Հայ Ուսանողությունը Արցախի Համար 2025
25 Փետրվար 2025
Ուսումնասիրությունների և Ծրագրերի Առաջարկներ
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը հայտարարում է «Հայ Ուսանողությունը Արցախի համար» խորագրով ուսումնասիրությունների մրցութային ծրագրի 2025թ – երկրորդ թողարկումը, որի նպատակն է համախմբել հայ ուսանողությանը արցախահայության վերադարձի իրավունքի շուրջ: Մրցույթը նախաձեռնում ենք, նկատի ունենալով, արցախահայության վերադարձի իրավունքի արդիականությունը, և գիտակցելով հայ ուսանողության մասնագիտական ներուժն այս հիմնահարցին ծառայեցնելու անհրաժեշտությունը:
Ծրագրի հիմնական նպատակն է` միավորել հայ ուսանողության կարողությունը և ներուժը, քաղաքական, տնտեսական, հասարակագիտական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում և այն հասանելի դարձնել արցախահայության վերադարձի իրավունքի ուղղությամբ հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկներին և մարմիններին՝ արդյունավետ օգտագործման համար: Այս ծրագրի հովանավորն է` Արցախի Հանրապետության ԱԺ-ի կողմից լիազորված՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն, գլխավորությամբ` ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի:
Առ այդ, կոչ ենք անում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից 20-35 տարեկան ուսանողներին մասնակցել այս ծրագրին:
Մասնակիցների աշխատանքը կվերահսկեն հանրայայտ մասնագետներ ովքեր կծառայեն որպես խորհրդատուներ (mentors):
Հայտադիմումները և ուղեկցող նպատակային բացատրագրերը հարկավոր է ներկայացվեն 2025 թվականի ապրիլի 20-ը ներառյալ, այցելելով հետևյալ կայք:
Հետազոտական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 31-ն է:
Ծրագրի համար նախատեսված են հետևյալ նյութերը և խորհրդատուները .
Նյութեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ և ՓՈՐՁ
1. Բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրավաքաղաքական հիմքերը միջազգային իրավունքի շրջանակներում: Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը, Միջազգային Արդարադատության դատարանը և այլ միջազգային հաստատություններ՝ այս իրավունքի իրավական հաստատման և իրագործման համատեքստում:
Ֆիլիփ Ռաֆֆի Քալֆայան, Միջազգային Օրենքի Դոկտոր, Իրավաբանական խորհրդատու, գիտաշխատող և դասախոս Փարիզի Պանթեոն Ասաս Համալսարանի – Ֆրանսիա
2. Բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրականացման նախադեպերի համեմատական վերլուծություն և քաղվելիք դասեր: արցախահայության խնդրի յուրահատկությունները(եթե կան):
Գառնիկ Գերգոնյան, իրավաբան, Միջազգային օրենքի մասնագետ – ԱՄՆ
3. Արցախահայերի իրավունքները որպես բնիկ ժողովուրդ միջազգային իրավունքի ներքո։ Վերադարձի Իրավունքի դերը Արցախի բնիկ հայության գոյատևման և զարգացման ապահովման համատեքստում:
Գևորգ Հակոբճյան, Իրավաբան, Միջազգային Օրենքի Դոկտոր-Հայ Իրավական Կենտրոնի Տնօրեն Խորհուրդի Անդամ- ԱՄՆ
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4. Արցախահայերի վերադարձի պայմանների և նրանց ակնկալիքների վերլուծական քննարկում` հիմնված հարցախույզերի և դեմ առ դմ հանդիպումների միջոցով ձեռք բերված վիճակագրական տվյալների վրա:Աշոտ Ղուլյան, պատմաբան, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին Նախագահ – ՀՀ
5. Արցախահայության վերադարձի իրավունքի իրականացման անվտանգային նախապայմանները, նրանց ապահովման տարբերակներն ու կիրառելիությունը:
Կիրո Մանոյան, Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ և Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու – ՀՀ
6. Արցախահայության կարգավիճակի հարցը՝ Արցախ վերադարձի ժամանակ: Արցախի կառավարման հնարավոր տարբերակներ և մոդելներ:
Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան – ՀՀ
7. Բռնի տեղահանված արցախահայության հավաքական վերադարձի կաևորությունը, և խմբակային կամ անհատական վերադարձի վտանգները:
Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Քուրիեր» պարբերաթերթի գլխավոր խմբագիր -ԱՄՆ
8. Արցախահայության վերադարձի իրավունքի իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապի անհրաժեշտությունը: Այս նպատակով, տարածաշրջանային ճանապարհային հաղորդակցության միջոցների նոր պատկերացումների ներկայացման փորձ:
Եղիա Թաշճյան, Բեյրութի Ամերիկյան Համալսարանի հետազոտական կենտրոնի դասախոս – Լիբանան
ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ
9. Արցախի Հանրապետության կառավարման համակարգի օղակների դիրքորոշման կարևորությունը արցախահայության վերադարձի իրավունքի հետապնդման գծով, և կատարված աշխատանքները: Արցախի Հանրապետության համար առաջարկություն՝ ի նպաստ վերադարձի քաղաքականության:
Արմեն Սարգսյան, պատմաբան, ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր – ՀՀ
10. Հայաստանի Հանրապետության դիրքորոշման կարևորությունը արցախահայության վերադարձի իրավունքի հետապնդման գծով և կատարված աշխատանքները, թեր և դեմ հայտարարութիւնները: ՀՀ-ի համար առաջարկություն՝ ի նպաստ արցախցիների վերադարձի քաղաքականության:
Շահան Գանտահարյան, Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր – Լիբանան
11. Միջազգային, տարածաշրջանային և առանձին ուժերի և պետությունների դիրքորոշումը, շահագրգռվածությունը և հավանական դերակատարությունը արցախահայության վերադարձի գծով:
Դոկտ. Գևորգ Ղուկասյան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու – ՀՀ
12. Միջազգային կազմակերպությունների դերը ի դեմս` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և այլ (եթէ կան)՝ արցախահայության վերադարձի հարցերի լուծման գծով և նրանց հնարավոր դերը Արցախում:
Մարիո Նալբանդյան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի Անդամ, Ընկերվար Միջազգայնականի Փոխ Նախագահ – Արգենտինա
13. Միջազգային մարդասիրական կազմակերպությունների դերակատարությունը արցախահայության գծով՝ ներկայումս որպես տեղահանվածներ և ապագայում վերադարձի պարագային:
Դոկտ. Կարին Հովսեփյան, Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան – ՀՀ
14. Արցախահայության վերադարձի իրավունքի հարցով բանակցային հարթակների ստեղծման գործնական հնարավորությունները և մեխանիզմները:
Գասպար Կարապետյան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ – Բելգիա
ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ
15. Վերադարձի իրավունքի հարցում, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը և գործնական հնարավորությունները:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան – ՀՀ
16. Արցախահայության գույքի պահպանության անհրաժեշտությունը վերադարձի իրավունքի իրականացման համատեքստում, և նրա գործնական հնարավորությունները։
Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան – ՀՀ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՔԱՅԼԵՐԸ
17. Ադրբեջանի կեցվածքը ընդհանրապես վերադարձի իրավունքի և հատկապես՝ արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ։
Աբրահամ Գասպարյան, «Ջենեսիս Արմինիա» կենտրոնի հիմնադիր տնօրեն – ՀՀ
Ուսումնասիրությունները գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝
Արդիականություն- կիրառական նշանակություն – հետազոտական աշխատանքի ծավալ- աշխատանքի առարկայական հիմնավորություն – տեխնիկական պահանջների հարգում:
Խրախուսելի է մրցույթին մասնակցությունը նաև խմբերի առաջացմամբ: Ուսանողները կարող են կազմել առավելագույնը 3-ական անդամ ունեցող խմբեր:
Պատրաստված հետազոտությունները քննվելու են խորհրդատուներից բաղկացած ժյուրիի կազմի կողմից:
Մրցույթին մասնակցած բոլոր ուսանողները կստանան խորհրդանշական նվերներ: Ժյուրիի կազմի կողմից ընտրված լավագույն ուսումնասիրությունների հեղինակները կստանան կրթաթոշակ: Առաջին մրցանակին արժանացած ուսանող/խումբ ՝ 1000 ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար և երրորդը՝ 500 ԱՄՆ դոլար դրամական պարգևներով:
Մրցյութի ավարտին կգումարվի առցանց խորհրդաժողով, որտեղ լավագույն ուսումնասիրությունները կներկայացվեն հանրությանը: Ինչպես նաև բոլոր աշխատությունները կհրատարակվեն հայաստանյան և սփյուռքյան մամուլում։
Մրցյութի արդյունքները կհրապարակվեն սույն թուականի Սեպտեմբեր 2-ին։
Լուսաբանական հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակ
(Արեւմտահայերեն)
Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար 2025
Ուսումնասիրութիւններու եւ Ծրագիրներու Առաջարկներ
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ՝ «Հայ Ուսանողութիւնը Արցախի համար» խորագրով ուսումնասիրութիւններու մրցանք ծրագիրի 2025թ երկրորդ թողարկումը, նպատակ ունենալով համախմբել հայ ուսանողութիւնը Արցախահայութեան վերադարձի իրաւունքի շուրջ: Սոյն մրցանքը կը նախաձեռնենք նկատի ունենալով Արցախահայութեան վերադարձի իրաւունքի այժմէականութիւնը, եւ անհրաժեշտութիւնը տեսնելով հայ ուսանողութեան մասնագիտական ներուժը ծառայեցնելու այս հիմնահարցին:
Ծրագրին հիմնական նպատակն է մէկտեղել հայ ուսանողութեան կարողութիւնը՝ քաղաքական, տնտեսական, ընկերաբանական, իրաւագիտական, մշակոյթի եւ հետաքննողական լրագրութեան բնագաւառներու մէջ եւ զայն տրամադրելի դարձնել Արցախահայութեան վերադարձի իրաւունքի ուղղութեամբ հայանպաստ գործունէութիւն ծաւալող ազդեցիկ հիմնարկներու եւ մարմիններու՝ արդիւնաւէտ օգտագործման համար: Այս ծրագրի հովանաւորն է Արցախի Հանրապետութեան ԱԺ-ի կողմէ լիազօրուած՝ Արցախի ժողովուրդի հիմնական իրաւունքներու պաշտպանութեան կոմիտէն, գլխաւորութեամբ՝ ՀՀ Արտաքին գործոց նախկին նախարար՝ Վարդան Օսկանեանի:
Առ այդ, կոչ կ’ուղղենք 20-35 տարեկան՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի ուսանողութեան մասնակցիլ սոյն ծրագրին:
Մասնակիցներուն աշխատանքին պիտի վերահսկեն հանրայայտ մասնագէտներ որպէս խորհրդատուներ (mentors):
Յայտադիմումները եւ անոր կից նպատակային բացատրագիրները պէտք է լրացնել մինչեւ սոյն թուականի Ապրիլ 20, այցելելով հետեւեալ կայքը studentsforartsakh.am :
Ուսումնասիրութիւներու յանձման վերջաժամկէտն է սոյն թուականի Յուլիս 31:
Ծրագրին համար հետեւեալ նիւթերը եւ խորհրդատուները նախատեսուած են.
Նիւթեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔ ԵՒ ՓՈՐՁ
1. Բռնի տեղահանուածներու վերադարձի իրաւունքի իրաւաքաղաքական հէնքը միջազգային օրէնքի (իրաւունքի) ծիրէն ներս: Միջազգային դատարաններու դերը այդ իրաւունքի իրականացման մէջ, ինչպիսիք են՝ Մարդու Իրաւունքներու Եւրոպական Դատարանը կամ Միջազգային Արդարադատութեան Դատարանը, կամ այլ, այս իրաւունքի իրաւական հաստատման համար եւ միջազգային կառոյցներու դերը անոր գործնականացման մէջ:
Ֆիլիփ Ռաֆֆի Քալֆայեան, Միջազգային Օրէնքի Դոկտոր, Իրաւաբանական խորհրդատու, գիտաշխատող եւ դասախօս Փարիզի Փանթէոն Ասաս Համալսարանէն ներս – Ֆրանսա
2. Բռնի տեղահանուածներու վերադարձի իրաւունքի իրականացման նախադէպերու համեմատական վերլուծում եւ քաղուելիք դասեր: Արցախահայութեան խնդրի առանձնայատկութիւնները (եթէ կան):
Գառնիկ Գէրգոնեան, իրաւաբան, Միջազգային օրէնքի մասնագէտ – ԱՄՆ
3. Արցախահայութեան իրաւունքները որպէս բնիկ ժողովուրդ Միջազգային Օրէնքի Համաձայն: Վերադարձի Իրաւունքի կիրառման դերը Արցախահայութեան որպէս բնիկ ժողովուրդի գոյատեւումն ու զարգացումը երաշխաւորելու մէջ:
Գէորգ Յակոբճեան, Իրաւաբան, Միջազգային Օրէնքի Դոկտոր-Հայ Իրաւական Կեդրոնի Տնօրէն Խորհուրդի Անդամ- ԱՄՆ
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4. Արցախահայերու վերադարձի պայմաններու եւ անոնց ակնկալիքներու վերլուծական քննարկում հիմնուած հարցախոյզերու եւ դէմ առ դմ հանդիպումներու միջոցով ձեռք բերուած վիճակագրական տուալներու վրայ:
Աշոտ Ղուլեան, պատմաբան, Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախկին Նախագահ – ՀՀ
5. Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրականացման անվտանգային նախապայմանները, անոնց ապահովման տարբերակներն ու կիրարելիութիւնը:
Կիրոյ Մանոյեան, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Հայ դատի քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու – ՀՀ
6. Արցախահայութեան կարգավիճակի հարցը՝ Արցախ վերադարձի ժամանակ: Արցախի կառավարման հնարաւոր տարբերակները:
Արտակ Բեգլարեան, Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքներու նախկին պաշտպան – ՀՀ
7. Բռնի տեղահանուած արցախահայութեան հաւաքական վերադարձի կարեւորութիւնը, եւ մասնակի կամ անհատական վերադարձի վտանգները:
Յարութ Սասունեան, «Քալիֆորնիա Քուրիեր» պարբերաթերթի գլխաւոր խմբագիր -ԱՄՆ
8. Արցախահայության վերադարձի իրաւունքի իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետութեան հետ անխափան ցամաքային կապի անհրաժեշտութիւնը: Այս նպատակով, տարածաշրջանային ճանապարհային հաղորդակցութեան միջոցներու նոր պատկերացումներու ներկայացման փորձ:
Եղիա Թաշճեան, Պէյրութի Ամերիկեան Համալսարանի հետազօտական կեդրոնի դասախօս – Լիբանան
ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՒ ԱՌՆՉՈՒԹԻՒՆ
9. Արցախի Հանրապետութեան կառավարման համակարգի օղակներու դիրքորոշման կարևորութիւնը արցախահայութեան վերադարձի իրաւունքի հետապնդման գծով եւ կատարուած աշխատանքները: Արցախի Հանրապետութեան համար առաջարկութիւն՝ ի նպաստ վերադարձի քաղաքականութեան:
Արմէն Սարգսեան, պատմաբան, ԱՀ Ազգային Ժողովի պատգամաւոր – ՀՀ
10. Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշման կարևորութիւնը արցախահայութեան վերադարձի իրաւունքի հետապնդման գծով եւ կատարուած աշխատանքները, թեր եւ դէմ յայտարարութիւնները: ՀՀ-ի համար առաջարկութիւն՝ ի նպաստ Արցախցիներու վերադարձի քաղաքականութեան:
Շահան Գանտահարեան, Պէյրութի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր – Լիբանան
11. Միջազգային, տարածաշրջանային եւ առանձին ուժերու եւ պետութիւններու դիրքորոշումը, շահագրգռուածութիւնը եւ հաւանական դերակատարութիւնը արցախահայութեան վերադարձի գծով:
Դոկտ. Գէորգ Ղուկասեան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի ծրագիրներու պատասխանատու – ՀՀ
12. Միջազգային կազմակերպութիւններու դերը ի դէմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի եւ այլ (եթէ կան)՝ արցախահայութեան վերադարձի հարցերու լուծման մէջ եւ անոնց հնարաւոր դերը Արցախի մէջ:
Մարիօ Նալպանտեան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի Անդամ, Ընկերվար Միջազգայնականի Փոխ Նախագահ – Արժանթին
13. Միջազգային մարդասիրական կազմակերպութիւններու դերակատարութիւնը արցախահայութեան գծով՝ ներկայիս որպէս տեղահանուածներ եւ ապագային վերադարձի պարագային:
Դոկտ. Կարին Յովսէփեան, Ֆրանսական Համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի դեկան – ՀՀ
14. Արցախահայության վերադարձի իրաւունքի գծով բանակցային հարթակներու ստեղծման գործնական հնարաւորութիւնները եւ մեքանիզմները:
Գասպար Կարապետեան, Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ – Պելճիքա
ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ
15. Վերադարձի իրաւունքի ծիրէն ներս Արցախի պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան կարեւորութիւնը և գործնական հնարաւորությունները:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամեան – ՀՀ
16. Արցախահայութեան գոյքերու պահպանութեան անհրաժեշտութիւնը վերադարձի իրաւունքի իրականացման պարունակին (համատեքստ) մէջ եւ անոր գործնական հնարաւորութիւնները։
Գեղամ Ստեփանեան, Արցախի Հանրապետութեան Մարդու Իրաւունքներու Պաշտպան – ՀՀ
ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՔԱՅԼԵՐԸ
17. Ազրպէյճանի կեցուածքը ընդհանրապէս վերադարձի իրաւունքին մասին եւ յատկապէս՝ արցախցիներու վերադարձի իրաւունքին վերաբերեալ։
Աբրահամ Գասպարեան, «Ճէնէսիս Արմինիա» կեդրոնի հիմնադիր տնօրէն – ՀՀ
Ուսումնասիրութիւնները պիտի գնահատուին հետեւեալ չափանիշներով՝
Արդիականութիւն- կիրառական նշանակութիւն – հետազօտական աշխատանքի տարողութիւն – աշխատանքի առարկայական հիմնաւորութիւն – թեքնիք պահանջներու յարգում:
Քաջալերելի է մրցանքին մասնակցութիւնը նաեւ խմբակներու առաջացմամբ: Ուսանողները կրնան կազմել առաւելագոյնը 3 անդամ ունեցող խմբակներ:
Պատրաստուած նախագիծերը պիտի քննուին խորհրդատուներէ բաղկացած դատական կազմի մը կողմէ:
Մրցանքի մասնակցած բոլոր ուսանողները պիտի ստանան խորհրդանշական նուէրներ: Դատական կազմին կողմէ ընտրուած լաւագոյն ուսումնասիրութիւններուն հեղինակները կրթաթոշակ պիտի ստանան: Առաջին մրցանակին արժանացած ուսանող/խումբ ՝ 1000 ԱՄՆ տոլար, երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ տոլար եւ երրորդը՝ 500 ԱՄՆ տոլար դրամական պարգեւներ:
Մրցանքի աւարտին պիտի գումարուի առցանց խորհրդաժողով մը, ուր լաւագոյն ուսումնասիրութիւնները պիտի ներկայացուին հանրութեան: Ինչպէս նաեւ բոլոր աշխատութիւնները լոյս պիտի տեսնեն հայաստանեան եւ սփիւռքեան մամուլի էջերուն մէջ:
Մրցանքի արդիւնքները պիտի հրապարակուին սոյն թուականի Սեպտեմբեր 2-ին
Լուսաբանումներու և յաւելեալ տեղեկութիւններու համար դիմել հետեւեալ հասցէին՝ [email protected]:
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