Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը
16 Հունիս 2025
Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիը: Իշխան Սաղաթելյանը նախ ընթերցեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Ուժային կառույցների միջոցով իշխանությունները փորձում են կաշկանդել դիմադրության օջախները՝ թիրախավորելով անհատ գործիչներին, ազգային ուժերին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելու թույլտվության մասին գլխավոր դատախազի միջնորդությանը։
Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ իշխանության ձեռագիրը չի փոխվել, արդեն տևական ժամանակ է, ինչ նրա հիմնական հենարանը ուժային կառույցներն են, որոնց միջոցով փորձում են պահել իրենց իշխանությունը։
«Մեր մարտավարությունը կլինի այն, որ մենք կմասնակցենք Աժ տվյալ նիստին, որի ընթացքում կհամոզվեք, որ դա ամբողջությամբ ապօրինի կեղծ գործընթաց է։ Ինչ վերաբերում է ՀՀ Գլխավոր դատախազի հերթական այդ նախաձեռնությանը, ապա ցանկանում եմ փաստել, որ դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում և այդ դերից չի կարողանում դուրս գալ։ Գլխավոր դատախազը ոչ թե պետք է քրեական հետապնդում հարուցեր Արծվիկ Մինասյանի դեմ, այլ պետք է ընթացք տար Մինասյանի կողմից դատախազություն ներկացված Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու մեղադրանքով հաղորդմանը, այդ ժամանակ կստացվեր, որ դատախազը զբաղվում է պետական շահերի պաշտպանությամբ։Հակառակ պարագայում, ինքը շարունակում է մնալ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում ապօրինի հետապնդումների համար», – ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Իրանահայերի շրջանում խուճապ չկա»․ նշեց Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Իսլամական Հանրապետությունում Իսրայելի հարձակումների ֆոնին ստեղծված իրավիճակի մասին։
«Իրանում ապրում է բավականին մեծ հայկական համայնք։ Մենք մշտական կապ ենք պահպանում ԻԻՀ-ում գործող ՀՅ Դաշնակցության կուսակցական կառույցների հետ։ Այնուամենայնիվ, իրավիճակը, ամեն դեպքում, լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Հատկապես, եթե հաշվի առնենք թե՛ մեծ հայկական համայնքի առկայությունը, թե՛ բարեկամ երկրի դեմ ռազմական գործողությունները ընդհանրապես», – ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ Իրանին ուղղված հարվածները նաև ռիսկեր են ստեղծում Հայաստանի անվտանգության համար։
«Սյունիքի մասով վտանգը կա, բայց հարց է՝ իշխանությունները կանխող քայլեր արե՞լ են, վստահ չեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ Իշխան Սաղաթելյանի Իմպիչմենտի նախաձեռնողներից ոմանք չափը կորցրել են. «Ի՞նչ են նշանակում ձևակերպումները, որոնք տալիս են «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Այստեղ արդեն կոնկրետ հարցադրումներ կան՝ այս ասածների պատասխաններն ումի՞ց ենք ուզելու: Մեր գործընկերներն այս մակարդակով և այս ձևո՞վ են խոսում մեզ հետ, շանտաժի այս լեզվով»,-ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ իրենք «Պատիվ ունեմ» խմբակցությանը պարզ հարցադրումներ են արել՝ արդյո՞ք պակասող երկու ստորագրությունը կա գործընթաց սկսելու համար և փողոցային գործընթաց լինելո՞ւ է, թե՞ չէ։ Նա նշեց՝ քանի որ կոնկրետություն չի եղել, իրենք բոլոր պատգամավորների ստորագրությունները հրապարակել են՝ ցույց տալու համար, որ համաձայն են Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը։
«Ասել ենք՝ քանի որ նաև հայտնի չէ, թե երբ է այս գործընթացը սկսվում, հրապարակային կան ստորագրությունները, մի կենտրոնացեք մեզ վրա, եկեք մենք էլ ձեզ հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար, հատկապես, եթե գնում ենք 54-ի հետևից: Դրանից հետո ինչի՞ ենք արժանացել»,-ասաց նա։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ փողոցային պայքարի. ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Ի վերջո, ընտրություններից առաջ շատ բան կպատահի։ Միթե հնարավոր չէ, որ կնքվի կապիտուլյացիայի համաձայնագիր, որն այժմ ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր», – ասել է Սաղաթելյանը։
Այս համատեքստում պատգամավորը չի բացառել իշխանափոխության համար փողոցային պայքարի սկիզբը՝ հավելելով, որ նախևառաջ անհրաժեշտ է պատրաստվել դրան։
Մամուլի ասուլիսը՝ տեսանյութում