Ցանկացած բան բանակցելուց առաջ պետք է նախապայման լինի Բաքվում պահվող բոլոր անձանց վերադարձը
28 Փետրվար 2025
ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր՝ փետրվարի 28-ին հրատապ հավաք է անցկացվել` Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով։
Ակցիայի մասնակիցները Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ռազմաքաղաքական մյուս ղեկավաների լուսանկարները պարզած` ՀՀ իշխանությունների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, պատանդների շինծու դատավարությունների և նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումների վրա։
Ինչի՞ մասին են այսօր բանակցում իշխանությունները այն պարագայում, երբ գերիները Բաքվի բանտում են. դա բանակցությո՞ւն է, թե կապիտուլյացիա, դա բանակցություն է, թե՞ շանտաժ. ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Հիշեցնեմ, որ անցած տարի լուր հրապարակվեց, որ Արայիկ Հարությունյանը ցուցմունքներ է տվել, որոնք պետք է հրապարկվեին, դրանից անմիջապես հետո մենք ունեցանք տարածքային զիջում Տավուշում ու այդ ցուցմունքները այդպես էլ չհրապարակվեցին: Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ ադ շանտաժով են տեղի ունենում բանակցությունները: Արդյոք այս պայմաններում ամենատրամաբանական քայլն այն չէ, որ ցանկացած բան բանակցելուց, տարածք զիջելուց, զորքերը հետ քաշելուց առաջ պետք է նախապայման լինի Բաքվում պահվող բոլոր անձանց վերադարձը:
Արարատ Միրզոյանը Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպանի նամակը քանի՞ դիվանագետի է ուղարկել, ուղարկե՞լ է ընդհանրապես, թե՞ չի ուղարկել: ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները տեղյա՞կ են, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգում են, նրա առողջական վիճակը վատթարանում է»,- ասաց նա:
Քրիսինե Վարդանյանը նշեց, որ առհասարակ տեսանելի չէ, թե իշխանությունները զբաղվում են արդյո՞ք Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով, թե՝ ոչ:
«Եթե բանակցում են, պետք է լինի փոխզիջում, ի՞նչ է զիջում Ադրբեջանը: Տեղի ունեցողը շանտաժով ընթացող գործընթաց է, որտեղ Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվում են: Եթե ուզում եք տեսնել, թե ինչ տիպի բանակցություն է ընթանում, հիշեք, որ ընդամենը 1.5 տարի առաջ որևէ մեկը չէր խոսում Սահմանադրության փոփոխության մասին, հիմա Ադրբեջանը Ալիևի շուրթերով ուղիղ հայտարարում է, որ դա նախապայման է: Այս երկրում մի մարդ կա, ով ուղիղ հասանելիություն ունի Ալիևին, թող ասի գերիների հարցով նրան նամակ ուղարկե՞լ է, թե ոչ, շփվում են չէ՞ whatsapp-ով է, մեյլով է, չգիտեմ, թող ասի», – ասաց Վարդանյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտից կշարժվեն դեպի ՀՀ կառավարության շենք, ապա բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց։