Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լռելյայն կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները
20 Նոյեմբեր 2025
Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տարի Թուրքիայի հետ այս «սիրավեպի» օրերին փորձում է հերքել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արձագանքին։
Հիշեցնենք, որ Ֆիդանը հայտարարել էր, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան այն անի հիմա, ապա Հայաստանից «կխլի» Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Դրան ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վրա։
«Թուրքիան ՀՀ-ի հետ խոսում է նախապայմաններով, հիմա էլ շարունակում է խոսել նախապայմաններով և շարունակելու է խոսել նախապայմաններով, ինչը, ջայլամային քաղաքականությամ ՀՀ իշխանությունները փորձում են չնկատելու տալ»,– ասաց Մանուկյանը։
Հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն դեռևս Թուրքիային տալու որևէ բան ունի՝ Մանուկյանը պատասխանեց. «ՀՀ-ն չունի որևէ բան տալու. պարզապես այս իշխանություններն են պատրաստ ամեն ինչ տալ, իսկ Թուրքիան ուզում է ամեն ինչ ստանալ՝ հանձինս Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունների։ Քանի դեռ ադրբեջանական բոլոր պահանջները չեն կատարվել, Թուրքիան շարունակելու է նույն շրջափակման քաղաքականությունը»։
Թուրքիան շահագրգռվա՞ծ է հայ-ադրբեջանական գործընթացն ավարտին հասցնելու հարցում՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լռելյայն կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները»։
