Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մեջ է
18 Փետրվար 2025
Մենք ՔՊ-ականներին ասում ենք՝ Քիվեսթի փաստաթուղթը հրապարակեք, եթե տենց կինոյի տղա եք, ասում են՝ չկա, կորած է, մի թուղթը մի տեղից ենք անում, մի թուղթը՝ ուրիշ տեղից: Բա որ չեք տեսել Քիվեսթի փաստաթուղթը, ինչի՞ց ենթադրեցիք, որ այնտեղ Մեղրիի փոխանակման հարց կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում, ըստ էության, հաստատեց, որ այո, Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու շուրջ բանակցել է:
«Նիկոլ Փաշինյանը 2001 թվականին մի հոդված է տպագրում, որտեղ ասում է՝ դե տվեք այդ միջանցքը, հայի չուզողությո՞ւն եք անում, որ չեք տալիս։ Ինքը չի խոսում տարածքային փոխանակման մասին, որովհետև գիտեր, որ այդտեղ խոսքը ԼՂԻՄ-ի սահմաններում գումարած ինչ-որ լայնությամբ միջանցք, անցնում է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության տակ, փոխարենը Հայաստանը Ադրբեջանին տրամադրում է նախիջևանյան ինքնիշխան անցում։ Դե հրապարակեք։
Բանակցությունները սկիզբ ունեն և վերջ ունեն։ Եվ վերջիվերջո, եթե աշխարհի երեք հզորագույն պետությունները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիան օրակարգ խնդիր են բերում, դու չես կարող կամակոր երեխայի նման ոտքդ գետնին խփել, ասել՝ չեմ քննարկում ու վերջ։ Ինքը դա արեց 2019 թվականին, երբ իրեն ապրիլի 15-ին Մոսկվայում ներկայացրեցին կարգավորման առաջարկ, հետո դա վերախմբագրված տարբերակը ներկայացրեցին 2019 թվականի հունիսի 20-ին Վաշինգտոնում: Իրենք դա չընդունեցին ինչ-ինչ պատճառներով, բանակցությունները կտրվեցին:
Թող հրապարակի 2001-ի ապրիլի 4-ի Քիվեստի փաստաթուղթը, թող հրապարակի ամբողջական Կրակովի փաստաթուղթը, որը ինքը ժառանգել է 2018 թվականի հունվարին, թող հրապարակի 2019 թվականի ապրիլի 15-ի և հունիսի 20-ի փաստաթղթերը։ Եվ սա հնարավորություն կտա հասկանալ՝ բանակցությունները որ կետից են սկսել և իր օրոք ուր են հասել»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը:
Անդրադառնալով Քոչարյանի պնդմանը, որ Մեղրիի թեման շրջանառելու պատճառն այն է, որ իշխանությունը՝ հնարավոր է այդ ճանապարհի հետ կապված զիջումների գնա, ու փորձում է մեղքը բարդել իր վրա, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մեջ է: Միջանցքի ունիվերսալ սահմանում չկա, եւ դրա համար Փաշինյանը Ադրբեջանին տալու է այդ ճանապարհով երթևեկելու «արտոնյալ» ռեժիմ՝ ասելով, դա մեր ճանապարհն է, տեսեք հայկական դրոշներ են շարած ճանապարհի երկայնքով, ուրեմն դա մերն է: Ալիևն էլ ասելու է՝ անխոչնդոտ մտնում, դուրս ենք գալիս, ուրեմն դա միջանցք է։ Այսինքն այս երկուսը հանցավոր համաձայնության են գալիս, որպեսզի կարողանան սեփական ժողովրդների մոտ հաղթանակած երևան։ Սա ուղղակի լեզվի ֆիզկուլտուրնիկություն է:
Փաշինյանը դեռ 2021-ին, թե 2022-ին ասում էր՝ 47 կմ է, հո ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չե՞նք ստուգել։ Այսինքն, այդ ճանապարհի վրա գործելու է այլ իրավական ռեժիմ, քան դիցուք Երևան-Գյումրի M1 միջպետական ճանապարհի վրա։ Դա հենց միջանցքն է»:
Մանրամասները՝ տեսանյութում