Առաջին աշխարհամարտը, թուրք-օսմանցիների ներխուժումը Ատրպատական, հայկական կոտորածները Եւ հայութեան բռնագաղթը
17 Ապրիլ 2025
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՈՐՆ ՍԿՍՒԵԼ Է ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐՈՎ
Գերմանական եւ թուրքական հրամանատարութիւնների մշակած ծրագրում ռազմական գործողութիւններ էին նախատեսւել նաեւ Իրանում, որի տարածքը Գերմանիան եւ Թուրքիան ուզում էին օգտագործել որպէս միջանցք՝ դէպի Բաքւի նաւթային շրջանները եւ այնուհետեւ՝ Միջին Ասիան գրաւելու համար: Ուստի Իրանի հիւսիսը եւս վերածւեց հակամարտող երկու ճամբարների ռազմական գործողութիւնների թատերաբեմի13:
«Թուրքերու ընդհանուր ծրագիրն էր,- գրում է Ա. Խատիսեանը,- գրաւել Պաթում-Բաքու երկաթուղագիծը, տիրել Բաքւի նաւթահանքերուն, փոխադրել զօրքերը Թուրքէստան եւ այնտեղէն սպառնալ Անգլիոյ: Միաժամանակ անոնք կը շարունակէին մօտենալ Ալեքսանդրապոլին, որպէսզի այնտեղէն երթան Բաքու, Ջուլֆա, Պարսկաստան, իսկ այդտեղէն ալ սպառնալ Պաղտատի՝ անգլիացիներուն»14:
Միւս կողմից, Օսմանեան կայսրութիւնը, երբ նոյնիսկ դեռ չէր մտել պատերազմի մէջ, այդուհանդերձ իր զօրքերը տեղակայեց Վանի, Սարայի, Բաշկալէի եւ Շամդինանի տարածքներում: Ի պատասխան դրան, ռուսական հրամանատարութիւնն էլ 1914 թ.նոյեմբերի 20-ին, գեներալ Ֆ. Չերնոզուբովի գլխաւորութեամբ, զօրքեր մտցրեց Իրան: Ռազմական մի շարք գործողութիւնների արդիւնքում ռուսական բանակը շուտով գրաւեց Խոյը, Ուրմիան եւ Թաւրիզը: Իրանական կառավարութիւնը Մոսթոֆի-օլ-Մամալեքի գլխաւորութեամբ, որն իշխանութեան գլուխ էր եկել 1914 թ. օգոստոսին, իր դժգոհութիւնը յայտնեց ռուսական զօրքերի Իրան ներթափանցելու կապակցութեամբ: Յատկանշելի է, որ դեռ նախքան ռուսական զօրքերի Իրանի տարածք մտնելը՝ 1914 թ. նոյեմբերի 14-ին, Ուրմիայում Ռուսաստանի փոխհիւպատոս Վեդենսկին հեռագրեց, որ թուրքերը նպատակ ունեն գրաւելու Ուրմիայի շրջանը՝ այստեղից երկու ուղղութիւններով՝ Խոյ-Ջուլֆա եւ Սոլդուզ Սաուջբուլաղ, հետագայում Թաւրիզի շրջան դուրս գալու համար: Այս պայմաններում ռուսական հրամանատարութիւնը դիմեց այնպիսի մի հակա-թուրքական ուժի աջակցութեանը, որպիսին Ուրմիայում եւ նրա շրջակայքում ապրող 70.000 ասորիներն էին: Աւելի ուշ ռուսական զօրքերը գրաւեցին Խոյը, Ուրմիան եւ Թաւրիզը: Նրանց օգնում էին ասորիները, որոնց վիճակն անգամ մինչեւ պատերազմը իրօք անտանելի էր: Դա էր պատճառը, որ նեստորական ասորիների մեծ մասն ընդունել էր ուղղափառ կրօն՝ յոյսով, որ Ռուսաստանն օգնութեան ձեռք կը մեկնի: Յանուն դրա՝ ասորիները խոստացել էին ռուսական հրամանատարութեան տրամադրութեան տակ դնել 40.000 զինեալ: Ասորիների ռուսական կողմնորոշմանը Թեհրանը պատասխանեց թշնամական գործողութիւններով՝ համագործակցելով թուրքերի եւ քրդերի հետ: Վերջինները 1914 թ. սեպտեմբերին Ուրմիայի շրջանում հրդեհեցին աւելի քան 30 հայկական եւ ասորական գիւղեր15:
Այսպէս, իրեն չէզոք երկիր յայտարարած Իրանի տարածքում, 1914 թ. նոյեմբերի 2-ին ասորիների ջարդեր իրականացւեցին:
