Գյումրին ընդդիմության համախմբման լավագույն օրինակ է
18 Ապրիլ 2025
Ապրիլի 17-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՀ ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը: Անդրադարձ է կատարվել Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքներին, կարևորվել ընդդիմության հավաքական պայքարը՝ որպես գործող իշխանություններից ազատվելու արդյունավետ միջոց նաև համապետական ընտրություններում:
«Նույնը պետք է տեղի ունենա նաև Երևանում, մեր մյուս քաղաքներում ու համայնքներում: Նման հաղթանակները նպաստում են թե հանրության և թե նրա գործարար խավի ու մյուս խոցելի խմբերի մեջ ՔՊ-ական իշխանությունների համատարած տեռորի ու ճնշումների վախը հաղթահարելուն»,- նշել է Գառնիկ Դանիելյանը:
Նկարագրելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, որ պայմանավորված է թե տնտեսական անհաջողություններով և թե արտաքին քաղաքականության մեջ իշխանությունների զիջողական քաղաքականությամբ՝ նա չի բացառել նաև արտահերթ ընտրություններ հնարավորությունը: «Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, ամեն տիպի զարգացումների, մանրակրկիտ վերլուծության պետք է ենթարկենք մեր ժողովրդի իրական ձգտումներն ու ցանկությունները, նրա մեջ կրկին արթնացնենք հաղթանակի ու հաղթողի զգացողությունները»,- ասել է դաշնակցական պատգամավորը:
Գառնիկ Դանելյանը անդրադարձել է նաև ընդդիմության տարբեր թևերի միջև վերջին շրջանում նկատվող տարաձայնություններին, որոնք հաճախ վերաճում են փոխհրաձգությունների: «Ընդդիմության մեջ փոխադարձ քննադատությունն ու քաղաքական գաղափարական պայքարը ես ընդունում եմ, բայց դա չի կարող հասնել այնտեղ, որ կարմիր գծեր հատվեն կամ միմյանց նկատմամբ օգտագործվի այնպիսի բառապաշար, որով նույն ընդդիմությունը իշխանություններին է քննադատում: Այն քաղաքական ուժը, որ ես ներկայացնում եմ, Դաշնակցությունը, միշտ էլ եղել է համախմբման և միասնաբար առաջ գնալու ջատագով, և դա է պայքարը հաղթանակով պսակելու ամենաարդյունավետ ճանապարհը»,- Ասել է Գառնիկ Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում