Իշխանությունները պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ
03 Փետրվար 2025
«Իշխանություններն այս քայլով փորձում են սիրաշահել ադրբեջանական կողմին։ Այնտեղից արվող հայտարարությունները բոլորդ էլ լսում եք՝ ֆաշիստական պետություն է և այլն…։ Այն ինչ տեղի ունեցավ, այդ հայտարարություններին համահունչ է»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութը տարածած քաղաքացու նկատմամբ։
«Ուզում են ասել՝ գուցե կան որոշ ֆաշիստներ, բայց իշխանությունը դրա հետ կապ չունի, ուզում են արդարանալ և ցույց տալ, որ ծառայամիտ տրամաբանությամբ են երկիրը ղեկավարում, կատարում են Ադրբեջանի հրահանգները»,–ասաց Ռուստամյանը։
Անդրադառնալով նրան, որ դատարանը մերժեց 70-ամյա Ղարիբ Բաբաբայանին կալանավորելու միջնորդությունը, Արմեն Ռուստամյանն ասաց.
«Ամեն ինչ չափ ունի։ Կալանավորելու համար որևէ հիմք գոյություն չուներ, ակնհայտ է, որ քերական գործի հիմք էլ չկա, ամբողջությամբ շինծու գործ է։ Քրեական օրենսգրքի հետ որևէ կապ չունի, քաղաքական ենթատեքստ ունի»,–ասաց նա նշելով, որ իր կարծիքով, դատարանի որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև հանրային ճնշումը։
«Հիմա մեծ վտանգ կա, որ վաղը կամ մյուս օրը Մեղրիի տարածքից այդ «միջանցք» կոչվածը տալու հարցն է առաջ գալու։ Հանրությանը նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
«Պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։ Արցախը տալուց առաջ հայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծված էր, տրված էր իրենցից առաջ, բանակցությունները միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար. հիշու՞մ եք այս բարբաջանքները։ Դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց»,–ասաց նա։
Անդրադառնալով սահմազատման և սահմանագծման աշխատանքներին, և հարցին, թե ի՞նչ է դա տալիս Հայաստանին, Արմեն Ռուստամյանն ասաց.
«Ադրբեջանը ոչ մի տեղից չի պատրաստվում նահանջել։ Այն տարածքներն էլ, որ իրենցն են համարում, սահամանզատման ճանապարհով են ստանալու։ Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը համարում է, որ սահմանազատման և սահմանագծման միջոցով խաղաղ ճանապարհով կստանանք մեր ուզած սահմանները, բայց իրականում այդ խաղաղ ճանապարհով Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է։ Հիմա էլ անկլավների հարցն է առաջանալու։ Տավուշում դեռ ամեն ինչ ավարտված չէ, մեր ամենալավ կահավորված առաջնագիծը քանդեցին ու մեզ անպաշտպան թողեցին»,–ասաց Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանի խոսքով, կա մի հարց, որի պատասխանը դեռևս չի հնչել. Կիրանցից դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհից որևէ հատված անցնու՞մ է Ադրբեջանական վերահսկողության տակ, թե ոչ։
«Պատասխան չի տալիս, որովհետև եթե ասի՝ այո, ժողովուրդը կընդվզի։ Եթե ասի՝ ոչ, Բաքվից կասեն՝ ոնց թե չի անցնում։ Դրա համար էլ ամեն ինչ լղոզում է»,–նշեց Ռուստամյանը։
Համոզված եմ, որ Վազգեն Սարգսյանը, մանավանդ, երբ «Միասնություն» դաշինքը հաղթեց, չէր կարող որևէ բանից անտեղյակ լինել, ես դա բացառում եմ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետդեպի գաղտանզերծած փաստաթղթերին, ասաց Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ում փաստերն իրենց ձևով են մեկնաբանում.«այո, ով չգիտի, որ Ադրբեջանի համար այդ տարբերակը ձեռնտու էր և իրենք դա էին ուզում։ Բայց ի՞նչ առաջարկ ենք արել մենք։
Հիմա նախագահները ճիշտ առաջարկ են անում՝ հրապարակել բոլոր առաջարկները, որոնք մինչև հիմա եղել են և դրանց պատասխանները՝ ՀՀ իշխանությունների կողմից։ Այն, ինչը հրապարակված է, Փաշինյանը դրանց հետ համաձայն չէ։ Թող ինքը հրապարակի։ Շահարկումներից դուրս գալու միակ ճանապարհը փաստաթղթերը հրապարակելն է, որ հանրությունն էլ կողմնորոշվի։ Միակ մարդը, որն ուղնուծուծով այդ բանակցությունների մեջ է եղել, Վարդան Օսկանյանն է, բա ինչո՞ւ չեն բանավիճում նրա հետ, ինչի՞ չեն գալիս բանավիճելու»։