Ասորիների կոտորածների մասին գոյութիւն ունի փաստ, որ 1914 թ. աւարտին թուրքական զօրքերն Ուրմիայի շրջանում աւերեցին եւ հրդեհեցին ասորական 98 գիւղ, 500 հոգի սպանւեց, 800 կին եւ աղջիկ առեւանգւեցին: 700 մարդ գլխատւեց ասորական Հաւթւան գիւղում, 5000 ասորի աղջիկներ քշւեցին թուրքական հարեմները16:
«…Ռուսական զօրքերի Սալմաստ հասնելուց մի քանի օր առաջ, քրդերն ու թուրքերը,- գրում է «Նիւ Եօրք Թայմզ»-ը իր 1915 թ. ապրիլի 29-ի համարում,- հաւաքեցին հայ եւ ասորի տղամարդկանց՝ 400-ին ուղարկեցին Խոսրովա, իսկ միւս 400-ին՝ Հաւթւան: Նրանցից ոչ մէկը ողջ չմնաց»17: Նոյն «Նիւ Եօրք Թայմզ»-ի համաձայն. «20-30000-ի չափ նեստորական ասորիներ եւ հայեր զանգւածաբար հեռացան իրանական Ատրպատականից: Աւելի քան 1500 հոգի կոտորւեցին, 2000-ի չափ մահացան հիւանդութիւններից»18:
Յատկանշելի է «Մշակ»-ում մէջբերւած «Նիւ Եօրք Թայմզ»-ի հետեւեալ վկայութիւնը եւս, ըստ որի. «Միայն հայերը չեն, որ անբախտ են, ասորիներին նոյնպէս ոչնչացրեցին եւ իւրաքանչիւր տասներորդին հնձեցին»19:
Իսկ «Atlantic Monthly»-ն նկատել է. «Վեց ամսւայ ընթացքում երիտթուրքերն արեցին այնքան, որքան չէին կարողացել անել հին թուրքերը վեց դարում: Հազարաւոր ասորիներ անհետացան»20:
Նոյն Ժամանակամիջոցին, Արեւմտեան Հայաստանում ռուսների առաջխաղացումը եւ դէպի Իրանի հիւսիս ռուսական զօրքերի մուտքը խանդավառութեամբ է ընդունւում տեղի ասորի եւ հայ բնակչութեան շրջանում: Նրանք դիմում են ռուսական զօրքերի հրամանատար Իւդենիչին՝ առաջարկելով կամաւորական ջոկատներ ստեղծել, խնդրելով ապահովել այդ ջոկատները զէնքով ու զինամթերքով: Ռուսական զօրքերին աջակցելուց զատ, նման քայլը տւեալ դէպքում տեղի հայ բնակչութեան կողմից ինքնապաշտպանական բնոյթ էր կրում: Ընդհանուր առմամբ 1914–1918-ի՝ թուրքական բանակների քանիցս ներխուժումների հետեւանքով Պարսկահայքի տարածքում զոհւել են հազարաւոր հայեր, իսկ մեծագոյն մասը հարկադրւած գաղթել է Արեւելեան Հայաստանի կամ Պարսկաստանի տարբեր վայրեր: Հրապարակւող փաստաթղթերը լուսաբանում են 1914 թ. Դեկտեմբեր եւ 1915 թ. յունւար ամիսներին Պարսկաստան ներխուժած թուրքական զօրքերի գազանութիւնները հայ եւ ասորի բնակչութեան նկատմամբ:
Յայտնի է, որ Ա Աշխարհամարտին (1914–1918 թթ.) Օսմանեան բանակները երկու անգամ ներխուժեցին չէզոք Պարսկաստան, կատարեցին գրգռութիւններ, խժդժութիւններ, կապուտ-կողոպուտ եւ ջարդեր Ատրպատականի շրջաններում՝ Ուրմիայի, Սալմաստի, Խոյի, Մակուի, Ղարադաղի (Դզմար) շրջանում, Ս. Թադէի վանքում, ապա՝ մուտք գործելով նաեւ Թաւրիզ՝ պատանդներ վերցրին հայ բնակչութիւնից, որին պիտի հետեւէր Թաւրիզի հայութեան եւ քրիստոնեաների կոտորածը…21:
Յատկանշելի է, որ օսմանական բանակի ոտնձգութիւնների մասին Իրանի ԱԳՆ փաստաթղթերի տարբեր արխիւներում մատնանշւել են նաեւ 1909 թւականի ներխուժումները Ատրպատականի սահմանակից քաղաքներ22:
Թուրքական զօրքերի՝ Պարսկաստանի հիւսիսային շրջան ներխուժելու եւ տեղի քրիստոնեայ բնակչութեան ոչնչացման մասին վկայում է նաեւ Էրզրումում գերմանացի հիւպատոս Շոյբներ Ռիխտերը, որը Գերմանիայի ռեյխսկանցլեր Բետման Հոլվեգին 1916 թ. դեկտեմբերի 4-ին գրած նամակում նշում է.
«Իրանի հիւսիսում Խալիլ բէյի արշաւանքի նպատակն էր հաշւեյարդար տեսնել հայկական եւ ասորական գնդերի նկատմամբ եւ Պարսկաստանի հիւսիսային շրջաններից հայկական, ասորական եւ պարսկական բնակչութեան արտաքսումը: Խալիլ բէյի արշաւանքը թուրքերի նկատմամբ խորն ատելութեան պատճառ հանդիսացաւ»23:
Պարսկաստանի հիւսիսային շրջաններում հայկական բնակչութեան դէմ թուրքական զօրքերի կողմից գործադրւած բնաջինջ քաղաքականութիւնը վերլուծելիս պատմաբան Ս. Պօղոսեանը, վկայաբերելով անգլիական մամուլը, նոյնիսկ նշում է, թէ. «Մեծ Եղեռնը սկսւեց ոչ թէ արեւմտահայերի, այլ արեւելահայերի եւ պարսկահայերի ջարդերով: Դրա վկայութիւններից մէկն այն է, որ, ի տարբերութիւն Աբդուլ Համիդի, Երիտթուրքերը ծրագրել էին իրականացնել ոչ միայն արեւմտահայերի (թուրքահայերի), այլեւ արեւելահայերի (ռուսահայերի ու պարսկահայերի) ոչնչացում, այսինքն՝ խօսքը ողջ հայութեան ամբողջական բնաջնջման մասին էր՝ անկախ հպատակութիւնից: 1914 թ. վերջերին եաթաղանի զոհ են դառնում Պարսկահայքի (Փայտակարան-Դ.Մ.), Ատրպատականի, Բասենի, Արդւինի, Արդահանի եւ մի քանի ուրիշ գաւառների հայերը: 1914-ի վերջին գործողութեան մէջ դրւեց Ուրմիայի նեստորական ասորիների բնաջնջման ծրագիրը: Խնդիր էր դրւած վերացնել այն բոլոր ոչ-թուրք տարրերին, որոնք անջատում էին թուրքերին՝ Բաքւի եւ Ատրպատականի թուրք-թաթարական բնակչութիւնից»24:
«Ցեղասպանութեան ժամանակակիցների եւ ուսումնասիրողների տեսադաշտում եղել է հիմնականում Արեւմտահայոց Գողգոթայի եւ Արեւմտեան Հայաստանի հայազրկման փաստը: Երիտթուրքական վարչակարգը դրել էր ընդհանրապէս հայ ժողովրդի ոչնչացման հարցը: Ցեղասպանութիւնն ընդգրկել էր ե՛ւ Արեւմտեան Հայաստանը, ե՛ւ Պարսկաստանի հայաբնակ վայրերը, ե՛ւ Արեւելեան Հայաստանը: Կոտորածների առաջին զոհերը 1914 թ. վերջերից դառնում են Ատրպատականի հայերը՝ կապւած վերոյիշեալ շրջաններ թուրքական զօրքերի ներխուժման հետ»25:
Այսպիսով, հայերի ցեղասպանութեան յանցաւոր ծրագրի պրակտիկ գործադրումը սկսւել էր երիտթուրքական կլիկի՝ (աւազակախմբի-Դ. Մ.) 1915 թւականի ապրիլի 15-ի տխրահռչակ հայասպան հրամանագրից ամիսներ առաջ, եւ նրա առաջին զոհերը դարձան Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերը26:
Այդ իրողութիւնը չեն ժխտում նաեւ իրենք՝ թուրքերը: Պանթուրքիզմի գաղափարախօսներից Թեքին Ալփի կարծիքով Իրանի բնակչութեան 1/3–ը թուրքական արիւն ունէր եւ պէտք է վերադառնար իր ցեղակիցների գիրկը: Իսկ դրա համար պարտադիր պայման էր այդ տարածքներից նաեւ հայերի անհետացումը: Թուրքերը մեծ թւով հայերի, արաբների, անգամ պարսիկների արիւն հեղեցին պարսկական տարածքներում27:
