ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Եկեղեցական կառույցի կազմալուծումը. բռնաճնշումները հոգևորականության նկատմամբ

06 Նոյեմբեր 2025

Վերջին մեկ տարվա ամենաքննարկվող թեման Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ահաբեկչական հարձակումներն են հայոց եկեղեցու վրա, ինչը թեև շատերի համար աներևակայելի իրողություն է, բայց հայոց եկեղեցու համար նորություն չէ: Հալածանքներով ու բռնաճնշումներով լեցուն մի այդպիսի ժամանակահատված էլ հայոց եկեղեցին ապրել է 1930-1940-ական թթ., ինչի վերաբերյալ էլ մի փոքրիկ պատմական ակնարկ ենք ցանկանում ներկայացնել։ Իհարկե հույս չունենք, թե փաշինյանական վարչակազմը ի վերջո կհասկանա, որ խորհրդային միության նման հսկա բռնապետական կայսրությանը դիմակայած և նրա հետ պայքարում հաղթանակած դուրս եկած հայոց եկեղեցու դեմ ոտնձգությունը գործող վարչակազմի համար ինքնասպանություն է:

Այսպիսով, խոսենք հայոց եկեղեցու նկատմամբ խորհրդային իշխանությունների քաղաքականությունից, եզրակացությունները թողնելով ընթերցողներին:

1930-ականներին բռնաճնշումների ալիք բարձրացրած խորհրդային իշխանության հարվածներն ուղղվեցին նաև եկեղեցու դեմ, բայց հայոց եկեղեցին հայ ժողովրդի կյանքում շատ խոր արմատներ էր գցել, և խորհրդային իշխանությունը ստիպված էր երկարատև պայքար մղել հայոց եկեղեցու դեմ։ Ի պատիվ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի, չնայած գործադրված հսկայական ջանքերին, կոմկուսն այդպես էլ չկարողացավ եկեղեցին ամբողջապես օտարել հայ ժողովրդից:
Խորհրդային իշխանությունը «հոգևորականությանը դիտում էր որպես հակահեղափոխական և հակախորհրդային տարր, իսկ եկեղեցին՝ նույնպիսի կազմակերպություն»։1

Փոխարենը հովանավորվում էր աթեիզմը, կամ՝ այսպես կոչված «գիտական աթեիզմը», հակակրոնական գաղափարներ քարոզող կառույցները գտնվում էին պետության հովանավորության ներքո, իսկ «կրոնի և եկեղեցու դեմ հրապարակային պայքարն ընթանում էր որպես գիտաաթեիստական քարոզչություն՝ գրավոր և բանավոր, Հայաստանի մարտնչող անաստվածների միության (ՄԱՄ) միջոցով»։2

1930 թ. նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունում քանդել Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, ըստ Երքաղխորհրդի՝ «եկեղեցու շենքը չունի ոչ մի ճարտարագիտական արժեք»։3
Խորհրդային կառավարության հակաեկեղեցական քաղաքականության հետևանքով «1931 թվականին արդեն, Հայաստանի շատ շրջաններում չմնաց ոչ մի եկեղեցի»։4

1930 թ. մայիսին մահացավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը, և հայոց եկեղեցու համար սկսվեց բարդագույն շրջան։ Կաթողիկոսի մահվանը հետևեց «նոր Կաթողիկոսի ընտրությունների կազմակերպման տևական մի ժամանակաշրջան»,5 խորհրդային իշխանությունները հակված չէին թույլատրելու նոր կաթողիկոս ընտրելու համար գումարել բարձրագույն եկեղեցական ժողով, Անդրպետքաղվարչությունը տեղեկացնում էր որ եկեղեցական ժողովը հետաձգվում է «բարձրագույն վերին ատյանի որոշման համաձայն»։6

Սակայն հայոց եկեղեցու լոյալ վերաբերմունքը խորհրդային իշխանությունների նկատմամբ և դիրքը հայ ժողովրդի կյանքում ստիպեցին խորհրդային իշխանությանը գնալու որոշակի զիջումների. «թվարկվում են կաթողիկոսի բոլոր հնարավոր հինգ թեկնածուները, որոնցից ուշադրության է արժանանում արքեպիսկոպոս Գևորգ Չորեքչյանը, որպես ընդունելի: «Ենթադրում ենք նրան անցկացնել որպես Կաթողիկոս, նախապես մեկ անգամ ևս ուսումնասիրել նրա անձը, վերջնականապես կցելով մեզ»։7 Նպատակը հայոց եկեղեցին ոչ բացահայտ կերպով ղեկավարելն էր խորհրդային իշխանությունների կողմից, նախատեսվում էր կաթողիկոսի թեկնածուին հստակեցնելուց հետո Էջմիածնում հրավիրել եկեղեցական ժողով:

Հոգևորականների դեմ բռնաճնշումների վառ օրինակներից մեկը 1931 թ. հունիսի 8-ին Սևանի շրջանում ձերբակալված Եղիշե վարդապետ Շահումյանն է, մեղադրանքում ասվում էր. «կապ հաստատելով Էրիվանի ընդհատակյա «Դաշնակցություն» կազմակերպության և ԿԿ անդամների հետ, փորձել է մտերմիկ հարաբերությունների մեջ մտնել Դաշնակցության արտասահմանյան բյուրոյի հետ Էջմիածնի կաթողիկո-սարանի միջոցով, ընդ որում տվել է կազմակերպությանն օգնելու իր համաձայնությունը»։8 Հոկտեմբերի 7-ին ՊՔՎ կոլեգիայի դատական նիստում Եղիշե Վարդապետն ազատազրկվում է 3 տարի պայմանական և 2 տարի փորձնական ժամկետով:

Գևորգ Ե-ի մահից հետո կաթողիկոսի պարտականությունները կատարում էր կաթողիկոսական տեղակալ՝ Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանը, որը վատ իմաստով գտնվում էր խորհրդային իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Երկարատև ձգձգումներից հետո եկեղեցական ժողովը կայացավ 1932 թ. նոյեմբերին: Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Խորեն Մուրադբեկյանը (1932-1938 թթ.):

Խորեն Ա Մուրադբեկյանի ընտրությամբ, երկարատև դադարից ու մաքառումներից հետո, հայոց եկեղեցին ունեցավ կաթողիկոս. ««դաշնակ, ազգայնամոլ», այսինքն՝ մի մարդ, որը մտահոգված էր իր բազմաչարչար ազգի ճակատագրով»։9

Խորհրդային իշխանության բնորոշմամբ «դաշնակ-ազգայնամոլ» Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը «առաջադեմ, ձախ հայացքների տեր մարդ էր, ազատատենչ՝ ապստամբ բառի ուղղակի իմաստով, որը երբեք չգնաց իր խղճի և սկզբունքների դեմ»։10

Խորեն Ա Մուրադբեկյանին վիճակված էր գործել չափազանց ծանր ժամանակահատվածում, երբ «դաժան ձևով շարունակվում էին հալածանքներն ու բռնաճնշումները կրոնի, եկեղեցու և նրա սպասավորների նկատմամբ, զանգվածորեն փակվում էին եկեղեցիներն ու վանքերը, իսկ կրոնի սպասավորները… զանգվածորեն բանտարկվում ու աքսորվում»։11 Պետականացվեց եկեղեցու գույքը, փակվեց եկեղեցիների մեծ մասը «1937 թ. վերջի դրությամբ Հայաստանում փակվել էր 800 եկեղեցի»12, որի վերաբերյալ Խորեն Ա Մուրադբեկյանը՝ ՀԽՍՀ ներքգործժողկոմին գրում է. «ամբողջ Հայաստանում չորս եկեղեցի է մնացել, իսկ 800-ից ավելի եկեղեցիներ փակվել են մեծ մասամբ վարչական եղանակով, որպիսի գործելակերպը վերջերս էլ դատապարտվում է կենտրոնական իշխանության կողմից»։13 Բռնությունների ենթարկվեցին բազմաթիվ հոգևորականներ. «որոշ տվյալներով 1930-ական թվականներին Հայաստանում բռնաճնշման էին ենթարկվել 161 հոգևորականներ: Նրանցից 91-ի համար կայացվել է գնդակահարության որոշում»։14

