Հայաստանի կառավարությունը գուցե դիմել է՝ Ցեղասպանություն բառը հեռացնելու խնդրանքով
26 Ապրիլ 2025
Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը համացանցում նախ գրառում էր արել՝ օգտագործելով ցեղասպանություն՝ գենոցիդ բառը, ապա հեռացրել իր էջից, ինչը մեծագույն հրճվանք էր առաջացրել հատկապես Ադրբեջանում:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր Մուրադ Փափազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այս հանգամանքին, ասաց, որ դա ցավալի ու անընդունելի փաստ է:
«Վստահ եմ, որ ճնշումների տակ են հեռացրել այդ բառը»,-ասաց ֆրանսահայ գործիչը:
Նա նշեց, որ պետք է հիշել, որ ընդհանրապես Եվրամիության երկրները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, որ Եվրախորհրդարանը մի քանի անգամ ճանաչել և դատապարտել է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության իրագործումը, դատապարտել է նաև Ադրբեջանի կողմից իրագործված Ցեղասպանությունը:
«Անընդունելի է և Հայաստանի կառավարության դերն է՝ հասկանալ, թե ինչու Եվրամիության ներկայացուցչությունը Ցեղասպանություն բառը հեռացրեց իր գրառումներում: Հայաստանի կառավարությունը պետք է հարցում ներկայացներ Եվրամիությանը, վստահ եմ՝ չեն անի և ես կասկած ունեմ, որ Հայաստանի կառավարությունը կարող է դիմած լինել Եվրամիությանը, որ այդ բառը հեռացնեն»,-եզրափակեց Մուրադ Փափազյանը: