Գործարքային գիտելիք, հացով պայմանավորված հայրենիք. վտանգավոր ուղերձ ապագայի սերնդին
04 Նոյեմբեր 2025
Այսօր հայ իրականության մեջ ամեն պահի բախվում ես նույն խնդրին, երբ կրթությունը կորցրել և կորցնում է իր հոգևոր, բարոյական ու հասարակական արժեքը, խորությունը՝ ստեղծելով վտանգավոր աշխարհայացք և ընկալում նոր սերնդի համար։
«Լա՛վ սովորիր, որ լա՛վ ապրես»: Ահա այսպիսի ուղերձ է փակցված Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում։ Առաջին հայացքից թվում է պարզ, անգամ ճիշտ ու մոտիվացնող ուղերձ աշակերտների համար, բայց…
Ի՞նչ է նշանակում՝ լավ ապրել, ի՞նչ պիտի հասկանա երեխան այս կարգախոսից՝ նյութական բարեկեցությո՞ւն, ապահովությո՞ւն։ Իսկ եթե երեխայի մոտ սովորելը դժվար է ստացվում, երեխան կարող է մտածել՝ ուրեմն ես լավ չեմ ապրելու, ինչը կծնի վտանգի զգացողություն, տագնապ, անհարկի համեմատություններ։
Իսկ ամենավտանգավորն այն է, որ գիտելիքը դառնում է գործարք, այլ ոչ թե արժեք. սովորում ես ՝ փոխարենը ստանում ես լավ կյանք։ Երեխան սկսում է սովորել ոչ թե հետաքրքրությունից, աշխարհը ճանաչելու, բացահայտելու, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ցանկությունից, ընդհանուրի կյանքում իր նպաստն ունենալու, իր լուման ներդնելու, կյանքում որևէ բան դեպի ավելի լավը, գեղեցիկն ու արժեքավորը փոխելու մղումից դրդված, այլ պարզապես իր ես-ի բարգավաճման՝ բարեկեցության համար։ Այդ կարգախոսը հուշում է, թե սովորելը կարևոր է միայն անձնական «լավ կյանքի» համար, բայց ոչ անձի զարգացման, ընդհանուրի բարիքի, հայրենիքի կամ հասարակության զարգացման համար։
Իսկ որոնք են բացասական հետևանքները՝
• կորչում է կրթության իրական նպատակը՝ ազատ մտածող, ստեղծագործ, պատասխանատու անձ -քաղաքացի ձևավորելու նպատակը,
• զարգանում է խեղված աշխարհայացք, երբ գիտելիքը հավասարվում է միայն անձնական հարմարավետությանը,
• ձևավորվում է անհանդուրժողականություն ու մրցակցային ագրեսիա՝ «ես սովորեմ, որ ես լավ ապրեմ, իսկ մյուսի մասին մտածելը բնավ կարևոր չէ»,
• այս միտքը հանգեցնում է օտարման հասարակությունից և խորացնում է նյութականացված մտածողությունը՝ կյանքի իմաստը իջեցնելով միայն նյութականի մակարդակին։
Լավ ապրելու նպատակի եսապաշտականացման ստվերում է մնում արժանապատիվ ապրելու գաղափարը, որն է՝ դիմացինին օգնելը, աջակցելը, հոգատարությունը՝ հասարակության մեջ արժանապատիվ դիրք ու մասնակցություն ունենալը, բարոյական դիմագծով պիտանի և իրավագիտակից քաղաքացի լինելը, պարտականության ու պատասխանատվության գիտակցությունը նախ՝ քո երկրի, հետո՝ աշխարհի հանդեպ։ Արժանապատիվ ապրելը նաև քո ներդրումն ու մասնակցությունն է ընդհանուրի բարգավաճման ու զարգացման գործում։
Ոչ ոք չի քննարկում ուսման կարևորության հարցը, ճիշտ հակառակը՝ սովորելը, լավ սովորելը կենսական է և միշտ պարտադիր, այլ ոչ երբեք նորաձև, ինչը քարոզվում է երկրի ներկայացուցիչ հանդիսացող տիկնոջ կողմից։ Ում համար կրթությունն ու նորաձև կոշիկը գտնվում են նույն հարթության վրա, ով թերևս չի ըմբռնել, որ նորաձևությունն ու կրթությունը աղերս չունեն իրար հետ, որ չի կարելի պարզունականացնել կրթության խորքային արժեքը, քանի որ կրթվելը չպետք է լինի միայն ժամանակավոր միտում, այլ մարդու ներքին անհրաժեշտություն ու երկարաժամկետ ներդրում։ Այն, ինչը նորաձև է այսօր, վաղը կարող է հնանալ, իսկ կրթությունը անցողիկ երևույթ չէ, այն կոշիկ ու հագուստ չէ, այլ հիմնարար արժեք։ Ուստի կրթությունը ոչ թե նորաձև է, այլ անհրաժեշտություն, ու ոչ թե լավ պիտի սովորես, որ լավ ապրես, այլ լավ պիտի սովորես, որ ձևավորես ազատությունն ու կերտես ապագան, քանի որ սովորելով, գիտելիք ու հմտություններ ձեռք բերելով է, որ մարդը ոչ միայն ճանաչում է իրեն շրջապատող աշխարհը, հասկանում երևույթները, այլև ձևավորվում ու կայանում է որպես մտածող անձ, իրավագիտակից ու կարողունակ անհատ՝ բարոյական բարձր արժեհամակարգով, գիտակցումով ու պատասխանատվության զգացումով։ Այլապես խոսքը սովորելը լավ ապրելուն զուգահեռ ներկայացնելու մասին է, ինչը ստվերում է բազմաթիվ կարևոր որակներ, նեղացնում կրթության իմաստը։
Մյուս կողմից, մեր իրականությունը վառ ապացույցն է այն երևույթի, երբ վատ սովորած ու անգամ չկրթված անձն այսօր շատ լավ ու բարեկեցիկ է ապրում (պարզ օրինակը վերջերս ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված անձն է, ով ո՛չ բարձրագույն կրթություն ունի, ո՛չ բավարար մասնագիտական փորձ ու որակներ), իսկ լավ սովորած բազմաթիվ անձինք ոչ միայն չեն գրավել իրենց տեղը, այլև նյութական կարիքի մեջ են։ Սա ևս հիասթափեցնող հանգամանք կարող է լինել աշակերտի համար, ում շուրջը բազմաթիվ են նման օրինակները, երբ լավ սովորած անձինք շատ վատ են ապրում։ Կամ էլ ստացվում է, որ մեր հասարակության մեջ, մեր երկրում մարդիկ վատ են ապրում, (նշենք, որ Հայաստանում վատ է ապրում ամեն երկրորդ քաղաքացին, դա էլ «մեղմացրած» տվյալներով) ոչ թե անարդար ու կոռումպացված համակարգի պատճառով է, այլ որովհետև վերջիններս ժամանակին լավ չեն սովորել։ Թերևս սա էլ միտում է։
Չխոսենք արդեն պարտականությունների մասին, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլվում այս բանաձևի մեջ, օրինակ՝ բանակում ծառայելը, հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցումը։
«Լավ սովորիր, որ լավ ապրես» արտահայտությունը կրթության իմաստը ներկայացնում է միայն գործնական ու օգտապաշտական տեսանկյունից. կարծես սովորելու նպատակը միայն անձնական բարեկեցությունն է։ Բայց կրթությունը շատ ավելի լայն իմաստ ունի. այն ձևավորում է մարդու արժեքները, սովորեցնում է լինել պատասխանատու քաղաքացի, մտածել ոչ միայն իր, այլև հասարակության ու պետության մասին։ Եթե մենք սովորելը պայմանավորենք միայն «լավ ապրելու» նպատակով, ապա մղում ենք մարդուն օգտատիրական մտածելակերպի, որտեղ արժեքները, պարտքի զգացումը և համընդհանուրին ծառայելու ցանկությունը հետին պլան են մղվում։ Իհարկե, կարելի է լավ ապրել և միաժամանակ չմոռանալ ընդհանուրի մասին, բայց տվյալ արտահայտությունն ինքնին չի առնչվում այդ երևույթի հետ՝ այն սահմանափակում է կրթության իմաստը միայն անձնական շահով։
Հատկանշական է, որ այդ ուղերձը փակցված է հենց այն դպրոցում, որտեղ ընթանում էին ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հայաստանում Էստոնիայի միջազգային համագործակցության կենտրոնի (ESTDEV), ինչպես նաև Էստոնիայի Կրթական գիտությունների ինստիտուտի և Տալլինի համալսարանի հետ վերապատրաստումները «Ապագայի դպրոց» և «Դպրոցի առաջնորդ» ծրագրերի շրջանակում։
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ). ինչ գեղեցիկ ու վերամբարձ անուն է, թեև մեր ԿԳՄՍ նախարարն այն ամենին, ինչը վերամբարձ է, ասես թե դեմ է, բայց, թերևս, ոչ այս պարագայում։ Գեղեցիկ հնչող ու թվում է՝ բովանդակալից ու հիմնարար մի կառույց, որը մեծ առաքելություն ունի։ Բայց մեր հասարակական կյանքում ամեն օր դրսևորվող երևույթները բոլորովին այլ պատկեր են ստեղծում։ Ցավոք, կրթության գործը ղեկավարող անձինք այնքան զարգացան, որ որոշեցին, թե բոլորովին ավելորդ է Մաշտոցի նկարը և նրա մասին հակիրճ նյութ ունենալ Այբբենարանում, ու հանեցին դրանք, այնքան զարգացան ու նորարար դարձան, որ QR կոդերով հեղեղեցին դասագրքերը, բայց դրանից հետո հիշեցին, որ բջջային հեռախոսները պետք է արգելվեն ուսումնական գործընթացի ժամանակ, քանի որ վերջիններս բացասական ազդեցություն ունեն սովորողների վրա։
Հարց է ծագում, իսկ այս, ինչպես և մի շարք այլ դպրոցների ուսուցիչնե՞րն ինչպես են վերաբերվում իրենց դպրոցի պատին փակցված այս ուղերձին։ Ուրեմն ուսուցանող, սերունդ կրթող անձինք ևս համամիտ են, որ սա է ճշմարիտը։ Այ սա է ողբերգությունը։ Նման ուսուցիչները նսեմացնում են կրթության իմաստը, այն դարձնում ոչ թե արժեք, այլ գործարք, շահի միջոց։ Ուսուցիչը, ով չի փորձում աշակերտին սովորեցնել մտածել, կասկածել, որոնել ճշմարտությունը նա ուզում է, որ երեխան լավ հարմարվի համակարգին, հաջողի քննություններին, ունենա մասնագիտություն, ստանա աշխատավարձ։ Այդ ուսուցիչը չի ձևավորում ազատ, ինքնուրույն մտածող մարդու, այլ՝ հարմարվող գործավորի, որը սովորում է ոչ թե հասկանալու, այլ՝ վաստակելու համար։ Ուսուցիչը, ով երեխային ասում է՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», իրականում ինքն է դարձել այլ համակարգի գործիք, այնինչ ինքը պիտի լուսավորեր։ Նա կրթությունը տեսնում է որպես միջոց՝ արդյունք ստանալու համար, ոչ թե որպես գործընթաց՝ մարդու ձևավորման։ Նա հավատում է, թե իր գործը կրթելն է, բայց իրականում նա դաստիարակում է հարմարեցված, վախկոտ, հաշվարկող մարդու։ Այդպիսի ուսուցիչը սովորաբար իր աշխատանքին էլ մոտենում է գործնական, բայց ոչ հոգևոր տեսանկյունից, իսկ երբ կրթությունը կորցնում է իր բարոյական ու մշակութային բովանդակությունը, աղերսվում միայն փողի, հաջողության ու աշխատանքի հետ, կորցնում է հոգևոր հիմքը, դառնում է բովանդակազուրկ, սոսկ նյութական կարիքների սպասարկու։
Իրական ուսուցիչը պիտի ասի հակառակը՝ «Սովորիր, որ ապրես արժանապատիվ, որ ճանաչես աշխարհն ու ինքդ քեզ, հասկանաս, ապրես գիտակցված, դառնաս ավելի լավ մարդ, պահպանես ու զարգացնես մարդկային ու մշակութային արժեքները, կյանքը փոխես դեպի լավը»։
Ուստի պատահական չէ, որ այսօր ունենք նման որակի հասարակություն՝ եսակենտրոն, ինքամփոփ, հասարակական կյանքի հանդեպ անպատասխանատու, ենթակա ու վախկոտ, պետության կազմաքանդմանը, ամեն քայլափոխի հայկականի ու ազգայինի ոտնահարմանը անհաղորդ, կրավորական, տեսական առումով վեհ գաղափարներ խմբագրող, բայց գործնականում ամուլ։
«Լավ սովորիր, որ լավ ապրես»։
Ակամայից զուգահեռ է առաջանում ՀՀ ներկայիս վարչապետ հանդիսացող անձի՝ ֆեյսբուքյան էջի ետնամասի գրառման հետ՝ ԱՅՍՏԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅՍՏԵՂ ՀԱՑ, ԱՅՍՏԵՂ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՅՍՏԵՂ ԿԱՑ։
Առաջին հայացքից թվում է տարբեր արտահայտություններ են, բայց խորամուխ լինելու դեպքում նկատվում է այն թելը, որը վերից ուղղորդվելով սահուն փաթաթվում է բոլոր օղակների պարանոցին։
Երկու արտահայտությունները մարդկանց սովորեցնում են կյանքը չափել նյութական չափանիշներով, ոչ թե արժեքներով։ Գիտելիքը դառնում է գործարքի առարկա․ սովորում ես միայն, որ կյանքդ ապահովված լինի, իսկ հայրենիքը վերածվում է սոսկ հաց – պետություն կապի միջոցի։ Այսինքն՝ որտեղ ապահովված ես, որտեղ կարող ես հոգալ պահանջներդ, այնտեղ էլ պետությունդ է ու անգամ հայրենիքդ։
Եվ ինչպես երեխան է կորցնում ներսում ծնված հետաքրքրությունը և ստեղծագործական մոտիվացիան սովորելու հարցում, չի սովորում մտածել, քննադատել կամ բարոյական ընտրություն կատարել և նրա համար ինչպես սովորելը դառնում է միայն ապագա նյութական ապահովության գործիք, այնպես էլ հայրենիքը ընկալվում է ոչ թե որպես ինքնություն, լեզու, մշակույթ կամ պատմություն, այլ որպես գործնական պայմանավորվածություն, որը հնարավոր է փոխել մեկ ուրիշ վայրում վաստակած հացի դիմաց։
Եվ ունենում ենք այն հետևանքը, որ ձևավորվում է ապագա քաղաքացիների սպառողական, շահամոլ և ծրագրավորված հոգեբանություն, որոնց պայմաններում գիտելիքը և քաղաքացիական պարտքը նույնացվում են նյութական շահի հետ։
Այս վտանգավոր միտքը սերտորեն շաղկապված է մեր կրթական ու հասարակական միջավայրի հետ․ որտեղ պատասխանատու, ինքնագնահատող և մտածող անձի դաստիրակությունը փոխարինվում է պայմանական գործարքային մոտեցմամբ։
Այնինչ կրթությունը պետք է դառնա ինքնաճանաչման, արժեհամակարգի ու արժեքների ձևավորման միջոց, իսկ հայրենիքը՝ ինքնության և հոգևոր կապի խորհրդանիշ։
Այսօր կարևոր է հասկանալ մեկ պարզ բան․ երբ գիտելիքն ու հայրենիքը պայմանավորվում են միայն հացով և անձի նյութական ապահովությամբ ու բարեկեցությամբ, դաստիարակվում է օտարված, ազգային ամեն արժեքի խորթացած, գաղափարազուրկ ու եսակենտրոն սերունդ, որի համար հոգևոր արժեքներն ու հասարակական պատասխանատվությունը կորցնում են իրենց դերն ու նշանակությունը։
Անժելա Հարությունյան
