Տարածաշրջանում ձևավորվում է թուրք–քաթար հնարավոր նոր առանցք
10 Դեկտեմբեր 2025
Քաթարը Անկարայի հետ հանդես կգա Լիբանանի վերաբերյալ նոր առաջարկով․Ի՞նչ նոր իրադրություններ են սպասվում տարածաշրջանում և Լիբանանում․ «Նոյյան Տապան»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
– Դոհայի ֆորումի ընթացքում Քաթարի առաջնորդը հայտարարեց, որ շուտով Լիբանանի համար նախատեսված աջակցությունների նոր շարք կներկայացվի։ Ինչո՞ւ է այս հայտարարությունը ուշադրության արժանի։
– Նախ պետք է նկատել Քաթարի դերակատարությունը տարածաշրջանում։ Քաթարը ոչ միայն ակտիվ է ներծոցյան հարաբերություններում, այլ վերջին շրջանում նաև հանդես է գալիս որպես միջնորդ Համաս–Իսրայել անուղղակի բանակցություններում։ Սա ինքնին այդ երկրի վստահելի միջնորդական դերի արտահայտություն է։
Սովորաբար ընդունված է, որ Ծոցի առանցքային պետությունը Սաուդյան Արաբիան է, մնացածը՝ այդ թվում Քաթարը, հանդես են գալիս որպես արբանյակ երկրներ։ Բայց հիշում ենք մի փուլ, երբ Դոհան պահպանեց բնականոն հարաբերությունները Թեհրանի հետ այն ժամանակ, երբ Ռիադը որդեգրել էր Իրանի դեմ խստագույն ճնշումների քաղաքականություն։ Այդ ընտրությունը սրեց Դոհա–Ռիադ հարաբերությունները, սակայն ցույց տվեց, որ Քաթարը պատրաստ է վտանգել նույնիսկ իր կապերը Սաուդյան Արաբիայի հետ՝ չեզոք միջնորդի իր դերը պահպանելու համար։
– Քաթարի միջնորդական դերն ինչպե՞ս փոխվեց Համասի ներկայացուցիչների դեմ Իսրայելի գործողություններից հետո։
– Երբ Համասի ներկայացուցիչները դարձան Իսրայելի հարվածների թիրախ Դոհայում, Քաթարի միջնորդական դերը որոշակիորեն վնասվեց։ Իսրայելը խախտեց նախկին «խաղի կանոնները» և փաստացի հարվածեց Քաթարի տարածքում։ Բայց այսօր Դոհան նորից ակտիվ դեր ունի Գազայի շուրջ բանակցություններում և ընդհանուր գործընթացում, այդ թվում՝ վերակառուցման ծրագրերում։
– Ինչո՞ւ է այժմ Դոհայի ղեկավարի՝ Լիբանանին տրամադրվելիք նոր աջակցության մասին հայտարարությունը դիտարժան։
– Ըստ նրա՝ «Քաթարը շարունակում է Լիբանանին ցուցաբերել քաղաքական և տնտեսական աջակցություն», ինչը նշանակում է, որ աջակցությունները արդեն տրամադրվում են։ Միևնույն ժամանակ, նա չի հստակեցնում, թե երբ և ինչ ծավալով կհայտարարվեն նոր ծրագրերը։ Սա կարող է նշանակել, որ ծրագիրն արդեն պատրաստ է, բայց սպասում է Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին։
Այսպիսի մշուշոտ խոստումները սկսում են ունենալ ճնշման գործոնի բնույթ։
– Վերջին օրերին իսրայելական մամուլը գրում էր Հըզբոլլայի զինաթափման շուրջ երկու տարվա ժամկետի առաջարկի մասին։ Ինչպե՞ս է սա կապվում Քաթարի հետ։
– Ըստ հրապարակումների՝ այս առաջարկը ներկայացրել են Թուրքիան և Քաթարը, իսկ Իսրայելը մերժել է այն։ Եթե ընդունենք տեղեկության հավաստիությունը, ապա տեսնում ենք Անկարայի և Դոհայի միջև համակարգման նոր մակարդակ ու նրանց ցանկությունը՝ միասին հանդես գալու որպես տարածաշրջանային դերակատարներ։
Քաթարը նախկինում արդեն ցույց տվել է, որ անհրաժեշտության դեպքում ինքնուրույն քայլեր է անում անգամ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վտանգելու գնով։ Հնարավոր է՝ Ռիադը նաև այս նոր առաջարկին հաշտ աչքով չընկալի, հատկապես՝ այն պարագայում, երբ այն համատեղ է Թուրքիայից և Քաթարից։
– Ինչպե՞ս կարելի է ամփոփել ընթացիկ գործընթացները։
– Տեղի ունեցող զարգացումների ամբողջ պատկերի մեջ արդեն կարելի է նկատել նոր միջանկյալ տեսլական։ Տարածաշրջանում ձևավորվում է թուրք–քաթար հնարավոր նոր առանցք, որը ձգտում է դերակատարություն ստանձնել ոչ միայն Գազայի, այլ նաև Լիբանանի հարցերում։ Եվ հենց այս համատեքստում Լիբանանի համար նախատեսվող նոր աջակցության ծրագրերի մասին հայտարարությունները ստանում են լրացուցիչ նշանակություն։
