Անդամակցելով ԵՄ-ին՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը դառնալու է ոչ թե Եվրոպական միությունը, այլ՝ Թուրքիան
12 Փետրվար 2025
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 12-ին շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ այս նախագիծը հեռանկար չունի, բայց Հայաստանի համար կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել։
Ռուստամյանը թվարկեց այդ խնդիրները, նշելով, որ նախ առաջարկվող գործընթացը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցության առկա գործընթացին։
«Երկրորդ, ըստ էության, մենք տարբեր կառույցների հետ աշխատելու «և-և»-ը փոխարինում ենք «կամ-կամ»-ով։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու: Երրորդը, CEPA-ն լավագույն ձևաչափն է Հայաստանի համար, որն ապահովում է համապարփակ ընդլայնված գործընկերություն բոլոր ուղղություններով ամենալայն առումով։ Այդ գործընթացն մենք, ըստ էության, ուզում ենք փոխարինել ԵՄ-ին անդամակցության, նոր գործընթացով»,-հայտարարեց Ռուստամյանը՝ նկատելով, որ ԵՄ-ին անդամակցումն երկկողմ գործընթաց է, բայց Հայաստանը միակողմանի հայտարարում է, որ գնում է ԵՄ։
Ըստ Ռուստամյանի, այդ նույն բանը կարելի է անել ԵՄ մտնելու մասին կառավարության հայտարարությամբ։
«Հսկայական խնդիրներ կան, որ մենք այսօր CEPA-ի պայմանագրով չենք իրականացնում: Ըստ էության, մենք մի գործընթացի մեջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի, բայց բուն գործընթացը մեզ համար կարող է առաջացնել լրջագույն պրոբլեմներ:
Հայաստանն այն շռայլությունը չունի, որ ընտրի՝ այստեղ է, թե՞ այնտեղ է: Մանավանդ այն պարագայում, որ այդ «կամ-կամ»-ի կողմերը պատերազմական վիճակի մեջ են: Հայաստանը շարունակում է լինել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ: Սա պահանջում է չմտնել այնպիսի գործընթացների մեջ, որոնք Հայաստանին կկանգնեցնեն «կամ-կամ»-ի առջեւ:
Մենք ասում ենք՝ չէ, դեռ չենք անդամակցել, երբ այդ ժամանակը գա, այդ ժամանակ կորոշենք: Նրանք էլ այնտեղից ասում են, թե եթե մեկնարկ եք տվել ԵՄ-ն անդամակցելու, մեկնարկ տվեք նաև այստեղից դուրս գալու: Արանքում կստացվի որ մենք ոչ այնտեղ հասանք, ոչ էլ այստեղ ամրապնդվեցինք՝ մնացինք օդում կախված»,-հայտարարեց Ռուստամյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը ԵՄ-ին պետք է մոտենա ոչ թե այնքանով, որքանով ԵՄ-ն է այն հնարավոր համարում, այլ որքանով դա չի սպառնում Հայաստանի անվտանգությանը և լինելիությանը։
«Երբ դուք ասում եք՝ ԵՄ, թե Ռուսաստան ընտրություն, խաբում եք ժողովրդին, մեր անվտանգության երաշխիքը դառնում է, ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան, դուք, ըստ էության, Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնում ժողովրդին: Դրանով ոչնչացվում է պետության կենսունանուկությունը»,-ասաց Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում