Բոլոր ուղղություններով ձախողումներ են, աթոռները պահելու հարցում՝ հաջողություններ
14 Փետրվար 2025
Փետրվարի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներկա տնտեսական կացությունը, տնտեսության կարևորագույն ճյուղերում հետընթացների պատճառները, անդրադարձել աշխարհաքաղաքական տեղաշարժերի ուղղակի ազդեցությանը մեր տնտեսության վրա, ինչպես նաև ընդգծել ՀՀ իշխանությունների վարած արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով ի հայտ եկող ռիսկերը կառավարելու անկարողությունը: «Լինելով փոքր պետություն՝ դու պետք է կարողանաս առավելագույնն անել, որ աշխարհաքաղաքական անվտանգային ռիսկերը չբերես քո տուն և չդաևձնես քո առանց այն էլ փխրուն տնտեսության համար էական ու անդառնալի կորուստների հիմք: Լավագույն օրինակը մեր հարևան Վրաստանն է, որ կարողացավ աշխարհաքաղաքական իրողությունները, օրինակ Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, օգտագործել իր տնտեսության մեջ բարձր ակտիվություն ապահովելու համար և մի տևական շրջան, 2022 թվականից սկսած, գրեթե նույնքան տնտեսական աճ գրանցեց, որքան Հայաստանը, որն ի տարբերություն Վրաստանի, համարվում է Ռուսաստանի դաշնակից երկիր»,- ասել է Թադևոս Ավետիսյանը:
Անդրադառնալով հարցին, թե տնտեսական ի՞նչ հարվածներ կհետևեն Հայաստանին, եթե ՀՀ իշխանությունների՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացն այնուամենայնիվ միս ու արյուն ստանա, Թադևոս Ավետիսյանը մասնավորապես նշել է. «Մեր հանրությունը պետք է հասկանա, որ այդ հայտարարություններն ու շոուները ամենևին էլ ինքնանպատակ չեն և ունենալու են հետևանքներ: Դարձյալ դիմենք Վրաստանի օրինակին: Այդ երկրի իշխանություններն այսօր առաջնորդվում են իրենց երկրի երկարաժամկետ զարգացման ազգային պետական շահով և կայացնում որոշումներ ըստ այդմ: Մինչդեռ մեր իշխանությունները շարժվում են ամեն գնով մեկ օր ավել սեփական իշխանությունը պահելու շահով, որ վաղուց հակադրված է մեր ազգային պետական շահերին»:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններին հասկանալ կարելի է: Նրանք այնքան ավեր են բերել հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև ինքնիշխանություն, մշակույթից մինչև կրթություն, տնտեսությունից մինչև սոցիալական ոլորտ, որ պատասխանատվությունից խուսափելու համար ուղղակի չեն կարող կառչած չմնալ իրենց աթոռներից»:
Մանրամասները՝ տեսանյութում