Գյումրիում ընդդիմության թեկնածուներն աջակիցների կայուն շրջանակ ունեցող մարդիկ են
14 Մարտ 2025
Մարտի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը: Նա ներկայացրել է նախընտրական Գյումրիում տիրող իրավիճակը, անդրադարձել իշխանությունների կողմից Գյումրու ընտրությունները չափից ավելի կարևորելու, այդ ընտրություններում անպայման միանձնյա հաղթանակ տանելու ցանկություններին ու ձգտումներին, ինչպես նաև խոսել ընդդիմության խնդիրներից՝ նշելով, որ Գյումրիում այսօր իսկապես կան ընդդիմադիր լուրջ թեկնածուներ, որոնք իրենց անցած ճանապարհով և կայուն ընտրազանգվածով կարող են ձեռնունայն թողնել իշխանությաններին և նրանց հետ ասոցացվող դաշինքների ու քաղաքական ուժերի թեկնածուներին: Չառանձնացնելով Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին՝ Մհեր Մելքոնյանը նշել է, որ ընտրություններին չմասնակցելու որոշում ունեցող ՀՅԴ տեղի կառույցը լայն շփումներ ունի ընդդիմադիր ուժերի հետ ու ամեն ինչ անում է ընդդիմության պառակտում թույլ չտալու, ընդդիմադիր ուժերին ավելորդ ասեկոսեներից զերծ պահելու ուղղությամբ:
Մհեր Մելքոնյանը չի բացառել նաև, որ իշխանությունների կողմից Գյումրիում և Երևանում բեմադրվող շոուները, ի մասնավորի Գյումրիի «գալա» միջոցառումը և Նիկոլ Փաշինյանի վերջին պոպուլիստական ակտիվացումները «նախկինների թալանածը հետ բերելու», «նախկիններին նոր մեղադրանքներ առաջադրելու», թիկնազորներ գետնին պառկեցնելու տեսքով, նպատակ ունեն երկրի համար ավելի մեծ կարևորություն ունեցող հարցերից հանրության ուշադրությունը շեղելու:
«Իշխանությունները փորձում են Գյումրիում մի այնպիսի ֆոն ստեղծել, որ մինչև իրենց գալը Գյումրիում, իբր, ոչինչ չի եղել: Իրենք եկան և դրանից հետո միայն Գյումրիում լուսավորություն եղավ, ճանապարհներ ասֆալտապատվեցին, այս եղավ, այն եղավ… Դա այդպես չէ: Ես այս մասին էլի եմ ասել՝ մինչև իրենց գալն էլ Գյումրիում կյանք է եղել, վաղն էլ, իրենց հեռանալուց հետո, ավելի լավ կյանք է լինելու, որովհետև Հայաստանում կան էն ազգային ուժերը, որ իսկապես պատրաստ են Հայաստանի Հանրապետության շահերը դասել ամեն ինչից վեր: Իսկ ինչ վերաբերում է «նախկինների» թալանը վերադարձնելու շոուներին, կարող եմ միանշանակ ասել, որ եթե այսօր մի լավ թափ տան այս ՔՊ-ական չինովնիկներին, կկարողանան ավելի մեծ թալան հետ վերադարձնել»,- ասել է Մհեր Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: