Այս պայքարում պարտվելու է Փաշինյանը
26 Փետրվար 2025
«Դա խաղաղության պայմանագիր չէ, դա կապիտուլյացիայի, Հայաստանի նվաստացման պայմանագիր է»,- ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին հարցերին։
Նա նշեց, որ Հայաստանն ամեն անգամ բավարարում է Ադրբեջանի պահանջները, Ադրբեջանը ներկայացնում է նոր պահանջներ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, Սահմանադրության փոփոխությունից, դրանք բոլորը Ադրբեջանի պահանջներն են, որոնք Հայաստանի խամաճիկ կառավարությունը հերթականությամբ իրականացնում է։ Հետևաբար, դա չի կարող լինել խաղաղության պայմանագիր, համապարփակ, նոր կապիտուլյացիայի պայմանագիր է, որով երբեք խաղաղության չենք հասնի»։
Լագրողները Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին, թե այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թիրախավորում է ՀՅԴ-ին, հնարավո՞ր է դա ստվերի կուսակցության համբավը, Իշխան Սաղաթելյանն ասաց . «Մեր և իրենց հակադրության բուն պատճառը շատ ավելի խորքային է, խորը գաղափարական է։ Մեր պատկերացրած Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը, տարբեր բաներ են։ Ինքը խորքային ատելություն ունի ազգայինի նկատմամբ, ազգային գաղափարախոսության նկատմամբ և այդ նույն ատելությունն ունի Թուրքիան ու Ադրբեջանը։ Եվ քանի որ ինքն այդ գծի կրողն է, բնական է իր և մեր այս հակադրությունը։ Ինքն իր գործունեությամբ, քարոզչամեքենայով վերջին տարիներին ՀՅԴ դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան բոլշևիկյան կառավարությունը 70 տարիների ընթացքում։ Հետևաբար, սա ավելի է շարունակվելու, ավելի է խորանալու ու այս պայքարում պարտվելու է ինքը, որովհետև ինքը հակապետական է, հակահայկական է, հայ ժողովրդի շահերի դեմ է աշխատում։
ՀՅԴ-ն 135 տարվա իր կենսագրությամբ ապացուցել է, որ սրանք անցողիկ են, մնայուն է Հայաստանը, հայ ժողովուրդը, հայկական շահերը, որի հետապնդման ուղղությամբ մենք անզիջում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանն անդադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ շատ վաղ է խոսել այդ մասին՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին է մասնակցելու ՀՅԴ-ն։
«Այդ ուղղությամբ քննարկում չենք ունեցել։ Մինչև 2026 թվականը բավական բան է փոխվելու։ Կգա 2026-ը, կլինի ընտրություններ, այն ժամանակ կքննարկենք ստեղծված իրավիճակը, պայմանները, հստակ որոշում կկայացնենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։