«Ես սեփական աչքերով տեսայ,- գրում է ռուսական առաջին բանակի փոխհրամանատար Կ. Մատիկեանը,- հարիւրաւոր ծածկւած դիակներ ընկած փոսերում, գարշահոտութիւն, որ վարակել էր օդը, տեսայ գլուխը հատած դիակներ, քարերի վրայ կացինով կտրւած ձեռներ, սրունքներ, պոկւած մատներ, դուրս քաշւած գանգեր, դիակներ՝ փլատակների եւ տասնեակ զոհւածներ՝ ցանկապատերի տակ… Սպանութիւններ կատարւել են հայկական շատ գիւղերում»28:
1915 թ. յունւարին, երբ Կովկասեան ճակատում թուրքական բանակը յարձակողական գործողութիւններ էր ծաւալել, նրան միացած Համիդիէն եւ Չեթէները կենտրոնացան Ալաշկերտի դաշտում եւ սկսեցին հայերին կոտորել: Այս կոտորածները տարածւելով հասան Վանի նահանգ եւ Ուրմիա լճի շրջանները: «Էնւերի փեսան՝ արիւնարբու Ճեւտեթ եւ ազգայնական Խալիլը թրքական բանակի գլուխն անցած ասպատակեցին Պարսկաստանի հիւսիս եւ հայկական ու ասորական գիւղերը իրենց յարձակումներուն թիրախ հանդիսացան: Գիշատիչներէ հալածական թռչուններու նման հայերը փախուստ կուտային ամէն ուղղութեամբ՝ ապաստան գտնելու համար…»29:
Այս իրադարձութիւնների մասին Սիմոն Վրացեանը 1915 թւականի յունւարին Թիֆլիսից ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտէին յղած նամակում գրում է. «…Այդ պանիկայի միջոցին հրաման է տրւում Պարսկաստանի եւ Ալաշկերտի զօրամասերին յետ քաշւել, սկսւում է յետ գալ եւ Ատրպատականի ռուս զօրքը, որի հետ գաղթում են Աղբակի եւ Սալմաստի հայերը: Կարիք կա՞յ ասելու թէ ինչ ահռելի կացութեան մէջ ընկել է այդ ժողովուրդը այս ցրտին: Գաղթում են եւ Թաւրիզից, որը անցել է թուրքերի ձեռքը»30:
Այս մասին կրկին խոստովանել են նոյնինքն ջարդարար թուրքերը.- «…Պարսկաստան ներխուժող թուրքական բանակի հրամանատար Խալիլ Բէյը 1914-ի վերջերին եւ 1915 թ.-ի սկզբին, երբ պարտութիւն կրեց հայ կամաւորական գնդերից (Անդրանիկի գլխաւորութեամբ – Դ. Մ.) եւ ռուս բանակից, անցաւ Վան եւ այնտեղ Ջեւդեթին (Վանի կուսակալ) յայտնեց, որ «մաքրել» է Ուրմիայի եւ Սալմաստի քրիստոնեաներին, Ջեւդեթն էլ պատրաստւել էր «մաքրելու» Վանի եւ Վասպուրականի հայերին»31:
«Մաքրման» այսպիսի բազմաթիւ գործողութիւնների են դիմել թէ՛ քրդերը, եւ թէ՛ թուրքերը, երբ յատկապէս հայ կամաւորականներից պարտութիւն կրելով՝ դրա վրէժը լուծում էին հայ ազգաբնակչութիւնից, որոնք էլ ստիպւած գաղթում էին իրանական տարածք, որն աւելի ապահով էր համարւում32:
Այդ մասին վկայել են իրանական աղբիւրները եւս, զորօրինակ. «1914–1915 թթ. հազարաւոր հայ գաղթականներ «մուսիօ քեռիի» գլխաւորութեամբ Արեւմտահայաստանից Սալմաստ են գաղթել»33:
