Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտասարդների փաստաբանների մամուլի ասուլիսը
14 Հուլիս 2025
Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների մասին փաստաբանների մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ժամանակ փաստաբանները հայտարարեցին, որ ՀՅԴ կուսակցության անդամները ազատ են արձակվել, քանի որ նրանց ձերբակալությունն իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի։ Նրանք ընդգծեցին, որ ձերբակալվածները եղել են անմեղ, և նրանց ազատ արձակումը վկայում է հենց այդ փաստի մասին։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը, անդրադառնալով վերջին ամիսների զարգացումներին, նշեց, որ տեղի ունեցող գործընթացները պատահական չէին․ «Այն, ինչ տեղի է ունենում վերջին մեկ ամսում, կարելի է դիտարկել որպես մեկ միասնական կոմբինացիա։ Բոլոր ձերբակալությունները իրականում մի քանի նպատակ են հետապնդում։ Նախ՝ հանրությանը տպավորություն է տրվում, թե իբր բացահայտվել են ահաբեկչական խմբավորումներ։ Երկրորդ՝ ձերբակալելով որոշ մարդկանց՝ նրանք փորձում են կանխել եկեղեցու հետ կապված հնարավոր դժգոհությունները և դիմադրությունները։ Իսկ Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ ցանկացել են ահաբեկել գործարարներին, որպեսզի նրանք չհամարձակվեն ազատ արտահայտել իրենց դիրքորոշումները»։
Փաստաբանը նաև հիշեց մի դեպք, որն անվանեց զավեշտալի։ Նրա խոսքով՝ ՀՅԴ անդամների թվում ձերբակալվել է մի անձ, որն ընդհանրապես կապ չի ունեցել կուսակցության հետ․ «Այդ մարդը պարզապես սանտեխնիկ է եղել, և ամենայն հավանականությամբ անունների համընկնում է եղել։ Նրան էլ են բերման ենթարկել և պահել 72 ժամ՝ առանց որևէ հիմքի»։
«Գնում է թիրախային պայքար՝ ընդդեմ որոշակի գաղափարախոսության. դա կարող ենք ասել եկեղեցու շուրջ, ազգային մտքի շուրջ, Արցախի շուրջ գաղափարախոսությունն է։ Այն, ինչ համարում ենք ազգային արժեք, կամ որոշակի քաղաքացիների խումբ համարում են ազգային արժեք, դրա շուրջ կամ այդ գաղափարների շուրջ ով համախմբվում է, այդ անձանց դեմ սկսվում է որոշակի պայքար՝ գործարար, փաստաբան, հասարակ քաղաքացի, որևէ կուսակցության անդամ»,- հայտարարեց փաստաբան Մանուշ Եսայանը՝ անդրադառնալով ձերբակալություններին և ազատ արձակումներին։
Ըստ փաստաբանի՝ կատարվողը նաև նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել․ «Երկրորդը՝ վախի մթնոլորտ սերմանելն է։ Ես ևս բազմաթիվ անգամ ասել եմ՝ մենք բացի ստատուս գրելուց և կոչեր անելուց ինչ-որ գործողություններ չենք անում։ Բայց պետք է կարևոր մի բան հասկանալ՝ փաստաբաններն իրենց հերթին աշխատանք են կատարում․ մասնավորապես ես ու իմ գործընկերների մեծ մասը դա անում է անվճար հիմունքներով։ Մենք մեր վարքով, պատրաստակամությամբ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք կանգնել բոլոր քաղաքական կուսակցությունների կողքին, որոնք որոշակի գաղափարական պայքար են մղում և ուզում, որ պետությունում փոփոխություններ լինեն։
Հասարակությունն ինչո՞ւ է այս վախի մթնոլորտը կուլ տալիս և չի ցանկանում դուրս գալ ու իր պայքարը մղել, դա ունի և′ քաղաքական, և′ այլ սուբյեկտիվ խնդիրներ։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջ պայքարը, բոլոր գործերն ունեն մեկ միտում ու նպատակ՝ լռեցնել և թուլ չտալ, որպեսզի այն բոլոր մարդիկ, անձանց խմբերը, որոնք արտահայտվում են իրենց պատկերացումներով պետության օգտին, ազգային գաղափարների շուրջ, օրինական և ժողովրդավար պետության օգտին, այդ անձանց խմբին որոշակի ձևով լռեցնեն, որ այլևս չխոսեն։ Այդ բոլոր գործերն իրար հետ փոխկապակցված են։ Մասնագետ պետք չէ լինել, դա հասկանալու համար»։
Փաստաբան Մկրտիչ Դավթյանի գնահատմամբ՝ այս ամենի նպատակը հայրենասիրական ուժերից ազատվելն է, այն ուժերի, որոնք ապագայում կարող են դեմ գնալ իշխանությունների գործողություններին։ Նա հավելել է, որ ազգային ուժերի ճնշումը նաև թույլ կտա իշխանություններին վերընտրվել 2026 թվականին։
Դավթյանը նշել է, որ իշխանություններին մնացել է իրենց ճանապարհից լուծարել Հայ եկեղեցին և ՀՅԴ «Դաշնակցությունը», մնացած բոլոր ինստիտուտները նրանք հաջողությամբ քանդել կամ շարունակում են քանդել։
Նա կարծում է, որ Հայաստանում օրենքները կիրառվում են ընտրովի։ «Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ ձերբակալման պահից անձը պետք է ապահովված լինի փաստաբանով, այն դեպքում, երբ ՀՅԴ «Դաշնակցության» յոթ անդամների ձերբակալման ժամանակ՝ փաստաբաններին շատ երկար չի թույլատրվել շփվել իրենց պաշտպանյալների մոտ։



