Իսկ քարավանը կշարունակի իր ճանապարհը
26 Փետրվար 2025
Արտաշես Շահբազյան
Նրանք, ովքեր քիչ թե շատ հետևում են լրատվամիջոցների և ընկերային ցանցերի հրապարակումներին, նկատած կլինեն վերջին շրջանում ծավալված հակադաշնակցական քարոզչության նոր ալիքը։ Այս պղտոր ալեկոծության մեջ ներգրավված որոշ դերակատարների իսկ խոստովանությամբ գործընթացի դրդապատճառն ու նպատակն է ՀՅ Դաշնակցության առաջիկա Ընդհանուր ժողովի գումարումը։ Ավելի ստույգ՝ անառողջ տրամադրություններ հրահրելու, գալիք ժողովի մթնոլորտի վրա ազդելու ցանկությունը։ Զարմանալի չէ երևույթը, եթե հիշենք, որ անցած դարի 90-ականներին այդպիսի փորձեր էր ձեռնարկում նաև ՀՀՇ-ական իշխանությունը։ Եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես է կազմակերպված ու համադրված, Հայաստանից ու արտերկրից ինչ անձինք և ինչ լրատվամիջոցներ են ներգրավված, կասկած չի հարուցում, որ «նախաձեռնության» հեղինակն այժմ ևս ՀՀ իշխանությունն է։ Իսկ թե ինչու է ներքին ու արտաքին անհաղթահարելի հիմնահարցերի մեջ խրված իշխանությունը ստանձնում այս անշնորհակալ գործը, նույնպես բարդ հանելուկ չէ՝ ապազգային այս իշխանության դեմ Հայաստանում ու սփյուռքում կանգնած գլխավոր կազմակերպված ուժը Դաշնակցությունն է։ Փաշինյանական ռեժիմն իր իշխանության առաջին իսկ օրերից սկսեց հակադաշնակցական պայքարը, գնահատելով ազգային ավանդական կուսակցության ոչ միայն կազմակերպական, գաղափարական ներուժը, այլև աշխարհասփյուռ բնույթը։ Դաշնակցության նկատմամբ այս իշխանության, այսպես ասած, մաքսիմում ծրագիրն էր կուսակցության ներսում ցանկալի չափով ազդեցություններ ձևավորելով դուրս բերել նրան իր ազգային հունից և կցորդ դարձնել Նիկոլի անդունդ տանող սայլին։
Արդեն անցյալ դարձած այդ օրերին նայելով, իհարկե, կարելի է ծիծաղել նման «երազանքների» վրա, բայց և չենք կարող չխոստովանել, որ հաջողվեց փոքր չափով ջուր պղտորել կուսակցության ներսում, վնասելով նրան… Ինչպես մոծակը կարող է վնասել փղին։ Սրանով հանդերձ, կուսակցությունը հակադաշնակցական քարոզչության թիրախից երբեք դուրս չմնաց, իսկ կուսակցության հերթական բարձրագույն ժողովը, թերևս, հույս է արթնացրել մեկ անգամ ևս բախտը փորձելու։ Իրավիճակը համարժեքորեն գնահատելու համար պետք է նկատի ունենալ, որ ժողովրդական դժգոհության հանդեպ իշխանության ամրությունը որքան ճաքեր տա, այնքան սրվելու է ինքնապաշտպանական ագրեսիան այն ուժի հանդեպ, որն անցնող տարիներին իր կազմակերպական ներուժով եղել է ժողովրդական ըմբոստությունների առանցքում և ոչ մի օր պայքարը չի դադարեցրել, փողոցից տեղափոխելով այն խորհրդարանական, քարոզչական և այլ հարթակներ։ Իշխանության համար ոչ պակաս մարտահրավեր է նաև Դաշնակցության ազգային կուռ և ամբողջական գաղափարախոսությունը՝ այն պայմաններում երբ նա մտադիր է Հայաստանում հաստատելու, այսպես կոչված, «Իրական Հայաստան» անվամբ «Առաջնորդող գաղափարախոսություն», ինչը բխում է գլոբալիզմի աշխարհաքաղաքացիական հիմքի վրա կառուցված թավշյա, գունավոր հեղափոխության ապազգային և պարտվողական ծրագրից։ Մի ծրագիր, ըստ որի մերժվում է Արցախը և Սփյուռքը, պատմական հայրենիքը, և հայոց ցեղասպանության իրողությունը, ու ազգային հիշողության ու ինքնության միջուկը կազմող հոգևոր-մշակութային արժեքների գոյությունը և ճիգ է գործադրվում առաջնորդելու երկիրը դեպի արևմտյան (իրականում թուրքադրբեջանական) ենթակայություն։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանում իր դավադիր ծրագրերը կարող է ամբողջացնել, եթե հասնի առնվազն ժողովրդի գաղափարաքաղաքական կրավորականությանը, իսկ դա հնարավոր է նրա միջից քամել-հանելով ազգային հոգեկերտվածքն ու մտածողությունը, որի գլխավոր կրողն էլ Դաշնակցությունն է (ըստ իր իսկ համոզման)։ Նույնիսկ ավելին։
2025 թվականի փետրվարի 10-ին Փարիզում ելույթ ունենալով փոքրաթիվ ֆրանսահայության առջև Հայաստանի վարչապետն ասում է. «Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման օրից մենք չենք նկատել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ կուսակցություն, և էդ կուսակցությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ա։ Ֆորմալ եղել են այլ կուսակցություններ ևս, բայց իրականում եղել ա մեկ կուսակցության գաղափարախոսություն։ Էն տարբերությամբ, որ եղել ա Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն։ Բայց եղել ա ՀՀՇ Հայ Յեղափոխական Դաշնակցություն, ԱԺՄ Հայ Յեղափոխական Դաշնակցություն, եղալ ա Քաղաքացիական Պայմանագիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն։ Այսինքն՝ Հայաստանում գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո։ Հարց ա ծագում, բա ինչի՞ մենք բոլորս չենք գնացել անդամագրվել, ինչը տրամաբանական կլիներ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Ամենատարբեր պատճառներով՝ ՀՀՇ-ին թվացել ա, թե ինքն ավելի լավ Դաշնակցական ա, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ին թվացել ա, թե մենք ավելի լավ դաշնակցականներ ենք, քան իրական դաշնակցականները, բայց պատասխանելով էդ հարցին, թե ինչ գաղափար ա տրանսֆորմացվում, մենք իրականում եղել ենք «Քաղաքացիական պայմանագիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն»։ Ընդ որում, մենք ունիկալ չենք էս ձևի մեջ, Հայաստանում իշխած և խորհրդարանում տեղ գրաված և Հայաստանում գործունեություն ծավալած կուսակցությունները, մենք բոլորս, դուրս ենք եկել Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարախոսությունից, որն իրա հերթին առանձին պատմություն ա, թե ինչ ա եղել, ոնց ա եղել։ Գաղափարական մեր տրանսֆորմացիան էդտեղից ա տեղի ունենում»։ Այնուհետև նա շարադրում է, թե, այսպես ասած, հրաժարվելով Դաշնակցության գաղափարախոսությունից իրենք (ՔՊ-ն Ա.Շ.) վերափոխում (տրանսֆորմացնում) են իրենց գաղափարախոսությունը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության։
Հայաստանի անկախացումից հետո, Արցախյան պայքարի և անկախացման գործընթացի բովում ծնված հայկական կուսակցությունները, ազգային մտածողության և նպատակների ծնունդ էին, և ահա այս ազգային մտածողությունն է, որից խրտչում է գլոբալիզմի վերազգային հովերից քշված Փաշինյանը՝ խաչ տեսած սատանայի պես բոլոր ազգային կուսակցությունների մեջ տեսնելով Դաշնակցությանը։
Թերևս նա դա որոշ չափով տեսնում է նաև երեկվա Նիկոլի մեջ։ Եվ ահա, այս ավանդական-արժեքային համակարգն ապազգային մտածողությամբ վերափոխելու որդեգրած կռիվն էլ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես անընդհատելի կռիվ Դաշնակցության դեմ։
Իսկ ինչո՞ւ պետական համակարգի ուժով ՀՅԴ-ին ճակատից հարվածելու փոխարեն այսօրվա հակադաշնակցականությունը պիտի փորձի այդ բերդի դռները ներսից բացել։ Փաշինյանը նախորդների փորձից լավ գիտե, որ Դաշնակցության բերդը դրսից խորտակելն անհնարին է։ Մոտ 25 տարի առաջ այդ կռվի մեջ ջախջախվեց ՀՀՇ-ն։ Անգամ բոլշևիկներն իրենց հաղթության օրերին հասկացել էին դա, և բոլոր սպանություններից ու հալածանքներից հետո անհնարին համարեցին բռնության ճանապարհով Դաշնակցությանը ոչնչացնելը, որովհետև Դաշնակցություն նշանակում է իր պատմական-հոգևոր-մշակութային ինքնությանը կառչած, հայրենիքը սիրող և այդ հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ հայ մարդ, ում մարմինը կարելի է բանտել, սպանել, բայց միտքն ու հոգին՝ ոչ։ Հայաստանի բոլշևիկյան իշխանությունը 1923 թվականին կազմակերպեց «Հայաստանի նախկին դաշնակցականների համագումարը» (ՀՅԴ Լիկվիդացիայի համագումար) (Դաշնակցության որևէ ժողով երբեք համագումար չի կոչվել) և այդ ֆարսի ժամանակ, իբրև թե այն նախաձեռնած՝ արդեն նախկին դաշնակցականները հայտարարեցին կուսակցության լուծարման մասին։ Նշենք, որ իհարկե սրանով էլ չհաջողվեց անգամ բոլշևիկյան ամբողջատիրության ժամանակ հաշվեհարդար տեսնել Դաշնակցության հետ։ 1924 թ. նոյեմբեր – 1925 թվականի հունվար ամիսներին Փարիզում կայացած կուսակցության 10 – րդ ընդհանուր ժողովից հետո Դաշնակցությունը կրկին ոտքի կանգնեց ու հզորացավ Հայաստանում՝ ունակ դառնալով ընդհուպ նոր ապստամբություններ կազմակերպելու, և միայն 1933 թվականին տեղի ունեցած 12-րդ Ընդհանուր ժողովում է որոշվում դադարեցնել հայաստանյան գործունեությունը։ Պարտադրված այս քայլի նպատակն էր թույլ չտալը, որ թափ առնող ստալինյանը մսաղացը, Դաշնակցության դեմ պայքարի անվան տակ, հայ ժողովրդի գլխին նոր աղետ չբերեր։
Մեր այս շարադրածից չպետք է տպավորություն ստեղծվի, թե այսօր այնպիսի մի հակադաշնակցական ուժ է գործում, որն առաջիկայում կարող է ինչ որ վնաս հասցնել կուսակցությանը կամ ինչ որ չափով խոչընդոտել նրա գործերի ընթացքին։ Հակառակը, նախապատրաստական ժողովների ընթացքն իսկ հուշում է, որ գալիք բարձրագույն ժողովն անցնելու է նույնքան սահուն և կուսակցության ավանդական գործելակերպի շրջանակում։
Նույն տրամաբանությանն է առնչվում նաև անդրադարձը դարից ավելի ձգվող հակադաշնակցական քարոզչական մարտավարությանը։ Եթե փոքր-ինչ անդրադառնանք պատմությանը. կտեսնենք, որ այդ քարոզչության գլխավոր թիրախներից մեկը եղել և մնում է կուսակցության ղեկավարության դեմ ուղղված լայնածավալ քննադատությունը։ Երբեմն խաբուսիկ հնարք բանեցնելով, թե իբր կուսակցության և նրա վարկով մտահոգ մարդիկ փորձում են նրա պարզ անդամներին պաշտպանել «վատ» ղեկավարությունից, նպատակ է հետապնդվում հարվածել կուսակցության «գլխին»։ Եվ նույնը կրկնվել է սկսած 19-րդ դարից մինչև բոլշևիկյան գաղափարական արշավի, 1970 ականների սփյուռքյան վայրիվերումներից, ապա Հայաստանի վերանկախացման շրջանից մինչև մեր օրեր։
Որպես ծանոթ օրինակ ներկայացնենք, մեկ փաստ, թե ինչպես էին խորհրդային ծառայությունները փորձում վարկաբեկել և կազմալուծել Դաշնակցությունը. «Թեհրանում ԽՍՀՄ դեսպանության գաղտնի Բյուլետենից՝ Պարսկաստանում Դաշնակցությունը կազմալուծելու ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։
25 օգոստսի 1925թ.*
Թեհրան
Տեղական դաշնակցականների շրջանում զգացվում է որոշ իրարանցում։ Նրանց կարծիքով 10-րդ համագումարի որոշումները կուսակցությունը դուրս են բերել փակուղուց։ Դատելով թերթերից, նույն իրարանցումը նկատվում է և արտասահմանյան այլ գաղութներում, որտեղ կան դաշնակցական կազմակերպություններ։ Թեհրանի Կենտկոմը սկսել է պարբերաբար հրահանգներ ստանալ Փարիզից, մի կապ, որը նախկինում բավական թույլ էր պահպանվում։
Այդ կապակցությամբ Ղազվինից Թեհրան ժամանած բժիշկ Ա. Ղազարյանի ելույթը, կուսակցության 10-րդ համագումարի քննադատությամբ, և Թեհրանում նրա հրատարակած «Գաղափար» թերթի երկու համարները, թերթ, որի ուղղությունը բավական ցցուն արտահայտված է թերթի առաջին համարի «Մեր ուղին» առաջնորդողում, դաշնակցականների շարքերում առաջացրել են ուժեղ չարություն բժշկի դեմ։
Սակայն թերթը մեծ համակրությամբ է ընդունել այն անկուսակցական զանգվածը, որն առաջ ուղղակի կամ անուղղակի դաշնակցականների նեցուկն էր։ Այդ է առայժմ Ղազարյանի աշխատանքի արդյունքը։ Կհաջողվի՞ արդյոք նրան պառակտել դաշնակցականներին, ցույց կտա մոտակա ժամանակը։ Համենայն դեպս նրա կողմնորոշումը դեպի Խորհրդային Հայաստան, գունազարդված ազգայնականությամբ, ոչ միայն անկուսակցականների, այլև դաշնակցական երիտասարդության ճաշակով է, որը հետաքրքրությամբ է սպասում թերթի հերթական համարին։
ՀՀ ՆՊՊԱ, Ֆ. 113, գ. 362, թ. 31-32 Թարգմ ռուս.։»
Վ.Ն. Ղազախեցյան Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, էջ 312 Երևան 1999
(Փաստաթղթերի և նյութերի ժողովածու)
«Չեկիստ Գ.Ս. Ագաբեկովի գրքից արտասահմանում ՀՅԴ
կազմալուծման մասին
Հուլիս-օգոստոս 1930թ.
Փարիզ
….ՊՔՎ-ն առաջադրանք էր ստացել քայքայել Դաշնակցություն կուսակցությունը, շարքայիններին կտրել վերիններից և շրջել խորհրդային իշխանության կողմը։ Այդ խնդիրն իրականացնելու համար Թեհրանում հավաքագրեցինք կուսակցության հին անդամ բժիշկ Ղազարյանին, որը երկար ժամանակ եղել է կենտկոմի անդամ և նրան համոզեցինք թերթ հրատարակել հայերեն լեզվով։ Բժիշկը թերթում զարգացնում էր Խորհրդային Հայաստանին օգնելու գաղափարը, իր հոդվածներով կազմալուծում դաշնակների կուսակցությունը և նրանից կտրում շարքային անդամներին։ Կուսակցության մեջ նրա նախկին դիրքը և անձնական հեղինակությունը նպաստում էին, որ դաշնակների կուսակցության շատ շարքայիններ հետևեին նրա օրինակին և սկսեին անցնել խորհրդային իշխանության կողմը։
Երկու տարի Ղազարյանը հրատարակում էր «Գաղափար» թերթը։ Այդ գործի դիմաց նա բժշկական աշխատանքի ընդունվեց խորհրդային հիվանդանոցում, իսկ նրա աղջիկը դասավորվեց խորհրդային տնտեսական հիմնարկներից մեկում։ Բացի այդ, թերթը խմբագրելու համար նրան ամսական վճարվում էր 100 դոլար։ Թերթը քարոզչական նպատակներով տարածվում էր ձրի և ամսական բերում 300 դոլարի վնաս, ուստի 1927թ. վերջին որոշվեց այն փակել, առավել ևս, որ այդ ժամանակ կուսակցության մեջ Ղազարյանի հեղինակությունը լրիվ ընկել էր։
Հայերի հասարակական կարծիքի մշակմանն էր ծառայում նաև Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)…
Գ. Ս. Ագաբեկով, ՊՔՎ (Չեկիստի գրառումները), «Ստրելա» հրատ., 1930, էջ 115-116, 219, 248։ Թարգմ. ռուս.։»
Վ.Ն. Ղազախեցյան Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, էջ 319-320 Երևան 1999
(Փաստաթղթերի և նյութերի ժողովածու)
Ինչպես վերը նշեցինք, հավանաբար ընթերցողը որոշ զուգահեռներ կտեսնի այն և այս տխուր ժամանակների միջև, երբ Հայաստանը ղեկավարում էին օտարի դրածո և պառակտիչ ուժերը։
Այսօրվա Հակադաշնակցական քարոզչության փչացած սկավառակը շարունակում է կրկնել Դաշնակցության ներքին ճգնաժամի, թուլացման և նման բաների մասին։ Եթե այդ ամենը ճիշտ լիներ, օրինակ ՀՀՇ-ի ժամանակներում, ապա վաղուց արդեն ՀՅԴ-ի ոդիսականն ավարտված պետք է լիներ, բայց ո՞ւմ է զիջում արդյոք այսօր կուսակցությունը, խորհրդարանում, ժողովրդային տարբեր հարթակներում իրականացրած գործունեությամբ։ Կա՞ մեկ նշան, որը կվկայեր Հայաստանում կուսակցության «ծանր» կացության մասին։ Իր բազմահազար անդամներով արդյո՞ք կուսակցական կառույցը չի գործում անդադրում ու կազմակերպված ձևով։ Իսկ իրականում կա՞ն դժգոհություններ Կուսակցության շարքերում։ Այո՛ կան, և ոչ միայն շարքերում, այլև ներքևից վերև բոլոր մակարդակի մարմիններում։
Դաշնակցությունը չի կարող բավարարված լինել ինքն իր գործունեությունից այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի մաքրվի ազգային շահերից հեռացած, թրքական օրակարգեր սպասարկող իշխանության թունավոր շնչից։ Կասկած չկա, որ Հայաստանի ներկա կացությունն ու վտանգավոր հեռանկարը, կորսված Արցախի հիմնահարցը՝ կլինեն առանցքային քննարկման նյութը Դաշնակցության առաջիկա ընդհանուր ժողովում։ Իսկ եթե այդպես չլինի, դա կնշանակի, որ Դաշնակցությունը իսկապես հեռացել է ինքն իրենից։
Եվ վերջում ևս մեկ տխուր կամ զավեշտալի իրողություն հակադաշնակցական անմաքուր պայքարի մեջ ներգրավված, երկու ձեռքի մատների վրա հաշվող մարդկանց թվում, մեկ ձեռքի վրա հաշվող նախկին դաշնակցականների մասին։ Անցնող երեք ու կես տասնամյակների ընթացքում որոշ թվով մարդկանց կապը խզվել է կուսակցությունից։ Պատճառները եղել են տարբեր՝ կազմակերպական խնդիրներ, առաջացած տարիք, անձնական կյանքի հարուցած դժվարություններ և, ի վերջո, ավարտը այն ժամանակաշրջանի, երբ գրեթե յուրաքանչյուր հայաստանցի ձգտում էր Արցախի ու Հայաստանի վերածնության պայքարի բովում դրսևորել քաղաքական կամ հասարակական ակտիվություն։ Ասպարեզում մնացին նրանք, ովքեր հակում ունեին կուսակցական-քաղաքական կյանքի ու աշխատանքների նկատմամբ (թեև, այս առումով, հայաստանյան իրականության մեջ այս երևույթը ամենաքիչ զգալի եղավ Դաշնակցության դեպքում)։
Նրանք, ովքեր բաժանվեցին կուսակցությունից, հիմնականում պահպանեցին փոխադարձ հարգանքը կուսակցության նկատմամբ, որովհետև ինչ-ինչ պատճառներով կուսակցական գործունեության դադարեցումը չի կարող նշանակել հեռացում քո մեջ եղած հայրենասիրությունից, Հայ դատից և պահանջատիրությունից, պատմական հիշողությունից, հայ ժողովրդի հիմնարար արժեքների և պահանջների նկատմամբ վերաբերմունքից՝ ինքդ քեզնից։ Թերևս այդպատճառով էլ կեսկատակ կեսլուրջ շրջանառության մեջ մտավ այն միտքը, թե նախկին դաշնակցականներ չեն լինում։ Իսկ հիմա պատկերացրեք, որ մարդիկ ՀՀՇ-ական իշխանության օրոք տարիներ շարունակ համախոհ են եղել, ելույթներ են ունեցել, հոդվածներ են գրել, պայքարել են Արցախի ազատագրման, Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ Դատի, ազգային արժեքների համար, իսկ հիմա հարմար տեղավորվել են այն իշխանության տաքուկ ծալքերում, որը հանձնեց Արցախը, որը հրաժարվել է Հայոց ցեղասպանության հարցից, պատմական հայրենիքի իրողությունից, սփյուռքից, ազգային արժեքներից, Մայր եկեղեցուց։
Հանձնում է Հայաստանի ռազմավարական տարածքները և ծառայամտորեն կատարում է թուրքադրբեջանական դաշինքի բոլոր պահանջները՝ նոր Սահմանադրություն պարտադրելով պատրաստվում է տապալել Հայաստանի պետական կարգը։ Այս մարդիկ, որոնց այսօրվա խիստ մտահոգությունը ոչ թե այս հարցերն են, այլ Դաշնակցության ներքին վիճակը, իրենց կյանքի ո՞ր կեսում են սխալ եղել և որ հատվածում ճիշտ՝ ըստ իրենց։ Ես իրենց ասելիք չունեմ, բայց կառաջարկեմ, որ կանգնեն հայելու առաջ և իրենց համարած ճիշտ կեսը թող թքի սխալ կեսի՝ իր դավաճան կեսի երեսին։
Հա, իսկ առաջիկայում, ինչպես ասացինք, մեզ սպասվում է Դաշնակցության հագեցած ընդհանուր ժողովը, որի բնական ընթացքին չի կարող խանգարել ոչինչ։
*Դեսպանության հայկական գործերի գծով քարտուղար Ս. Առաքելյանի կողմից փաստաթուղթը ՀԽՍՀ ժողկոմխորհ ուղարկելու ժամանակը։ Բյուլետենն ընդգրկում է 1925թ. հունիս-հուլիս ամիսների ժամանակաշրջանը։