Սեփական իրավունքներից հրաժարումը չի կարող հանգեցնել խաղաղության
04 Ապրիլ 2025
Ապրիլի 3-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր պատմաբան, ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը: Անդրադարձ է կատարվել Արցախյան հարցի, հայրենիքի գաղափարի, Արցախյան շարժման, Հայոց ցեղասպանության իրողության և ազգային խնդիրների արծարծումներում ՀՀ գործող իշխանությունների մոտեցումներին և դրանց ազդեցությանը Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական իրավիճակի վրա: Կարեն Խանլարյանի համոզմամբ՝ Գյումրու ավագանու ընտրությունները լավագույնս ցույց տվեցին, որ ՀՀ իշխանությունների որդեգրած մոտեցումներն ու հայտարարությունները հիմնազուրկ են և միանշանակ ընկալում չունեն հանրության շրջանում:
Խոսելով Արցախյան շարժումը չշարունակելու, այդ շարժումը Հայաստանի պետականության «չկայացման» պատճառ համարելու Փաշինյանի վերջին հայտարարությունների, ինչպես նաև պատմական և իրական հայրենիքների հակադրության փորձերի մասին՝ Կարեն Խանլարյանը նշել է, որ դրանք որևէ լուրջ հիմնավորում չունեն և ընդամենը արտաքին ճնշումներով պայմանավորված կեղծ հայտարարություններ են: «Արցախյան շարժումը սկսել է հայ ժողովուրդը ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, և այդ շարժման իրավատերը ոչ Փաշինյանն է, ոչ էլ որևէ գործող իշխանություն, և նրանք չէ, որ պետք է իրենց իրավունք տան որոշելու՝ ժողովուրդը շարունակի կամ չշարունակի շարժումը: Ժամանակին մեր ժողովուրդը հենց այս շարժման միջոցով տեսավ Արցախի հարցի լուծման ճանապարհը, հիմա էլ, կանցնեն տարիներ, կլինեն այլ աշխարհաքաղաքական իրավիճակներ և ժողովուրդը կգտնի պայքարը շարունակելու իր նախընտրությունները»,- նշել է Կարեն Խանլարյանը:
Անդրադառնալով Արևմտյան և Արևելյան Գերմանիայի վերամիավորման հարցի պատմությանը՝ Կարեն Խանլարյանն ընդգծել է, որ այդ վերամիավորումը արդյունք է Գերմանիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության և հետագա իշխանությունների վարած ճիշտ քաղաքականության և համոզմունքի, որ առանց Գերմանիայի վերամիավորման հնարավոր չէ ոչ խաղաղություն ոչ էլ Գերմանացի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացում:
Մանրամասները՝ տեսանյութում: