Առաջին Աշխարհամարտը, Թուրք-Օսմանցիների ներխուժումը Ատրպատական, Հայկական Կոտորածները Եւ Հայութեան Բռնագաղթը
10 Ապրիլ 2025
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՈՐՆ ՍԿՍՒԵԼ Է ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐՈՎ
«Ցեղասպանութեան ժամանակակիցների եւ ուսումնասիրողների տեսադաշտում եղել է հիմնականում Արեւմտահայոց Գողգոթայի եւ Արեւմտեան Հայաստանի հայազրկման փաստը: Երիտթուրքական վարչակարգը դրել էր ընդհանրապէս հայ ժողովրդի ոչնչացման հարցը: Ցեղասպանութիւնն ընդգրկել էր ե՛ւ Արեւմտեան Հայաստանը, ե՛ւ Պարսկաստանի հայաբնակ վայրերը, ե՛ւ Արեւելեան Հայաստանը: Կոտորածների առաջին զոհերը 1914 թ. վերջերից դառնում են Ատրպատականի հայերը՝ կապւած վերոյիշեալ շրջաններ թուրքական զօրքերի ներխուժման հետ»:
1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմում թէեւ Ղաջարական Իրանը Ահմեդ Շահի օրօք չէզոքութիւն էր որդեգրել1, սակայն, կենտրոնական իշխանութեան տկարութեան պատճառով դա իրականացնել չյաջողւեց: Երկրի հիւսիսը, հարաւը, արեւելքն ու արեւմուտքը իւրային ու օտար բանակների ասպարէզը հանդիսացան, յատկապէս պատերազմական կիզակէտ դարձած Ատրպատականում, եւ արդիւնքում չորսամեայ պատերազմական շրջանում երկիրը մեծագոյն վնասներ ու կորուստներ կրեց2:
Համընդհանուր պատերազմում Օսմանեան կայսրութեան նպատակներից մէկն էր, ի շարս այլ շրջանների, գրաւել նաեւ Իրանի Ատրպատական նահանգը: Այդպիսի նպատակ է հետապնդել Օսմանեան Թուրքիան դեռեւս մինչ պատերազմը՝ 1905 թւականից, երբ Սուլթանը փորձում էր պաշտպանւել Պարսկաստանում ծայր առած սահմանադրական շարժումից: Սա նոյնպէս համընկնում էր Գերմանիայի մասնաւորապէս Մերձաւոր արեւելեան աշխարհաքաղաքական նպատակին: Տարածաշրջան, որն Ա Աշխարհամարտի գլխաւոր ասպարէզներից էր ու եւրոպական միջամուխ երկրների հակամարտութեան կիզակէտը:
Պարսկաստանի հիւսիսային շրջանները զաւթելու համար ծրագրեր էր մշակել Աբդուլ Համիդ II-ը, որի հրամանով դեռեւս 1905 թ. Օսմանեան զօրքերը գրաւել էին Կոտուրի շրջանը3, իսկ Ատրպատականը իրանական պետութեան կազմից անջատելու եւ Թուրքիային միացնելու միտումով, ինչպէս նաեւ Իրանի թուրքալեզու ժողովուրդներին սահմանադրական յեղափոխութեան դէմ ոտքի հանելու նպատակով, 1908 թ. իշխանութեան եկած երիտթուրքական կառավարութիւնը սադրիչ քարոզչութիւն էր իականացնում, որ իբր Թեհրանի սահմանադրական կառավարութիւնը որոշել է բնաջնջման քաղաքականութիւն վարել ազարբայջանցիների4 եւ առհասարակ Իրանի թուրքալեզու ժողովուրդների նկատմամբ:
Երիտթուրքական կառավարութեան ինտերւենցիան վերջնականապէս յօդս ցնդեցրեց Ատրպատականի յեղափոխական, բայց նաեւ թուրքամէտ տարրերի այն յոյսերը, որոնց համաձայն ենթադրւում էր, թէ ցարական Ռուսաստանին երկրամասից դուրս մղելու եւ ներքին ռէակցիայի դէմ պայքարելու համար, կարելի է ապաւինել «սահմանադրական Թուրքիայի» կառավարութեանը: Աստիճանաբար ուժեղանում էր յեղափոխականների դժգոհութիւնը երիտթուրքական կառավարութեան քաղաքականութիւնից եւ օկուպացւած շրջաններում թուրքական քաղաքացիական իշխանութիւնների բռնութիւններից: Ամենուրեք յեղափոխական շրջանները սկսեցին պայքար ծաւալել թուրքական զաւթիչների դէմ: 1910 թ. վերջերին, կովկասեան մամուլն այդ առթիւ գրում էր. «ֆիդայիների գործունէութիւնը՝ թուրքական ռեժիմից դժգոհ բոլոր տարրերին համախմբելու ուղղութեամբ…, դառնում է աւելի ու աւելի ակնառու»5:
1911 թ. Ատրպատականում եւ իրանական Քրդստանում արդէն ծաւալւեց զանգւածային հակաթուրքական շարժում, որը կարեւոր դեր խաղաց Իրանում Օսմանեան կայսրութեան ագրեսիւ զաւթողական քաղաքականութեան ձախողման գործում:
Հետագային եւս, Բալկանեան պատերազմի միջոցին եւ դրանից յետոյ էլ, Թուրքիան Ատրպատականի վերաբերմամբ չթուլացրեց իր յարձակողական մղումները: Նա շարունակեց աւազակախմբեր կազմել թուրքասէրներից, քրդական ցեղերից եւ Իրանում խափանարար աշխատանքներ տարաւ ռուսների դէմ՝ այդ նպատակի համար հաւաքագրելով նաեւ Ռուսաստանի հանդէպ թշնամաբար տրամադրւած իրանցի պետական գործիչների: Այս հանգամանքը շատ լաւ յայտնի էր Թեհրանում Ռուսաստանի դեսպանին, Թաւրիզի, Խոյի, Ուրմիայի հիւպատոսներին, որոնք այդ մասին շարունակ ահազանգում էին Պետերբուրգին:
Միւս կողմից, թուրքական կառավարութիւնը իր յարձակողական ծրագրերն Իրանում իրագործելու հետ միաժամանակ, քրիստոնեայ բնակչութեան՝ հայերին եւ ասորիներին բնաջնջելու ծրագիր էր մշակում:
Յայտնի է, որ թուրքական կառավարութիւնները նման գործերի համար բաւականաչափ փորձառութիւն ունէին: Նրանք Ատրպատականի քրդերին զինում էին՝ ինչպէս քրիստոնեաների, այնպէս էլ ռուսների դէմ օգտագործելու համար6:
Ատրպատականի նկատմամբ Օսմանեան կայսրութեան յաւակնոտ նպատակները շարունակւեցին նոյնկերպ, մինչեւ Ա Աշխարհամարտի տարիները: Այսպէս՝ 1913 թ. յեղաշրջման արդիւնքում «Միութիւն եւ Առաջադիմութիւն» կուսակցութեան ծայրայեղական թեւը յաջողեց չէզոքացնել երիտթուրքերի ազատական եւ հաւասարութեան ջատագով հոսանքին, որով, է՛լ աւելի ծաւալւեցին պանթուրքական նկրտումները: Ի հետեւանս դրա, ներկայացուցիչներ գործուղւեցին դէպի Կովկաս, Իրան, Աֆղանստան եւ Միջին Ասիա: Իսկ երբ պայթում է Ա Աշխարհամարտը, «Միութիւն եւ Առաջադիմութիւն» կուսակցութեան ղեկավարները հասունացած համարեցին Ռուսաստանից վրէժխնդիր լինելու պահը եւ ցարական կայսրութեան փլուզմամբ՝ Ռուսաստանի թուրքերի ազատագրումը7:
1914-ին, երբ յայտարարւում է ռուս-թուրքական պատերազմը, համաթուրանականները, տւեալ պահին որպէս պանիսլամիստներ, հրապարակ են իջնում:
«…Թուրքական կառավարութիւնը,- գրում է Զարեվանդը,- յայտարարեց Սրբազան պատերազմ (ջիհադ): Այդ յայտարարութեան մէջ ասւում էր. «Մեզ հարստահարող թշւառականները բնաջնջելը սուրբ գործ մըն է, գաղտնի թէ յայտնի կատարւի: Ըստ Ղուրանի բառին՝ առէք զանոնք եւ սպաննեցեք, ուր որ կրնաք գտնել, մենք կուտանք զանոնք ձեզի եւ կը շնորհենք ձեզ ամէն իշխանութիւն անոնց վրայ»8:
Պատերազմի մէջ մտնելով՝ Օսմանեան կայսրութեան կառավարող շրջանները յոյս ունէին Կովկասից Ռուսաստանին հեռացնելով ու Մերձաւոր Արեւելքի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մահմեդականներին միաւորելով՝ Մեծ Թուրան ստեղծելու վաղեմի գաղափարը կենսագործել: Այդ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ էր ոչ միայն Ռուսաստանը, այլեւ հայ ժողովուրդը, որն ապրում էր Հայաստանի երկու՝ արեւմտեան եւ արեւելեան հատւածներում: Հայ ժողովրդի բնաջնջման ծրագիրը խարսխւած էր նախորդ ամբողջ ժամանակաշրջանում իրականացւած ջարդարար քաղաքականութեան վրայ եւ ամբողջութեամբ բխում էր նրանից: Պատերազմը պատեհ առիթ ընձեռեց թուրք կառավարողներին՝ իրենց ժողովրդասպան ծրագիրն իրականացնելու եւ միաժամանակ, յանցաւոր գործողութիւնները պատերազմական իրավիճակով արդարացնելու համար9:
