Իշխանությունների գլուխ գովելու 100 կետը 100 անգամ նվազել է, դարձել 1 կետ
27 Փետրվար 2025
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2018 թվականից հետո մոտ 60%-ով բարձրացել է միջին աշխատավարձը, իսկ գնաճը կազմել է մոտ 20 %, հետևաբար բնակչությունը մոտ 40%-ով ավելի լավ է ապրում։ Բայց ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին Հայաստանում աղքատության միջին մակարդակը 23.5 %-էր, իսկ վերջին ամփոփած տվյալներով՝ 2023 թվականին այն կազմում է 23.7%։ Panorama.am-ը դիմեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ այս հակասությունը պարզաբանելու խնդրանքով։
«Մենք մշտապես գործ ունենք պարզ մանիպուլյացիաների հետ, ես հիշեցնեմ, որ այս իշխանությունները սկսեցին 100 փաստ հրապարակելուց։ Կարճ ժամանակ անց, նույնիսկ այդ պարզունակ դրական, փոքրիկ աննշան 100 քայլը չկարողացան ներկայացնել և այդ ժանրը կորավ։
Հիմա այդ հարյուրից մանցել է 1-2 դրվագային բաներ, որ փորձում են ասել և հիմքում մանիպուլյացիաներն են։ Օրինակ, խոսում են աշխատավարձի բարձրացումից, միջին աշխատավարձի ցուցանիշներն են ներկայացնում, համեմատում միջին գնաճի հետ և, օրինակ, ասում, որ մարդիկ ավելի լավ են ապրում։ Այն այդպես չէ,որովհետև նախ միջին գնաճը չի արտահայտում սոցիալական վիճակը։ Իրականում ավելի կարևոր է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։
Նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքը թող վերցնեն, շատ կարևոր ցուցանիշ է։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018 թվականին և հիմա էապես, գրեթե կրկնակի ավելի բարձր աճի տեմպ է ունեցել քան միջին գնաճը..
Իրենք խոստանում էին ոչ թե միջին աշխատավարձը բարձրացնել, այլ խոստանում էին կրկնակի կրճատել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Արդեն անցել է մոտ 7 տարի և ծայրահեղ աղքատությունը ոչ թե վերացել է,այլ չի էլ նվազում, իսկ գյուղական բնակավայրերում էլ էական աճ էգրանցում։
Միջին աղքատությունն էլ նույնիսկ նկարած վիճակագրությամբ, բոլորիս հայտնի է, չի նվազում, էլ ուր մնաց կրկնակի կրճատվեր։ Ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում արդեն այդ համեմատությունը չեն բերելու, որովհետև միջին աշխատավարձը նույնիսկ միջին գնաճի համեմատ դրական աճ չի ունենալու, որովհետև բարձր գնաճային ճնշումներն արդեն այս տարվա հունվարից իրենց փաստագրումներն անում են, ինչը ես կանխատեսում էի։
Հարկերի բարձրացումը, տարբեր ծառայությունների՝ տրանսպորտի, աղբահանության, գույքահարկի բարձրացումը, շրջանառության հարկի կրկնապատկումը գնաճային ճնշումներ արդեն բերում են։ Միջին գնաճ ունենք, որը հունվար ամսին 3 անգամ բարձր է նախորդ տարվա համամեմատած նախորդ տարվա հունվար ամսվա միջին ցուցանիշի համեմատ։ Տեմպն այդպես էլ շարունակվելու է, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ցավոք, նորից ստացել են բարձր աճի միտում։ Սա իրողություն է և աղքատություն ծնող լուրջ մարտահրավերներ…
Եթե նախկինում 100 փաստ էին բերում հանրային կյանքից,հիմա մեկով են արդեն բավարարվել, դա էլ է ցուցանիշ։ Այսինքն իրեն գլուխ գովելու 100 կետը 100 անգամ նվազել է, դարձել է մեկ կետ»,-ասաց Ավետիսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ձայնագրությունում։