Խալիլ Բէյի մատնանշած պարտութիւնը վերաբերում է Դիլմանի հռչակաւոր ճակատամարտին, որում «…իրեն փայլուն կերպով դրսեւորեց Անդրանիկը 1915 թ.-ի ապրիլին, որտեղ նրա ջոկատը ջախջախեց Խալիլ Բէյի կորպուսը եւ կանխեց իրանական Ադրբեջանից (Ատրպատական-Դ. Մ.) գերմանա-թուրքական զօրքերի Անդրկովկաս ներխուժելու վտանգը»34:
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու
(Շար. 2)
——————–
13. Խոսրոյեւա Ա., Ցեղասպանութեան փաստագրութիւն, Ասորիների ջարդերը թուրքաբնակ վայրերում Ա Աշխարհամարտի տարիներին, էջ 88:
14. Խատիսեան Ա., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Բէյրութ, 1968 թ., էջ 44:
15. Պօղոսեան Ստ., Հայոց Ցեղասպանութեան պատմութիւն, 2-րդ հատոր, էջ 443:
16. Խոսրոյեւա Ա., Ասորիների ջարդերն Իրանի թուրքաբնակ վայրերում առաջին աշխարհամարտի տարիներին, «Հայոց Ցեղասպանութեան պատմութեան եւ պատմագրութեան հարցեր», N. 9, 2004, էջ 91:
17. Տե՛ս. Պօղոսեան Ստ., նշւ. աշխ., 2-րդ հատոր, էջ 444:
18. Նոյն տեղում:
19. «Մշակ», 19.03.1915 թ., Kloian R. The Armenian Genocide, California, 1985, էջ 188–9: Տե՛ս. Պօղոսեան Ստ., նշւ. աշխ., էջ 444:
20. Նոյն տեղում:
21. Ամուրեան Ա., Ատրպատականի հայութեան վիճակը թուրքական բանակների ներխուժման օրերին, Թեհրան, 1979, էջ 5:
22. Իրանի արտգործնախարարութեան փաստաթղթերի եւ դիւանագիտութեան պատմ. կենտրոն, արկղ 42, սերիա 16, թղթ. 2:
23. Позиция немецкого консула в Эрзеруме Шойбнера-Рихтера в Армянском вопросе, “Армянский вопрос и геноцид армян в Турции (1913–1919). Материалы Политархива МИД Кайзеровской Германии”, сб. Ереван 1995, с. 421
24. Պօղոսեան Ս., Հայոց Ցեղասպանութեան պատմութիւն, 3-րդ հ., էջ 7-8:
25. Հայոց պատմութիւն. հիմնահարցեր հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը, խմբ.՝ պրոՖ. Հր. Ռ. Սիմոնեան, էջ 249:
26. Նոյն տեղում, էջ 250:
27. «…Ատրպատական ներխուժելուց յետոյ թուրքերը մի քանի հայերի եւ ռուսահպատակների հետ միասին, գնդակահարել են Սոուջբուլաղ եւ Մարաղա քաղաքների կառավարիչներինե: «Ռաադ» թերթ, 20-ը յունւարի 1915 թ., էջ 3:
28. Պօղոսեան Ս., նշւ. աշխ., 3-րդ հ, էջ 7 (տե՛ս. նաեւ ՀԱԱ, ֆ. 4712, ց. 2, գ. 2, թ. 1):
29. Նոյն տեղում, տե՛ս. նաեւ Շիրակեան Ա., Կտակն էր նահատակներուն, Բէյրութ, 1965, էջ 26:
30. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Թեհրան, 1982, տպ. «Ալիք», էջ 587:
31. Ամուրեան Ա., նշւ. աշխ., էջ 6:
32. GH1332-K66-p38-47, Իրանի ազգային փաստաթղթերի կազմակերպութիւն:
33. Իրանի արտգործնախարարութեան փաստաթղթերի եւ դիւանագիտութեան պատմ. կենտրոն, արկղ 66, սերիա 71, թղթ. 43:
34. Աղայեան Ծ.Պ., Զօրավար Անդրանիկի գործունէութեան մասին (պատմաբանասիրական հանդէս), էջ 43: