Կարևոր է ժողովրդի միասնական մասնակցությունը ջահերով երթին
22 Ապրիլ 2025
ԱԺ միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ ԱԺ մուտք ենք անում օրինագիծ Ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար և իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահը շարունակում է չգիտակցել, թե որտեղ է գտնվում և շարունակ սադրանքներ են լինում.«Ալեն Սիմոնյանը հերթական անգամ սադրեց։ Վահե Ղալումյանի դերակատարումն ընդհանրապես չեմ հասկանում, բացի Նիկոլ Փաշինյանի սանիկը լինելուց, բայց դեռ կպարզենք, կհասկանանք։ Իրենց այս շաբաթվա լարված վիճակը, պահվածքը պայմանավորված է Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրերով և իրենց հստակ ուրացման քաղաքականությամբ»։
Պատգամավորը նշեց, որ իշխանությունները շարունակ ժխտում են Ցեղասպանությունը և բռնել են ուրացման ճանապարհը, մարդկանց էլ փորձում են մանիպուլացնել. «Դաշնակցությունն այս իշխանությունների գաղափարական հակառակորդն է։ Հետևաբար, իրենց հարձակումը Դաշնակցության, ազգային արժեքների հանդեպ, բնական է, քանի որ նրանց ու թուրքերի արձագանքները նույն են։ Հայաստանի թշնամիներն ու սրանք ատում են ազգային ուժերին, իսկ Դաշնակցությունն այսօր ամենաընդլայնված ազգային ուժն է»։
Անդրադառնալով Արթուր Հովհաննիսյանի հայհոյանքներին՝ Իշխան Սաղաթելյանը արձագանքեց․ «Դրանք տղամարդկային տարրական բան էլ չունեն։ ՊՊԾ-ի զորքին հրահանգ են տալիս դռան հետևում սպասել, հենց ասենք՝ կմտնեք, մարդկանց հանձնարարություն են տալիս։ Մի օր զրկվելու եք ՊՊԾ-ից, ու էն ժամանակ, եթե մեջներդ տղամարդ կա, ասածներին պատասխան կարո՞ղ եք տալ, կտեսնենք։ Հիմա թաքնվել այս համազգեստավոր մարդկանց հետևում, տղամարդ ձևանալ, ճիշտ չէ»։
Իշխան Սաղաթելյանը բոլորին հրավիրեց մասնակցելու վաղվա ջահերով երթին. «Շատ կարևոր է եւ անհրաժեշտ ժողովրդի միասնական մասնակցությունը երթին, դա պատասխան կլինի այսօրվա ուրացման քաղաքականություն վարող օրվա իշխանությանը և մեր թշնամի պետություններին:
Անդրադառնալով կոչերին, որ պետք է թույլ չտալ ցեղասպանությունը ժխտողներին մտնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ես ընդհանրապես համակարծիք եմ, բայց վաղը մենք պլանավորում ենք շատ ավելի մասշտաբային, նախորդ տարիներից ավելի մեծ քանակությամբ երթ տեսնել»:
Մանրամասները՝ տեսանյութում