Այս իշխանությունը պետք է բարձրաձայնի, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ
10 Փետրվար 2025
Փաշինյանն ասում է՝ ինչ ուզել եք, տվել ենք, էլ ի՞նչ եք ուզում, պատրաստ ենք ամեն ինչ զիջել. այսօր՝ փետրվարի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված Նիկոլ Փաշինյանի հոդվածին:
«Ադրբեջանը, անկախ այս իշխանությունների հավաստիացումներից, թե բարի կամքով, կառուցողական ոճով բանակցում ենք, դեպի խաղաղություն ենք գնում, Հայաստանին սպառնում է պատերազմով: Ինչքան այս իշխանություներն ասում են՝ կզիջենք, մի՛ խփեք, այդքան Ադրբեջանն ավելի ագրեսիվ ու լկտի է դառնում:
Տեսեք Ադրբեջանի պահանջները 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտյան և այսօր, որովհետև Փաշինյանը չի կարողանում, ունակ չէ հակազդել Ադրբեջանի առավելապաշտական, ագրեսիվ և հայակործան քաղաքականությանն ու նկրտումներին: Ամբողջ հոդվածը դա էր»,- ասաց նա:
Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, թե Փաշինյանն էսկալացիայի վտանգ է տեսնում, նա ասաց. «Վտանգի մեջ կա նաև փաստացի կեղծիք, որովհետև այդ կանոնակարգը, որն ինքը բերեց ԱԺ և անցկացրեց ասում է՝ այո, սահմանազատումն Ալմա-Աթայի հիման վրա է, եթե խաղաղության պայմանագրով այլ բան նախատեսվի: Իսկ ո՞վ գիտի ինչ կարող է նախատեսվել և Ադրբեջանն ի՞նչ կպահանջի»:
Ճշտող հարցին էլ՝ ուզում է ասել, որ այս հոդվածը բանակցային պրոցեսի փակուղային վիճակի մասին է և պատերազմի անոնսի՞, Խաչատրյանը պատասխանեց, որ ուզում է ասել՝ բանակցային գործընթաց չի եղել:
«Բանակցային գործընթացը, երբ երկու հավասարազոր կողմեր՝ բարի կամքի դրսևորմամբ, փորձում են իրար հետ գալ փոխադարձաբար ընդունելի լուծմանը, չի եղել։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ և այս իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ։ Սկսենք նրանից, թե եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված էր, որ կողմերը կանգնում են այն դիրքերի վրա, որոնք ունեն, ինչի՞ ինքը 60 կամ 40 կիլոմետր հետ քաշվեց, ադրբեջանական նախկին Կուբաթլուի շրջանից։
Այդ ինչի՞ց ելնելով ինքն Ադրբեջանին զիջեց Շուռնուխի ճանապարհը։ Ինչի՞ ինքը չմիջամտեց Խծաբերդի դեպքերին, գոնե ասեր՝ Ադրբեջա՛ն, մի՛ արա։ Իսկ անոնսի հետ կապված ինքն ասում է, որ լավ, ինչ ուզում ես կտամ, գնանք այդ թուղթը ստորագրենք։ Ինքը ասում է՝ ես չեմ նախատեսում քո վրա հարձակվել: Ի դեպ, այդ հեքիաթը, որ Հայաստանը նախատեսում է հարձակվել Ադրբեջանի վրա և դրա համար համար հրավիրեց եվրադիտորդներ, դա էլ էր հեքիաթ, չէ՞, որովհետև եթե Ադրբեջանը մտավախություն ունենար, որ Հայաստանը հարձակվելու է իր վրա, ինքը եվրադիտորդներ կուզենար»,- ընդգծեց նա:
Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ Ադրբեջանը կդիմի ռազմական ագրեսիայի։
«Կգնա՞ Ադրբեջանը ռազմական բախման՝ չեմ բացառում, կընդլայնի՞ Ադրբեջանը պահանջները՝ առավել քան վստահ եմ»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այս իշխանությունը պետք է բարձրաձայնի, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, որ հետո հիմք լինի ասելու՝ ճնշման տակ են կորզված թե՛ Բաքվում ապօրինաբար պահվող անձանց ցուցմունքները, թե՛ փաստաթղթերը, որոնց տակ ստորագրություններ են դրված։
«Բայց այս իշխանությունները լրիվ հակառակն են անում, Ադրբեջանն ասում է՝ «վերջ, մոռացիր Ղարաբաղը», Փաշինյանն էլ ասում է՝ «Ղարաբաղը մեր վզին թոկ էր, պետք է կտրենք դա, լավ ենք արել, կտրել ենք»։ Ակնհայտ է չէ՞, որ թուրքերն ասել են՝ «Արարատը մերն է», դրանից հետո ինքն ասում է՝ Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է։ Ինքն իր քաղաքականությամբ լեգիտիմացնում է թուրք-ադրբեջանական պահանջները»,- ընդգծեց Խաչատրյանը։