«Մի՛ ուրացիր». Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք
23 Ապրիլ 2025
Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական ջահերով երթը:
Ջահերով երթն այս տարի կրում է «Մի՛ ուրացիր. զա՛րկ, երբ հալածում են քեզ» կարգախոսը։
Երթի մեկնարկից առաջ ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը հայտարարեց. «110 տարի շարունակ աշխարհին ասում ենք ճշմարտությունը, որ ոճիրը եղել է, ու այն երբեք չի մոռացվելու։ Մենք կանգնած ենք այս հրապարակում ոչ թե որպես զոհ, այլ ապացույց այն բանի, որ Թուրքիան ձախողել է։ 110 տարի առաջ նրանք մտածում էին, թե կվերացնեն մեզ, կջնջեն մեր հետքը պատմությունից, բայց հենց հիմա այս հրապարակում կանգնած հայ երիտասարդն ամենազորեղ վկայությունն է այդ ձախողման: Ջահերով այս երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է»։
Ելույթներ ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը:
«Այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք. մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով։ Սա հիշողության մոմավառության վայր չէ, այլ պահանջի կրակահերթ: Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն։ Դրանք կրակներ են՝ մեր նախնիների հիշողությունը հավերժող։ Դրանք 1,5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են՝ Մեծ Եղեռնի դժոխքից։ Մենք այստեղ ենք՝ որպես նրանց ժառանգորդ, որ չի մոռանում, չի լռում»,- իր խոսքում ասաց Գեղամ Մանուկյանը։
Ժորա Ավդալյանն էլ իր հերթին ասաց, որ այսօր հրապարակում հավաքվածները ոչ թե որպես զոհ են, այլ որպես սերունդ եւ դա ապացույցն է նրա, որ Թուրքիան ձախողվել է։
«Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու, մենք հասնելու ենք մեր նպատակի վերջնակետին, որովհետև դա մեր կյանքի իմաստն է։ Մենք կոչ ենք անում Թուրքիայի երիտասարդությանը, եթե դուք չստիպեք ձեր իշխանություններին ընդունել ցեղասպանությունը, դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք։ Համոզված եղեք, հայ երիտասարդության մեջ կրկին լինելու են Սողոման Թեհլերյաններ և Արշավիր Շիրակյաններ»,- ասաց նա:
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, ապա «Պայքար, պայքար» վանկարկումներով ու պահանջատիրական կոչերով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանք իրենց հետ տանում էին Հայաստանի և Արցախի Հանրապետության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները։ Նրանց ձեռքին կային նաեւ Արևմտյան Հայաստանի և Արցախի բնակավայրերի անվանումներով ցուցանակներ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակը եւ ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ: Տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ: