Երկիրը փրկելն է նպատակը
26 Ապրիլ 2025
«Հրապարակ»-ի հարցազրույցը «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանի հետ
– Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցը չկա իրենց օրակարգում, ի՞նչ վտանգներ եւ մարտահրավերներ եք տեսնում այս քաղաքականության տակ։
– Գիտեք, 110 տարիների ընթացքում շատ կարճ ժամանակ է եղել, որ Հայաստանի իշխանությունները հետապնդել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։ 110 տարվա մեջ՝ գուցե 20 տարի: Մի փոքրամասնություն է եղել, մի մարտնչող, ազգային փոքրամասնություն, որ այդ նպատակը դրել է իր առջեւ եւ առաջ է գնացել։ Հաջողվել է` այսօր շատ երկրներ Հայոց ցեղասպանությունն ընդունում են, սակայն ընդունելու փաստն այդքան կարեւոր չէ, կարեւորը պայքարն է, պայքարի ոգին, այն, որ կարողանանք աշխարհին ասել, որ այդ ցավը չենք մոռացել, մենք տեր ենք մեր իրավունքներին եւ վերատիրանալու ենք այդ իրավունքներին։ Այսօր կրկնակի է դարձել դրա անհրաժեշտությունը, որովհետեւ նաեւ ունենք Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։
– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեռ պետք է պարզի՝ ինչպես է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը հայտնվել հետխորհրդային Հայաստանում: Ակնարկում է, որ ռուսներին է ձեռնտու եղել այն օրակարգ բերելը։ Ինչո՞ւ են նման թեզեր առաջ տանում։
– Մեզ կոտորել են, մենք էլ կոտորվել ենք, թե նշումն ում է ձեռնտու, ում ձեռնտու չէ, ով է քաջալերել, ով՝ ոչ, 100-րդական է։ Հարցը նրանում է, որ, իբրեւ կոտորված ժողովուրդ, քո արժանապատվության տե՞րն ես, թե՞ տերը չես։ Ի՞նչ ենք փնտրում՝ ասելով․ ով է հրահրել, ով է ուզել, մենք խնդիր չունե՞նք, այնքան ենք մեռել, որ մեր իրավունքների տերը չենք, մեզ պիտի հուշեի՞ն, որ մեր իրավունքների տերը լինեինք։ Ես կարծում եմ, որ անհեթեթ է այդ հարցադրումը, մեզ վայել չէ։
– Իշխանության քաղաքականության մեջ տեսնո՞ւմ եք ցեղասպանության ժխտման օրակարգ։
– Ես տեսնում եմ ընկճվածություն, պարտության արդյունքում ընկճվածություն։ Մենք ոչ միայն պարտվել ենք պատերազմում, այլեւ՝ հոգեպես։ Այս իշխանությունը հոգեպես է պարտվել, ծնկի է եկել եւ չի կարողանում իր մեջքը շտկի, որովհետեւ իր հույսը չի դնում ժողովրդի վրա, չի փորձում ժողովրդին համախմբի՝ իր մեջքը շտկի։ Անկախ պատճառներից, թե ինչու ենք պատերազմում պարտվել, փաստ է, որ պարտվել ենք, բայց կարեւորն այն է, որ կարողանանք ոտքի կանգնենք, մեր մեջքը շտկենք եւ դա անենք միասնականությամբ, ներազգային խնդիրները երկրորդական պլան մղելով։
– Պատերազմի պարտության մեջ իշխանության, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մեղքը չե՞ք տեսնում։
– Ես ամենի մեղքն էլ տեսնում եմ։
– Կոնկրետ` Նիկոլ Փաշինյանի մեղքը։
– Տեսնում եմ, տեսնում եմ, բազմաթիվ հարցեր կան՝ ինչո՞ւ զինակոչ չեղավ, ինչո՞ւ էսպես չեղավ, ինչո՞ւ էնպես չեղավ, շատ հարցեր կան․․․ Բայց այդ հարցերի այսօրվա արծարծումն անտեղի է։ Ես գտնում եմ, որ կա անհրաժեշտություն՝ ոտքի կանգնելու։
– Ո՞ւմ շուրջ հավաքվի ժողովուրդը, գործող իշխանությա՞ն։
– Նախ՝ ինքն իր շուրջ, իսկ իշխանությունը՝ ժողովրդի։
– Բայց ժողովրդի մի հատվածը պահանջում է իշխանության հրաժարականը, այդ թվում՝ նաեւ ընդդիմությունը։ Այս օրակարգը Ձեզ համար ընդունելի՞ է։
– Այո, ինչո՞ւ է պահանջում, որովհետեւ տեսնում է, որ այս իշխանությունը տեր չէ իր ժողովրդի իրավունքներին, արժանապատվությանը։ Դրա համար պետք է վիճակ փոխվի, մթնոլորտ՝ իշխանափոխությամբ, որպեսզի մենք այս վիճակից դուրս գանք։
– Արցախի հանձնումից, կորստից հետո ժողովրդի մի մասը Նիկոլ Փաշինյանի համար շատ վատ վերջաբան է պատկերացնում, ասում են՝ պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։
– Ճիշտն ասած՝ ինձ համար այսօր նման հարցերի արծարծումն էական չէ, ավելի էականը երկիրը փրկելն է, այս վիճակից դուրս բերելը։ Մենք պիտի պայքարի, կռիվ տալու մթնոլորտ ստեղծենք։ Ես գիտակցում եմ, որ այս հոգեբանության տեր իշխանությամբ մենք չենք կարող այս վիճակից դուրս գալ։ Օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից, բայց դա չէ նպատակը։ Ազատվենք այս իշխանությունից, որ կարողանանք երկիրը փրկենք, ուրեմն երկիրը փրկելն է նպատակը։
– Ընդդիմությանն էլ են մեղադրում՝ անգործության համար։ Շատերը կարծում են, որ ճիշտ ժամանակն է՝ իմպիչմենթի գործընթաց սկսելու։ Դուք ի՞նչ կարծիքի եք։
– Ոչ մի ճանապարհ մյուս ճանապարհին չի խանգարում՝ լինի իմպիչմենթ, թե ընտրություն, փողոցային պայքար, հեղափոխություն, թե հեղաշրջում։ Սրանք՝ բոլորը, նույն նպատակին են ծառայելու, եւ պետք չէ հակադրության մեջ դնել, որովհետեւ այդկերպ վնասելու ենք մեր ընդհանուր պայքարին։
Լիա Սարգսյան