Սփյուռքի համար Հայոց ցեղասպանության հարցը միշտ եղել է և լինելու է առաջնահերություն
24 Ապրիլ 2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ կառավարությանը կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանի հետ:
«Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունների և Լորդերի պալատի ներկայացուցիչները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողությանը, որը կազմակերպել էին Հայ Դատը և համայնքային խորհուրդը: Հայոց ցեղասպանության լոբբինգը սկսվել է անմիջապես ցեղասպանությունից հետո, սակայն Փաշինյանն ու Միրզոյանը վերջին տարում սկսել են կասկածի տակ դնել ողջ եղելությունը և հայտարարել, թե Ցեղասպանության ճանաչման հարցը Կառավարության համար առաջնային չէ:
Ի տարբերություն Կառավարության՝ Սփյուռքի համար այդ հարցը միշտ եղել է և լինելու է առաջնահերություն, և մեզ ոչ մի կոլլաբորացիոնիստ իշխանություն չի՛ թելադրելու: Մենք շարունակելու ենք պահանջել, որ Միացյալ Թագավորությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև պայքարելու ենք արցախցիների իրավունքների համար»,- ընդգծել է Մոսկոֆյանը:
Խոսելով առաջիկայում սպասվող միջոցառումների մասին՝ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահը նշել է.
«Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները բազմաթիվ են: ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր ցույց են իրականացրել Թուրքիայի դեսպանատան առջև, իսկ արդեն շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, համայնքային խորհուրդը Լոնդոնում կազմակերպելու է հանուն արդարության երթ: Նաև ծաղիկների խոնարհման արարողություն կլինի Անգլիայի Իլինգ շրջանում, իսկ ավելի ուշ նաև ապրիլքսանչորսյան միջոցառում, որին ներկա կգտնվեն քաղաքապետարանի աշխատակիցներ և խորհրդարանի ներկայացուցիչներ»: