Չենք ուրանալու. շարունակելու ենք պահանջել
23 Ապրիլ 2025
Ապրիլի 22-ին Հ2 հեռուստաալիքի «Խոսքի Իրավունք» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Անդրադարձ է կատարվել ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկած Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը քրեականացնելու օրինագծին : Ընդդիմադիր խմբակցությունը նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին երեկ հայտարարեց խորհրդարանի ամբիոնից, ինչը պատճառ դարձավ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև վեճի:
«Հասել ենք այն աստիճանի, որ օրվա իշխանությունները սկզբից քողարկված, իսկ հիմա արդեն բացահայտ արշավ են սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման քաղաքականության դեմ: Դրա վերջակետը լինելու էՀայոց ցեղասպանության ուրացումը»,- ասել է Արթուր Խաչատրյանը:
Նա կարեւորել է ջահերով երթին եւ ապրիլի 24-ին ժողովրդի ակտիվ մասնակցությունը. «Թե ջահերով երթին եւ թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալը նոր իմաստ է ստանում: Եթե մեր ուղերձն առաջ ուղղված էր թուրքերին եւ աշխարհին, որ մենք ունենք անժամանցելի եւ անօտարելի իրավունքներ եւ որ ոչինչ չի մոռացվել, այսօր ստիպված ենք այդ ուղերձը հղել Փաշինյանին եւ իր շրջապատին: Չենք ուրանալու եւ չենք մոռանալու այն, ինչ տեղի է ունեցել: Շարունակելու ենք պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում եւ հետեւանքների վերացում»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում