու եւ Զանգեզուրի գաւառները, հետը միացրած Ջիբրայէլի հայկական շրջանը, Նոր Բայազէտի, Երեւանի, Էջմիածնի եւ Ալեքսանդրապոլի գաւառները, Կարսի եւ Կաղզուանի շրջանները, Շարուր-Դարալագեազի եւ Նախիջեւանի գաւառների լեռնային մասերը։ Այս շրջանը կազմում է մի ամբողջական բնակավայր, որի մէջ մօտաւորապէս 55-65 առ հարիւրը կազմում են հայերը» ։
Խաժակի սահմանագծած անդրկովկասեան Հայաստանում այդ ժամանակ ապրում էին 6-7 հարիւր հազար հայեր, այսինքն՝ Անդրկովկասի 1․312․000 հայերի ստուար մասը։ Իսկ վրացիները եւ թաթարներն էլ մեծամասնութիւն են կազմում իրենց ազգային տերիտորիալ սահմաններում:
ՀՅԴ գործիչ, մտաւորական՝ Արտաշէս Աբեղեանն այսպէս է գնահատել Գարեգին Խաժակի կատարած գործը. «իր աշխատութեան մէջ Խաժակը արծարծել եւ պաշտպանել է մի տեսակէտ, մի սկզբունք, որ յետագային հրապարակ եկաւ աւելի սուր կերպարանքով, որի յաջող լուծումը համարուեց միակ գրաւականը՝ անդրկովկասեան ժողովուրդների խաղաղ համակեցութեան, քաղաքական միութեան համար»։
Խաժակի աշխատութեանն առընթեր, ՀՅԴ գործիչ, գաղափարախօս Եղիշէ Թոփչեանը եւս անդրադարձել է Անդրկովկասեան ֆեդերացիայի հարցին եւ իր հռետորական հարցադրմամբ վերնագրուած՝ «Արդեօք հնարաւո՞ր է ֆեդերացիան» յօդուածում, տալիս է վիճակագրական պատկերներ Հարաւային Կովկասի հայաբնակ շրջաններից. «… Վերջին վիճակագրական տեղեկութիւններից երեւում է, որ միայն Կովկասում 1,312,000 հայ կայ, այն է.
«1. Երեւանի նահանգում 510․975
«2. Կարսի նահանգում 92․497
«3. Բաթումի նահանգում 27․670
«4. Քութայիսի նահանգում 3․824
«5. Բաքուի նահանգում 88․520
«6. Սեւ Ծովեան նահանգում 7․689
«7. Թիֆլիսի նահանգում 265․985
«8. Գանձակի նահանգում 309․858
«9. Դաղստանի նահանգում 3․066
«10. Զաքաթալի նահանգում 2․500
«Ընդամենը 1․312․584
«Նոյն այդ տեղեկութիւնների համեմատ,- շարունակում է նա,- հայերը բացարձակ մեծամասնութիւն են կազմում հետեւեալ գաւառներում.
«1. Ալեքսանդրապօլի գաւառում 135,004
«2. Նոր-Բայազէտի գաւառում 82,815
«3. Էջմիածնի գաւառում 86,069
«4. Կարսի գաւառում 31,375
«5. Կաղզուանի գաւառում 24,391
«6. Ախալքալաքի գաւառում 56,562
«7. Բորչալուի գաւառում 47,053
«8. Շուշիի գաւառում 59,231
«9. Զանգեզուրի գաւառում 77,986
«10. Ղազախի գաւառում 44,411
«Ընդամենը 645,197
«Դա թէեւ մի ուրուագիծ է, որ կարօտ է ուղղումների ու մշակման, բայց եւ այնպէս գալիս է որ պատասխանելու մեր դրած հարցին, թէ «արդեօք հնարաւո՞ր է ֆեդերացիան»։ Այո հնարաւոր է նա եւ անհրաժեշտ՝ ազգային ամեն տեսակի անարդարութիւններ ու անհաւասարութիւններ վերացնելու եւ բոլոր այլացեղ ժողովուրդների անկաշկանդ զարգացումը ապահովելու համար։
«Inter arma silent ieges – զէնքերի շաչիւնից լռում են օրէնքները, ասում է լատինական առածը, որ այնպէս ճշտօրէն բնորոշում է մեր իրականութիւնը: Այո՛, զէնքերի շաչիւնով, ֆիզիքական կոպիտ ոյժով կարելի է լռեցնել ամեն ինչ, բայց կորստաբեր է այդպիսի լռութիւնը: Պետութեան ոյժը դրա վրայ յենուած չպէտք է լինի, այլ ազատութեան ու հաւասարութեան անխորտակելի պատուանդանի վրայ…
«Ֆեդերացիան,- եզրակացնում է Թոփչեանը,- այդ պատուանդանի խոշոր անկիւնաքարերից մէկն է, ուստի եւ պետք է ձգտել նրա իրականացմանը» :
Իսկ ՀՅԴ մտաւորական, գործիչ եւ ղեկավար մարմինների անդամ Աւետիք Շահխաթունեանը, ում Հայաստանի սահմանագծման նշանակալի գործունէութեանը դեռ կ’անդրադառնանք, իր «Ֆեդերալիզմ եւ դեմոկրատիա» աշխատութեան մէջ, վիճակագրական ամփոփ պատկերացում է տալիս Անդրկովկասի էթնոգրաֆիկական կազմի վերաբերեալ. «.. Երեւանեան նահանգի մեծ մասը, Թիֆլիզի նահանգից՝ Ախալքալաքի, Ախալցխայի, Բորչալուի գաւառների մեծ մասը, Գանձակի, Ղարաբաղի լեռնաշղթայի Երեւանի սահմանին յենող մասերը ներկայացնում են մի շարք գաւառներ, որտեղ հայ ազգաբնակութիւնը 90, 80, 65/%-ն է կազմում» :
ՀՅ Դաշնակցութեան տերիտորիալ որոնումների մասին առանձին մի այլ արտայայտութիւն է հրապարակուել ՀՅԴ քաղաքական գործիչ, Ռուսաստանի պետական երկրորդ Դումայի պատգամաւոր՝ Սիրական Տիգրանեանի միջոցով, 1910 թ., ռուսերէն յօդուածի մէջ, ուր նա լայն քննութեան է ենթարկում հայերի վիճակն ու զբաղեցրած բնակավայրը Անդրկովկասում։ Սոյն յոյժ կարեւոր յօդուածը տպագրուել է Կաստելյանսկիի խմբագրած «Формы национального движения в современных государствах» (Ազգային շարժման ձեւերը ժամանակակից պետութիւններում) վերտառութեամբ հաւաքածոյի «Հայերը» գլխի տակ։ Տուեալ յօդուածում Տիգրանեանը փաստօրէն կոնկրետ սահմանների մէջ էր ամփոփում Ռուսահայաստանը, թէեւ հենց սկզբից շեշտում է, որ հայերը Ռուսաստանում հարց չեն բարձրացնում տերիտորիալ աւտոնոմիայի ուղղութեամբ:
«Ընդհանուր մարդահամարի տուեալներով,- գրում է Սիրական Տիգրանեանը,- 1897 թ. Ռուսաստանում կար 1,173,471 հայ։ Դրանցից հիմնական զանգուածը կենտրոնացած է հարաւային Կովկասում։ Կովկասում ապրող 1,120,000 հայերից միայն 31 հազարն է բնակւում հիւսիսային Կովկասում (1897 թ.)։ Անդրկովկասի միւս երկու նշանակալից ազգութիւնների՝ վրացիների եւ թաթարների համեմատութեամբ, հայերն առաւել ցրուած ազգն են։ Այնուամենայնիւ, մենք հնարաւորութիւն ունենք ուրուագծելու հայ բնակչութեան շարունակական տարածքն, իր թուային գերակշռութեամբ, մի կողմ թողնելով գոյութիւն ունեցող վարչատարածքային ֆորմալ բաժանումները, որը քիչ է համապատասխանում ցեղային (племенного) իրական սահմաններին»։
«Հայ բնակչութեան կենտրոնը Երեւան գուբերնիան է։- Շարունակում է Տիգրանեանը,- Այստեղ է գտնւում Կովկասի ողջ հայութեան կէսից մի փոքր պակաս մասը, որը կազմում է նահանգի բնակչութեան 55%-ը (գուբերնիայում թաթարները կազմում են մօտաւորապէս 38%, քրդերը՝ 6%)։ Երեւան նահանգի շուրջը, որպէս հայերի ամենամեծ կենտրոն, գտնւում են բոլոր կողմերից անմիջապէս նրան կից՝ շարունակական շերտեր՝ ազգագրականօրէն հայկական տարածքներ՝ Ելիզավէտպոլի եւ Թիֆլիսի նահանգների եւ Կարսի շրջանի հարեւանութեամբ։ Ելիզավէտպոլ նահանգը կը բաժանուի երկու մասի՝ ազգագրական կազմով միմեանցից կտրուկ տարբերուող. արեւելեան եւ հիւսիսային (հարթավայրային եւ Կուռ) գոտին գրեթէ բացառապէս բնակեցուած է թաթարներով, ամբողջ արեւմտեան եւ հարաւային, այսինքն՝ յարակից Երեւան գաւառին, որը լեռնային եւ նախալեռնային հայերի գերակշռող տարածքն է, ուր հայերը կազմում են տեղի բնակչութեան աւելի քան 70%-ը: Թիֆլիսի նահանգում հայերը հիմնականում բնակւում են նրա հարաւ-արեւմտեան հատուածում։ Այս գաւառի բնակչութեան 230 հազար մարդուց հայերից կազմում են 200 հազարը, որոնք կենտրոնացած են այստեղ՝ կազմելով հայ ժողովրդի գերակշռութեան գոտի Երեւան նահանգին անմիջապէս կից Ախալքալաքի եւ Բորչալուի շրջանները, ինչպէս նաեւ Թիֆլիսի հարաւային եւ արեւելեան Ախալցխայի գաւառը։ Ախալքալաքի գաւառում հայերը կազմում են ողջ բնակչութիւնը, Բորչալուի մէջ 35%-ը (թաթարներ 30%-ը, վրացիներ 5%-ը եւ ռուսներ 6%-ը)։ Թիֆլիսի գաւառում ապրող 16 հազար հայերից աւելի քան 14 հազարը կենտրոնացած են նրա արեւմտեան մասի հարաւային գոտու՝ Բորչալուի գաւառի կից տարածքում: Կարսի օբլաստը ցեղային կազմով ամենատարբերն է Հարաւային Կովկասում։ Այստեղ ամենաշատը հայերն են (25%) եւ թուրքերը (21%)։ Եթե նայենք շրջանի առանձին հատուածներին, ապա կը ստացուի, որ թուրքերի հիմնական մասը կենտրոնացած է արեւմտեան շրջանում (Օլթիի եւ Արտահանի շրջաններ-օկրուգներ)։ Հայերը հիմնականում գտնւում են արեւելքում (Կարս եւ Կաղզուան գաւառներ), որոնք կտրուկ գերակշռում են այլ ազգութիւնների նկատմամբ (այստեղ հայերը կազմում են 35%, իսկ մնացած 65%-ը բաժանուած է՝ քրդերի՝ 19%, յոյների՝ 12%, ռուսների՝ 11%, թուրքերի՝ 8% եւ այլն)»:
«Իսկ Կարսի մարզի հայկական այս հատուածը,- ամրագրում է Տիգրանեանը,- արեւմուտքից ուղղակիօրէն յարում է Երեւան նահանգին՝ նրա հետ կազմելով մէկ շարունակական տարածք՝ գերակշռող հայ բնակչութեամբ։ Այսպիսով, Անդրկովկասի կենտրոնական մասում առաջանում է աշխարհագրական առումով կոմպակտ, շարունակական տարածաշրջան՝ հայ ժողովրդի թուային գերակշռութեամբ։
Այնուամենայնիւ, համեմատած հարաւային Կովկասի երկու այլ ազգային շրջանների՝ վրացական հիւսիս-արեւմուտքում եւ թաթարական հարաւ-արեւելքում, ռուսաստանեան Հայաստանը դեռեւս ամենատարբերն է բնակչութեան ազգագրական կազմով»։
«Ընդհանուր առմամբ,- եզրակացնում է Տիգրանեանը,- ռուսական Հայաստանը՝ զբաղեցնելով մօտ 70,000 քառակուսի վերստ (մօտաւորապէս՝ 79,000 քկ – Կ․Խ․) տարածք, ըստ վերջին վիճակագրական տուեալների, ունի մօտաւորապէս երկու միլիոն բնակչութիւն, որոնցից զգալիօրէն աւելի քան մէկ միլիոնը՝ մօտ 55%-ը, հայեր են (Ռուսաստանի հայութեան ողջ բնակչութեան մօտ 70%-ը)։ Հայերից յետոյ յաջորդ ամենամեծ ազգը թաթարներն են, որոնք կազմում են տեղի բնակչութեան 28%-ը»:
Ի տես նման մօտեցումների, սպեցիֆիկ սոցիալ-դեմոկրատ՝ Դաւիթ Անանունը, ֆեդերացիայի գաղափարին կատեգորիկ հակառակ լինելով հանդերձ, տարիներ յետոյ բարձր գնահատեց Տիգրանեանի վերոյիշեալ գիտական յօդուածը, ասելով, որ. «Սա ազգահաւաքման այն ձեւերից մէկն էր՝ որ հայրենիքի եւ նրա պետականութեան գործերին մասնակից էր անում ազգի 2/3-ին» :
Նշենք, որ 1910-ականների կէսին մասնակի փոփոխութիւններ տեղի ունեցան Անդրկովկասի վարչատարածքային բաժանումների մէջ։ Այսպէս. Բաթումիի եւ Արդուինի օկրուգները միացւում եւ կազմում են Բաթումիի օբլաստը, եւ Անդրկովկասի կազմին աւելացւում էին Չերնամորսկի (Սեւ- ծովեան) գուբերնիան եւ Դաղստանի օբլաստը (տես՝ նկար 4)։
Իհարկէ այս փոփոխութիւնները էակապէս փոփոխութեան չէին մատնում Ռուսական Հայաստանի աշխարհագրական դիրքը։
Նկար 4
* * *
1916 թ. մահացաւ Կովկասի փոխարքայ՝ Կոմս Իլլարիոն Իվանովիչ Վորոնցով-Դաշկովը եւ Ցարի կողմից Կովկասի կուսակալ նշանակուեց՝ Մեծ դուքս Նիկոլայ Նիկոլաեւիչ Ռոմանով կրտսերը։ Նրա կուսակալութեան շրջանում քննարկուել է Կովկասում զեմստւօ (տեղական ինքնակառավարման համակարգ) մտցնելու հարցը, որի համար էլ 1916 թ. Թիֆլիսում հրաւիրուել է շրջանային (ծայրամասային) ժողով։
Նոյն թուականի յունուարի 8-ին մինիստրների խորհուրդը պէտք է քննարկէր Անդրկովկասում զեմստւօի կարգեր հաստատելու խնդիրը, որ առաջադրուել էր Պետական Դումայի 72 պատգամաւորների կողմից: Այս մասին Կովկասի կուսակալը մինիստրների նախագահին ուղղած իր նամակում հետեւեալ կարծիքն է յայտնում. «Ծանօթանալով իմ կառավարութեան յանձնած երկրի վիճակին՝ ես համոզուեցի, որ ժամանակն է Անդրկովկասում զեմստւային հիմնարկութիւններ մտցնել որոշ իրաւունքներով ու պարտականութիւններով. բնակչութեան անհրաժեշտ ինքնաշխատութեան հասունութիւնը՝ տնտեսական եւ այլ տեղական շահերի ըմբռնման շրջանակում՝ արդէն նկատել է իմ նախորդը (Վորոնցով-Դաշկովը – Կ․Խ․)»։
«Նրա օրով,- շարունակում է Նիկոլայ Նիկոլայեւիչ կրտսերը,- սկսուել են նախնական աշխատանքներն այդ ուղղութեամբ, որոնք շարունակւում են եւ կ’աւարտուեն շուտով, որից յետոյ միայն կը պարզուի զեմստւօի ձեւը։ Վերջացնելով նամակս՝ ես միանգամ եւս կամենում եմ պնդել, որ Անդրկովկասում զեմստւօ մտցնելը համարում եմ առաջնակարգ կարեւորութիւն ունեցող խնդիր եւ միջոցներ ձեռք կ’առնեմ արագ մշակելու բարենորոգութիւնը» :
1916 թ. ձմռանը Թիֆլիսում Կովկասի Փոխարքայի հրաւէրով տեղի ունեցաւ խորհրդակցութիւն Անդրկովկասեւան Զեմստւօի խնդիրը քննարկելու նպատակով։ Յայտնի է, որ այդ խորհրդակցութիւնը, իր կանխորոշուած կազմով, բաժանուած է եղել երկու տեսակէտի՝ մեծամասնութիւն եւ փոքրամասնութիւն: Մեծամասնութիւնը բաղկացած էր թուրք բէկերից եւ վրացի ազնուականներից, իսկ փոքրամասնութիւնը՝ գլխաւորապէս քաղաքաբնակ ազգաբնակութեան եւ առեւտրա-արդիւնաբերական շրջանների ներկայացուցիչներից, համարեայ բոլորն էլ հայազգի։ Հայերից այդ խորհրդակցութեանը մասնակցում էին Արտեմի Փիրալեանը, Ալեքսանդր Խատիսեանը եւ Վերմիշեանը:
«Բացակայում էին բուն գիւղացիութեան ներկայացուցիչները: – Գրում էր ՀՅԴ պաշտօնաթերթ «Հորիզոն»-ի խմբագրականը,- Ուրիշ խօսքով՝ խորհրդակցութեանը մասնակցելու եւ իր ձայնը լսելի դարձնելու հնարաւորութիւնից զրկուած էր այն հոծ ազգաբնակութիւնը, այն տարրը, որին նախ եւ առաւելապէս, եթէ չասենք բացառապէս, վերաբերելու է նկատի առնուած ռեֆորմը» :
Այդ ժամանակ Անդրկովկասի շուրջ վաթսուն օկրուգներից եւ ույեզդներից (գաւառներից) միայն եօթում էին հայերը մեծամասնութիւն կազմում։ Խորհրդակցական ժողովը որոշեց բաժանումները բարեփոխել այնպիսի ձեւով, որ հայաշատ գաւառները միացուին եւ այդպիսով աւելանայ հայկական գաւառների թուաքանակը: Ձեւաւորուեց սահմանագծման մի յանձնաժողով, որի կազմում էին Փիրալեանը, Աւետիք Շահխաթունեանը, Գէորգ Խատիսեանը եւ Վերմիշեանը : Սոյն յանձնաժողովի մշակած նախագծում Ղարաբաղը, Լոռին եւ Ախալքալաքը նկատի էին առնուել հայկական նահանգների կազմում: Նշենք, որ սոյն նախագիծը, յետագայում հիմք հանդիսացաւ ԱՆդրկովկասի նոր սահմանագծման ՀՅԴ նախագծի, որը ներկայացուեց 1917 թ. Ռուսական մեծ յեղափոխութիւնից յետոյ իշխանութեան անցած Կերենսկու կառավարութեան ներքին գործերի նախարարութեանը: Այս մասին դեռ կ’անդրադառնանք հանգամանօրէն։
Խորհրդակցութիւնների ընթացքում վրաց ազգայնականները անհանգստացած էին, առ այն, որ գալիք զեմստւոյական համակարգը կարող է յանգեցնել անդրկովկասեան նահանգների եւ գաւառների վարչական նոր բաժանումների, յարմարեցուելով գիւղատնտեսական եւ ցեղագրական պայմաններին: Վրացի եւ թաթար նացիոնալիստների դրութիւնը այդ տեսակէտից բաւական խախուտ էր, նրանք չէին կարողանում ապացուցել, թէ օրինակ Ախալքալաքը կամ Լոռին տնտեսական եւ սոցիալական յարաբերութիւնների առումով նմանութիւն ունեն վրացական գաւառներին, կամ Ղարաբաղի լեռնային տնտեսութիւնը նոյնն է, ինչ Նուխու եւ առհասարակ Կուրի տափաստանների, գիւղատնտեսական միջավայրը: Նրանց պէտք էր զանազան խարդաւանքներով պահպանել մինչ այդ առկայ վարչատարածքային անարդար բաժանումները եւ վրացա-թաթարական գերիշխանութիւնը հայահոծ գաւառների վրայ։
Նշեալ խորհրդակցական հանդիպմանը քննարկուած թեմաները կուսակալ Նիկոլայ Ռոմանովի կարգադրութեամբ փոխանցւում են Կովկասի փոխարքայի դիւանատան յատուկ հանձնաժողովին՝ Անդրկովկասեան Զեմստւօի օրինագիծը պատրաստելու նպատակով։ Օրինագիծը պատրաստուեց հաշուի առնելով բացառապէս մեծամասնութեան, այսինքն վրացի ազնուականների եւ թաթար բեկերի կարծիքը, եւ ամբողջապէս ի վնաս Անդրկովկասի ողջ ազգաբնակութեան զգալի մասը կազմող հայութեան։
Հին բաժանումներում եւ քուէրկութեան համակարգում մի քանի մասնակի միջամտութիւններով, նախագիծը առաջադրում էր այնպիսի վիճակ, ուր լաւագոյն դէպքում հայերը մեծամասնութիւն կ’ունենային միմիայն երեք գաւառներում՝ Ալեքսանդրապոլում, Էջմիածնում եւ Նոր Բայազէտում (Սեւանի աւազան)։ Իսկ Երեւանի նահանգում, ուր հայութիւնը մեծամասնութիւն էր կազմում, նահանգական գեմստւային ժողովում ներկայացուած պէտք է լինէր շատ համեստ փոքրամասնութեամբ: Հայերը բնաւ ներկայացուցչութիւն չէին ունենալու Շարուր-Դարալագեազի (Վայք եւ Հայոց Ձոր) եւ Նախիջեւանի գաւառական զեմստւային ժողովներում, եւ միայն մի աննշան փոքրամասնութիւն կը կազմէին Սուրմալուի եւ Երեւանի գաւառական ժողովներում: Այսպէս էր նախատեսուած դեռ Երեւանի նահանգում, ուր հայութիւնը կազմում է մեծամասնութիւնը:
Վիճակը շատ աւելի վատ էր միւս նահանգներում եւ նրանց գաւառներում։ Օրինակ Թիֆլիսի նահանգի կազմի մէջ Ախալքալաքի գաւառում, ուր հայ տարրը կազմում էր բնակչութեան 2/3 մասը, զեմստւային ժողովում ներկայացուելու է իբրեւ փոքրամասնութիւն։ Իսկ Գանձակի նահանգում, ուր ապրում էին մօտ 400 հազար հայ եւ 700 հազար մահմեդական, հայերը անկախ իրենց պատկառելի թուից, չէին ունենալու եւ ոչ մի ներկայացուցիչ նահանգական եւ վեց գաւառական զեմստւային ժողովներում:
Շուշիի եւ Զանգեզուրի գաւառական ժողովներում էլ նրանք, չնչին փոքրամասնութիւն էին կազմելու, չնայած որ Շուշիի գաւառում հայերը կազմում էին բնակչութեան մօտ 53%-ը, իսկ Զանգեզուրի գաւառում համարեայ՝ կէսը:
Արդիւնքում վրացիները մեծամասնութիւն կը կազմէին Թիֆլիսի, Քութայիսիի, Բաթումիի եւ Սուխումիի նահանգական-շրջանային զեմստւային ժողովներում, եւ Մահմեդականները մեծամասնութիւն կը կազմէին Բաքուի, Գանձակի, Երեւանի, Դաղստանի, հաւանօրէն նաեւ Կարսի նահանգական ժողովներում, ինչպէս նաեւ նրանց բոլոր գաւառական ժողովներում, բացառութեամբ՝ միայն երեքի :
ՀՅԴ մի շարք մտաւորականներ բուռն կերպով հակազդեցին Անդրկովկասեան Զեմստւօի Նիկոլայ Ռոմանովի օրինագծին։
ՀՅԴ քաղաքական գործիչ, Մանուկ Աբեղեանի կրտսեր եղբայր՝ Արտաշէս Աբեղեանը քննադատում էր փոխարքայի օրինագիծը մայրէնի լեզուի անտեսման առումով. «Համաձայն մեր ունեցած տեղեկութեան,- գրում էր Արտաշէս Աբեղեանը,- Անդրկովկասեան Զեմստւօի բոլոր աստիճաններում եւ բոլոր հաստատութիւներում միակ գործածելին պիտի լինի պետական լեզուն՝ ռուսերէնը։ Գաւառական եւ նահանգական զեմստւային ժողովներում իրաւասուները արտայայտել կարող են իրենց մտքերը, միայն այդ լեզւով. այդ լեզւով առաջ պիտի տարուեն նաեւ վիճաբանութիւնները, արձանագրութիւնները ու ամեն տեսակ գործառնութիւն՝ յարաբերութեանց համար։ Բացառիկ դէպքերում, ըստ օրինագծի, երբ որեւէ իրաւասու չէ կարող իր մտքերը ռուսերէն լեզուով արտայայտել, նրան տրւում է իրաւունք արտայայտուելու մայրենի լեզուով, պայմանով սակայն, որ նրա ասածը անմիջապէս երդուեալ թարգմանի կողմից ռուսերէնի փոխադրուի, որը պիտի մտնի արձանագրութեան մէջ։ Պաշտօնական յարաբերութիւնների եւ գրագրութիւնների մէջ նաեւ չէ արուած եւ ոչ մի բացառութիւն։
«Բացատրելու կարիք չկայ, թէ դրանով ի՞նչ իրաւազուրկ վիճակ է ստեղծւում կովկասեան լեզուների համար եւ թէ ինչ գործնական դժուարութիւնների առաջ պիտի իրեն կանգնած տեսնի, հենց առաջին օրերից սկսած, նորաստեղծ Անդրկովկասեան Զեմստւօն։ Օրինագծի այս թերութիւնը շօշափում է արդէն անխտիր Անդրկովկասի բոլոր՝ առաւել երեք – հայ, վրացի եւ թուրք ազգութիւնների կենսական շահերը։ …Չպէտք է անտեսել կենդանի լեզուները, կենդանի ոյժերը եւ գործոնները»:
ՀՅԴ արեւելեան բիւրոյի անդամ Աւետիք Շահխաթունեանը քննադատում էր փոխարքայի նախագծի խիստ դասակարգային, յետադէմ բնոյթը. «…Կովկասում, արդիւնաբերողներին զատելով հողատէրերից, այնուամենայնիւ, 2-3 գաւառների սակաւ բացառութեամբ, ամենուրեք գերակշռութիւնը արւում է կալուածատէրերին (ասել է ազնուականներին), հանդէպ բազմամիլիոն գիւղացիութեան, որ գերակշռում է ազնուականութեանը թէ հողերի տարածութեամբ եւ թէ զեմստւային տուրքի քանակով: Ուստի եւ թոյլատրելի է պնդել, որ կովկասեան Զեմստւօն, ըստ իր նախագծի, յետադէմ պէտք է լինի, ոչ միայն 1912թ. զեմստւօների համեմատ, այլեւ 1890 թ. կանոնադրութեան համաձայն գոյութիւն ունեցող զեմստւօներից շատերի նկատմամբ»:
Նիկոլայ Նիկոլայեւիչ Ռոմանով փոխարքայի դիւանատան յատուկ հանձնաժողովի կողմից պատրաստուած այս անարդար, խտրական եւ յետադիմական օրինագիծը, հակառակ Ալեքսանդր Խատիսեանի բուռն բողոքների եւ առարկումների, վերջնականացաւ 1916 թ. դեկտեմբերի 4-ին, եւ որոշուեց անյապաղ այն ուղարկել մինիստրական խորհուրդ, որը որպէս օրինագիծ այն Պետական Դումայի վաւերացմանը պէտք է յանձներ 1917 թ. մարտին։ Վրայ հասաւ, սակայն, Ռուսաստանի փետրուարեան յեղափոխութիւնը եւ ցարական բիւրոկրատիայի այս ոչ-հայանպաստ նախաձեռնութիւնն ի չիք դարձաւ :
* * *
1917 թ. Մարտի 9-ին լուծարուեց Կովկասի փոխարքայութեան ինստիտուտը եւ նրան փոխարինեց Անդրկովկասեան Յատուկ Կոմիտէն՝ «Օզակոմ»-ը (Особый Закавказский Комитет), որին անդամակցում էին Անդրկովկասի երեք ազգութիւնները ներկայացնող Պետական Դումայի հինգ պատգամաւորներ։ Ժամանակաւոր կառավարութեան հռչակած ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքն Անդրկովկասի ազգային-քաղաքական կուսակցութիւններին հնարաւորութիւն ընձեռեց քննարկելու երկրամասի ազգութիւններին հետաքրքրող հիմնախնդիրները, այդ թւում՝ ազգային, ագրարային, սոցիալական եւ յատկապես վարչատարածքային, որը չափազանց մեծ կարեւորութիւն ունէր :
1917 թ. ապրիլի 6-12-ը տեղի ունեցաւ ՀՅԴ Ռայոնական Ժողովը, ուր խորքային ձեւով քննարկուեցին Անդրկովկասի ֆեդերատիւ դեմոկրատական հանրապետութեան ստեղծման խնդիրները՝ Առաջին աշխարհամարտի եւ ռուսական յեղափոխութեան հետեւանքով ստեղծուած աշխարհա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական նոր պայմանների լոյսի տակ։
Այսպիսով Ռուսաստանի Սահմանադիր վերահաս Ժողովի գումարմանը ընդառաջ, Ռայոնական Ժողովը որոշեց. «…Սահմանադիր Ժողովում առաջ մղել կուսակցութեան նուազագոյն ծրագիրն ամբողջովին, ռայոնական ժողովը հրահանգում է ծրագրային բոլոր հարցերը դարձնել գրաւոր եւ բանաւոր պրոպագանդի առարկայ: Իսկ մինչեւ Սահմանադիր Ժողովը իրականացնել այն պահանջները, որ չեն կարող սուր պայքար յարուցանել ազգերի եւ հասարակութեան տարբեր խաւերի միջեւ: Այդպիսի պահանջներ ռայոնական ժողովը ճանաչում է՝ 1. Անդրկովկասի վարչական բաժանումների փոփոխութիւնը, որն իրականացնելու համար Արեւելեան Բիւրօն եւ Կ. Կոմիտէները ոչ մի ջանք չպիտի խնայեն» :
Անդրկովկասի վարչատարածքային վերաբաժանման խնդիրը սերտօրէն առնչուած էր զեմստւօյի վերաձեւաւորման հարցին։ Հետեւաբար խնդիրը լուծելու նպատակով Կերենսկու կառավարութիւնը որոշեց ներքին գործերի նախարարութեանը կից կեանքի կոչել տեղական ինքնակառավարման նոր նախագիծը մշակող յանձնախումբ՝ Բ. Վեսելովսկու նախագահութեամբ։
Որոշուած էր, որ տուեալ յանձնախմբի մշակած նախագիծը յանձնուէր Օզակոմին վերջնական եզրայանգման համար։ Թերեւս հենց այս էր պատճառը, որ Վեսելովսկին առանձին մի հեռագրով ցանկութիւն էր յայտնում Օզակոմին՝ վերջինս յատուկ ներկայացուցչով ներկայ լինէր յանձնախմբի աշխատանքներին ու քննարկումներին :
Օգտուելով առիթից՝ Վեսելովսկին խորհրդակցութեան հրաւիրեց Պետրոգրադում գտնուող անդրկովկասցի գործիչներին՝ Անդրկովկասի զեմստւոյական հարցը քննելու նպատակով: Հայերից այդ խորհրդակցութեանը մասնակցեցին ՀՅԴ գործիչներ՝ Աւետիք Շահխաթունեանը եւ Գէորգ Խատիսեանը, որոնք կարողացան համոզել Վեսելովսկուն զեմստւօ մտցնելուց առաջ Անդրկովկասը ենթարկել վարչական նոր բաժանման:
Այսպիսով քննութեան առարկայ դարձաւ ՀՅԴ առաջարկած նախագիծը, որն իր ընդհանուր գծերով, ըստ Սիմով Վրացեանի, հետեւեալն էր. «Արեւելեան Անդրկովկասը բաժանւում էր երկու մասի՝ թրքական եւ հայկական։ Հայկական մասի մէջ մտնելու էին Ղազախ, Գանձակ, Ջիւանշիր եւ Շուշի գաւառների լեռնային հայաբնակ մասերը եւ ամբողջ Զանգեզուրը, բացի Բարգուշատի հովտի մի քանի թուրք գիւղական հասարակութիւններից, որոնք միացուելու էին Կարեագինի թրքական գաւառին: Գանձակ քաղաքը բաժանւելու էր երկու մասի՝ թրքական եւ հայկական: Ախալքալաքը, Լոռին ու Ծալկայի հայկական մասը պէտք է միացուէին նոր կազմուելիք Ալեքսանդրապոլի նահանգին» : Վեսելովսկուն յանձնած ՀՅ Դաշնակցութեան նախագիծը, հակառակ մանաւանդ վրաց կողմի առարկութիւններին, հաւանութեան արժանացաւ Վեսելովսկու յանձնախմբի կողմից եւ ընդունուեց, որպես կառավարական օրինագիծ:
Նշուած նախագիծը «Административный передѣлъ и земство въ Закавказьѣ» (Անդրկովկասի վարչական վերաբաժանումը եւ զեմստւօն) խորագրով հրապարակուել է «Армянскій вѣстникъ» (Հայկական լրաբեր հանդէս, Մոսկուա, 1917 թ. դեկտեմբեր)։ Իսկ նախագծի բացատրական գրքոյկը՝ «Административный передел Закавказского края» (Անդրկովկասի տարածաշրջանի վարչական վերաբաժանումը) վերնագրով եւ Աւետիք Շահխաթունեանի հեղինակութեամբ, հրատարակուել է, Թիֆլիսում, 1918 թ.։ ՀՅԴ ներկայացրած նախագծի նախաբանում ասւում էր. «Վարչական բաժանումների բարեփոխումը վերջնականապես հռչակուեց Օզակոմի հրամանագրով, որը նախապայման դարձաւ Զեմստւօ հաստատութիւնների մասին գործող դրոյթները Անդրկովկասի վրայ տարածելու համար։ Վարչական բարեփոխումն ընդգրկում է մի քանի գաւառներ՝ Երեւան նահանգը, Թիֆլիս նահանգի հայերով բնակեցուած հարաւային բաժնի՝ Ախալքալաք եւ Բորչալու գաւառների մի մասը, Ելիզաւէտպոլի նահանգի արեւմտեան, լեռնային մասը եւ Կարսի գրեթէ ողջ օբլաստը։ Այս նորաստեղծ տարածքում,- շարունակում է նախագիծը,- որտեղ մեծամասնութիւն են կազմում ազգութեամբ հայերը, օրինագիծը նախատեսում է ձեւաւորել հայկական երեք նահանգ, ըստ հետեւեալի.
«1. Ալեքսանդրապոլի նահանգ
Հազար մարդ-տոկոս
Գաւառ հայ մուսուլման այլ ընդամենը
Ալեքսանդրապոլ 170-83% 22-11% 12-6% 204
Կարս 83-43% 49-25% 61-32% 193
Կաղզուան 35-43% 26-32% 21-25% 82
Լոռի 92-77% 14-12% 14-11% 120
Ախալքալաք 94-79% 10-8% 16-13% 120
Ընդամենը 474-66% 121-17% 124-17% 719
«2. Գանձակի նահանգ
Հազար մարդ-տոկոս
Գաւառ հայ մուսուլման այլ ընդամենը
Քարվանսարա 61-83% 9-11% 4-5% 74
Գանձակ 67-59% 29-25% 18-16% 114
Շուշի 150-70% 58-27% 5-3% 213
Զանգեզուր 88-69% 38-30% 1-1% 127
Ընդամենը 366-70% 134-25% 28-5% 528
«3. Երեւանի նահանգ
Հազար մարդ-տոկոս
Գաւառ հայ մուսուլման այլ ընդամենը
Նոր Բայազետ 100-68% 45-32% 1-1% 146
Նախիջեւան 58-41% 84-58% 1-1% 143
Շարուր 18-19% 80-81% – 98
Էջմիածին 95-72% 36-27% 1-1% 122
Երեւան 154-65% 73-31% 11-4% 238
Ընդամենը 459-53% 381-44% 26-3% 866
«Տարածքային վերաբաժանումը դեռեւս վարչական է,- ամրագրուել է ՀՅԴ նախագծի աւարտին,- որը հիմք է ստեղծում բոլոր ազգութիւնների տեղական զեմստւային հիմնարկութիւնների ազատ զարգացման համար: Այն կ’ապահովի ոչ միայն իւրաքանչիւր ազգի ազգային ինքնութիւնը, այլեւ ճանապարհ կը հարթի կովկասեան ազգերի մօտակայ պետական ինքնուրոյնութեան, հնարաւոր անկախութեան համար, որը միաժամանակ լայն շրջանակներ է տալիս իւրաքանչիւր ազգի ազգային զարգացմանը։ Այն միեւնույն ժամանակ կարելիութիւն կ’ընձեռի բոլոր ազգերի իրաւահաւասարութեանը վերաբերող հարցերում՝ ընդհանուր պետական կազմակերպութեան շրջանակում համատեղ գործելու՝ հանուն ընդհանուր եւ հաւասարապես բոլորին հարազատ նպատակների» :
ՀՅԴ նախագծում «հնարաւոր անկախութեան» շեշտադրումը պատահական երեույթ չէր, եւ սկիզբ էր առնում կուսակցութեան մէջ վաղուց ձեւաւորուած Հայաստանի կատարեալ ազատագրման գաղափարից, որը եւ Ռուսաստանի յեղափոխութեան ալիքների վրայ, ինքնարծարծման հնարաւորութիւն էր ստացել՝ ազգային աւտոնոմիայի ձեւաչափով։
ՀՅԴ Ռայոնական ժողովում, 1917 հոկտեմբերի 1-ին, Աւետիք Շահխաթունեանը ստեղծուած իրադարձութիւնների լոյսի տակ, այսպէս էր վերլուծում Անդրկովկասեան ֆեդերացիայի եւ վարչատարածքային վերաբաժանման հիմնահարցերն ու պահանջները եւ դրանք Ռուսաստանի Սահմանադիր Ժողովում բարձրացնելու անհրաժեշտութեան հարցը. «Յեղափոխական կուսակցութիւնները երկրի կազմակերպութեան խնդրում բաժանած են եղել երկու մասի, մի մասը ապակենտրոնացման կողմնակիցներ, միւս մասը կենտրոնացման: ՀՅ Դաշնակցութիւնը ապակենտրոնացումն է ընդունել իբր պետութեան կազմակերպութեան հիմնարար, որի համար ենթարկուել է ամենախիստ քննադատութեան, նամանաւանդ սոց-դէմոկրատների կողմից: Վերջիններս դեռ 1905 թուին ոչ մի կերպ չէին ցանկանում լսել ապակենտրոնացման մասին, սակայն կեանքը ցոյց տուեց ապակենտրոնացման անհրաժեշտութիւնը եւ Ռուսաստանում գործող բոլոր կուսակցութիւնները՝ թէ ապակենտրոնացման կողմնակիցները, թէ հակառակորդները լռելեան համաձայնեցին այդ գաղափարին եւ այժմս չկայ ոչ մէկը, որը հակառակ խօսի ապակենտրոնացման։ Եթէ ամբողջ Ռուսաստանի համար ընդունւում է ֆեդերատիւ հանրապետութեան գաղափարը, ապա ուրեմն ժամանակ է, որ մենք էլ առաջադրենք Սահմանադիր ժողովի առաջ մեր ծրագրի հիմնական կէտերից մէկը՝ ԱՒՏՈՆՈՄԻԱՅԻ գաղավարը» (ընդգծումը մերն է – Կ․Խ․):
Հենց այս տիրական գաղափարով էր շարժւում յետյեղափոխական շրջանի դաշնակցութեան ղեկավարութիւնը, այդ թւում ինքն՝ Աւետիք Շահխաթունեանը, ով իր գրքույկում այսպէս էր բնութագրում. «Ապշեցուցիչ է արեւելեան հարթավայրի եւ հայկական լեռնաշխարհի տոպոգրաֆիկական տարբերութիւնը։ Եթե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ որոշ տեղերում լինեն անցումային տարածքներ, ինչպէս, օրինակ Բորչալուի եւ Ախալցխայի շրջանները, ապա Հայաստանի եւ Արեւելեան հարթավայրի միջեւ մշտական անցում գրեթէ գոյութիւն չունի: Այս հարթավայրի վերեւում բարձրանում են Հայաստանի ծայրամասային լեռները» :
Հետաքրքրականը այն է նաեւ, որ Շահխաթունեանն իրերը կոչել է իրենց անունով՝ Հայաստան, Վրաստան, իսկ պատմականօրէն գոյութիւն չունեցող «Ադրբեջան»-ը՝ «Արեւելեան հարթավայր»։
«Հայկական լեռնաշխարհը,- գրում է Շահխաթունեանը,- անկախ վարչական բաժանումներից, համախմբուած է։ Ելիզաւէտպոլի նահանգը սակայն զրկուած է արժեքաւոր արդիւնաբերութեան համար անհրաժեշտ բնական պայմաններից։ Օրինակ՝ այնտեղ հնարաւոր չէ գտնել բամբակի արտեր… Միայն Զանգեզուրի գաւառի երկու գետերի խոր կիրճերում կարելի է հանդիպել բամբակի փոքր արտերի։ Մինչդեռ հարթավայրերում կան աւելի քան 46,000 հեկտար բամբակի արտեր։ Նահանգի ողջ հայկական բաժինը հացահատիկ արտադրող երկիր է, ինչպես Հայկական լեռնաշխարհի միւս բոլոր մասերը։ Թիֆլիսի նահանգի հայկական մասում այլեւս հնարաւոր չէ գտնել բամբակով կամ այլ արժէքաւոր բոյսերով զբաղուած թեկուզ տաս մարդ։ Եւ այս առումով Ախալքալաքն ու Լոռին Երեւան նահանգի եւ Կարսի օբլաստի շարունակութիւնն են» :
Նման խորքային սոցիալ-տնտեսական եւ ազգագրական վերլուծութիւնների հենքի վրայ, ՀՅԴ արեւելեան բիւրոյի անդամը վիճակագրական թարմացուած պատկեր է տալիս առաջադրուող երեք հայկական նահանգների (կանտօնների) համար.
«1. Գանձակի նահանգ
Գաւառ հայ մուսուլման այլ ընդամենը
Քարվանսարա 66 (79 %) 14 (16 % ) 4 (5 %) 84
Գանձակ 79 (60 %) 42 (31%) 13 (9 %) 134
Շուշի 150 (71%) 60 (28%) 2 (1%) 212
Զանգեզուր 88 (66%) 46 (34%) 2 (1%) 136
Ընդամենը 383 (68%) 162 (28 %) 21 (4%) 566
«2. Երեւանի նահանգ
Գաւառ հայ մուսուլման այլ ընդամենը
Նոր Բայազետ 107 (60%) 69 (38%) 3 (2 %) 179
Նախիջեւան 58 (42%) 77 (57%) 1 (1%) 136
Շարուր 13 (14%) 78 (86%) 1 (1%) 92
Էջմիածին 130 (71%) 47 (26%) 6 (3%) 183
Երեւան 140 (64%) 70 (32%) 10 (4%) 220
Ընդամենը 448 (55%) 341 (42%) 21 (3%) 810
«3. Ալեքսանդրապոլի նահանգ
Գաւառ հայ մուսուլման այլ ընդամենը
Ալեքսանդրապոլ 176 (92%) 3 (2%) 12 (6%) 191
Կողբ 28 (30%) 21 (29%) 35 (41%) 84
Կարս 83 (43%) 49 (25%) 61 (32%) 193
Կաղզուան 25 (35%) 13 (18%) 33 (47%) 71
Լոռի 86 (77 ) 10 (9%) 16 (14 ) 112
Ախալքալաք 89 (74%) 8 (7%) 23 (19%) 120
Ընդամենը 484 (63%) 107 (14%) 180 (23%) 771
Երեք նահանգներ 1315 (61%) 610 (28%) 222 (11%) 2147
Գրքոյկում լրացուցիչ հետաքրքրական բացատրութիւն է տալիս դարձեալ Շահխաթունեանն, այն մասին, թէ ինչու Արդահանի եւ Օլթիի օկրուգները չեն բերուել հայկական նահանգների կազմ։ «Մենք անջատեցինք Արտահանի եւ Օլթիի շրջանները,- գրում է նա,- քանի որ դրանք գտնւում են բարձրավանդակի եզրին եւ չունեն հայկական մեծամասնութիւն (129,000 բնակչի դիմաց հայերի թուաքանակը կազել է՝ 8,000 մարդ – Կ․Խ․)։ Բայց եթէ վերցնենք ամբողջ բարձրավանդակն էլ, անկախ քաղաքական մոմենտից, մենք դեռ կ’ունենանք հայութեան բացարձակ մեծամասնութիւն։ Այսպէս նշված նահանգների ընդհանուր թիւը կը կազմի 2,276,000 մարդ (= 2,147,000 + 129,000), որից հայերի թիւն է՝ 1,323,000 մարդ (= 1,315,000 + 8,000), այսինքն ողջ բնակչութեան 58%-ը» :
ՀՅԴ նախագծում եւ Աւետիք Շահխաթունեանի լրացուցիչ գրքոյկում նշուած հիմնաւորումները հաշուի առնելով, կարելի է առաջադրուած հայկական երեք նահանգները մօտաւոր կերպով պատկերացնել հետեւեալ քարտէզում (տես՝ նկար 5)։
Նկար 5
Շատ տեղին էր նկատել տալիս Արտաշէս Աբեղեանն, ասելով որ. «Այս հիմնական միտքն ապացուցելու համար Ա. Շահխաթունեան խնդրին մօտենում է ոչ թէ դիլետանտի աչքով եւ ոչ էլ պոլիտիկոսի դերի մէջ, այլ իբրեւ լուրջ եւ բարեխիղճ ուսումնասիրող՝ մէկ կողմից, եւ միւս կողմից իբրեւ ռէալ, իրատես քաղաքականութեան հետեւող։ Հեշտ չէր ի հարկէ լուծել առաջադրուած խնդիրը Կովկասեան պայմաններում, ուր ուսումնասիրողի առաջ անգամ բաց չէին պատմական վաւերագրերի դիւանները» :
Այս առումով չափազանց մեծ է Շահխաթունեանի կատարածը. «Նա,- գրել է Սիմոն Վրացեանը,- գերազանցապէս տեսական միտք էր։ Անդրկովկասի եւ հայ տնտեսական, ազգագրական, վարչական գործերի ծանօթութեան տեսակէտից նա գրեթէ մրցակից չունէր» :
Նիկոլ Աղբալեանը Շահխաթունեանի մասին ասել է. «Պէտք է յիշատակեմ մեր ընկեր Աւետիք Շահխաթունեանին, զոր կարելի է անուանել ՀՅ Դաշնակցութեան իտէալներու ձեւակերպիչը» : Եւ նշում է մի կարեւոր կէտ Շահխաթունեանի կատարած գործի մասին. «Մահը չթողեց, որ նա գրաւոր ձեւակերպում տայ տաճկապատկան Հայաստանի մասին, ինչպէս արել էր իր գրքով ռուսապատկան Հայաստանի վերաբերմամբ» :
Շահխաթունեանի գրքի իրաւա-քաղաքական նշանակութիւնն ապացուցւում է նաեւ Աւետիս Ահարոնեանի Հայոց ազգային խորհրդին ուղղուած, 1918 թ. յուլիսի 23 թուակիր հեռագրից, ուր Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի շրջանակներում ներկայացնելու համար պահանջւում էր, առաջին յարմար առիթով, ուղարկել Ա. Շահխաթունեանի գրքի 10 օրինակ :
Արդէն օրինագծային իրաւական նշանակութիւն ստացած՝ ՀՅԴ նախագիծը ուղարկուեց Թիֆլիս՝ Օզակոմին՝ մեկ ամսվա ընթացքում վերջնական որոշմամբ հետ վերադարձնելու նպատակով ։ Այդտեղ նախագծի քննութիւնը տրուեց մէկ այլ մասնագիտական առանձին յանձնաժողովի՝ Նոյ Ժորդանիայի նախագահութեամբ : Վրացական ազգային-դեմոկրատները շեշտում էին, որ չի կարելի փոխել 1783 թ. Գէորգիեւսկի պայմանագիրը եւ Վրաստանից անջատել Բորչալուի եւ Ախալքալաքի շրջանները։
Այնույետ բոլշեւիկների հոկտեմբերյան յեղաշրջմամբ, քաղաքական միանգամայն նոր պայմաններում ակնյայտօրէն սրուեցին անդրկովկասեան երեք ազգութեան քաղաքական էլիտաների միջեւ փոխյարաբերութիւնները։
Շահխաթունեանն իր գրքոյկի վերջաբանում, դիպուկ բացատրութիւն է տալիս ՀՅԴ նախագծի ճակատագրի մասին. «Բոլորը գիտեն,- ասում է նա,- որ այս հարցը չի կարելի յետաձգել։ Բայց տարբեր տակտիկական նկատառումներն ու տուեալ քաղաքական իրավիճակի չհասկացուած պայմանները մեզ ստիպեցին յետաձգել այս հարցի լուծումը։ Եւ կարելի է հանգիստ ասել, որ դա տեղի ունեցաւ իրենց «չեզոք ինտերնացիոնալիստ» համարողների մեղքով։ Ժամանակն է, որ նրանք հասկանան, որ ոչ մի մարտավարական քայլ չի կարող հանգստացնել մեր հասարակութեանը, որը այս հարցի լուծումից է ակնկալում նորմալ կեանքի հաստատում եւ միջազգային յարաբերութիւնների բարելաւում,- եւ վերջում հաւաստիացնում է Շահխաթունեանը,- Հայ հասարակութիւնը վարչական վերաբաշխումը համարում է օրինաչափ խնդիր եւ սպասում է դրա լուծմանը» :
Այս բոլորից դատելով, պէտք է ասել, որ Հայաստանի դեմարկացիայի ուղղութեամբ դաշնակցական մտաւորականների եւ գործիչների կատարած ուսումնասիրութիւններն ու քայլերն ունեն պատմա-քաղաքական, գաղափարաբանական եւ իրաւական կոնկրետ կշիռ ու նշանակութիւն։ Այս առնչութեամբ դիպուկ գնահատական է տալիս Դաւիթ Անանունը, ով որպէս երդուեալ մարքսիստ եւ հայկական սոցիալ-դեմոկրատիայի կարկառուն տեսաբան, տարիներ շարունակ քննադատաբար էր մօտեցել ՀՅԴ քաղաքական ձգտումներին՝ Հայաստանի կատարեալ ազատագրման գաղափարներին։
Դաւիթ Անանունի հետեւեալ գնահատմամբ էլ վերջացնում ենք մեր այս համառօտ ուսումնասիրութիւնը. «Ահա այսպէս,- գրում է Անանունը,- ազգաշինութեան գաղափարն ու ծրագիրը Դաշնակցութեան շարքերում նուաճեց ամուր հող: Մի կողմից նա կերպարանաւորուեց իբրեւ ազգային կուլտուրական ինքնօրէնութիւն՝ խարսխուած անձային կապի վրայ, միւս կողմից դարձաւ տերիտորիայի եւ հայրենիքի որոնումն Ռուսական Հայաստանում: Ազգային հարցը յուզական էր հայ ժողովրդի համար։ Մնացած քաղաքական հոսանքները կամ նոր բան չէին ասում նրա հոգուն ու սրտին, կամ հինը կրկնելով, նրա ձգտումները մաշում էին չափաւորութեան ուղիներում, եւ այսպիսով չէին կարողանում տիրանալ նրա հասարակական համակրանքներին։ Միայն Դաշնակցութիւնն էր, որ չէր հրաժարւում որոնումներից եւ ինքնամփոփ հայրենիքի հեռանկար էր բանում հայութեան առաջ» ։
Կարէն Խանլարեան