Շարունակելով պայքարը հայոց եկեղեցու դեմ «1937 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ կենտգործկոմի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը նույնպես մեղադրեց եկեղեցուն հակախորհրդային գործունեության մեջ «Խորհուրդների ընտրությունների դժվարություններից մեկը կհանդիսանա այն հանգամանքը, որ որոշ տեղերում պահպանված հակախորհրդային տարրերը, գլխավորապես եկեղեցականները սկսել են գլուխ բարձրացնել…Մեր խնդիրն այն է, որպեսզի չգնանք պրովակացիայի և ժամանակին խափանենք նրանց հակախորհրդային աշխատանքը»»։15

Ավերիչ հարվածների ենթարկված, անդադար հալածվող և թուլացած հայոց եկեղեցին՝ Խորեն Ա Կաթողիկոսի գլխավորությամբ չէր պատրաստվում դադարեցնել իր գոյությունը, ինչն էլ խորհրդային իշխանություններին ավելի էր զայրացնում և մղում առանձնակի դաժանությամբ եկեղեցու դեմ պայքարի։ Կենտրոնից տրված էր հատուկ առաջադրանք՝ վերացնել հայոց եկեղեցին. «1937 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի ներքգործժողկոմատի նոր ղեկավարությունը Խվորոստյանին, Կոնդակովին, Պետրոսյանին և Իսրայելյանին կառավարական կարևոր խնդիրների օրինակելի կատարման համար պարգևատրեց Կարմիր աստղի շքանշանով: Հայաստանի ներքգործժողկոմատը պետք է կատարեր ևս մեկ «շատ կարևոր գործ»՝Հայոց եկեղեցու դեմ ուղղված բռնաճնշումներից էր նաև հարկային ծանր բեռի սահմանումը:

Եկեղեցու վրա դրվել էր այնպիսի հարկային բեռ, որ նա ուղղակի չէր կարող վճարել այդքան հարկ։ Այդ իրավիճակից դրդված Խորեն Ա Կաթողիկոսը «հայրապետական կոնդակներ հղեց Վ. Խվորոստյանին և Կենտգործկոմի նախագահ Մ. Պապյանին, որոնցում բացատրում էր, որ հնարավոր չէ վճարել այդքան բարձր հարկերը»,16 իշխանությունները, սակայն, անդրդվելի էին և որոշեցին դատարանի միջոցով եկեղեցուն պարտավորեցնել վճարել. «Վաղարշապատի շրջֆինբաժինը տեղական իշխանությունների գիտությամբ Էջմիածնի վանքին հայց է ներկայացրել հարկը վճարելու մասին, և ժողդատարանը իր 1937 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ պարտավորեցրել է վանքին վճարել հարկերն ու չմուծված պարտքը»։17

Հայաստանի Ժողկոմխորհը դիմում է ԽՍՀՄ Ժողկոմխորհին. «Հայաստանի Ժողկոմխորհը գտնում է, որ ժողդատարանի Էջմիածնի վանքի հարկն ու պարտքը գանձելու մասին որոշումը պետք է ի կատար ածել ընդհանուր հիմունքներով, բայց քանի որ կաթողիկոսը կտրականապես հրաժարվում է հարկը վճարելուց, խնդրում ենք այս հարցի վերաբերյալ ձեր ցուցումները»։18

Իրականում եկեղեցին ի զորու չէր վճարել այն հսկայական հարկերը, որ պահանջում էին նրանից, և չենք կարծում, որ Հայաստանի ղեկավարները չէին հասկանում դա, պարզապես, ինչպես ասել ենք, ներքգործժողկոմատի առջև խնդիր էր դրված վերջնականապես վերացնել հայոց եկեղեցին, ինչի հնարավորությունը տվեց «հարկերից խուսափելու» կեղծ մեղադրանքը:

Եկեղեցու վերջնական վերացմանն ուղղված գործողությունների իրականացումը դրվեց ներքգործժողկոմատի գաղտնի քաղաքական բաժնի վրա:

«Այդ գործը պետք էր սկսել Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի ոչնչացումից: Այդպիսով գլխատելով հայոց եկեղեցին»։19

Սկսվում են բռնություններն ու հալածանքները Կաթողիկոսի հարազատների ու մտերիմների նկատմամբ. «1937 թվականին «անհետաձգելի գործով» Թիֆլիս կանչվեց Մարգարայի մաքսատան պետ Սերգեյ Մուրադբեկյանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ավագ եղբայրը: Ժամանելուն պես կալանքի վերցվեց և շուտով գնդակահարվեց: Երևանում ՆԳԺ-ն բանտարկեց կաթողիկոսի կրտսեր եղբորը՝ Լևոն Մուրադբեկյանին: Բանտարկված Լևոն Մուրադբեկյանը զոհվեց ՆԳԺ-ի պատերի ներսում»։20

Կարճ ժամանակում Ամենայն Հայոց կաթողիկոսը զրկվեց իր մերձավորներից:

«1938 թվականի մարտին Մոսկվայից Երևան ժամանեց հակակրոնական պայքարի գծով «մասնագետ», «Անտիռելիգիոնիկ» ամսագրի աշխատակից Ա. Լոգվինովիչը: Մարտի 27-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի նիստում քննարկվեց հակակրոնական աշխատանքի գծով նրա տեսակետը»։21

Հետո մոտեցավ Կաթողիկոսի հետ դատաստան տեսնելու ժամանակը. «1938 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը անսպասելիորեն Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանը վախճանվեց»,22 պաշտոնական վարկածը՝ «սրտի կանգ»:

Որ կաթողիկոսի մահը ամենևին էլ սրտի կանգի հետևանք չէր, փաստում են նրան ծառայած Գևորգ Կլեկչյանի վկայակոչած եղելությունները.«…. Երբ անցա մեծ դահլիճ, աչքս ընկան էլեկտրական լարերի կտորտանքները, զարմացա թե այդ կտորտանքները որտեղից են հայտնվել:…. Լողացնելու ժամանակ մարմնական վնասվածքներ չտեսա, միայն դեմքն էր կապտած, և վզի շուրջը՝ մաշկի տակ երկարավուն շերտ-շերտ կապտավուն հետքեր կային, իսկ հետքերի տակ արյան մանր բծեր»,23 կաթողիկոսի մարմինը զննած բժիշկ Հայկ Եղիազարյանը արձանագրել է. «Կասկած չկա, կաթողիկոսին խեղդել են»։24

Կաթողիկոսի մահվանը խորհրդային ղեկավար շրջանակներն ու մամուլը լռությամբ արձագանքնեցին, նույնպիսի լռությամբ էլ տեղի ունեցավ կաթողիկոսի հուղարկավորությունը:

Խորեն Մուրադբեկյանի սպանությունից հետո եկեղեցու դիրքերը զգալիորեն թուլացան, թուլացավ ժողովրդական զանգվածների վրա եկեղեցու ազդեցությունը, սակայն խորհրդային իշխանությունները դրանից հետո էլ շարունակեցին եկեղեցու նկատմամբ հալածանքները: Կաթողիկոսի մահից հետո, օգոստոսի 4-ին խորհրդային Հայաստանի կառավարիչները կայացրին սխալ ու անհիմն որոշում՝ փակել Էջմիածնի վանքը, այն վերածելով թանգարանի, նոր կաթողիկոսի ընտրություններ չանցկացնել և վերացնել հայ հոգևորականության կենտրոն Էջմիածնի կաթողիկոսությունը։ Որոշման տակ դրված էր ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի ստորագրությունը:

Այլ կերպ ասած՝ ամենուրեք և բոլորի մեջ «դաշնակցականներ» փնտրող Հայաստանի կոմունիստական իշխանությունը, հայոց եկեղեցուն «դաշնակիզմի» մեղադրանք էր առաջադրում, իբրև հիմնավորում նշվում էր. «Հանգուցյալ կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանն անձամբ եղել է դաշնակցականների կուսակցության ակտիվ անդամ և «հակահեղափոխական աշխատանքի գծով կապված է եղել Խանջյանի, Տեր-Գաբրիելյանի և Հայաստանում աջ-տրոցկիստական կենտրոնի մյուս անդամների հետ»։25 Մեղադրանքներից արդեն իսկ ակնհայտ է դրանց շինծու և անհեթեթ լինելը։ Իբրև «դաշնակցական» Խորեն Մուրադբեկյանի ենթադրյալ համագործակցությունը՝ Դաշնակցության գաղափարական թշնամիներ՝ Աղասի Խանջյանի ու Սահակ Տեր-Գարբրիելյանի հետ՝ արդեն իսկ վկայում են, կաթողիկոսին վերագրվող մեղադրանքի կեղծ լինելը:

Կարելի է կարծել, որ Հայաստանի ամբողջ բնակչությունը դաշնակցականներ էին, որոնց շարքերը այդպես էլ չէին սպառվում՝ շուրջ երկու տասնամյակ ձերբակալելով, աքսորելով ու գնդակահարելով:
Իրականությունը, սակայն, այն է, որ խորհրդային իշխանությանը իր բռնությունները հիմնավորելու պատճառներ էին պետք, իսկ «դաշնակիզմը», «տրոցկիզմը» կամ «ժողովրդի թշնամիները» ընդամենը պատրվակ էին:

Այդ աղետալի վիճակում հուսադրող էր Գևորգ Չորեքչյան արքեպիսկոպոսի վճռականությունը. «1938 թվականի ապրիլի 11-ին, կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի թաղումից հետո, Լենինականից Էջմիածին վերադարձավ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը: Վերադառնալուն պես նա ստանձնեց հայոց եկեղեցու ղեկավարի դերը, դրանով իսկ դառնալով կաթողիկոսի փաստացի տեղապահը»։26
Խորհրդային իշխանությունները հնարավոր և անհնար ամեն բան արեցին հայոց եկեղեցին վերացնելու համար, սակայն, երբ 1941 թ. հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, հայոց եկեղեցին գտնվեց իր բարձունքում:

Հուլիսի 5-ին հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը՝ աշխարհի հայերին թշնամու դեմ պայքարի կոչ հղեց. «Երկու շաբաթ է, որ գերմանական զորաբանակները ներխուժել են Սովետական Միության երկիրը՝ ավերելով ու թալանելով մեր հայրենիքը, մահ բերելով մեր ծնողներին, եղբայրներին, քույրերին, զավակներին: Սուրբ Էջմիածնի ծայրագույն հոգևոր իշխանությունն անկարող է անտարբեր ականատես հանդիսանալ, նա հայ եկեղեցու ու հայ ժողովրդի անունից բողոքելով բողոքում է կատարված այս անարդարության դեմ: Բայց հոգով ուրախ է և մխիթարված, որ այս պատմական վայրկյանին իր հոգևոր զավակներն էլ մյուս ժողովուրդների հետ ոգևորությամբ և ազնվությամբ կատարում են իրենց քաղաքացիական ու պետական պարտականությունները:

Սուրբ Էջմիածինը հորդոր է կարդում նաև արտասահմանի հայության՝ ըստ ամենայնի օժանդակել հայրենիքի մեծ և արդար գործին, նպաստելով նրա հաջող լուծման:

Տեղակալ՝ Ամենայն հայոց հայրապետության Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյան, անդամներ՝ Գերագույն հոգևոր խորհրդի Արսեն արքեպիսկոպոս Ղլտչյան, բժիշկ Հայկ Եղիազարյան, իրավաբան Պետրոս Հովհաննիսյան»։27

Շատ չանցած, 1941 թ. հուլիսի 30-ին հայոց եկեղեցին հղում է իր երկրորդ կոչը. «Հայը, բացի Խորհրդային Հայաստանից՝ չունի այլ հայրենիք: Հայը՝ Հայաստանից դուրս չունի այլ հաստատուն կռվան, բացի հայ եկեղեցին և նրան գլխավորող Ամենայն հայոց հայրապետությունը Ս. Էջմիածնի Հայրապետական աթոռով:

…. Աջակցել Խորհրդային Միությանը, նշանակում է աջակցել հայրենիքին:

Խորհրդային Միության հաղթանակը հաղթանակն է նաև հայ ժողովրդի:

Ամեն հայ մարդ, որ նախանձախնդիր է իր հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի բարգավաճման՝ նա կաջակցի, անշուշտ, և կպաշտպանե Խորհրդային Միության»։28

Հայրենական պատերազմի սկիզբը ստիպեց խորհրդային իշխանություններին դադարեցնել բռնաճնշումները թե՛ բնակչության, թե՛ եկեղեցու նկատմամբ:

Տանկային շարասյան ստեղծման նպատակով Գևորգ Չորեքչյանը 1943 թ. հունվարին, այդ նպատակով բացված ֆոնդին «փոխանցեց 800 հազար ռուբլու արժողության թանկարժեք իրեր, անգլիական հազար ֆունտ ստերլինգ և հիսուն հազար ռուբլի խորհրդային դրամ»։29

Իրեն «ժողովուրդների հայր» հռչակած Ստալինը իհարկե չէր կարող չընդունել այն եկեղեցու օգնությունը, որը ոչնչացնելու համար գործադրել էր ամենանենգ միջոցները: Ստալինը հանգամանքների ճնշմամբ որոշեց որոշակի հանդուրժողականություն դրսևորել կրոնական կառույցների նկատմամբ և 1943 թ. հունվարի 26-ին Էջմիածին ուղարկված հեռագրով հայտնեց, որ թույլատրում է հանգանակությունները «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան հիմնադրման համար:

Սա նշանակում էր նախ և առաջ, որ «երկրում իշխող կառավարությունը պաշտոնապես ճանաչում է հայ եկեղեցու գոյության իրավունքը:

Երկրորդ՝ կառավարությունը դեմ չէ, որ եկեղեցին զբաղվի բարեգործությամբ, դրանով իսկ օժանդակություն ցուցաբերելով ֆաշիզմի դեմ պայքարում:

Երրորդ՝ հարձակումները հայ եկեղեցու վրա դադարեցվում են, քանի որ «ժողովուրդների հայր» Ի. Ստալինը իր ձեռամբ պատասխանում է հայոց եկեղեցու ղեկավարին»։30

1944 թ. սկսվեց Սուրբ Էջմիածնի իրավունքների վերականգնումը:

1944 թվականի հունվարից սկսեց հրատարակվել «Էջմիածին» ամսագիրը՝ հայոց եկեղեցու Մայր Աթոռի օրգանը: Աստիճանաբար ժողովրդի շրջանում սկսեց վերականգնվել եկեղեցու հեղինակությունը:
Սակայն մինչև Հայրենական պատերազմի ավարտը՝ մնաց եկեղեցական կառույցի չնչին մասը միայն:

Խորհրդային իշխանությունը իսկական պատիժ էր Հայոց եկեղեցու համար:

1945 թ. հունիսի 16-ին Սբ․ Էջմիածնում, երկարատև դադարից հետո վերջապես մեկնարկեց ազգային-եկեղեցական ժողովը: Հունիսի 22-ին տեղի ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը: Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ Զ Չորեքչյանը:

Յոթ տարվա դադարից հետո հայոց եկեղեցին վերջապես կաթողիկոս ունեցավ։ Նոր կաթողիկոս դարձավ դիվանագիտական բացառիկ ունակություններով օժտված՝ Գևորգ Չորեքչյանը…

Ծանոթագրություններ

1.Ղազախեցյան Վ., Հայաստանը 1920-1940 թթ., էջ 527
2.Նույն տեղում:
3. Նույն տեղում:
4.Ստեփանյանց Ս., Հայ եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք., Եր., 1994., էջ 82:
5.Նույնը., էջ 85:
6.Ղազախեցյան Վ., նշվ., աշխ., էջ 529:
7 Նույն տեղում:
8. Սողոմոնյան Ֆ., Ո՞ր մեղքի համար., էջ 214:
9. Ստեփանյանց Ս., նշվ., աշխ., էջ 93:
10 Նույնը., էջ 94:
11.Ղազախեցյան Վ., Հայաստանը 1920-1940 թթ., էջ 531:
12. Նույն տեղում:
13. Նույն տեղում:
14. Ղազախեցյան Վ., նշվ., աշխ., էջ 532-533:
15.Ստեփանյանց Ս., նշվ., աշխ., էջ 111:
16.Նույնը., էջ 113:
17.Նույնը էջ 114
18.Նույնը., էջ 116:
19.Նույն տեղում:
20.Նույն տեղում:
21.Նույնը., էջ 117
22.Նույնը., էջ 120:
23.Նույն տեղում
24. Ղազախեցյան Վ., նշվ., աշխ., Էջ 536
25. Ստեփանյանց Ս., նշվ., աշխ., էջ 24:
26.Նույնը., էջ 137
27.Նույն տեղում
28. նշվ., աշխ., էջ 139:
29. Նույնը., էջ 140:
30.Նույնը., էջ 147:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՆ ՑԱՆԿ

1. Ղազախեցյան Վ., Հայաստանը 1920-1940 թթ:
2. Ստեփանյանց Ս., Հայ եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք., Եր., 1994
3.Սողոմոնյան Ֆ., Ո՞ր մեղքի համար:

Անի Մելքոնյան
Դրօշակ» թիվ 10, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական

Օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմա

07 Նոյեմբեր 2025
Պրիւքսելէն Սեւանայ լիճ եւ անդին

“The truth only hurts when you want to believe a lie.” «Ճշմարտութիւնը ցաւ կը

07 Նոյեմբեր 2025
Գործ ունենք ուրացողի հետ

Նոյեմբերի 6-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ

07 Նոյեմբեր 2025
Նախիջևանը համաթուրանական եւ գլոբալ ծրա

Իչպես հայտնի է, 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանից ապօրինաբար օ

07 Նոյեմբեր 2025
Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությա

06 Նոյեմբեր 2025
Իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթե

Քարոզարշավը հոկտեմբերի 22-ից է սկսվել, բայց ՔՊ-ն` իրեն բնորոշ ոճով, վաղուց է բ

06 Նոյեմբեր 2025
ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ կառավարության շենքի դի

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, նոյեմբերի 6-ին ակցիա են

06 Նոյեմբեր 2025
Փանթուրանիզմ. Հայը Եւ Միւսները

Մտածե՛լ վաղորդայններու մասին, նայի՛լ մաշեցնող վէճերէ եւ պայքարներէ անդին: Այս

06 Նոյեմբեր 2025
Որպէսզի յաղթահարւի ազգակործան սպառնալի

Որեւէ երկրի ազգային թէ՛ պետական կայունութիւնը կամ անկայունութիւնն պայմանաւորւա

06 Նոյեմբեր 2025
Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 1

ՀՕՄի խորհրդաժողովին մասնակցողները Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 115ամե

06 Նոյեմբեր 2025
Եկեղեցական կառույցի կազմալուծումը. բռն

Վերջին մեկ տարվա ամենաքննարկվող թեման Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ահաբե

06 Նոյեմբեր 2025
Պաշտօնական կողոպուտը որքա՞ն կրնայ շարո

Միացեալ Նահանգներու քաղաքատնտեսական բեմին վրայ վերջին շաբաթներու զարգացումները

05 Նոյեմբեր 2025
Get Lost!

Գրած եմ քանիցս, որ Սեւանն ու ազերիներու վերադարձը ՀՀ սահմաններէն ներս հարցեր ե

05 Նոյեմբեր 2025
Պաքուի Մէջ Կը Դատուի Հայաստանը

31 հոկտեմբեր 2025-ին Պաքուի մէջ աւարտեցաւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական

05 Նոյեմբեր 2025
Ի՞նչ հարված ստացավ Հայաստանը Ացախը հան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արցախը հայության ազգային ինքնության բաղկացուցիչն է՝ որպես հայր

05 Նոյեմբեր 2025
Հինգ Տարի Առաջ` Այսօր. Շուշիի Պաշտպանո

2020-ի Շուշիի պաշտպանութեան մարտերուն նահատակուեցան հալէպահայ երիտասարդներ Յար

05 Նոյեմբեր 2025
Բաքվում Եվրոպայի ռաբբիների համագումարի

Անցած շաբաթ տեղի ունեցավ նշանակալի զարգացում, որում ներգրավված էին Ադրբեջանը,

04 Նոյեմբեր 2025
Գործարքային գիտելիք, հացով պայմանավորվ

Այսօր հայ իրականության մեջ ամեն պահի բախվում ես նույն խնդրին, երբ կրթությունը

04 Նոյեմբեր 2025
Խաղաղությունը հնարավոր է, երբ կա արժան

Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսա

04 Նոյեմբեր 2025
Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման ն

Երբ պատրաստում էինք այս յօդուածը, նկատեցինք, որ հետաքրքիր զուգադիպութեամբ, ուղ

04 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company