Այս վարչախմբի մատուցածը ոչ թե խաղաղություն է, այլ պարտության ամրագրում
02 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը սեպտեմբերի 2-ի հանրահավաքին
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, Արցախի անկախության 34-րդ տարեդարձին մենք ազգովի կրում ենք հայ ժողովրդի եւ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը տարանջատելու եւ հակադրելու կործանարար քաղաքականության հետեւանքները:
Գործող վարչախմբի մշտական քարոզը եղել է այն, որ ըստ էության հենց այդ իրավունքներն ու անվտանգությունը նույնացնելով է, որ մեր պետությունը ի սկզբանե գնացել է ոչ թե անկախության, այլ դրա կորստի ճանապարհով: Եվ որդեգրվեց «անհրաժեշտ է հրաժարվել Արցախից, որ փրկենք Հայաստանը» կարգախոսը:
Հիմա արդեն անթաքույց խոստովանում են, որ որոշակի զիջումներով կարելի էր խուսափել 44-օրյա պատերազմից: Բայց իբրեւ թե Հայաստանի անկախության համար այս վարչախումբը փաստորեն մտածված մեր ժողովրդին տարել է նվաստացուցիչ պարտության:
Այսինքն, այս վարչախումբը 44 օր գոռալով հաղթելու ենք , դիտավորությամբ հազարավոր մեր եղբայրներին ու քույրերին տարել է մահվան՝ հանուն իր համար բաղձալի պարտության:
Պարտություն, որ ըստ վարչախմբի մեզ պետք էր 29,743 քռ կմ սահմանների վրա իրական անկախություն ունենալու համար: Այս տրամաբանությունը ընդունողներին, եթե նրանք բանականության հետ կապված խնդիրներ չունեն, մի հարց է մշտապես հետապնդելու՝ բա եթե այդպես էր, ինչու այդպիսի «փայլուն մարտավարությամբ» միանգամից չկանգնեցինք այդ 29,743 քռ կմ սահմանների վրա, որ գոնե հիմա էլ դրանից կորուստներ չունենայինք:
Այսինքն սա անգամ հանուն ոչնչի զոհեր չեն , այլ հանուն ինքնաոչնչացման: Պատերազմական կանոններով սա նշանակում է անցնել թշնամու կողմը:
Ուստի, քանի դեռ այս վարչախմբի համար մեր պարտությունն ու կորուստներն են հաջողության հասնելու միջոցը , նրանք ի հեճուկս առողջ տրամաբանության, մեր ժողովրդին պահելու են պարտվելով ու զիջելով իբրեւ թե իրական խաղաղություն կերտելու պատրանքի մեջ, մինչեւ որ իրականություն դառնան թուրք-ադրբեջանական տանդեմի անխտիր բոլոր պահանջները:
Հետեւաբար այս վարչախմբի մատուցածը իրականում ոչ թե խաղաղության, այլ մեր կրած պարտության ամրագրման գործընթաց է:
Դրա համար հետեւողականորեն իրականացվում է պարտվաողականության եւ զիջողականության քարոզչությունը : Ըստ որի, բաղձալի խաղաղության համար կարելի է զիջել այնքան, որ ոչինչ չմնա զիջելու, որ հակառակորդն էլ բան չունենալով քեզնից պահանջել՝ քեզ հանգիստ թողնի:
Սա որեւէ աղերս իրական խաղաղության հետ չի կարող ունենալ, որովհետեւ անիմաստ է խոսել թե այն կայանում է վիճելի հարցերի արդար լուծման եւ ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում:
Առավել եւս անիմաստ է խոսել, որ այն ձեռք է բերվել միջազգային չափանիշներով ընթացած խաղաղ բանակցությունների արդյունքում, քանզի փաստացի դրանք եղել են հանդիպումներ հաղթածի եւ պարտվածի միջեւ, որտեղ հաղթողը պարբերաբար ցուցումներ եւ հանձնարարություններ է փոխանցել պարտվողին առ ի կատարումն որպես տնային աշխատանք:
Եվ ուրեմն, մեծագույն խաբեություն է պարտության ամրագրման այս գործընթացի մի փուլում ձեռք բերված զինադադարը, որպես վերջնական խաղաղություն մատուցելը:
Ավելին, կործանարար է լինելու լիարժեք չերաշխավորված զինադադարի դիմաց մեր սեփական շահերից ու իրավունքներից հրաժարվելը:
Այսպիսի խաղաղություն կոչվածի անխուսափելի հետեւանքը լինելու է հայկական ինքնության եւ հայոց պետականության կորուստը, որովհետեւ խորքի մեջ հենց մեր հայկական ինքնությունն ու հայոց պետականության առկայությունը չի հանդուրժում թուրք- ադրբեջանական տանդեմը, այն համարելով որպես գլխավոր խոչընդոտ պանթուրանական ծրագրերի համար:
Նրանք մշտապես հաշտ չեն եղել հայի մեր տեսակի հետ: Դրա վկայությունն է նաեւ այն, որ չբավարարվելով Արցախի հայաթափումով թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն անցել է Արցախում հայկական հետքի իսպառ վերացմանը:
Իսկ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը որպես դարակազմիկ եւ պատմական խաղաղության հաստատման տոն նշողները փորձում են ապացուցել անապացուցելին, թե խաղաղության առաջացած սպասումը նույնն է, ինչ որ կայուն եւ արդար խաղաղությունը:
Այո, Վաշինգտոնում հանդիպման մասնակից երեք հոգին էլ իրենց ուզածը ստացան. Թրամփը դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակի իրական հավակնորդ, Ալիեւը ստացավ իր բավարարված պահանջների հերթական չափաքանակը, Փաշինյանը ստացավ խաղաղություն թղթի վրա կամ ավելի ճիշտ՝ թղթե խաղաղություն, որն ընտրություններին ընդառաջ իրեն օդ ու ջրի պես պետք է: Եվ այս ամենի համար գին պետք է վճարի մեկը, որն իրականում սեղանի շուրջ ներկա չէր եւ այդ բացական հայ ժողովուրդն էր :
Իհարկե ֆորմալ առումով հայ ժողովրդին ներկայացնողը կար, բայց նրա շահերը պաշտպանողը չկար: Այն պարզ պատճառով, որ նախորդ ընտրությունների արդյունքով այս վարչախումբը բոլորովին այլ բան էր ստանձնել: Կա նաեւ հաստատված կառավարության ծրագիրը, որը վաղուց արդեն չի կատարվում:
Հիմա իրենց ընտրողներին խաբելու են, որ իրար հետ անհամատեղելի դե յուրե հաստատված, բայց դե ֆակտո կատարվող իրարամերժ այս ծրագրերը նույնն են եւ իրենց նոր ու ավելի հզոր մանդատ է պետք սկսածը ավարտին հասցնելու համար: Մեր ժողովուրդը չի կարող, էլ ռեսուրս չունի կրկին խաբեության զոհ դառնալու: Եվ այս վարչախմբից զատ բոլորիս պարտքն է թուլյ չտալ, որ պատրանքային խաղաղության սպասումը գայթակղի ոմանց նպաստելու այս վարչախմբի իշխանության պահպանմանը:
Այս առումով, դարի ձեռքբերում ներկայացվող վաշինգտոնյան պայմանավորվածությունների պարունակած խութերին եւ վտանգներին առավել համապարփակ անդրադառնալու կարիք անշուշտ կա: Նամանավանդ, որ առաջիկայում դեռ պետք է բացահայտել անպատասխան հարցեր եւ անորոշություններ հարուցող համաձայնությունների թաքնված ու խնամքով քողարկված մասը՝ որն ակնհայտորեն շատ ավելի մեծ է քան հրապարակվածը: Եվ այդ անորոշությունները ինչպես մեր դառը փորձն է հուշում մշտապես մեկնաբանվել է մեր շահերի դեմ եւ ուղեկցվել մեր կողմից նորանոր միակողմանի զիջումներով:
Սակայն արդեն իսկ կարելի է արձանագրել հետեւյալը.
– Թղթե խաղաղության եւ ոչնչով չերաշխավորված զինադադարի դիմաց իրացվում է Ադրբեջանի պահանջների հերթական չափաբաժինը:
– Անտեսված են Արցախում իրականացված էթնիկ զտման եւ Ցեղասպանության գործողությունների, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների, այնտեղ պահվող մեր պատանդների, արցախահայության վերադարձի իրավունքի եւ Հայաստանի տարածքների բռնազավթման հետ կապված մեր շահերից բխող բոլոր հարցերը, սակայն դրան հակառակ Ադրբեջանի պահանջով համաձայնեցվում են Մինսկի խմբի լուծարման, միջազգային դատարաններում մեր շահերի պաշտպանությանն ուղղված հայցերը հետ կանչելու հարցերը:
Ինչը պետք է Ադրբեջանին Արցախի հարցը փակելու, հետագայում պատասխանատվությունից խուսափելու եւ իրեն ապահովագրելու համար: Ավելին, Ադրբեջանին ոչինչ չի խանգարելու օրակարգ բերել այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը, հանդես գալ տուժողի դիրքերից եւ Հայաստանից իր տարածքները գրաված լինելու համար՝ պահանջել փոխհատուցում:
– Ադրբեջանին Հայաստանի տարածքով տրամադրվում է «անխոչընդոտ հաղորդակցություն», ինչն իրականում ծառայելու է «թուրանական միջանցքի» գաղափարի իրականացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման հաշվին: Որպես հետեւանք Հայաստանը որպես սուբյեկտ կարող է կորցնել իր նշանակությունը եւ դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ:
-Իրավական անորոշությունները եւ թերի կարգավորումները հակասության մեջ մտնելով մինչ այժմ ընդունված երկկողմ եւ բազմակողմ միջազգային պայմանագրերի հետ անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացնում եւ խարխլում Հայաստանի տնտեսական, պաշտպանական եւ անվտանգային համակարգերը:
Սիրելի հայրենակիցներ,
հայ ժողովրդին հատվածների բաժանելը եւ նրանց իրավունքներն ու շահերը հակադրելը մշտապես եղել է մեր կորուստների եւ պարտությունների հիմնական պատճառը:
Դժբախտաբար, մենք այսօր դա տեսնում ենք արցախահայության հետ պատահածի օրինակով, երբ ունեցանք մի վարչախումբ, որը նպատակադրված հակադրեց Հայաստանի ժողովրդի եւ Արցախի ժողովրդի շահերը եւ կորուստներն իրենց սպասեցնել չտվեցին: Բայց մեր սերունդը ապրել է մի այլ ժամանակ եւս, երբ այդ իրավունքներն ու շահերը նույնացված էին եւ ձեւավորված էր միասնական մեկ ընդհանուր անվտանգային համակարգ:
Երբ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը ուներ ազատ Արցախ եւ ուժեղ Հայաստան ու վայելում էր իր կերտած հաղթանակների բերկրանքը: Սա է միասնության ծնած ուժը եւ ահավասիկ, այսօր՝ պառակտումի բերած ավերը:
Այս փորձառության տեր ժողովուրդը իրավունք չունի չհավատալու իր միասնական ուժի զորությանը եւ թույլ տալու, որ իր հաղթանակները արժեզրկեն կամ այլոց վերագրեն: Ով չի տեսնում, որ դարեր շարունակ մեր ժողովրդի պայքարը մշտապես եղել է որպես իր տեսակի գոյության կռիվ, կամ անտեղյակ է իր ազգի պատմությունից, կամ իր իսկ տեսակը չի կարեւորում, կամ էլ պարզապես հայի տեսակից չէ:
Հիմա էլ հանուն մեր հայկական ինքնության եւ հայոց պետականության պահպանման պայքարը այլընտրանք չունի, որովհետեւ հակառակը՝ Հայաստանի թուրքացումն է:
Իսկ այս վարչախմբի քարոզը, թե իրենց վարած քաղաքականությունը միակ ճիշտն է, իրականում նպատակ է հետապնդում համոզելու հանրությանը, որ Հայաստանի գոյությունը անհնար է առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեհաճության:
Բայց մեր ժողովուրդը գիտի, թե ինչ ավարտ է մեզ համար ամեն անգամ ունենում այդ բարեհաճությանն ապավինելը՝ մի նոր Ցեղասպանություն:
Ուստի, մենք այստեղ ենք՝ վճռականորեն ասելու ո՛չ դանդաղ մահվան դատապարտող այս ծրագրերին: Այստեղ ենք նաեւ ասելու՝ այո՛, հայ ժողովուրդը կարող է եւ ունի հնարավորություն, իր ինքնությունն ու սեփական պետականությունը պահպանելու: Մնում է միայն ունենալ այդ հնարավորությունների տեղն իմացող եւ դրանք իրականություն դարձնող իշխանություն:
Սիրելի հայրենակիցներ,
Մենք նորահայտ փրկիչների կարիքը չունենք:
Մեր միասնությանը եւ հարատեւությանը հասնելու լավագույն բանաձեւը մեզ փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր մեր Սուրբ հայրերի կողմից, որն ասում է. Ազատություն երկրորդական բաներում, Միություն՝ կարեւոր բաներում եւ Սեր՝ ամեն ինչում:
Եւ ուրեմն՝ Միություն, Պայքար, Հաղթանակ:
02 սեպտեմբեր 2025թ.