Երկխոսությամբ պետք ամրապնդել ներքին անդորրը
07 Մարտ 2025
«Հրապարակի» զրուցակիցը Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն է:
– Բազմաթիվ զոհեր, վիրավորներ և գերիներ. Սիրիայից ստացվող լուրերը կրկին խիստ մտահոգիչ են: Տապալված նախագահի՝ Ասադի կողմնակիցները զինված ապստամբություն են սկսել Լաթաքիա նահանգում և այլ բնակավայրերում, ինչի հետևանքով երկուստեք ցավալի կորուստներ կան: Ի՞նչ է կատարվում իրականում, արդյո՞ք ընդվզողներն ալավիներն են, որոնց պատկանում է Ասադների ընտանիքը:
– Զինյալ բախումները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն ծովափի շրջանի արվարձաններում, այլև անցյալ շաբաթ Դամասկոսի Ժարամանա շրջանի մեջ, ինչ-որ երկխոսության պակասի եւ երբեմն զինյալների անօրինական ընթացքի հետեւանք է, ինչը, ցավոք, թե՛ կառավարական պաշտպանական ուժերի, թե՛ զինյալների կամ սովորական քաղաքացիների շարքերում զոհերի է հանգեցրել:
– Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ Ասադի բանակի նախկին զինվորները հիմնականում գործում են գյուղական շրջաններում։ Քարդահան և Լաթաքիա նահանգի որոշ այլ քաղաքներ ևս նրանց վերահսկողության տակ են: Իսկ ի՞նչ վտանգներ կան հայաշատ բնակավայրերում, արդյո՞ք հայության շրջանում կորուստներ կան:
– Հայաշատ շրջանների մեջ էլ կրակոցների ձայներ են լսվում։ Զգուշություն է դրսևորում, մարդիկ այդ պահերին դուրս չեն գալիս բնակարաններից, մինչեւ կացության հանդարտվելը։ Շրջանի ապահովական ուժերը պարետային ժամ են հայտարարում մինչև դրության մեղմացումը:
– Այս իրադարձություններն անսպասելի՞ էին, եթե այո՝ ինչու նոր իշխանությունները կանխարգելիչ քայլեր չեն արել:
– Իշխանություններին ժամանակ է պետք երկրի ներսում ապահովության ամբողջական հաստատման համար, անցումային կառավարության ընտրությունը. կառավարություն, որը պետք է ընդգրկի Սիրիայի տարբեր բաղադրիչներով գործելու արժանիքներով օժտված ներկայացուցիչներ։ Քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Անցնող օրերին ազգային երկխոսության գագաթնաժողով տեղի ունեցավ։
– Որքա՞ն կշարունակվեն այս արյունալի բախումները, և ի՞նչ սցենար եք կանխատեսում:
– Սիրիայի ժողովուրդը հոգնել է արյունալի բախումներից։ Կարծում եմ՝ երկխոսությամբ հարցերը արդարորեն լուծելու ուղին դուրս կբերի երկիրը լարվածություններից: Արտաքին գործերի նախարարությունն ակտիվ գործունեություն է իրականացնում արտաքին ճակատում՝ Սիրիայի հարաբերությունները կարգավորելու տարբեր երկրների հետ։ Մնում է՝ երկխոսությամբ ամրապնդել ներքին անդորրը։