Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի միջոցառումները՝ իրանահայ համայնքում
26 Ապրիլ 2025
«ԱԼԻՔ» – Թեհրանում, Նոր Ջուղայում եւ Ատրպատականում իրանահայութիւնը նշեց Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը:
– Թեհրանի հայոց թեմում Ապրիլի 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ մոմավառութիւն, որից յետոյ պատանի-երիտասարդները երգեցին յեղափոխական երգեր:
– Ապրիլի 24-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Ս. Պատարագ մատուցւեց, ձեռամբ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի, որից յետոյ սկաուտների կազմած շարքերի միջով թափօրը անցաւ Բիւրաւոր նահատակների յուշարձանի մօտ եւ կատարւեց Բարեխօսական աղօթք:
Ապա ելոյթներով հանդէս եկան Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը փոխանցեց Սրբազան Հօր պատգամը, իսկ օրւայ բանաձեւը եւ կազմակերպիչ յանձնախմբի խօսքը ընթերցեց՝ Ալին Շահմիրզայեանը:
Ելոյթներին յաջորդեց պաշտօնական եւ ժողովրդական ծաղիկների խոնարհում եւ խնկարկում, ի յիշատակ մէկուկէս միլիոն Սրբադասւած Նահատակների: Այս տարի օրւայ արարողութիւններին իրենց մասնակցութիւնն էին բերել մեծ թւով գիտակից հայորդիներ, որոնք համահաւաքի ընթացքում վանկարկում էին օրւան յարիր կարգախօսեր:
Նոյն օրը երեկոյեան «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում, հոգեպարար մթնոլորտում տեղի ունեցաւ ջահի օրհնութիւն ձեռամբ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի, օրհնւած ջահը կրեց ՀՅԴ «Ռոստոմ» Երիտասարդական միութեան ժամանակի հիմնադիր սերնդից Մուշեղ Ծատրեանը, եւ իր բոցավառւող ջահից իրենց ջահերը վառեցին նոր սերնդի ներկայացուցիչները: Ապա 110 ջահակիրներ իրենց ջահերով Ս. Խաչ մատուռից քայլեցին դէպի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճ, ուր տեղի ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի կողմից կազմակերպւած Կենտրոնական բանախօսական-գեղարւեստական ծրագիրը:
Թէեւ որոշւած էր, որ օրւայ առիթով բանախօսութեամբ հանդէս գար Հայաստանից հրաւիրւած Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, վերլուծաբան եւ լրագրող՝ Աբրահամ Գասպարեանը, ով ապրիլի 23-ից ներկայ էր կազմակերպւող բոլոր միջոցռումներին եւ ջահերով երթին, սակայն որոշ հանգամանքների բերումով նա ելոյթ չունեցաւ:
Կենտրոնական ծրագրին Հայ Դատի յանձնախմբի խօսքը փոխանցեց Սարինէ Թորոսեանը, ելոյթով հանդէս եկաւ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, օրւայ բանախօսն էր «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, իսկ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի խօսքը փոխանցեց Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը:
Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական ոգեշնչող յայտագրով, որի սցենարիստ եւ բեմադրողն էր Սեդրակ Գոջամանեանը:
Նոր Ջուղայ
– Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի առիթով, հինգշաբթի՝ ապրիլի 24-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական երեկոյ:
– Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման միջոցառումների ծիրում, չորեքշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, նախ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի տեղի ունեցաւ Հսկման կարգ՝ սրբադասւած նահատակների յիշատակին, ապա վանքի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ իրականացաւ համահաւաք:
Ատրպատական
– Հինգշաբթի, 24 Ապրիլ 2025-ին, Ատրպատականի Հայոց թեմում, մեր Նահատակների սրբատօնը հանդիսաւոր Սուրբ Պատարագով եւ «Բարեխօսական կարգ»-ով նշւեց հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարեդարձը: Այս առիթով Ս. Պատարագ մատուցւեց ե՛ւ Թաւրիզում ե՛ւ Ուրմիայում, որին յաջորդեց «Բարեխօսական կարգ»-ի եկեղեցական յատուկ արարողութիւնը՝ Նահատակ սրբերի համար:
Թեհրանի հայոց թեմի միութիւններ
– Երէկ՝ ապրիլի 25-ին, Հայ Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած գեղարւեստական միջոցառում:
– Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակնին նւիրւած միջոցառումների շարանում, երէկ՝ ապրիլի 25-ին երեկոյեան Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան մշակութային խմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր երաժշտական երեկոյ միութեան «Ամարաս» երաժշտական խմբի կատարումներով, միութեան կենտրոնատեղիում: