Ի՞նչ հարված ստացավ Հայաստանը Ացախը հանձնելուց հետո. ի՞նչպես շտկել իրավիճակը
05 Նոյեմբեր 2025
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Արցախը հայության ազգային ինքնության բաղկացուցիչն է՝ որպես հայրենական պայքարի խորհրդանիշ։ Արցախի կորուստը բորբոքեց հայկական ինքնության ճգնաժամ՝ ձևավորելով արմատական անվստահություն պետության անվտանգային ու գաղափարաբանական դերակատարման, միջազգային իրավունքի կառուցակարգերի գործառնության նկատմամբ և հող նախապատրաստեց ներհայկական օրակարգային ու քաղաքական համախմբման քայքայման համար: Ազգային աշխարհաքաղաքական ինքնագիտակցության վերականգնումը ենթադրում է գաղափարախոսական էական վերանայում՝ կարճաժամկետ հատվածում «Արցախը որպես արժեք» պահելով պատմական հիշողության, կրթական և մշակութային դաշտերում, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում՝ Արցախ հավաքական վերադարձի իրավունքն իրացնելու և ինքնիշխանության վերականգնման նպատակով։ Արցախի կորստով Հարավային Կովկասում խարխլվեց ուժերի հավասարակշռությունն ու անվտանգային փխրուն համակարգը: ՀՀ-ն կորցրեց ռազմավարական բուֆերային գոտին, ինչի հետևանքով Սյունիք-Գեղարքունիք գիծը դարձավ առաջնագիծ, հայկական բանակը զրկվեց ռազմավարական խորքից, պաշտպանական բնագծերից և տարածաշրջանային կշռից, ռուս խաղաղապահների ձախողումն ապացուցեց անվտանգության համակարգի կախվածության վտանգը մեկ կենտրոնից, ՀՀ-ն ներքաշվեց ներպետական անկայունության ու քաղաքական համակարգի ճգնաժամի մեջ, հասարակությունը բաժանվեց ոչ թե գաղափարական, այլ հոգեբանական ճամբարների՝ «հաշտվողների» ու «պայքարողների», աճեց ազգային օրակարգի նկատմամբ անտարբերությունը, ինչը թույլ տվեց իշխանությանը մանիպուլացնելու ազգային օրակարգը։
Պետությունը դարձավ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գեոպոլիտիկ առաջնահերթությունները սպասարկող, արձագանքող և ոչ նախաձեռնող, թուլացան ՀՀ տրանսպորտային ու լոգիստիկ դիրքերը, որովհետև կորսվեց Արցախով անցնող վերահսկողությունը, իսկ Սյունիքի նկատմամբ ճնշումը դարձավ աշխարհաքաղաքական շանտաժի գործիք, տնտեսական ներդրումային միջավայրը վատթարացավ անորոշության և անվտանգային ռիսկերի պատճառով։ Սույն հոդվածում քննարկում ենք ազգային վերակազմավորման ծրագրերում Արցախի դերն ու նշանակությունը, հավաքական վերադարձի՝ տունդարձի, հնարավորություններն ու միջազգային բարենպաստ պայմաններից օգտվելու պատեհությունը, ինչը կարելի է դիտարկել Հայաստանը տարածաշրջանում չնահանջող, ուժային ռեսուրս կուտակող և տարածող գործոն դառնալու համատեքստում:
1. Տարածաշրջանային իրադրությունը հետպատերազմյան Արցախի իրադարձությունների լույսի ներքո
Արցախը դարեր շարունակ եղել է և՛ հայկական պետականության ազգային ինքնութենական քաղաքականության մշակման ու առաջմղման առանցքային կենտրոններից մեկը, և՛ ռազմավարական նշանակության տարածք, հատկապես՝ 18-րդ դարավերջից, Կովկասում ռազմավարական հավասարակշռումների համակարգում։
Միջազգային հարաբերությունների համակարգի և կառուցվածքի, գործընթացների շարժառիթների, դերակատարների շահերի ճշգրիտ և անկողմնակալ գնահատումը իրական քաղաքականության՝ ռեալպոլիտիկի համատեքստն օբյեկտիվորեն ընկալելու նախապայմաններից է: ՀՀ անկախության հռչակմանը հաջորդած 3 տասնամյակի ընթացքում Արցախի միջազգային սուբյեկտայնության մակարդակի բարձրացմանն ուղղված համազգային քաղաքական ու լոբբիստական ջանքերի անհաջողությունը, Անկախության հռչակագրում ամրագրված դրույթների անշեղ իրականացման անկարողությունը, ազգային գաղափարախոսության դավանաբանական հիմնադրույթները որպես պետական քաղաքականության գործիքակազմ չորդեգրելը, պետության և սփյուռքի ուժային ռեսուրսի հետևողական կուտակման, դիվերսիֆիկացման և կիրառման հարցում անսկզբունքայնությունը, ցավոք, հանգեցրին ոչ միայն Արցախի միջազգային կարգավիճակի ամրագրման խնդրի հետաձգմանը, այլև տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության՝ ստատուս քվոյի փոփոխմանն ուղղված՝ Ադրբեջանի պատերազմական քաղաքականության վերակենդանացման, ժողովուրդների իրավահավասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման արգելափակման: Այսուհանդերձ, պատերազմով Արցախը, Ադրբեջանին բռնակցելուց հետո էլ, շարունակում է հայ քաղաքական մտքի ու ռազմավարության համար ունենալ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, քաղաքակրթական և տարածաշրջանային նշանակություն՝ ռեգիոնալ երկարատև կայունության, արդար և համապարփակ խաղաղության հաստատման, հարավկովկասյան անվտանգային և աշխարհատնտեսական նոր ճարտարապետության հավասարակշռումներն ապահովելու գործում:
Հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև կայունության, միջազգայնորեն երաշխավորված, կանխատեսելի, վերահսկելի և հուսադրող խաղաղության տեսլականը, ռեգիոնալ տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների ապաշրջափակումից, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ մեգածրագրերի իրականացման խոստումնալից հեռանկարից բացի, չի կարող շրջանցել՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործության և ՀՀ իշխանության անպատասխանատու քաղաքականության պատճառով հայրենազրկված արցախցիների հավաքական վերադարձի՝ միջազգայնորեն ամրագրված իրավունքը: Այս իրավունքի իրացումը մի շարք ոլորտներում ենթադրում է հայկական պետական և ոչ պետական համակարգերի քաղաքական օրակարգերի գաղափարախոսական, ռազմավարական և մարտավարական էական վերանայումներ, մասնավորապես՝ հայկական պետության կենսական՝ ռազմավարական շահերի պաշտպանության համապարփակ համակարգի ներդրման տեսանկյունից:
Արդ, օկուպանտ պետության՝ Ադրբեջանի, նրա ռազմավարական հովանավոր՝ Թուրքիայի, ՀՀ, ռեգիոնալ և միջազգային ազդեցիկ և շահառու դերակատարների համար Արցախը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն, որովհետև՝
1. Արցախը Կովկասի Էներգետիկ և տրանսպորտային ուղիների կարևոր խաչմերուկ է և լուրջ դերակատարություն ունի միջազգային տնտեսական գործակցության և հաղորդակցության ուղիների, Սյունիքի և Իրանի սահմանների հավասարակշռության վրա։ Կարևոր է ընդգծել, որ անկախ գեոպոլիտիկ հետաքրքրությունների և միջնաժամկետ շահերի համադրման իրողությունից, ռազմավարական երկարաժամկետ շահերի համատեքստում, տարածաշրջանային ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը, հիմնականում բախվում են հենց Արցախի տարածքի ռեսուրսային նշանակության շուրջը,
2. Արցախը ՀՀ-ի՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտի, կայացման գլխավոր ազդակն էր և 1990 թ. Անկախության հռչակագրի գաղափարաբանական լոկոմոտիվը: Արցախը հայ ժողովրդի ազգային դիմադրության, ինքնության կարևորագույն խորհրդանիշներից է, իսկ նրա բացակայությունը սպառնալիք ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջության և համապարփակ անվտանգության համար,
3. Արցախի հակամարտության ռազմական փուլի առերևույթ ավարտը դեռևս չի բացառում հակամարտության բանակցային փուլի վերաբեռնավորման օբյեկտիվ հնարավորությունը, ինչը կարող է պայմանավորված լինել` համաշխարհային անվտանգային նոր ձևավորվող ճարտարապետության համատեքստում դրական բազմաբևեռության հրամայականով, ռազմաանվտանգային համագործակցության նոր ձևաչափերի և կոալիցիաների ձևավորմամբ պայմանավորված ռազմավարական և աշխարհաքաղաքական օրակարգերով, ՀՀ իրարահաջորդ իշխանությունների արտաքին քաղաքականության դոկտրինալ փոփոխություններով և միջազգային ու տարածաշրջանային շահագրգիռ կողմերի դիվանագիտական ու ռազմատնտեսական օրակարգերի փոխակերպումներով: Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության տեսլականը չի կարող հուսալի համարվել, եթե հենվում է բացառապես հաղորդակցությունների ապաշրջափակման քաղաքականության և պետությունների սահմանների անձեռնմխելիության սկզբունքի վրա՝ անտեսելով ազգերի իրավահավասարության և ինքնորոշման բնական իրավունքը:
2020 թ. 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում, Արցախում ռուսական խաղաղապահ մանդատի գործառնության վիճարկելի անարդյունավետությունը հիմնականում պայմանավորված էր՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Թուրքիայի և հավաքական Արևմուտքի դերակատարման զգալի մեծացմամբ, Իրանի նկատմամբ համակարգային ճնշումների ավելացմամբ, քաղաքական Շիիզմի ռազմավարական ազդեցության թուլացման քաղաքականությամբ: Արցախի աշխարհաքաղաքական դերի ստվերումն էլ ավելի ընդգծվեց, Ռուսաստան-Ուկրաինա ռազմագործողությունների համատեքստում, Հարավային Կովկասում հակառուսաստանյան ճակատ չբացելու՝ Մոսկվայի և ՀՀ իշխանությունների ոչ միարժեք ռազմադիվանագիտական մոտեցումների սինքրոնացմամբ։ Ադրբեջանի միակողմանի քայլով 2022 թ. դեկտեմբեր–2023 թ. սեպտեմբերին արգելափակվեց Բերձորի միջանցքը, հակառակ միջազգային տարբեր կազմակերպությունների և ուժերի դատապարտող կոչերին՝ դադարեցնելու խաղաղ բնակչության դեմ բռնաճնշումները, ինչն իր հերթին չհանգեցրեց կոնկրետ լուծումների և տարածաշրջանային կայունությունը շարունակեց խարխլվել։
Ադրբեջանը, տեսնելով միջազգային հանրության ոչ գործուն պահվածքը, 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը լայնածավալ պատերազմ վերսկսեց Արցախի դեմ՝ թիկունքին ունենալով Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի և վարձկանների աջակցությունը, ՀՀ իշխանության՝ Արցախի անվտանգային երաշխավորի դերից հրաժարվելու խոստումն ու գործնական դրսևորումները։ Այսուհանդերձ, չհասնելով ռազմական լուրջ հաջողությունների՝ Ադրբեջանը որոշեց հայրենազրկել 120 հազար արցախցու՝ հետպատերազմյան տարածքային վերահսկողությունը տարածելով արդեն Արցախի ամբողջ տարածքի վրա:
2- Արցախի տնտեսությունը և նրա ազդեցությունը ՀՀ տնտեսական անվտանգության վրա։
Մինչև 2020 թ. Արցախի տնտեսությունը հետևյալ հիմնական ճյուղերի վրա էր հենված՝ գյուղատնտեսություն, փոքր և միջին արդյունաբերություն, սննդի վերամշակում, տարբեր ծառայություններ, հանքարդյունաբերություն, էներգետիկ զարգացած համակարգ և շուկայական կապեր Հայաստանի հետ։
Փաստ է, որ տնտեսական անվտանգությունը համալիր միջոցառումների ամբողջական իրականացում է, որն Արցախում ավելի լուրջ քաղաքականության պետք է վերածվեր զարգացման ավելի արագ տեմպեր ապահովելու համար, քանզի այն տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչն է:
Ցավոք, անկախության տարիներին ՀՀ և ԱՀ միջև տնտեսական միասնական կուռ համակարգ չստեղծվեց, այլ պարզապես գոյություն ունեին առևտուր և տնտեսական կապեր Արցախի և ՀՀ միջև, որոնք էլ գերազանցապես սահմանափակվում էին Երևանով։ Չկային նաև ՀՀ տնտեսական օղակների մասնաճյուղեր Արցախում, որոշ բանկային համակարգերից բացի։ Սակայն, այս ամենով հանդերձ, Արցախի նշանակությունը ՀՀ-ի համար տնտեսական անվտանգության առումով շատ մեծ էր և շարունակում էր աստիճանաբար մեծանալ։ Հետևաբար Արցախի կորուստը լուրջ ազդեցություն ունի նաև ՀՀ տնտեսական կառուցվածքի և տնտեսական անվտանգության վրա։
Այսպես, մինչև 2020 թ. Արցախի տնտեսությունն ուներ որոշակի ինքնաբավություն։ Ինչպես նշեցինք, Արցախն ուներ զարգացող գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, էներգետիկ մեծ ներուժ: Ցավոք, այսօր այդ ամենը կորսված է։
Չնայած Արցախի տնտեսությունը շատ մեծ չի եղել, բայց 2019 թ. 337 միլիարդ դրամի համախառն ներքին արդյունք է ունեցել։ Ուներ պետությանը հարիր իր ինքնաբավությունը. մոտ 150․000 բնակչությամբ Արցախի տնտեսության կառուցվածքը՝ արդյունաբերությունը, առանձնապես հանքարդյունաբերությունը, տնտեսության համամասնության մեջ 29-30 տոկոս էին կազմում, իսկ գյուղատնտեսությունը՝ 10-13 տոկոս։ Արցախը պարենային անվտանգության առումով շատ մեծ նշանակություն էր ունեցել ՀՀ-ի համար։ ՀՀ և Արցախի Հանրապետության հացահատիկի տարեկան սպառումը եղել է մոտ 1 մլն տոննա, իսկ Արցախն արտադրել է շուրջ 100-120 հազար տոննա, ՀՀ-ն՝ 200-220 հազար տոննա, մնացածը ներմուծել ենք։ Արցախի կորստով՝ միայն հացահատիկի արտադրության բնագավառում, ունենք արդեն 100-120 հազար տոննա պակասորդ։ Էներգետիկայի ոլորտում Արցախն ինքնաբավություն է ունեցել էլեկտրաէներգիայի առումով, և ՀՀ-ն 2016-20 թթ. հոսանք է ներկրել Արցախից, որը կազմում էր 220 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Արցախն ունեցել է 37 հիդրէլեկտրակայան։
Արցախն ուներ ջրային մեծ պաշարներ, որոնք գերակշռում էին Քարվաճառի և Մարտակերտի շրջաններում։ Քարվաճառի շրջանի ջրային պաշարները մեծ նշանակություն ունեին նաև Սևանա լճի ավազանի համար։ Ադրբեջանցիները նպատակ են դրել ջրային ռեսուրսներից զրկելը դարձնել Հայաստանի վախճանի սկիզբը՝ փոխելով նաև Քարվաճառի մի շարք գետերի հունը։ Հետաքրքիր է, որ վերջերս Էրդողանը հայտարարել է, որ ապագան պայքարն է ջրային ռեսուրսների համար։ Այո, Քարվաճառը առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ուներ ՀՀ-ի համար։
Շատ կարևոր էր նաև Արաքս գետի ջրային պաշարների օգտագործումը հարավային շրջանի վերաբնակեցման և գյուղատնտեսության զարգացման համար, մասնավորապես հացահատիկի արտադրության, նռան և խաղողի այգիների հիմնման համար, որի գործընթացն արդեն սկսվել էր։ Առանձնացնենք հատկապես Իրանի հետ համատեղ պայմանավորվածությամբ Քաշաթաղի հարավային շրջանում ջրամբարի կառուցումը, որն առանձնապես Սյունիքի մարզի համար գյուղատնտեսական մթերքների և ձկնեղենի արտահանման նոր աղբյուր կծառայեր։ Ի դեպ, Արցախի Հանրապետությունը մոտ երեք անգամ ավելի երկար սահման ուներ Իրանի հետ, քան ՀՀ-ն։
Չմոռանանք նաև նշել, որ Արցախն ուներ դեռևս չշահագործված հսկա քարածխային պաշարներ։
Արցախում ստեղծված էին նաև ավելի բարենպաստ պայմաններ ներդրումների համար։ Օրինակ, եթե զուգահեռներ անցկացնենք ՀՀ-ի հետ, Արցախում հարկային քաղաքականությունն ավելի նպաստավոր էր արտաքին ներդրումների համար։
Արցախի կորուստը, տնտեսականից բացի, լուրջ հարված էր համահայկական միասնականությանը, ազդեցիկ գործոն ՀՀ-ի առանց այդ էլ պառակտված հասարակության ավելի մեծ պառակտման հարցում, ինչպես նաև սփյուռք-Հայաստան հարաբերությունների խոր անդունդի ստեղծման համար, առանձնապես եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ իշխանության կողմից փորձ կատարվեց ժխտել Հայոց ցեղասպանությունը, այդ թվում նաև՝ Արցախում կատարված ցեղասպանությունը։ Արցախի հարցը հանվեց ՀՀ իշխանության օրակարգից։ Հետևաբար, այս ամենը նորից ունենալու համար առաջնահերթ է Արցախի վերադարձի հարցը։
Արցախ վերադարձի ռազմավարություն
Արցախ վերադարձը շատ բարդ խնդիր է, և դրա իրականացման համար պետք է ճիշտ ռազմավարություն և մարտավարություն մշակել՝ ստեղծելով համապատասխան մեխանիզմներ։
Արցախի հարցով երեք մակարդակում ունենք լուրջ աշխատանքներ՝
ա. ներհայկական,
բ. ներհայաստանյան, որի վերաբերյալ իշխանության մոտեցումները ոչ միայն չեն համընկնում ներհայկականի հետ, այլև հակադիր են,
գ. արտաքին ճակատում, որտեղ իր առաքելությունն է իրականացնում Հայ դատի համակարգը։
Գտնում ենք, որ Արցախ վերադարձի ռազմավարության ամենահիմնական պայմաններն են.
● պետք է առաջնորդվել արցախցիների հավաքական վերադարձի գաղափարով։ Շեշտենք, որ ովքեր այս գաղափարին դեմ են՝ նրանք դեմ են և՛ հավաքական մտքին, և՛ համահայկական միասնությանը, և՛ հավաքական, համահայկական միասնական գործողություններին։ Հավաքական վերադարձի մասին խոսելիս իշխանությունը և նրա արբանյակները փորձում են մեղադրել մեզ զգացմունքային և ոչ պրագմատիկ լինելու մեջ, բայց իրականում հենց իրենք են, որ ոչ մի կապ չունեն պրագմատիզմի հետ։
● Ներհայկական տիրույթում պետք է լինի կոնսենսուս, ասինքն, հավաքական վերադարձի նախապայմաններից մեկը պետք է լինեն ոչ միայն արտաքին ճակատում կատարվելիք համահայկական աշխատանքները, այլև արցախցիների հավաքական վերադարձի հարցը։ ՀՀ-ում անհրաժեշտ է, որ լինի քաղաքական ուժերի և ներհասարակական կոնսենսուս, իսկ դրա համար պետք է նախ հայտարարել, որ Արցախի հարցը չի փակվել, այնուհետև տարբեր ձևաչափերով քննարկումներ սկսել հավաքական վերադարձի թեմայով՝ խորհրդարանական, ներհասարակական, ակադեմիական, ուղեղային կենտրոնների հետ և այլն։ Այդ նպատակով, որպես առաջին քայլ, համահայկական ուժերով՝ ի հեճուկս իշխանության, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել արցախցիների համար ՀՀ-ից չարտագաղթելու համար։
● Պետք է հստակ գիտակցել, որ արցախցիների հավաքական վերադարձով կկանխվի նաև Երրորդ հանրապետության կործանման հավանականությունը, որի շեմին ենք։ Արցախյան շարժումը եղել է այն շարժիչ ուժը, որի շնորհիվ Հայաստանն անկախացավ և ստեղծվեց Երրորդ հանրապետությունը, այլապես դեպքերը կարող էին այլ ընթացքով զարգանալ։
● Հույսը չկապել այլ ուժերի հետ՝ դիտելով նրանց որպես հիմնական գործոն, այլ հարաբերվել այդ ուժերի հետ՝ հաշվի առնելով մեր նպատակի ռազմավարությունը։
● Պետք է պայքարել ունենալու համար վերադարձի անվտանգության բարձր մակարդակ։
● Դաշնակիցների հետ հարաբերությունները պետք է վերականգնել, և ընդհանրապես ուղեցույց դարձնել այն, որ հնարավոր է որևէ ուժի հետ հարաբերություններն ուժեղացնել կամ թուլացնել, բայց նրան թշնամի չպիտի դարձնել։
● Միաժամանակ պետք է լրջորեն հաշվի նստել աշխարհաքաղաքական դերակատար ուժերի և նրանց քաղաքականության ամենօրյա փոփոխությունների հետ։
● Վերադարձի հիմնական պայմաններից է նաև այն, որ ՀՀ-ն պետք է ունենա այնպիսի իշխանություն, որը լինի դե յուրե և դե ֆակտո ՀՀ-ն լիիրավ տնօրինողը և ոչ թե ամբողջովին ղեկավարվի «դրսից»՝ այս կամ այն ուժերի կամ պետությունների կողմից։
● ՀՀ-ն պետք է ունենա այնպիսի բանակ, որն ի վիճակի է ետ մղելու սահմանների վրա տեղի ունեցող ցանկացած ագրեսիա մինչև սահմանագծում և սահմանազատում կատարելը, իսկ այն պետք է իրականացնել ազգային շահի ամրապնդման համար և ոչ թե կապիտուլյացիոն ձևով։
● Առավել կարևոր է Արցախի կարգավիճակի հարցը, Արցախը պետք է ունենա առնվազն ժամանակավոր կարգավիճակ՝ առանց Ադրբեջանի ենթակայության։
● Արցախ վերադարձի հիմնական պայմաններից են Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ազգային շահերի ամբողջական գիտակցումը և իրացումը։ Արցախցիների հավաքական վերադարձի հարցը պետք է դիտարկել որպես համահայկական թիվ մեկ խնդիր, որովհետև, եթե համահայկական կոնսենսուս չլինի, իսկ լինել նշանակում է ռեսուրսների, կամքի համադրում, ապա անիմաստ է խոսել մնացած բաների մասին, իսկ եթե ՀՀ-ն, որպես համայն հայության պետություն չլինի նախանձախնդիր, ապա այդ հարցը բարձրաձայնելով շատ ավելի նվազ կլինի ակնկալվող արդյունքը։
● Տակտիկական քայլերից առավել հրատապ է այն, որ Արցախ վերադառնալու հարցի շուրջ պետք է ստեղծել համահայկական մարմին, որը խթան կհանդիսանա նաև համահայկական վերածննդի ապահովման համար։
● Այսօրվա իշխանության քաղաքականության դեմ հանդես եկող բոլոր կուսակցությունները նախընտրական իրենց ծրագրերում պետք է ունենան Արցախի հարցի լուծման հատուկ բաժին։
Հետևաբար, վերադարձ կլինի, եթե առնվազն վերոհիշյալ պայմաններն ապահովվեն։ Վերադարձի համար ներկա իրավիճակում մարտավարությունն առաջնային է, որովհետև ռազմավարությունն ավելի երկար ժամանակի համար է, և մենք իրավունք չունենք պահը կորցնելու։ Միաժամանակ պետք է այդ իրավունքը վաստակել։ Ուրեմն, անհրաժեշտ է ներքին վերադասավորումներ կատարել, առաջին պլան մղել արժեքային համակարգը և կասեցնել ազգայինի արժեզրկումը։
Արժեքային համակարգը միշտ ընդգծված է եղել արցախցիների մոտ, որովհետև արցախյան շարժումը սկսվել է հանուն արժեքների, հանուն ինքնության պայքարի։ Արցախցին, իր ինքնությունը պահպանելու համար կռվել է ոչ միայն զենքով, այլև տնտեսությամբ, քաղաքականությամբ, մշակույթով։ Սա նշանակում է, որ արցախցին համոզմունք և հավատ ունի, որ վերադառնալու է Արցախ, ապրելու է Արցախում և նորից պաշտպանելու է հայոց հողը։ Բայց Արցախյան շարժումը միշտ ուղեկցվել է համահայկական համախմբվածությամբ, և այսօր արցախցին հուսալքված է այդ համախմբման բացակայությունից։
Աքսիոմ է, որ Արցախը պարտվեց աշխարհաքաղաքական իրողությունների և ՀՀ ղեկավարության դիրքորոշման հետևանքով, ասել է թե ռազմաքաղաքական խարդավանքների պատճառով։ Արժեքային համակարգը, մեղմ ասած, երկրորդ պլան մղող ՀՀ իշխանությունները, բնական է, չկարողացան կամ չուզեցին պաշտպանել Արցախը և՛ պատերազմում, և՛ դիվանագիտության ասպարեզում։
Հետևաբար կարելի է հանգել հետևյալ եզրակացության
Արցախի էջը փակված չէ, ավելին, 1918 թ. սկսած արցախյան շարժման 7-րդ հանգրվանի էջը նոր է բացվում՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակում և ավելի խորը շերտերով։
Արցախի էջը կփակվի այն ժամանակ, երբ ինքներս այն փակենք։
Հետևաբար, ի՞նչ խնդիրներ են դրված, Հայաստանն ի՞նչ պատասխանատվություն պետք է ունենա և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Արցախի հարցի կարգավորման ու երկարատև խաղաղության հաստատման համար։ Առաջնահերթ խնդիրները հետևյալն են.
● Հայաստանը պետք է վերականգնի իր անվտանգության համակարգերը, որոնք հիմնականում զինված ուժերն են և արտաքին բաղադրիչը։
● Այսօր ՀՀ ղեկավարության համար առաջնահերթ խնդիր պետք է լիներ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որովհետև վերոհիշյալ գործընթացով Ադրբեջանը նպատակ է դարձրել մեղադրելու ավելի շատ ՀՀ-ին։ Հիշենք նաև, որ գերիների մեջ կան մարդիկ, ովքեր բանակցել են ԵԱՀԿ խմբի ներկայացուցիչների հետ, իսկ դա նշանակում է, որ դատավարությունը քաղաքական է և պետք է լուծվի քաղաքական ձևով։ Ադրբեջանը, սակայն, փորձում է նրանց մեղադրել որպես ահաբեկիչների կամ քրեական հանցագործների։ Այսինքն՝ ստացվում է, որ ԵԱՀԿ խմբի անդամները հանդիպել են քրեական տարրերի հետ։ Որեմն, ՀՀ-ն պետք է քաղաքական գործընթացի կարգավորման նախաձեռնությունը վերցնի իր վրա։
● ՀՀ-ն պետք է միջազգային ասպարեզում առաջ քաշի արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը՝ արժանապատիվ, անվտանգ, հավաքական վերադարձի համար։ Սա իրական ռեալության ճանապարհն է։ Հատկանշական է, որ վերադարձի մասին խոսում են երեք համանախագահ երկրներն էլ, նույնիսկ Ադրբեջանը։ Վերադարձի մասին միայն երկու պետություն չի խոսում՝ Հայաստանը և Թուրքիան, որոնք նաև Մինսկի խմբի ձևաչափի անդամ երկրներ են։ Հետևաբար, ՀՀ իշխանությունները հավաքական վերադարձի հարցը պետք է ներառեն արտաքին քաղաքականության օրակարգ, բայց ոչ թե միայն որպես մարդու իրավունքների հարց, այլ Հայաստանը պետք է որպես սկզբունք հռչակի, որ Արցախի հարցը հայկական պետության լինելիության հարց է և ըստ այդմ էլ սկսում է նախ՝ երկխոսություն, իսկ հետո վերջինիս կհաջորդեն բանակցությունները։ Պրագայից շատ առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նշաձողը պետք է իջեցնենք Արցախի հարցում, և այդ կետից սկսեց ձևավորվել ներկա վիճակը։
Այո, արցախցիների խնդիրը մարդու իրավունքների խնդիր է թե՛ անհատական, թե՛ հավաքական իմաստով, և այն զուտ տարածքային խնդիր չէ։ Ուրեմն մենք պետք է Արցախի հարցն օրակարգ բերենք այս ձևաչափով։ Երկրորդ խնդիրը՝ արցախյան կարգավորման խնդիրն է, որի արդարացի կարգավորումը կստեղծի տարածաշրջանային կայուն և երկարատև խաղաղություն։ Դիվանագիտության մեջ աքսիոմ է, որ «եթե արդարության խնդիրը խախտված է՝ իրավիճակը չի հանգեցնում երկարատև խաղաղության»։ Մի շարք միջազգային կառույցների և տարբեր երկրների խորհրդարանների որոշումներն ապացուցում են, որ ՀՀ իշխանությունները պարզապես ստում են, ասելով թե աշխարհը մեզ չի ընդունում։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով ատելությունն ավելի խորացավ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև և ոչ թե հակառակը։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ արցախցիները փոխհատուցում չեն պահանջում, այլ պահանջում են վերադարձ։ Բռնի տեղահանմամբ, էթնիկ զտմամբ, ցեղասպան գործոններով չի կարելի արցախյան հարցը փակել։
Այսօր հայ ժողովրդի պատմության մեջ շատ պատասխանատու հանգրվան է։ ՀՀ իշխանություններն օրակարգային հարց դարձրին Արցախի էջը փակելը։ 17 կետից բաղկացած խաղաղության փաստաթղթի նախագծում Արցախի անունը իսպառ բացակայում է, և խոսք անգամ չկա արցախցիների իրավունքների մասին։ Արցախյան խնդիրը միայն քաղաքական չէ, այլ նաև արժեքային, բարոյական, տնտեսական, անվտանգային, գոյաբանական, ինքնության համար պայքարի խնդիր է։ Այն տարածաշրջանային կայուն զարգացման կամ քաոս ստեղծելու գործոն է, որը կարող են հրահրել արտաքին մի շարք ուժեր։
Հետևաբար, մենք չպիտի սևեռվենք միայն իշխանության դիրքորոշման վրա, որովհետև ցանկացած իշխանություն ժամանակավոր է և կարող է իր սխալ դիրքորոշման պատճառով անդառնալի կորուստներ պատճառել հայրենիքին։ Օրինակ, խաղաղության պայմանագիր փորձել կնքել առանց միջնորդների, ընդ որում՝ պարտված վիճակում և հաշվի չառնել հակամարտող գերտերությունների, առավել ևս սեփական երկրի ազգային-արժեքային շահերն անմտություն է, ընդ որում՝ թշնամի-հարևանը բարի կամք չունի իրական խաղաղության հասնելու և նույնիսկ քննարկելու Արցախի հարցի լուծման տարբերակները։ Այս դեպքում Արցախի էջը փակելը հավասարազոր է մի այլ էջի բացմանը՝ օրիակ, Սյունիքի կամ էլ Ադրբեջանի կողմից թմբկահարվող, այսպես ասած՝ «Արևմտյան Ադրբեջանի»։
Այսինքն, ՀՀ իշխանությունները փակում են մեր էջը և բացում թշնամու թելադրած բոլոր էջերը, որոնք էլ Ադրբեջանի արտաքին ակնկալիքներն են։ Իսկ որո՞նք են Ադրբեջանի ներքին ակնկալիքները։ Ադրբեջանն իր քաղաքականության հաջողության համար ցանկանալու է հասնել արտաքին լեգիտիմության՝ Արցախի հարցը պետք է պատշաճ կերպով մատուցել աշխարհին։ Դրա համար շատ վտանգավոր է ՀՀ իշխանությունների կողմից ժողովրդին հրամցվող այն գաղափարը, թե մենք մենակ ենք և թույլ։
Հիշենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ թևածող՝ «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» կարգախոսը։ Այդ գաղափարը մատուցվում է նաև հիմա։ Փաստորեն 44-օրյա պատերազմում պարտության պատճառներից է նաև այն, որ կուլ տվեցինք վերոհիշյալ քարոզչական խայծը, քանի որ Արցախին հնարավոր չէր զենքով հաղթել։ ՀՀ իշխանություններից դե ֆակտո լքված ու պատերազմելով ավելի քան երեք պետությունների դեմ Արցախը կորցրեց իր տարածքի մոտ 30 տոկոսը, իսկ 70 տոկոսը հանձնվեց թշնամուն գրչի հարվածով։ Վերոհիշյալ քարոզչության հիմնական թեզերը հետևյալն էին. մենք անպաշտպան ենք և մեզ դավաճանել են։ Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ի պատերազմին նախորդեց 10-ամսյա շրջափակումը, ՀՀ զինվորների դուրս բերումը և Արցախին անպաշտպան թողնելը, ընդ որում, այդ պատերազմում միայնակ մնացած Արցախից թշնամուն հաջողվեց, ինչպես նշեցինք, գրավել ընդամենը 7 գյուղ։ Տեսնելով, որ պատերազմով հնարավոր չէ անկոտրում Արցախին ծնկի բերել, գործի դրվեցին քաղաքական խարդավանքները՝ ՀՀ իշխանությունների մասնակցությամբ։ Արցախը չդիմացավ թիկունքից դավաճանական հարվածին, և 2023 թ. սեպտեմբերի 20-ին ավարտված պատերազմից յոթ օր հետո՝ սեպտեմբերի 27-ին սկսվեց արցախցիների բռնագաղթը. ունեցանք այն, ինչ որ ունենք։
Փաստ է, որ ռուսական խաղաղապահ ուժերն իրենց խնդիրը չեն կատարել, և դա տապալված առաքելություն էր, բայց նաև պետք է նշել, որ վերջին օրերի բռնագաղթը կարող էր լինել ցեղասպանության ցայտուն դրսևորումով, ինչպես հաճախ նշում էր Նիկոլ Փաշինյանը, և այս կարճ ժամանակաընթացում խաղաղապահ ուժերն ունեցան ուրույն դրական դերակատարություն։
Ինչպե՞ս վերացնենք այս վիճակը, և ով պետք է այն շտկի։ Լուծումը հետևյալն է.
● ՀՀ նոր կառավարությունն իր համապատասխան արտասահմանյան պատվիրակությունների կազմում պարտադիր պետք է ընդգրկի արցախցի դիվանագետների։
● Իշխանության համար պայքարող բոլոր կուսակցությունների ծրագրերում պետք է ներառվի Արցախի հարցի լուծման տեսլականը։
● Արցախի համար պայքարը պետք է դառնա յուրօրինակ մանիֆեստ բոլորի համար։ Վերոհիշյալ պարագայում հայ ժողովրդի համար աքսիոմա կդառնա այն գաղափարը, որ Ադրբեջանի նկրտումները չեն ավարտվում Արցախով, հետո կշարունակվի անկլավներով, Սյունիքով, Սև լճով, Զովքով, Գեղարքունիքի սահմաններին մոտենալով, Վայքով, ռուսական և իրանական գազի կասեցումով ու ադրբեջանական գազի ներմուծումով, և այս գործընթացն անվերջ շարունակվելու է, իսկ այսօրվա քաղաքականությամբ ՀՀ իշխանությունները յուրովի «հրավիրում» են թշնամուն իր նպատակներն իրականացնելու, որովհետև այդ քայլերը չկասեցնելու դեպքում կդրվի Հայաստանի վախճանի սկիզբը։ Բոլորիս պարզ է, որ փոքր պետությունները, երբ սկսում են հակադրվել մեծերին, կործանվում են։ Պատկերացնենք օրինակ, ռուսական մատակարարման փոխարեն գազի մատակարարում Ադրբեջանից։ Ուկրաինայի նման մեծ պետությունը փորձեց նման ճանապարհով գնալ, և դրա հետևանքները ակնհայտ են։
Հետևաբար, ոչ միայն Արցախի ազատագրման, այլև կործանման ճանապարհի վրա գտնվող Հայաստանի փրկության ու հզորացման միակ պայմանը համահայկական կոնսենսուսն է, ազգային վերածնունդը և իշխանափոխությունն ու ազգային-ժողովրդավարական կառավարության կազմումը:
Աբրահամ Գասպարյան
Արմեն Սարգսյան
