Խաղաղությունը նպատակ է, բայց պետք է արդար եւ արժանապատիվ լինի
26 Ապրիլ 2025
«Ես հարցում ունեմ՝ ուղղվելիք Նիկոլ Փաշինյանին․ ինչո՞ւ ինքը չդատապարտեց ցեղասպանությունը, ինչո՞ւ չնշեց, որ ցեղասպանությունը կատարվել է Թուրքիայի, Թուրքիայի կառավարության կողմից»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր Մուրադ Փափազյանը: «Հստակ է, որ Փաշինյանը ծնկի է եկել Թուրքիայի եւ Ադրբեջանի դիմաց: Ինքը կարծում է, որ ծնկի գալով խաղաղություն պիտի ստանա՝ ճիշտ հակառակն է: Շատ քիչ հասունություն է պետք՝ հասկանալու համար, որ եթե ծնկի եք գալիս, հարգանքի չեք արժանանա թշնամու կողմից: Հակառակը՝ դուք պետք է պինդ մնաք ձեր արժեքների վրա, պաշտպանեք ձեր պատմությունը: Պետք է պահանջել, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Եթե ուզում ենք խաղաղություն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այս հարցերը սեղանի վրա պետք է դնել, եւ այս հարցերի լուծմամբ խաղաղություն կստանանք: Խաղաղությունն իսկապես նպատակ է բոլորիս համար, բոլորս խաղաղություն ենք ուզում»,- ասաց Փափազյանը:
Ֆրանսահայ գործիչը շեշտում է՝ հստակ է, որ բանակցություններով խաղաղություն հնարավոր է ստանալ, բայց մենք պետք է պաշտպանենք մեր շահերը: Եթե Հայաստանի վարչապետը չի պաշտպանում Հայաստանի շահերը, դա նշանակում է, որ խաղաղությունը միակողմանի է: «Այսինքն, երբ որ խաղաղություն են ուզում հաստատել, պետք է արդար, արժանապատիվ խաղաղություն լինի, հատկապես՝ երբ որ իրավունք ունեք: Երեւակայեք, Թուրքիան ցեղասպանությունը կատարեց ու չընդունեց այդ փաստը, չճանաչեց ցեղասպանությունը, եւ այսօր աշխարհի մեջ կարեւոր երկիրները, միջազգային կազմակերպությունները ճանաչել են ցեղասպանությունը: Երբ որ Ադրբեջանն էթնիկ զտում կատարեց 2023 թվականի աշնանը, պետք էր ինտենսիվ ձեւով միջազգային դատարանների առաջ դնել հարցը եւ ոչ թե խոստանալ Ալիեւին, որ պիտի հետ քաշեք այդ հայցերը դատարաններից»,- ասաց Փափազյանը:
Ֆրանսահայ գործիչը նկատում է, որ Փաշինյանի քաղաքականությունը չի տանում Հայաստանը դեպի խաղաղություն, այլ Հայաստանը ծնկի է բերում թշնամիների առջեւ:
Հայկա Ալոյան