Եւ այսպիսով, ահա, Պարսկաստանի հիւսիսային սահմանների անզօր ու անպաշտպան լինելուց օգտւելով՝ ռուս եւ թուրքական բանակները, ոտնակոխ անելով միջազգային ընդունւած օրէնքը, անարգել մուտք են գործում չէզոք Իրանի Ատրպատական նահանգ եւ այն դարձնում պատերազմի թատերաբեմ:
Յատկապէս համաթուրանականները Պարսկաստանում եւ մասնաւորապէս Ատրպատականում մեծ թափով գործի են լծւում: Առաջին հերթին, սադրիչ քարոզչութիւններով, նրանք մոլեռանդներին գրգռում են քրիստոնեաների դէմ:
«Նոբահար» թերթը հետագային, իր 1915 թւականի մայիս, յունիս եւ յուլիս ամիսների տարբեր համարներում, ահազանգել է թուրքական հերթական ներխուժումների մասին՝ Սալմաստ, Խոյ, Քերմանշահ, Բանէ, Սաղղեզ, Միանդոաբ եւ Սաուջբուլաղ շրջաններ. թերթը միաժամանակ ընդգծել է. «…Մենք այս ներխուժումների մասին յայտնում ենք մեր խորը զարմանքը…»10:
Թուրքական ներխուժման իրողութիւնը մեծ տագնապ է առաջացնում Ատրպատականի հայութեան մէջ. այդ պատճառով, սկսեալ 1914 թւականի սեպտեմբերից, մեծ թւով հայեր փորձում են ընտանիքներով հեռանալ շրջանից: Նոյն թւականի հոկտեմբերի սկզբից օսմանական զօրագունդեր են յայտնւում պարսից հողի վրայ՝ Ուրմիայի հիւսիս-արեւմտեան մասում կենտրոնանալով: «Սուրբ պատերազմի» հնչեցրած կոչը եւս աւելի է նպաստում, որպէսզի Պարսկաստանի քրդերն եւս շահագրգռւեն հակաքրիստոնէական բռնարարքներում: Հրամանը յստակ էր՝ «…Մուսուլման ժողովուրդները պէտք է ապստամբեն քրիստոնեաների դէմ»11:
Մուսուլմանական վերոյիշեալ գրգռութիւնների հերթական պատրւակը, սակայն, հայ կամաւորների միացումն էր ռուսական զօրքին, որով էլ պայմանաւորւած էր միջկրօնական հակադրութիւնների չարաշահման թուրք-քրդական միտումը: Արդիւնքում, տուժող կողմ էին շրջանի հայաբնակ տասնեակ գիւղերը, որոնց անվտանգութիւնը լուրջ սպառնալիքների դէմ-յանդիման էր կանգնում12:
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու
(Շար. 1)
——————–
1. Իրանի ներքին գործերի նախարարութիւնը, վկայակոչելով Ահմեդ Շահի հրովարտակը Եւրոպայի պատերազմի մասին, երկրի մակարդակով շրջանառութեան մէջ էր դրել մի շրջաբերական, որում, ընդգծելով իր կառավարութեան չէզոքութիւնը, յորդորում էր հասարակական լայն խաւերին խուսափել հակամարտող կողմերից որեւէ մէկին կողմնակցութիւն կամ հակադրութիւն ցուցաբերելուց («Ռաադ» թերթ, 4 նոյ. 1914, հ. 19, էջ 9):
2. «Այգ» եռօրեայ, 1915, հոկտ. 18, համար 6, Թաւրիզ:
3. Բայբուրդեան Վ. Ա., Օսմանեան Թուրքիայի Ինտերւենցիան Իրանում 1905-1911 թթ., էջ 93: Տե՛ս. Штаб Кавказского военного округа. Сводка сведений о сопредельных странах, добытых разведкой, Тифлис, 1911, № 3, Կ 26-, ЦГВИА, ф. 2000, оп. 1, д. 1009.
4. Ատրպատականցիներ – Դ. Մ.:
5. Բայբուրդեան Վ. Ա., նշւ. աշխ., էջ 102:
6. Յարութիւնեան Ա. Յ., Կովկասեան ռազմաճակատը 1914-1917 թթ., Թեհրան, «Ալիք», 1977, էջ 65:
7. Դեհղանի Ռ., «Հայերը Առաջին աշխարհամարտում», էջ 228:
8. Զարեվանդ, Միացեալ, անկախ Թուրանիա, Աթենք, 1988, էջ 105:
9. Կիրակոսեան Ա., Հայկական Հարցը եւ հայերի Ցեղասպանութիւնը, Երեւան, 2006 թւ,, հրատ. «Նորավանք» հիմնադրամ, էջ 14, 15:
10. «Նոբահար» թերթ, 13 յուլիս 1915 թւ., համար 57, էջ 3:
11. Magdalena Golnazarian-Nichanian, «Les Armeniens d’Azerbaidjan Histore local en enjeux regionaux 1828–1918». Paris, 2009, p. 94 .
12. Տե՛ս. նոյն տեղում: