ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Նախիջևանը համաթուրանական եւ գլոբալ ծրագրերի «խաչմերուկում»

07 Նոյեմբեր 2025

Իչպես հայտնի է, 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանից ապօրինաբար օտարվեցին հայ ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ. Կարսի մարզը և Սուրմալուի գավառը փոխանցվեցին Թուրքիային, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի խնամատարությանը։

Հետխորհրդային շրջանում բավական անդրադարձ է կատարվել հիշյալ փաստաթղթերի բովանդակությանը, քննարկվել են դրանց միջազգային պայմանագրային իրավունքի կոպիտ խախտումներով կնքված լինելու և Թուրքիայի կողմից այդ պայմանագրերի դրույթները խախտելու հարցերը։ Սակայն 2020 թ. Արցախյան պատերազմի, ինչպես նաև 2023 թ. Ադրբեջանի հերթական ագրեսիայի և Արցախի հայաթափման հետևանքով ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում վերստին անդրադառնալը այդ հարցերին։

Թուրքիայի անմիջական աջակցությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության որոշ տարածքներ բռնազավթելուց, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությամբ ու դրանից հետո զիջված տարածքների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզը սահմանակից դարձավ Ադրբեջանին։ Դրանից հետո Բաքուն Մեղրիի շրջանով Արցախի օկուպացված տարածքների և Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցություն ստանալու պահանջ ներկայացրեց Հայաստանին, որը հետագայում վերաձևակերպեց որպես «Զանգեզուրի միջանցք»՝ նպատակ հետապնդելով Հայաստանից արտատարածքային չվերահսկվող ցամաքային կապ ստանալ Նախիջևանի հետ:

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Նախիջևանի հետ հաղորդակցության միջազգային տարանցիկ կապ ապահովելու Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը տեղավորվում է ինչպես Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» գլոբալ կոմունիկացիոն նախաձեռնության, այնպես էլ թուրքական «Թուրան» նախագծի «Միջին միջանցքի» շրջանակներում և բարձրացնում է Նախիջևանի տարածքի նշանակությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական մակարդակով։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին հետևողական քայլեր կատարել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի և կառավարման համակարգի փոփոխության ուղղությամբ։

Նախիջևանը Թուրքիայի համաթուրանական ծրագրերում

Ինչպես հայտնի է, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը Թուրքիային զիջելուց բացի, 1921 թ. Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդ-վածով Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի խնամակալությանը, պայ-մանով, որ վերջինս այն չի զիջի երրորդ պետությանը (այսինքն` Հա-յաստանին): Այս դրույթները միջազգային իրավունքի jus cogens (իմպե-րատիվ), այսինքն՝ պարտադիր ու անբեկանելի նորմի խախտում են։

Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածը հետագայում վերահաստատվեց 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրված փաստաթղթի 5-րդ հոդվածով, որում մասնավորապես նշվում էր, որ «Թուրքիայի կառավարությունը և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ Նախիջևանի մարզը, տվյալ պայմանագրի 3-րդ հավելվածում նշված սահմաններում, Ադրբեջանի խնամակալության ներքո վերածվի ինքնավար տարածքի»։ Այս ձևակերպմամբ արձանագրվում էր, որ Նախիջևանը Ադրբեջանին փոխանցվող սովորական տարածք չէ, այլ կողմերը համաձայնվում են այն Ադրբեջանի խնամակալության տակ փոխանցել միայն հատուկ` ինքնավարության կարգավիճակով։ Հոդվածի ձևակերպումներից անմիջականորեն բխում է, որ Նախիջևանի կարգավիճակի միակողմանի որևէ փոփոխություն բացառվում է, և որ դա կարող է կատարվել միայն հոդվածում նշված շահագրգիռ պետությունների՝ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։

Եթե Նախիջևանը Ադրբեջանին փոխանցելու մասին պայմանագրի 3-րդ հոդվածը համադրենք Սուրմալուի գավառը Թուրքիային հանձնելու փաստի հետ, ապա ակնհայտ է, որ թուրքական կողմը գիտակցաբար համաձայնեց Բաթումի շրջանը փոխանակել Նախիջևանին գրեթե սահմանակից Սուրմալուի գավառի հետ՝ ձգտելով իր ցամաքային սահմանը հնարավորինս մոտեցնել Ադրբեջանի ենթակայության տակ անցնող Նախիջևանի տարածքին։ Թերևս, հաշվի առնելով Բաթումի շրջանն իր վերահսկողության տակ վերցնելու Խորհրդային Ռուսաստանի ցանկությունը, թուրքական կողմը հենց ինքն է առաջարկել տարածքների նման փոխանակում, քանի որ դա ուղղակիորեն բխում էր նրա համաթուրանական ծրագրերից։

Թուրքիան չբավարարվեց Նախիջևանը Ադրբեջանի խնամակալության տակ փոխանցելով և սկսեց ջանքեր գործադրել այդ տարածքի հետ իր ցամաքային կապն ապահովելու ուղղությամբ։ Անգամ Սուրմալուի գավառն իր տիրապետության տակ վերցնելը չէր կարգավորում այդ խնդիրը, քանի որ Սուրմալուի և Նախիջևանի արանքում սեպի պես խրված էր Խորհրդային Հայաստանի Երևանի գավառի հարավ-արևմտյան փոքր հատվածը, որը Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածում ստացել էր «եռանկյուն գոտի» անվանումը։ Մոսկովյան կոնֆերանսի ընթացքում թուրքական կողմի համառության հետևանքով այդ «եռանկյուն գոտին» վերածվեց «վիճելի» տարածքի, որի վերջնական պատկանելության հարցը լուծվելու էր արդեն Կարսի կոնֆերանսի ընթացքում։ Կարսում ընթացած բանակցությունների ժամանակ թուրքական կողմի անզիջում պահվածքի, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացվող ճնշման պայմաններում Խորհրդային Հայաստանի պատվիրակությունը հարկադրված համաձայնվեց պահել միայն «եռանկյունի գոտու» Արարատ կայարանից մինչև Երասխ (Արազդայան) ընկած հյուսիսային մասը՝ դրանից հարավ մինչև Գայլի Դրունք վայրն ընկած հատվածը զիջելով Նախիջևանին, այսինքն՝ Ադրբեջանին։ Այդպիսով, Արաքսի ձախ ափին գտնվող Ուրմիա գյուղից Ստորին Կարասու գետի՝ Արաքսին միախառնվելու հատվածում Թուրքիան Նախիջևանի հետ նեղ ցամաքային կապ ստացավ։

Կարսի պայմանագրով Նախիջևանի հետ ստացած 9-10 կմ երկարությամբ սահմանային նեղ շերտը, բնականաբար, չէր կարող գոհացնել Թուրքիային, որն սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ուղղությամբ։ 1920-30-ական թթ. Իրանի հետ ստորագրված սահմանային պայմանագրերի և տարածքների փոխանակման միջոցով Թուրքիային հաջողվեց վերահսկողություն ստանալ Փոքր Մասիսի շրջանում։ Անկախ այն հանգամանքից, որ այդ գործարքներից իրանական կողմն այլ հատվածներում ավելի մեծ տարածքային ձեռքբերումներ ունեցավ, այդուհանդերձ, թուրքական կողմին զիջվեցին ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, որոնցով էապես ընդլայնվեց վերջինիս ցամաքային կապը Նախիջևանի հետ։ Փաստացի, իրանական իշխանությունները երկրի երկարաժամկետ, ռազմավարական շահերը զոհաբերեցին կարճաժամկետ հաշվենկատությանը՝ հեռանկարներ բացելով Թուրքիայի համաթուրանական նկրտումների համար ։

Նախիջևանը Ադրբեջանի կազմում. խտրական քաղաքականությունը և դրա հետևանքները

Մոսկվայի և Կարսի փաստաթղթերով Նախիջևանին ինքնավար կարգավիճակի շնորհումը, անշուշտ, պայմանավորված չէր տվյալ երկրամասի միայն աշխարհագրական դիրքով, այսինքն՝ Ադրբեջանի հիմնական տարածքից անջատված էքսկլավ լինելու հանգամանքով: Ինչպես Նախիջևանին, այնպես էլ Ղարաբաղին ինքնավար կարգավիճակի տրամադրումը ոչ թե Ադրբեջանի բարի կամքի դրսևորում էր, այլ 1921 թ. քաղաքական որոշումների արդյունք, որոնց հիմքում պատմական հայկական այդ տարածքներում հայ բնակչության հազարամյա բնակության իրողությունն էր:

Մոսկվայի և Կարսի պայմանագրով Հայաստանից Նախիջևանը Ադրբեջանին փոխանցելուց հետո ադրբեջանական իշխանությունները սկսեցին իրականացնել հայերի էթնիկ զտման՝ բռնի տեղահանության, ինչպես նաև հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։

1960-ական և 1980-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները և տեղի մահմեդական բնակիչները խոչընդոտում էին հայերին այցելել իրենց կրոնական և մշակութային հուշարձաններ՝ այդ կերպ կանխելով նրանց իրավունքները երկրամասի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ: Տասնամյակների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվող խտրական քաղաքականության հետևանքով Նախիջևանի հայ բնակչությունը գաղթում էր ՀԽՍՀ կամ ԽՍՀՄ այլ հանրապետություններ։ Եթե Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պահին Նախիջևանի հայերը կազմում էին բնակչության 34.4%-ը, ապա ԽՍՀՄ փլուզման նախօրյակին` 1989 թ., նրանց թիվն արդեն նվազել էր մինչև 0.6%։ Այս ցուցանիշները վկայում են Նախիջևանի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվող խտրական քաղաքականության և դրա հետևանքների մասին: Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթեցումն ու հայկական ժառանգության ոչնչացումը մասնագիտական գրականության մեջ ստացել է «էթնիկ զտում», «սպիտակ ցեղասպանություն» կամ «Նախիջևանացում» ձևակերպումները։

Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևանի աշխարհագրական առումով կտրված լինելը և նրա ինքնավար կարգավիճակը տասնամյակների ընթացքում տեղի իշխանությունների մոտ ձևավորել էին երբեմն կենտրոնից առանձին, ինքնուրույն գործելու քաղաքական ավանդույթներ: Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը շրջափակել էր Հայաստանը` այդպիսով ինքն իրեն զրկելով Նախիջևանի հետ հաղորդակցությունից։ Նախիջևանը հայտնվել էր շրջափակման մեջ, դադարեցվել էին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և գնացքների երթևեկությունը։ Ա. Էլչիբեյի նախագահության շրջանում (1992-1993 թթ.) Նախիջևանի մեջլիսի ղեկավար Հ. Ալիևը երկրամասում վարում էր կենտրոնից բացարձակապես անկախ քաղաքականություն: Նրան հաջողվեց Նախիջևանը հեռու պահել հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների մեջ ներքաշվելուց: Հ. Ալիևի ղեկավարության օրոք Նախիջևանն ավելի սերտ սոցիալ-տնտեսական կապեր ուներ ոչ թե կենտրոնի` Բաքվի, այլ հարևան Իրանի և Թուրքիայի հետ, որոնք մատակարարում էին էլեկտրաէներգիա և սնունդ, ինչի հետևանքով երկրամասում մեծանում էր նրանց ազդեցությունը։

Օգտագործելով շիայական գործոնը և նախիջևանցիների տնտեսական կախվածությունը Իրանից, Թեհրանն աստիճանաբար փորձում էր մեծացնել ազդեցությունը Նախիջևանի տեղական ինքնակառավարման մարմինների վրա, ինչը տագնապ առաջացրեց Բաքվում։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից հետո էլ Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունն իրականացվում էր Իրանի տարածքով, ինչը վերջինիս հնարավորություն էր տալիս վերահսկել Նախիջևանից Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ մարդկանց և բեռների փոխադրումները:

1992 թ. մայիսի 28-ին Արաքս գետի վրայով բացվեց «Ումուդ» կամուրջը, որի երկայնքով անցնող մայրուղին Նախիջևանը կապեց Թուրքիայի հետ, ինչի արդյունքում աստիճանաբար սկսեց մեծանալ նաև վերջինիս ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև ռազմաքաղաքական ազդեցությունը երկրամասի վրա։

Նախիջևանի ինքնավար կարգավիճակի փոփոխությունը և կառավարման նոր կարգը

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման, Ադրբեջանը 1992 թ. որոշում կայացրեց Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը վերացնելու մասին: 2020 թ. սկսված Արցախի Հանրապետության տարածքների աստիճանական գրավմանը զուգահեռ Ադրբեջանը ցեղասպանական գործողությունների շրջափակում և հումանիտար ճգնաժամի ստեղծում և էթնիկ զտումների ագրեսիվ հարձակումներով բռնագաղթի պարտադրում միջոցով Արցախը հայաթափելուց հետո կատարեց վարչական փոփոխություններ՝ իր վերահսկողության տակ անցած հայկական տարածքներն անվանակոչելով «Արևելյան Զանգեզուրի շրջան», իսկ դրա շրջանակներում՝ «Ղարաբաղի տնտեսական շրջան»: «Արևելյան Զանգեզուր» եզրույթի շրջանառումով պաշտոնական Բաքուն, ըստ էության, իր հավակնություններն էր առաջ քաշում Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ, որն այդ տրամաբանության համաձայն Արևմտյան Զանգեզուրն է:

Այնուհետև Բաքվի ռեժիմն անցավ Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերացմանը: 2025 թ. հուլիսին Ադրբեջանի նախագահը փաստացի փոխեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը՝ այն վերածելով Ադրբեջանի սովորական վարչատարածքային միավորի, գործնականում վերացնելով նրա քաղաքական ինքնավարության մնացորդները։ Այդ փոփոխությունները նշանավորեցին խորհրդային շրջանում Ադրբեջանում ստեղծված և նույնիսկ անկախությունից հետո պահպանված ինքնավար մոդելի վերացման գործընթացի ավարտը։

Հարկ է նշել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սուբյեկտայնությունը վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի նախագահը նախապատրաստական որոշ քայլեր էր կատարել դեռ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: 2022 թ. նոյեմբերին Նախիջևանի պետական անվտանգության ծառայությունը և Պետական մաքսային ծառայությունը ուղիղ ենթարկվեցին Բաքվի կենտրոնական իշխանություններին, միաժամանակ ձերբակալվեցին Ինքնավար Հանրապետության մի շարք ներկա և նախկին նախարարներ, նախագահի ճնշման տակ հրաժարական տվեց Նախիջևանի Մեջլիսի ղեկավար Վ. Թալիբովը, ով Իլհամի հոր` Հ. Ալիևի հավատարիմ մարդկանցից էր:

Դրանից հետո 2022 թ. դեկտեմբերի 22-ին Նախիջևանում նշանակվեց Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, որին փոխանցվեցին ինքնավար հանրապետության պետական մարմինների նկատմամբ վերահսկողության լայն լիազորություններ։

Հաջորդ քայլերն ուղղված էին նրան, որ օրինական-սահմանադրական տեսք հաղորդվեր Նախիջևանը Բաքվի ռեժիմին ուղիղ և անվերապահ ենթարկեցնելու գործընթացին: Այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կատարվեցին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ, որտեղ նշված էր, որ «Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրված են 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի գործող միջազգային պայմանագրերով»։ Փոփոխությունների հետևանքով նախաբանից վերացվեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը։ Նախիջևանի սահմանադրությունից միջազգային պայմանագրերի հիշատակումը վերացնելու Ադրբեջանի որոշումը խախտում է նաև տարածաշրջանային հավասարակշռությունը, քանի որ այդ երկրամասի կարգավիճակը հիմնված էր ոչ թե մեկ երկրի ներպետական իրավական ակտերի, այլ մի քանի պետությունների միջև փոխզիջման վրա։ Ներկայումս գործող միջազգային այդ փաստաթղթերով էր ապահովվել Ադրբեջանի խնամակալության ներքո Նախիջևանի ինքնավար տարածք լինելու կարգավիճակը։

Նախիջևանի փոփոխված սահմանադրության նախաբանում այժմ ընդգծվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը «Ադրբեջանի անբաժանելի մասն է», և նրա կարգավիճակը բխում է 1995 թ. ընդունված Ադրբեջանի Սահմանադրությունից և 1991 թ. անկախության վերականգնման մասին օրենքներից։

Նախիջևանի սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով զգալիորեն սահմանափակվում են ինքնավարության բարձրագույն պաշտոնյայի՝ Գերագույն մեջլիսի (խորհրդարանի) նախագահի լիազորությունները։ 1998 թ. Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն, ինքնավար հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարն ու անդամները նշանակվում էին Գերագույն մեջլիսի կողմից: Գերագույն մեջլիսի ղեկավարն օժտված էր բավական լայն լիազորություններով, նա ներկայացնում էր ինքնավար հանրապետությունն այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում, նրա ներկայացմամբ էին նշանակվում տեղական իշխանությունների ներկայացուցիչները, դատավորներն ու դատախազները, մարդու իրավունքների պաշտպանը։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ընդունած «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հաստատման մասին» նոր օրինագծի համաձայն, Նախիջևանի գործադիր իշխանությունն անմիջականորեն ենթարկվում է Ադրբեջանի նախագահին, որի կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչն, ըստ էության, դառնում է գործադիր իշխանության ղեկավար։ Նախիջևանի ինքնավար կարգավիճակն այժմ կրում է ձևական բնույթ և դրա վերջին խորհրդանիշների (սահմանադրություն, մեջլիս) վերացումը Բաքվի իշխանությունների կողմից նույնպես ժամանակի հարց է։ Այսպիսով, Նախիջևանը վերածվում է Բաքվի ռեժիմի անմիջական վերահսկողության տակ գտնվող սովորական շրջանի՝ առանց արտաքին իրավական հենարանների և ուղիղ ենթարկվում կենտրոնին։

Նախիջևանի միջազգայնորեն հաստատված կարգավիճակը

Հարկ է նշել, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերից բացի, Նախիջանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակն արձանագրված է նաև Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված միջազգային նոր փաստաթղթերում։ Այսպես, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածում հստակ շեշտված է Նախիջանի Ինքնավար Հանրապետությունը՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ընդգծումը մերն է- Ա.Մ.) միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով կազմակերպելու համար»։ Նույնը արձանագրված է անգամ 2021 թ. հունիսի 15-ին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ստորագրված տխրահռչակ «Շուշիի հռչակագրում», որի նախաբանում նախ հղում է կատարվում Կարսի պայմանագրին, նշելով, որ վերահաստատվում է հավատարմությունը երկու բարեկամական և եղբայրական երկրների միջև ստորագրված բոլոր միջազգային փաստաթղթերին, մասնավորապես, 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրին։

Դրանից հետո նշվում է, որ «կողմերը հայտնում են, որ Թուրքիան և Ադրբեջանը միավորող Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ընդգծումը մերն է – Ա.Մ.) միջև միջանցքի (Զանգեզուրի միջանցք)» բացումը և որպես վերոնշյալ միջանցքի շարունակություն Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցումը ներդրում կունենան երկու երկրների միջև տրանսպորտային-հաղորդակցային հարաբերությունների խորացման համար»։ Այս քայլերը տեղավորվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում՝ փորձելով ապահովել համաթուրանական ճանապարհի անխափան գործարկումը։

Նույնիսկ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված համատեղ հռչակագրի 3-րդ հոդվածում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ընդգծումը մերն է – Ա.Մ.) միջև անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի տարածքով՝ ապահովելով վերջինիս փոխադարձ օգուտները միջազգային և ներքին հաղորդակցությունից։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նախիջևանի ինքնավար կարգավիճակը վերանայելու որոշումով Ադրբեջանի նախագահը ոչ միայն խախտել է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, այլև հենց իր կողմից ստորագրած միջազգային իրավական փաստաթղթերը:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խախտման հնարավորիրավաքաղաքական հետևանքները

Ադրբեջանի ղեկավարի կողմից Նախիջևանի ինքնավարության կարգավիճակի միակողմանի վերանայումը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համապատասխան դրույթների ակնհայտ խախտում է, ինչը կարող է հանգեցնել այդ պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների պատասխան իրավաքաղաքական գործողությունների։

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի 60-րդ հոդվածում հստակ նշված է, որ պայմանագրի էական խախտումը մասնակիցներից մեկի կողմից մյուսին իրավունք է տալիս այդ խախտումը վկայակոչել պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնելու կամ այն կասեցնելու համար։

Ըստ միջազգային պայմանագրային իրավունքի ընթացակարգերի, Նախիջևանի կարգավիճակը փոխելուց առաջ, ինչը նշանակում է նաև Մոսկվայի և դրանից բխող Կարսի գործող միջազգային պայմանագրերի փոփոխություն, Ադրբեջանը պարտավոր էր այդ մա-սին պաշտոնապես գրավոր տեղեկացնել պայմանագրի մյուս մասնա-կիցներին՝ Թուրքիային, Վրաստանին, Հայաստանին և Ռուսաստանին: Ընդ որում, գրավոր փաստաթղթում պետք է նշված լինեն ոչ միայն նման քայլի հիմքերը, այլև ներկայացվեն առաջարկներ պայմանագրի ապագայի վերաբերյալ: Պայմանագրի մասնակից պետությունները պետք է եռամսյա ժամկետում պատասխանեին Ադրբեջանի գրավոր ու-ղերձին, իսկ եթե կողմերից մեկի ներկայացրած առարկության պահից 12 ամսվա ընթացքումպետությունների միջև ծագած վեճերը բանակցությունների միջոցով չեն լուծվում, ապա կիրառվում են դատական վարույթի ընթացակարգեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժում կամ այլ ատյաններում։

Այս տեսակետից պետք է նշել, որ Թուրքիան հրապարակայնորեն երբեք չի արձագանքել, ինչից կարելի է եզրակացնել, որ կուլիսային դիվանագիտության շրջանակներում դա նախապես համաձայնեցվել է Անկարայի հետ։ Եթե Կարսի պայմանագրի տակ ստորագրած Վրաստանի համար այս հարցն առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում, ապա այն կենսական և զգայուն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Մոսկվայի համար այս հարցն առավել կարևորություն կարող է ստանալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության համատեքստում, որը գնալով խորանում է և նոր դրսևորումներ է ստանում։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խախտման ուղղությամբ իրավաքաղաքական գործընթացի նախաձեռնությունն այդ փաստաթղթերի անմիջական մասնակից Ռուսաստանից բացի հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև Հայաստանի բնական դաշնակից Իրանի համար, քանզի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» համաթուրանական ծրագիրը և դրան զուգահեռ Նախիջևանի շուրջ թուրք-ադրբեջանական տանդեմի համաձայնեցված գործողություններն ակնհայտորեն ուղղված են նաև Թեհրանի շահերի դեմ։ Ի դեպ, Նախիջևանում թուրքական զինված ուժերի ներկայությունը նույնպես Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խախտում է և հավասարապես մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի ու Իրանի համար` առավել ևս Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ներկայումս հետևողականորեն առաջ քաշվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահանջի առաջադրման համատեքստում։ Այս հանգամանքներից ելնելով, կարելի է ակնկալել, որ Թեհրանը միջազգային կառույցներում պետք է, որ աջակցի Հայաստանի կամ Ռուսաստանի հնարավոր նախաձեռնություններին։

Ինչպես հայտնի է, 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի ներկայությամբ «Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն, տվյալ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը պարտավորվել են հետ կանչել միջպետական հայցերը, գանգատները և կասեցնել առկա վեճերը, պարտավորվելով միմյանց դեմ չներկայացնել նոր հայցեր և չներգրավվել համաձայնագրի կողմի դեմ որևէ երրորդ երկրի կողմից ներկայացվող միջազգային իրավական գործընթացներում ։ Ադրբեջանի կողմից համաձայնագրի տեքստում ներմուծված այս կետը բացառապես բխում է նրա շահերից, քանզի Հայաստանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա միջազգային դատական ատյանների կողմից արդեն իսկ Բաքվի ռեժիմի դեմ ընդունվել են ժամանակավոր միջոցների վերաբերյալ որոշումներ, իսկ նրա կողմից ներկայացված հայցերը ոչ բավարար հիմնավորվածության պատճառով Հայաստանի համար լուրջ հետևանքներ չեն ունեցել:

Ինչպես հայտնի է, հայկական կողմը տևական ժամանակ հրաժարվում էր ընդունել համաձայնագրի վերջին կետերը, որոնց թվում նաև՝ հայցերը հետ կանչելու մասին դրույթը։ Երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու ձգտումով պայմանավորված հայկական կողմը երկար քննարկումներից հետո ստիպված գնաց նաև Ադրբեջանի այդ պահանջի բավարարմանը: Հարկ է նշել, սակայն, որ հայկական կողմի էական զիջումներից հետո էլ Ադրբեջանը համաձայնագրի վերջնական ստորագրումը պայմանավորել է Հայաստանին առաջադրվող նոր պահանջների կատարումով, շարունակվում է ագրեսիվ հռետորաբանությունը, պարբերաբար սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին: Այս ամենը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ Բաքվի ռեժիմն Հայաստանի հետ իրական խաղաղություն և իրավահավասար հարաբերություններ հաստատելու անկեղծ մտադրություն չունի, այլ ընդամենը փորձում է օգտվել առիթից և առավելագույն զիջումներ կորզել:

Հաշվի առնելով այս իրողությունները, հայկական կողմը պետք է ոչ թե անիրատեսական խաղաղության պատրանքով փորձի բավարարել Ադրբեջանի շարունակական պահանջները` հետ կանչելով միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերը, որոնց հիման վրա վերջինիս նկատմամբ արդեն իսկ կայացվել են ժամանակավոր միջոցներ կիրառելու որոշումներ, այլ նոր հայցեր ներկայացնելով փորձի զսպել նրա չդադարող պահանջներն ու ագրեսիվ գործելաոճը: Փորձը ցույց է տալիս, որ Բաքվի ռեժիմին որոշակիորեն զսպում և Հայաստանի նկատմամբ հերթական արկածախնդրություններից ու ագրեսիվ գործողություններից հետ են պահում հենց գերտերությունների, միջազգային կառույցների դիրքորոշումներն ու միջազգային դատական ատյանների որոշումները։

Պետք է գիտակցել, որ Հայաստանի կողմից միջազգային դատական ատյաններից հայցերի հետ կաչելը մի կողմից կչեղարկի Ադրբեջանի դեմ կայացված ժամանակավոր միջոցների արդարացի որոշումները և կկասեցնի այդ գործերով դատավարությունների շարունակումը, ինչին այդքան հետևողականորեն ձգտում է հասնել Բաքվի ռեժիմը: Մյուս կողմից, նման քայլերն էապես կասկածի տակ կդնեն Հայաստանի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը և կարող են անվստահություն առաջացնել, եթե վերջինս հետագայում փորձի կրկին դիմել այդ նույն միջազգային դատական ատյաններին:
Այս ամենով հանդերձ, Նախիջևանի հարցում Ադրբեջանի նախագահի հակաիրավական գործողությունները Հայաստանի կողմից կարող են օգտագործվել Բաքվի ռեժիմի դեմ միջազգային դատական ատյաններում հերթական դատական հայցը ներկայացնելու և դրանից բխող որոշման կայացմանը հասնելու համար։

Եզրակացություն

Այսպիսով, Ադրբեջանի կողմից միակողմանիորեն Նախիջևանի ինքնավար կարգավիճակի վերանայումով խախտվել են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կարսի միջազգային գործող պայմանագրերի դրույթները, ինչն այդ փաստաթղթերի կողմ հանդիսացող Հայաստանին և Ռուսաստանին, ինչպես նաև այդ նախաձեռնության շահառու հանդիսացող Իրանին իրավունք է տալիս ինչպես միջազգային դատական ատյաններում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում քննարկման առարկա դարձնել այս հարցը` միջազգային հանրության առջև ի ցույց դնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համաթուրանական ծրագրի սպառնալիքներն ու հետևանքները:

Ամփոփելով նշենք, որ Հայաստանի կողմից այս ուղղությամբ որևէ քայլ կատարելուն պետք է նախորդի քաղաքական լուրջ նախապատ-րաստական աշխատանք` խորհրդակցություններ անցկացվեն
աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների ու դերակատարների հետ: Գաղտնիք չէ, որ միջազգային իրավական նորմերն ու սկզբունքներն ազդեցիկ տերությունները ծառայեցնում են իրենց շահերն իրացնելու և նպատակներին հասնելու համար` երբեմն նաև խախտելով, կամ իրենց ձեռնտու ձևով մեկնաբանելով դրանք:

Արմեն Մարուքյան

Դրօշակ» թիվ 10, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական

Օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմա

07 Նոյեմբեր 2025
Պրիւքսելէն Սեւանայ լիճ եւ անդին

“The truth only hurts when you want to believe a lie.” «Ճշմարտութիւնը ցաւ կը

07 Նոյեմբեր 2025
Գործ ունենք ուրացողի հետ

Նոյեմբերի 6-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ

07 Նոյեմբեր 2025
Նախիջևանը համաթուրանական եւ գլոբալ ծրա

Իչպես հայտնի է, 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանից ապօրինաբար օ

07 Նոյեմբեր 2025
Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությա

06 Նոյեմբեր 2025
Իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթե

Քարոզարշավը հոկտեմբերի 22-ից է սկսվել, բայց ՔՊ-ն` իրեն բնորոշ ոճով, վաղուց է բ

06 Նոյեմբեր 2025
ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ կառավարության շենքի դի

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, նոյեմբերի 6-ին ակցիա են

06 Նոյեմբեր 2025
Փանթուրանիզմ. Հայը Եւ Միւսները

Մտածե՛լ վաղորդայններու մասին, նայի՛լ մաշեցնող վէճերէ եւ պայքարներէ անդին: Այս

06 Նոյեմբեր 2025
Որպէսզի յաղթահարւի ազգակործան սպառնալի

Որեւէ երկրի ազգային թէ՛ պետական կայունութիւնը կամ անկայունութիւնն պայմանաւորւա

06 Նոյեմբեր 2025
Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 1

ՀՕՄի խորհրդաժողովին մասնակցողները Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 115ամե

06 Նոյեմբեր 2025
Եկեղեցական կառույցի կազմալուծումը. բռն

Վերջին մեկ տարվա ամենաքննարկվող թեման Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ահաբե

06 Նոյեմբեր 2025
Պաշտօնական կողոպուտը որքա՞ն կրնայ շարո

Միացեալ Նահանգներու քաղաքատնտեսական բեմին վրայ վերջին շաբաթներու զարգացումները

05 Նոյեմբեր 2025
Get Lost!

Գրած եմ քանիցս, որ Սեւանն ու ազերիներու վերադարձը ՀՀ սահմաններէն ներս հարցեր ե

05 Նոյեմբեր 2025
Պաքուի Մէջ Կը Դատուի Հայաստանը

31 հոկտեմբեր 2025-ին Պաքուի մէջ աւարտեցաւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական

05 Նոյեմբեր 2025
Ի՞նչ հարված ստացավ Հայաստանը Ացախը հան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արցախը հայության ազգային ինքնության բաղկացուցիչն է՝ որպես հայր

05 Նոյեմբեր 2025
Հինգ Տարի Առաջ` Այսօր. Շուշիի Պաշտպանո

2020-ի Շուշիի պաշտպանութեան մարտերուն նահատակուեցան հալէպահայ երիտասարդներ Յար

05 Նոյեմբեր 2025
Բաքվում Եվրոպայի ռաբբիների համագումարի

Անցած շաբաթ տեղի ունեցավ նշանակալի զարգացում, որում ներգրավված էին Ադրբեջանը,

04 Նոյեմբեր 2025
Գործարքային գիտելիք, հացով պայմանավորվ

Այսօր հայ իրականության մեջ ամեն պահի բախվում ես նույն խնդրին, երբ կրթությունը

04 Նոյեմբեր 2025
Խաղաղությունը հնարավոր է, երբ կա արժան

Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսա

04 Նոյեմբեր 2025
Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման ն

Երբ պատրաստում էինք այս յօդուածը, նկատեցինք, որ հետաքրքիր զուգադիպութեամբ, ուղ

04 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company