Փաշինյանական պարտվողական «խաղաղությունը»` 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի պարտվողական «խաղաղության» խորապատկերին
05 Դեկտեմբեր 2025
Հաճախ ենք ասում, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և պատմության կրկնությունից օգուտներ են քաղում միայն այն ժողովուրդները, որոնք դասեր են քաղում իրենց պատմական սխալներից:
Վերջին 104-105 տարիների ընթացքում մեր պատմության ամենաաղետալի գաղափարախոսությունը դարձել է ազգային ու պետական կենսական շահերն ու հայրենիքից հատվածներ զիջելով «խաղաղության դարաշրջան» բացելու միֆը:
Այս միֆն ավելի քան մեկ դար առաջ այս օրերին էլ տարածված էր Հայաստանի քաղաքական շրջանակներում, որի ողբերգական հետևանքները մենք տեսնում ենք 1921թ. մարտի 16 (18)-ի Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերում:
Բայց Կարսի պայմանագիրը գուցե կործանարար զիջումների սահմանագիծը չդառնար, եթե խորհրդայնացված Հայաստանի կարգավիճակի ու սահմանների հարցում չլիներ Քեմալ-Լենին համաձայնությունն ու հայ բոլշևիկների հլու կամակատարությունը:
Սակայն, մինչև 1921թ. հոկտեմբերի 13-ի կործանարար զիջումներով պայմանագրին անդրադառնալը, մի փոքր խոսենք նախորդող իրադարձությունների մասին:
1920 թ. սեպտեմբերի վերջին օրերին Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա. սկսված պատերազմում հայ բոլշևիկները` կամ ավելի ճիշտ կլինի ասել բոլշևիկ հայերը` որդեգրեցին հակապետական, դավաճանական և պարտվողական քաղաքականություն՝ ամեն կերպ օժանդակելով թշնամուն և նպաստելով Հայաստանի պարտությանը:
Այդ օրերին «Բաքվի «Կոմունիստը» փառաբանական խմբագրականներ էր հրատարակում Մուստաֆա Քեմալի հասցեին: Բոլշևիկյան ժողովներում անվերապահ գովաբանվում էին թուրքերը, որ գալիս էին ազատելու Հայաստանի աշխատավորությանը»1 – սա վառ ապացույցն է այն բանի, որ «հայ բոլշևիկները, անշուշտ, գիտեին, որ թուրքերը խորհրդային իշխանության գործուն աջակցությամբ էին պատերազմի ելել Հայաստանի դեմ»,2 գիտեին ու դեմ չէին, գիտեին ու աջակցում էին, օգնում թշնամուն իրենց իսկ հայրենիքի դեմ պատերազմում, գիտեին ու «հավատացնում էին հայ զինվորներին, որ թուրքերը չէ, որ հարձակվել էին Հայաստանի վրա, այլ «Դաշնակներն» են պատերազմ սկսել…, որ թուրք բանակի մեջ կան և ռուս ու հայ զինվորականներ, և որ եկող թուրք զորքերը չեն կոտորի հայերին…»3, ըստ բոլշևիկ հայերի առաջ քաշած թեզերի` թուրք-հայկական թշնամության մեղավորը հայերն էին, ավելի հստակ` դաշնակցականները, ուստի բոլշևիկները «հավատացնում էին ամենքին, թե թուրքերի թշնամությունը դեպի հայերը հետևանք էր դաշնակցականների վերաբերմամբ տածած ատելության. բավական է Հայաստանը հայտարարել Խորհրդային և եղբայրական ձեռք մեկնել թուրքերին, թուրք – հայկական հարաբերությունները կբարելավվեն, և թուրք բանակը անմիջապես կհեռանա Ալեքսանդրապոլից և Կարսից»4։ Չափազանց ծանոթ պատկեր մեր օրերի համար, այսօր էլ փաշինյանական վարչակազմն է պնդում թե` հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն, եթե հայերը չհիշեն Արարատ լեռան մասին, եթե չխոսեն Հայոց ցեղասպանության մասին, եթե հալածվեն հայ հոգևորականները ու Ադրբեջանին հանձնվեն Հայաստանի Հանրապետության այն բոլոր տարածքները, որոնք նա կպահանջի, իր հակապետական, դավաճանական ու պարտվողական քաղաքականությունը հիմնավորելով «խաղաղության դարաշրջանի» փուչիկ գաղափարախոսությամբ` մոռանալով, որ որքան մեծ ես փչում փուչիկը, այնքան ավելի արագ ու բարձրաձայն է պայթում այն: Սակայն եթե Փաշինյանը ժամանակին սեփական թերթում հակապետական ու բանակը վարկաբեկող հոդվածներ տպագրելու փոխարեն ժամանակ հատկացներ հայոց պատմությունն ուսումնասիրելու համար, գուցե իմանար (կամ գուցե գիտի ու հավատարմորեն կրկնում է բոլշևիկյան քաղաքականությունը), որ. «…հայ բոլշևիկները դեպի դաշնակցականները ունեցած ատելությունից կուրացած և հուսալով թուրքերի օգնությամբ խորտակել Հայաստանի անկախությունը` ամեն միջոց գործադրեցին կոտրելու համար հայկական բանակի դիմադրական զորությունը»5, բայց այն, ինչ եղավ հետո` ողբերգական է յուրաքանչյուր ողջամիտ հայի համար, այն աստիճան, որ անգամ բոլշևիկ պատմաբան Բորյանն է ստիպված արձանագրում սեփական կուսակցության ուղեգծի սնանկությունը. «Դուրս եկավ,- ասում է Բորյանը,-որ Հեղկոմը մեծ հույսեր էր կապում «աշխատավոր Թուրքիայի» հետ: «Հասարակական Թուրքիան» մեկից ավելի անգամներ ցույց է տվել իր «համակրանքը» հայերին ու Հայաստանին: Նա դաշնագրով պարտավորեցրեց Խորհրդային Ռուսաստանին ճնշում գործ դնել Խորհրդային Հայաստանի վրա»6 – խոսքը Մոսկվայի ու Կարսի կործանարար դաշնագրերի մասին է, որոնց մասին կխոսենք քիչ ուշ:
Բոլշևիկ-թուրքական համագործակցությունը ի վերջո հանգեցրեց Հայաստանի Հանրապետության անկմանն ու Հայաստանի խորհրդայնացմանը, որին հասնելու համար բոլշևիկ հայերը խոստանում էին Հայկական Հարցը լուծել շատ ավելի արդյունավետ, քան կարող էին լուծել դաշնակցականները, և «լուծեցին» շատ «արդյունավետ» կերպով. բզկտեցին Հայաստանը և նրա տարածքները՝ աջ ու ձախ բաժանելով նրա հարևանների միջև, նույն կերպ էլ Փաշինյանն է «լուծում» արցախյան հակամարտությունն ու հայ-ադրբեջանական թշնամանքը վերացնելու հարցը:
«Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրերին, Ադրբեջանի կառավարության պետ «ընկեր Նարիման Նարիմանովը» Հայաստանի Հեղկոմին ուղղված հեռագրով և Բաքվում արված հանդիսավոր հայտարարությամբ ծանուցեց, որ այլևս Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն վեճ ավարտված է, և Խորհրդային Ադրբեջանը եղբայրաբար զիջում է Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանին»7։
Կարճ ժամանակ անց, սակայն, Արցախն ու Նախիջևանը բռնակցվեցին Խորհրդային Ադրբեջանին, Զանգեզուրն էլ մնաց Հայաստանի կազմում` Նժդեհի ու զինակիցների հերոսական պայքարի շնորհիվ:
Արցախն ու Նախիջևանը Ադրբեջանին բռնակցելուց հետո, Նարիմանովի հայտարարության վերաբերյալ «հայ կոմունիստական շրջաններում տրվում էր այն բացատրությունը, թե Նարիմանովը Ղարաբաղը զիջելու մտքով չէր արել հայտարարությունը, այլ իբրև պրոպագանդ, հայ բոլշևիկների գործը դյուրացնելու նպատակով»8 – արդեն իսկ հասկանալի է, որ բոլշևիկ հայերը նախապես տվել էին իրենց համաձայնությունը Հայաստանի բզկտման քեմալա-լենինյան ծրագրին` դրա դիմաց ստանալով Մոսկվայից կախյալ իշխանություն` ճիշտ այնպես, ինչպես ենթադրելի է, որ Փաշինյանը ստացավ արևմուտքից ու Թուրքիայից կախյալ իր իշխանությունը, նախապես համաձայնության գալով Արցախի դավաճանական հանձնման ու Հայաստանի ինքնիշխան տարածքների բզկտման վերաբերյալ:
Խորհրդայնացման պահին Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի ու Ադրբեջանի հետ տարածքային վեճեր ուներ, իսկ Թուրքիայի նկատմամբ ուներ տարածքային պահանջներ, բոլշևիկ հայերը շատ «արդյունավետ» հարցը լուծեցին` իհարկե ի վնաս Հայաստանի. «Վրաստանի հետ բարեկամություն հաստատելու համար նրանք հրաժարվեցին զուտ հայկական և Հայաստանի անբաժան մաս կազմող Ախալքալաքի շրջանից և հայկական Լոռիի մի մասից և, այդպիսով, խնդիրը փակված հայտարարեցին»,9 ավելի մեծ զիջումներ բոլշևիկ հայերն արեցին Ադրբեջանին, համաձայնելով, որ «Ղարաբաղն իր ավելի քանի 150.000-անոց զուտ հայ բնակչությամբ մնա Ադրբեջանի սահմաններում և, իբրև վերադիր, թույլ տվին նաև, որ Ադրբեջանի քոչվորներն ամառները օգտվին Զանգեզուրի, Դարալագյազի, Բասար-Գեչարի ու Ղազախի հայկական արոտավայրերից, առանց որևէ փոխարինության Հայաստանին»10։ Այս զիջումներն էլ քիչ թվացին բոլշևիկ հայերին, և նրանք համաձայնեցին, որ «Ադրբեջանին տրվին Նախիջևանն ու Շարուրը, որոնք նույնիսկ ընդհանուր սահման չունին Ադրբեջանի հետ և գտնվում են Հայաստանի սրտում»։11
Կեղծ խաղաղության լոզունգով` հանուն թշնամական շահերի Հայաստանի բզկտումը այսքանով չավարտվեց, ինչպես իրավացիորեն նկատել է Ս. Վրացյանը. «Ավելի ծանր ու անփառունակ եղավ բոլշևիկների դերը հայ-թուրքական հարաբերությունների խնդրում»12 – Մոսկվայի, պայմանագրով` Հայաստանը կրեց հսկայական տարածքային կորուստներ, այդ հակաօրինական ու հակահայ փաստաթղթով «ոչ միայն ամբողջ Կարսի և Արդահանի գավառները, այլև Սուրմալուն անպայման կերպով հանձնվում էին Թուրքիային: Նախիջևանի շրջանը առնվում էր Հայաստանից և իբր «ինքնավար հողամաս» հանձնվում Ադրբեջանին` պայմանով, որ վերջինս իրավունք չունենա ուրիշին փոխանցելու»։13
Մոսկվայի խայտառակ պայմանագիրը միայն սկիզբն էր. կործանարար կորուստների սահմանագիծը դարձավ Կարսի պայմանագիրը:
«Մոսկվայի պայմանագրից է բխում 1921թ. հոկտեմբերի13-ին կնքված Կարսի պայմանագիրը, որը ստորագրել է նաև Խորհրդային Հայաստանը»։14 Այդ պայմանագիրը շատ ավելի ծանր էր, քան Ալեքսանդրապոլինը և շատ ավելի նվաստացուցիչ, քան Մոսկվայինը, քանզի «Կարսի դաշնագիրը, որ կոչված էր վերջնականապես կարգավորելու Թուրքիայի և Հայաստանի փոխհարաբերությունները, ոչ միայն, ոչ մի խոսք չի անում թուրքահայոց հողերի և իրավունքների մասին, այլև առանց առարկության, թուրքերին է թողնում Արդահանի, Օլթիի, Կարսի, Կաղզվանի և Սուրմալուի շրջանները, այսինքն՝ ամբողջ Հայաստանը` Ախուրյանից և Արաքսից դեպի հարավ: Բացի այդ, Հայաստանի սրտում գտնվող Շարուր-Նախիջևանը խլվում է Հայաստանից և տրվում Ադրբեջանին, փոխանակ Ղարաբաղը հանձնելու Հայաստանին»15 – և երիցս իրավացի է Վրացյանը, երբ բոլշևիկյան այդ ծնկած խաղաղության մասին ասում է. «Այս պայմաններով, իհարկե, դժվար չէր խաղաղություն հաստատել: Եթե Երևանն ու Էջմիածինն էլ հանձնեին, խաղաղությունն ավելի կատարյալ ու տևական կլիներ»16 – գրեթե նույնպիսի կապիտուլյացիոն համաձայնագիր կնքվեց 2025 թ. օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Վաշինգտոնում, առանց արցախցիների վերադարձի իրավունքի ու գերիների ազատ արձակման մասին որևէ ակնարկի` զիջվեց Զանգեզուրի միջանցքը ու դեռ պարզ չէ, թե զիջումների ծավալը որքա՞ն է: Իհարկե Փաշինյանը մեծ պատրաստակամությամբ կուղղի բոլշևիկ հայերի «սխալը» ու «հանուն խաղաղության» առանց վարանելու կզիջի նաև Երևանն ու Էջմիածինը, հատկապես, որ անշեղ ընթանում է այդ ճանապարհով:
Փաստորեն. «Կարսի խորհրդաժողովում թուրքերը թելադրեցին իրենց կամքը և հաղթական բոլշևիկները հլու կամակատարությամբ ենթարկվեցին»։17
Կարսի պայմանագիրը, ինչպես դրան նախորդած Մոսկվայի պայմանագիրը` գործարք էր քեմալականների և բոլշևիկների միջև, կեղծ խաղաղության անվան տակ` Հայաստանը զոհաբերելու գործարք. «որով Հայաստանը դարձավ «փրկագին» խորհուրդների արևելյան քաղաքականության մեջ համաշխարհային հեղափոխության շահի համար»։18 Փաստացի Կարսի պայմանագիրը կատարյալ անձնատվություն (կապիտուլյացիա) էր բոլշևիկների համար, փաստ, որն արձանագրել է անգամ բոլշևիկ պատմաբան Բորյանը. «Ավելի ծանր և ավելի անօգուտ խաղաղություն, քան Կարսինն է, հազիվ թե կարելի է գտնել պատմության էջերում…»։19 Բորյանի կողմից Կարսի «խաղաղությունը» անօգուտ որակելուց «Կարսի դաշնագրի և առհասարակ հայ բոլշևիկների քաղաքականության համար ավելի զարհուրելի և սպանիչ դատավճիռ կարելի չէ երևակայել»։20
