Բելգիայի հայ համայնքը թուրքական դեսպանության առաջ բողոքի ցույց կանի
23 Ապրիլ 2025
Ապրիլի 23-ին Բրյուսելի հայկական եկեղեցում է արարողություն կազմակերպվում՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, որից հետո քայլարշավ պետք է լինի դեպի Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար-հուշակոթող: Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատու Արամ Գեւորգյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպել է «Նաիրյան» ուսանողական միությունը, եւ նրանց կմիանան երիտասարդական այլ միություններ՝ ներառյալ ՀՅԴ երիտասարդական միությունը:
Նա նաեւ հայտնեց, որ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո կկայանա, կլինեն ելույթներ, իսկ ապրիլի 24-ին Բրյուսելի հայկական եկեղեցում կայանալիք արարողությանը կհաջորդի քայլարշավը դեպի հայկական խաչքար:
Արամ Գեւորգյանի տեղեկացմամբ, միջոցառմանը հրավիրված են քաղաքական դեմքեր եվրոպական կառույցներից, Բելգիայի դաշնային խորհրդարանից, Բրյուսելի քաղաքապետարանից, խորհրդարանից եւ այլ շրջանակներից: Այս միջոցառումն էլ նրա խոսքով՝ կազմակերպել է Բելգիայի հայ համայնքի վեհաժողովը եւ Հայ դատի գրասենյակը:
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատուի տեղեկացմամբ, նախատեսված է դափնեպսակի զետեղում հայկական կազմակերպությունների կողմից, կլինեն նաեւ զորակցական ելույթներ Բելգիայի հայամետ քաղաքական դեմքերի կողմից:
Նախատեսված է հանդիպում այդ գործիչների, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի եւ հայկական կառույցների ներկայացուցիչների միջեւ, կներկայացվեն ներկա իրողությունները եւ մարտահրավերները:
Զրուցակիցը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին տեղի է ունենալու ցույց Բրյուսելում թուրքական դեսպանության առաջ, Բելգիայի հայ համայնքը կարող է մասնակցել եւ իր բողոքը հայտնել թուրքական ժխտողականության դեմ:
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նաեւ այս շաբաթ կազմակերպել է հայ երիտասարդների եւ ուսանողների համար աշխատաժողով, որտեղ կներկայացվի, թե ինչպես է գործում հայ դատի գրասենյակը՝ պահանջատիրության առումով եւ Հայաստանի շահերի համար ինչ քայլեր են անում Եվրոպական խորհրդարանում, Բելգիայում:
Անդրադառնալով Հայաստանում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ իշխանությունների ժխտողական խոսույթին` Արամ Գեւորգյանն ասաց, որ իրենց համար անընդունելի են վարչապետի արած արտահայտությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, հատկապես ներկա անապահովության իրավիճակում, առավել քան կարեւոր է, ու լավ է, որ եւ Հայաստանում եւ Սփյուռքում ժողովուրդը գիտակցում է դա: