Նիկոլ Աղբալյան -150
27 Մարտ 2025
Այս տարի լրանում է հայոց պատմության երևելի դեմքերից Նիկոլ Աղբալյանի ծննդյան 150 –ամյակը:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակը, ՀԱԱ գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, նախատեսում է ս․թ․ մարտի 28-ին, ժամը 13։00-ին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում կազմակերպել Նիկոլ Աղբալյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող լսումներ։
Միջոցառմանը կարող են մասնակցել Հայաստանից և Սփյուռքից բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են սույն թեմայով։
Մասնակիցները կարող են դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]
Հոբելյանական տարին առիթ է ևս մեկ անգամ արժևորելու մեծ հայի ունեցած ներդրումը երկրի հասարակական-քաղաքական, կրթական ու մշակութային կյանքում։
Նրա կենսագրության կարևոր էջերից էր Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության մեջ կրթության նախարարի պաշտոնի ստանձնումը, ինչը նշանավորվեց Երևանի պետական համալսարանի հիմնադրումով։ Կարևոր է հիշել բացման առիթով նրա ճառից մի հատված.
«Չնայած, որ մեր երկիրն ավերված է, մեր ժողովուրդը` աղքատության մեջ, մենք հիմնում ենք բարձր կրթարան։ Այն, ինչ որ մենք ունենք այսօր, ձեռք է բերված սերունդների արյունով, հարգենք նրանց հիշատակը։ Մենք վերաշինում ենք մեր տունը և հիմնում կրթության տաճարներ՝ առանց խորհելու, թե ինչ են մտածում մեր մասին մեր թշնամիները, որոնք միշտ քանդել են մեր շինածը։ Մեր մեջ հավատ կա, որ այս անգամ հայոց ազգի նավը դուրս կգա փոթորկից անփորձանք։ Մեր թշնամիները չեն հաջողելու, և այն ջահը, որ մենք վառում ենք Հայաստանի բարձրավանդակի վրա, չի հանգչի և կլուսավորե Առաջավոր Ասիան։ Անցնում է մղձավանջը և պայծառանում Հայաստանի երկինքը։ Դեռ մեզ համար բոլոր վտանգները անցած չեն, դեռ մեկ ձեռքում սուր պիտի ունենանք, բայց արդեն ժամանակն է, որ մյուս ձեռքում գրիչ բռնենք…»: