Քանի դեռ Ցեղասպանություն իրականացնողը չի խոստովանել իր կատարածը՝ Հայաստանը վտանգի տակ է
24 Փետրվար 2025
Ես ավելի քան 30 տարի է՝ Հայոց ցեղասպանության հետ կապված ֆիլմեր եմ նկարում, մի քանի ֆիլմեր ունեմ, որոնք ցուցադրվել են ողջ աշխարհում, այդ թվում՝ Երևանում։ Առաջին ֆիլմս «Վերադարձ դեպի Արարատն» էր, որը ցուցադրվել է 1989-ին Երևանում և Մոսկվայում՝ գաղտնի պայմաններում, այն ժամանակ դեռ ոչ ոք Ցեղասպանության մասին այդպես չէր խոսում։ Վերադարձ դեպի Արարատը մինչև հիմա Սփյուռքում մեր բոլորի երազն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց շվեդահայ կինոռեժիսոր, գրող Սյուզան Խարդալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ցյուրիխում Ցեղասպանության մասին արած հայտարարություններին։
Հայաստանի անկախացումից հետո, ինչպես նշեց մեր զրուցակիցը, կարծում էին, որ մեր երազների իրականացման ճանապարհն ենք բռնել։
«Ես սա ասում եմ, ոչ միայն իմ, այլ իմ նման հազարավոր սփյուռքահայերի անունից, որոնք իրենց տեսնում էին Հայաստանում, սակայն 30 տարի անց՝ իրականությունը դժբախտաբար ամբողջությամբ շրջված է գլխիվայր, շատ մարդիկ հուսախաբության մեջ են։ Ավելին՝ մտածում եմ, որ այն 30 տարին, որը նվիրել եմ այս գործին, իմ այդ տարիների ամբողջ աշխատանքը աղբամանի մեջ է այլևս նետված»,- նշել է կինոռեժիսորը՝ ավելացնելով, որ միայն իր անձնական զգացողության կամ փորձառության մասին չի խոսում։
«Իմ շրջապատում շփոթահար վիճակ է ու սա նոր չէ։ Ես այս իշխանության կառավարման առաջին տարիներին էլ հասկանում էի, որ այդ փոփոխությունները մեզ հասցնելու են ճիշտ այնտեղ, որտեղ հիմա ենք։ Իմ մոտ տպավորություն է, որ մենք մի ոտքով գերեզմանում ենք։ Սա շատ դժվար իրավիճակ է, երբ մարդիկ, ամբողջ Սփյուռքի գաղութները տարիներ, տասնամյակներ իրենց ուժը, նյութականը, մարդկային ժամանակը կենտոնացրել են մի գաղափարի վրա, ու գալիս է մի անձ, կամ այդ անձի շուրջ համախմբված մարդիկ, որոնք ոտնակոխում են ու ջնջում են ամեն արածը։ Սա շատ հակասական զգացումներ է առաջացնում, օրինակ՝ հեռանալու, մի կողմ թողնելու այն ամենն, ինչ տարիներով ստեղծել ենք։ Եթե այս է ձեր ուզած Հայաստանը՝ շարունակեք, բայց մեր ուզած Հայաստանը, մեր պատկերացրած հայրենիքը սա չէ, ես ինձ այսօրվա Հայաստանում օտար եմ զգում»,- նշեց շվեդահայ գործիչը։
Խարդալյանն հիշեցրեց «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը, որ նկարահանել էր 2012-13 թթ-ին, ֆիլմն ավարտվում էր այն տեսարանով, որ ինքն Աշտարակի իր պարտեզի մեջ է ու ասում է, որ միայն այստեղ է իրեն ապահով է զգում։ «Աշխարհում, որևէ այլ վայրում ես ինձ ապահով չեմ զգում, իմ ամբողջ կյանքն ուղի էր դեպի՝ այս ապահով վայրը զգալուն, իսկ այսօր ես ապահո՞վ եմ Հայաստանում, ապահո՞վ են այն հայերը, որոնց ինչ –ինչ ձևերով արգելում են մուտքը Հայաստան, կամ ինչ-ինչ ձևերով լռեցնում են մարդկանց կամ պատժում։ Այն Հայաստանը, որ գոյություն ունի այսօր, իմ Հայաստանը չէ, ոչ մի սփյուռքահայի Հայաստանը չէ։ Իմ Հայաստանը կա, բայց դա այս Հայաստանը չէ, բռնապետության գնացող ու լռակյաց համաձայնությամբ ամեն ինչ կուլ տվող մարդկանց մեծամասնությամբ Հայասատանը իմ Հայաստանը չէ։ Ես էդպես չեմ տեսել իմ Հայաստանը, ես էդպես չեմ ճանաչում իմ ժողովրդին, ես էդպես չեմ տեսել Սփյուռքի Հայաստանը»,- իր մտքերով կիսվեց Սյուզան Խարդալյանը։
Կինոռեժիսորն ասում է՝ այն իշխանությունը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, տանում է Սփյուռքի ու Հայաստանի միջև խորը, մեծ ջրբաժանի, ու այդ ջրբաժանն այնքան է մեծանում, որ կվերադառնանք Խորհրդային Միության տարիների հեռավորությանը, երբ մեկը՝ մյուսին թշնամի էին համարվում։ Բայց անգամ խորհրդային տարիներին, ինչպես նա նկատեց, մարդկային հարաբերությունը գոյություն ուներ, ու մարդիկ դեռևս Հայաստանի գաղափարը շոյում, փայփայում էին։
«Այն ժամանակ ամեն ինչ նվիրված էր Հայաստանին, ես այդպես եմ մեծացել՝ ամեն ինչ Հայաստանի համար։ Մայրս իր կյանքի վերջին օրը նվիրատվությունն էր անում Հայաստանին, նա 86 տարեկան էր։ Հույս ունեմ, որ իմ բարկությունը ու հուսահատությունը կսթափեցնի հայաստանցիներին»։
Նա ընդգծեց, որ Ցեղասպանությունը իր ընտանիքի, իր գերդաստանի համար կարմիր գիծն է, որ ամեն օր, ամեն ժամ, եղել է իրենց կյանքի մի մասը։ «Ցեղասպանության արդյունք է, որ ես ծնվել եմ Շվեդիայում, բայց սուտ է , թե մենք զոհի հոգեբանությամբ ենք ապրում, ո՛չ, մենք զոհի հոգեբանությունը թոթափել ենք տասնամյակներ առաջ, 50-60 տարի առաջ, մենք արդարության համար պայքարող հայեր ենք, ու հիմա ասել, թե արդարության մասին չպետք է խոսենք, որ զոհի հոգեբանությունը չփոխանցենք։ Այդպես չէ, ես զոհ չեմ, իմ մայրս զոհ չէ, իմ մայրս պայքարող էր, իմ մեծ մայրս պայքարել է 13 տարեկանից, մենք ընտրել ենք կյանքը։ Իմ աղջիկը նույնն է , իմ աղջիկն էլ զոհ չէ, նա նոր դրոշը բռնողն է»,- ընդգծեց կինոռեժիսորը։
Անդրադառնալով միացյալ Հայաստանի մասին երազանքին, որը ըստ Փաշինյանի վտանգում է իրական Հայաստանը՝ նա արձանագրեց, որ Ցեղասպանության թեման օրակարգում պահելու հարցը նոր չէ։ «Տարբեր ձևերով մեզ ասում են, որ այդ երազը վառ պահելը վնաս է հայաստանցիների հաց ուտելուն, սա անիմաստ փաստարկ է։ Հակառակը, մտածեք այն մասին, որ այն օրը, երբ ՀՀ իշխանությունները որոշեցին Ցեղասպանության հարցը պահել իրենց արտաքին քաղաքականության օրակարգում՝ այդ ժամանակ Հայաստանը լսելի դարձավ։ Հայաստանի համար Ցեղասպանության հարցը օրակարգում պահելը կնշանակի անվտանգության մասին խոսել։ Հայաստանի անվտանգության հարցն այսօր նույնն է, որովհետև այսօր էլ Հայաստանի թշնամիները նույնն են։ Իրենք երազում են մեզ ոչնչացնելու մասին, իսկ մենք չպե՞տք է երազեք մեր կորցված հայրենիքի՞ մասին, մենք 2 տարի առաջ կորցրած հայրենիք ունենք՝ Արցախը, հիմա Արցախի մասին խոսելը ինչպե՞ս կարող է վնասել Հայաստանին։
Հակառակը, քանի դեռ Ցեղասպանություն իրականացնողը չի խոստովանել իր կատարածը ու քանի դեռ փոխհատուցում չի վճարել՝ Հայաստանը վտանգի տակ է։ Մի խաբնվեք աղջիկներ և տղաներ, Հայաստանը վտանգի տակ է, քանի դեռ Հայաստանում ուրանում են իրենց ինքնությունը, ուրանում է իմ ու իմ նմանների պատմությունը, դա տանելու է անխուսափելի կորուստների։ Սա սխալ է, առանց այդ սխալը շտկելու մենք գնում ենք կործանման, սա չի նշանակում, որ սրերով գալու են կոտորեն, սրերով չէ, դրոններով, այս անգամ դրոններով են ոչնչացնելու։ Տղանե՛ր, ձեզ մի քանի անգամ մորթեցին, դուք դեռ չեք հասկացել, որ պետք է ոտքի կանգնել, երբ եք ոտքի կանգնելու։ Երկարեցրեք ձեր ձեռքը, որ մենք էլ մեր ձեռքը երկաենք ձեզ ու միասնակամ լինենք»,- նշեց Սյուզան Խարդալյանը։
Անդրադառնալով Սփյուռքում Փաշինյանի հանդիպումներին՝ Խարդալյանն ասաց, որ ինքն անձամբ այդ մարդուն հարցնելիք չունի։ «Ոչ նրան, ոչ էլ իր հետ աշխատող տղաներին ու աղջիկներին, որոնք շլացած իրենց նոր հարստացումից, ամեն մեկն իրեն թագավոր է կարծում։ Ես այս իշխանության հետ առաջին օրից խնդիր ունեմ ու ասում եմ, թե ինչու։ Դեռ այս իշխանության կառավարման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում էր կազմակերվել ԱԳՆ-ի հետ, դեռ այդ ժամանակ ԱԳ նախարարությունից ինձ ասացին, որ ցեղասպանության թեմաներով ֆիլմեր չնկարեմ, ցեղասպանոթյան մասին չխոսեմ։ Այդ պահից ես ամեն բան հասկացա, ես այս մարդկանց տալիք չունեմ, ակնկալիք չունեմ, ես այդ օրից Ստոկհոլմի ՀՀ դեսպանատան հետ կապերը խզել եմ։ Իմ նման շատ հայեր կապ չունեն ՀՀ դեսպանատան հետ ու մարդիկ ներկա չեն լինում այս մարդու ելույթներին։ Այս մարդը գալիս է ու իր հետ կապ ունեցող 4-5 հոգու հետ հանդիպում է, նկարներ է հրապարակում, բայց այդ հանդիպումները այլ նպատակներ է հետապնդում՝ հրապարակ նետել ինչ -որ անիմաստ գաղափարներ, որոնց շուրջ աժիոտաժ է ուզում ստեղծել։ Այդ մարդու ասածները ոչ մի գրոշի նշանակություն չունեն։ Նրա հետ խոսելիք չկա, մի բան կա. նա պետք է հեռանա, որ մեր հավաքական հայությունը վերականգնվելու հնարավորություն ունենա։ Այս մարդու հետ խոսելիք չկա, ու սա միայն իմ կեցվածքը չէ, սա Շվեդիայի ամբողջ համայնքի կեցվածքն է»։