Սակայն նույնիսկ Բորյանը չէր կարող պատկերացնել, որ մեկ դար անց ավելի խայտառակ ու նվաստացուցիչ պայմանագրեր են կնքվելու` 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Փաստաթղթեր, որոնք իրենց հակահայ ու դավաճանական բնույթով եթե չեն գերազանցում, ապա հաստատ չեն էլ զիջում Կարսի պայմանագրին:
Ամփոփելով կարող ենք ասել, որ Մոսկվայի ու դրա հավելվածը հանդիսացող Կարսի պայմանագրերը «հնարավորություն տվեցին հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, Առաջին աշխարհամարտում պարտություն կրած Թուրքիային Խորհրդային պետության ղեկավարության օգնությամբ հաղթանակ արձանագրելու, այն է` յուրացնելու ոչ միայն բռնազավթված Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը»։21
Ուզում ենք հատուկ շեշտել այն հանգամանքը, որ «Այսօր էլ Թուրքիան իր եղբայր Ադրբեջանի հովանավորի կարգավիճակով շարունակում է շրջափակել Հայաստանը, Ադրբեջանի միջոցով իր կամքը թելադրել և իրական վտանգ ստեղծել Հայաստանի հարավային սահմանների համար` ցանկանալով կյանքի կոչել համաթուրանականության գաղափարախոսության վաղեմի երազանքը` Թուրքիայի կողմից Նախիջևանը Հայաստանի միջոցով միացնել Ադրբեջանին, հասնել թուրքական մեծ կայսրության տեսլականին»։22
Իհարկե Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն իրավական որևէ ուժ չունեն, բայց դրանք «անշուշտ, իրենց բացասական դերն ունեցան Հայկական հարցի հետագա լուծման ճանապարհին, չնայած մեծ տերությունները չեն ճանաչել ո՛չ Մոսկվայի և ո՛չ էլ Կարսի պայմանագրերը»։23
Ծանոթագրություններ
1. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև., Եր., 2022., էջ 132:
2.Նույնը., էջ 133:
3.Նույնը., էջ 134:
4. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993., էջ 550:
5. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, էջ 136-137:
6. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, էջ 551:
7. Նույնը, էջ 549-550:
8. Նույն տեղում:
9. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, էջ 204:
10. Նույնը, էջ 205:
11. Նույն տեղում:
12. Նույնը, էջ 206:
13.Նույնը, էջ 206-207:
14.Մելքոնյան Ա., Հայաստանը միջազգային դիվանագիտական փաստաթղթերում. բախտորոշ պայմանագրեր., Դրօշակ, թիվ 8, օգոստոս 2021, էջ 29:
15. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, էջ 215-216:
16. Նույնը, էջ 205:
17. Նույնը, էջ 216:
18. Նույնը, էջ 218:
19.Борьян Б., Армения, международная дипломатия и СССР, чацть II Москба-Ленинград, 1929, с. 163.
20. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, էջ 218:
21. Մինասյան Է., 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հետևանքները, Հայաստանը և տարածաշրջանը, միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., 2022, էջ 281:
22.Նույնը, էջ 283-284:
23. Նույնը, էջ 271:
Օգտագործված գրականության ցանկ
ա) Գրականություն
1. Հայաստանը և տարածաշրջանը, 1921թ.Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., 2022:
2. Վրացյան Ս., Հայաստանը բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, Եր., 2022:
3. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993:
4. Борьян Б., Армения, международная дипломатия и СССР, часть II Москва-Ленинград, 1929.
բ) Մամուլ
1. Դրօշակ, թիվ 8, օգոստոս 2021:
Անի Մելքոնյան
