Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների
13 Մարտ 2025
ՀՅԴ-ն հրապարակային չի մտնում ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների թիմերի միջև տեղի ունեցած բանավեճ ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունի, այլ որպեսզի կրակի վրա յուղ չլցնի։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ինչ-որ շրջանակներ հավանում են այս իրավիճակը, ավելի լայն շրջանակներ այս ամենը համարում են անընդունելի։ Պետք է ավարտել այս ամենը»,- նկատել է նա։
Ըստ Իշխան Սաղաթելյանի, այս պահին ավելի ծանր մարտահրավեր է Նիկոլ Փաշինյանի ծրագիրը՝ ստորագրել «Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն փաստաթուղթ, որը ենթադրում է միմյանց սահմանին երրորդ ուժի առկայության բացառում, ինչպես նաև միջազգային ատյաններից դատական հայցերի հետկանչ»։ «Ավելին, Փաշինյանը նույն թղթով հանձնառություն է վերցնելու փոխել Սահմանադրությունը, գալու է ու ժողովրդին ասի, որ եթե չփոխենք, պատերազմ է լինելու», – նկատել է նա ու հավելել, որ Փաշինյանին փոխելու ու այս ամենը կանխելու ձև կա։
Հաղորդման ընթացքում խոսել են առաջիկա ընտրական գործընթացների, Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության, Տավուշում իրականացվելիք նոր սահմանազատումների, ստեղծված արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակում ընդդիմության անելիքների, հայ ռազմագերիների հարցը որպես առջնահերթություն դիտարկելու անհրաժեշտության եւ այլ հարցերի մասին:
Իշխան Սաղաթելյանը կարեւորել է մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրությունները. «Շատ կարեւոր է այս ընտրություններում ՔՊ-ի պարտությունը: Ակնհայտ է, որ Գյումրիում ՔՊ-ն վերարտադրվելու շատ քիչ հնարավորություն ունի, եւ այստեղ շատ կարեւոր դերակատարում ունեն իրենց ընդդիմադիր համարող եւ իրական ընդդիմադիր ուժերը: Բոլոր ուժերի հետ մենք խոսել ենք: Կա երեք հիմնական մոտեցում. նախ՝ անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը հայտարարեն, որ որեւէ կերպ չեն համագործակցի ՔՊ-ի հետ, երկրորդ, որ շատ կարեւոր է՝ կհամագործակցեն միմյանց հետ եւ երրորդ՝ գլխավոր թիրախը ՔՊ-ն է եւ ընդիմադիրները պետք է պայքարեն իրենց ձայների համար, առանց մեկը մյուսին վարկաբեկելու», – նշել է Իշխան Սաղաթելանը:
Մանրամասները՝ տեսանյութում