Արցախյան շարժումը կասկածի տակ դնել, հրաժարվել կամ դադարեցնել ոչ ոք իրավունք չունի,
27 Մարտ 2025
«Արցախյան շարժումը կասկածի տակ դնել, հրաժարվել կամ դադարեցնել ոչ ոք իրավունք չունի, դա հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն է, որը միայն Արցախի ժողովրդինը չէ»,- «Aaraj.am»-ի հետ զրույցում նշել է Արցախյան շարժման ակտիվիստ, «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ արձագանքելով երեկ ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախյան շարժումը փակելու հայտարարությանը։
«Ղարաբաղյան շարժումը սկսվել է 1980-ական թվականներին, այդ շարժման արդյունքում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ որեւէ գաղափարական շարժում չի կարող ընդհատվել, դադարեցվել որեւէ մեկի հրահանգով։
Արցախյան շարժումը դա համազգային, համընդհանուր, Սփյուռքի եւ Հայաստանի հայության շարժումն է եւ այն շարունակվելու է՝ քանի արթուն է այդ գաղափարը հայ ժողովրդի մեջ։ Այդ շարժման գաղափարախոսության ազդեցության տակ է մեծացել արդեն երկու սերունդ, այդ է վկայում նաեւ մեր տասնյակ հազարավոր նվիրյալների հիշատակը, ովքեր արթուն են պահել այդ գաղափարը եւ նահատկվել այդ սրբագույն նպատակի իրագործման ճանապարհին, Արցախյան շարժումը դա գաղափարաբանություն է, որը սերնդեսերունդ փոխանցվելու է մինչեւ, որ հասնի իր հաղթանակին»,-նշել է նա ։