Փաշինյանը խեղաթյուրեց ողջ բանակցային գործընթացը
27 Մարտ 2025
Այն, ինչ տեղի է ունենում այս պահին Գյումրիում ընդդիմադիրների հետ կապված, պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին ուղղված սպառնալիքներով. այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Գյումրիում սկսված խուզարկությունները ընդդիմության գրասենյակում, շտաբում, տանը։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք խելագարի հետ, իսկ իրավապահները նրա ձեռքում կոպիտ գործիք են նրա ապօրինի հրամանները կատարելու եւ նրա իշխանությունը վերարտադրելու համար։ Գլխավոր դատախազը վաղուց դադարել է հանդես գալ որպես պետական շահերի պաշտպան, այլ հանդես է գալիս զուտ որպես Փաշինյանի անօրինական հրամանները կատարող պաշտոնյա»,- ասել է Սաղաթելյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան իրավապահները խուզարկություններ են կատարել «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանում եւ «Մայր Հայաստան» դաշինքի գլխավոր գրասենյակում։ Խուզարկվում են նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի մի քանի համակիրների բնակարանները։
Նիկոլ Փաշինյանի հետ ցանկացած բանավեճ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ նա հոգեկան առողջության տեղեկանք ներկայացնի. ասել է Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովում վարչապետի երեկվա հայտարարությունները։
«Ես գնահատել եմ (Փաշինյանի առաջարկը՝ բանավեճ անցկացնելու մասին -խմբ.) 2021թ., ես այն ժամանակ ասացի, որ մինչ բանավեճը պետք է կլինիկայից տեղեկանք ներկայացնի, որ հիվանդ չէ, միայն դրանից հետո արժե որոշել՝ արժե՞ ընդհանրապես նրա հետ խոսել, թե՞ ոչ։ Մարդը հոգեկան լուրջ խնդիրներ ունի եւ երկիր է ղեկավարում։ Առանց նրա հոգեկան առողջության հաստատման ցանկացած բանավեճ նրա հետ անիմաստ եմ համարում»,- նշել է Սաղաթելյանը։
Պատասխանելով հարցին, որ չնայած ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը համաձայնեցված է, Բաքուն շարունակում է պայմաններ առաջ քաշել, պատգամավորն ընդգծել է. Փաշինյանը խեղաթյուրեց ողջ բանակցային գործընթացը։
«ԱԳՆ ղեկավարը, այսպես կոչված վարչապետը հայտարարում են տեքստի համաձայնեցման գործընթացի ավարտի մասին, իսկ բառացիորեն մի քանի րոպե անց Ալիեւը թելադրում է նոր պայմաններ, խոսում զրոյական վստահության մասին բանավոր խոստումների նկատմամբ եւ պահանջում, որ դրանք գրավոր ամրագրվեն փաստաթղթում։ Դրանից մեկ ժամ առաջ Փաշինյանը խոսել էր գործընթացի ավարտի եւ ԼՂ խնդրի մասին… բազմիցս ասել եմ, որ խաղաղության մասին խոսք չկա, սա էլ ավելի խոր կապիտուլյացիա է, եւ Ադրբեջանը չի էլ համաձայնում դա ստորագրել։ Այո, Փաշինյանի բոլոր հարձակումները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով եւ ներքաղաքական գործընթացներով»,- կարծում է պատգամավորը։
Ե՛վ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ե՛ւ նախկին նախագահներին ուղղված պնդումներն ուղղված են Ալիեւին եւ արված են նրան հաճոյանալու համար. ասել է Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում վարչապետի երեկվա հայտարարությունը «Ղարաբաղյան շարժման փակման» մասին։
«Բայց մեկ այլ խնդիր կա՝ հիմա Ադրբեջանի պահանջները ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի մասին են։ Փաշինյանը փորձում է հերթական անգամ խաբել հանրությանը՝ ամեն ինչ հանգեցնելով ԼՂ հարցին, իսկ իրականում Հայաստանին ուղղված պահանջներին։ Ընդամենը 2 հոգի են փորձում ամբողջ ուժով փակել ԼՂ հարցը, դրանք են՝ Ալիեւն ու էրդողանը»,- նշել է Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում