«Խաղաղության» պատրանքը. ինչպես են Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունները մանիպուլացնում հայ հասարակությանը
08 Դեկտեմբեր 2025
Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս, այսպես կոչված՝ «խաղաղության գործընթացը», իրականում պատրանք է, որի ողջ պատկերը կառուցված է Ադրբեջանի շահերը սպասարկելու, Հայաստանի դիրքերը թուլացնելու և հայ հասարակությանը մանիպուլացնելու վրա: Ադրբեջանի իշխանությունը փորձում է արտաքին հանրությանը ցույց տալ խաղաղություն հաստատելու իր «պատրաստակամությունը», բայց ներսում խաղաղության ընկալումները տարբերվում են՝ կախված քաղաքական ուժերից, ընդդիմադիր շրջանակներից և հասարակական տրամադրություններից։
Ադրբեջանի իշխանությունների՝ «խաղաղության օրակարգը» մշտապես օգտագործվում է որպես լծակ՝ միջազգային հանրության և շահագրգիռ պետությունների վրա ազդելու համար։ Օրինակ, նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել, սակայն դրա նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ այն դիտարկելով որպես տարածքային պահանջների վերացում։ Ինչպես ասվեց այս մոտեցումը ցույց է տալիս, որ Բաքվում խաղաղության գաղափարն առաջնային է ոչ թե որպես մարդկային և քաղաքացիական բարեկեցության հնարավորություն, այլ որպես միջոց՝ միջազգային և ներքին համապատասխան լծակների ապահովման համար։
Ադրբեջանական արտաքին քաղաքական շահերը ևս ընդգծում են «խաղաղության» քողարկված գործառույթը։ Բաքուն «խաղաղության գործընթացը» դիտարկում է ոչ միայն որպես տարածաշրջանային անվտանգության միջոց, այլ նաև հնարավորություն՝ ամրագրելու բռնազավթված տարածքները, վերահաստատելու միջազգայնորեն ճանաչված սահմանները և զարգացնելու տրանսպորտային և առևտրային ենթակառուցվածքներ։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը «խաղաղության օրակարգը» առաջին հերթին դիտարկում է որպես տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի գործիք, այլ ոչ թե որպես իրական խաղաղության փորձ։
Ադրբեջանական կողմի պաշտոնական հռետորաբանությունը վերջին տարիներին մշտապես ագրեսիվ է եղել և ոչ միայն շեղում է հասարակության ուշադրությունը, այլև շեշտում է, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում չի լքելու Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները, և բոլոր բանակցություններն իրականացվում են՝ բացառապես Ադրբեջանի պայմաններով: Նախագահ Ի. Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է հարգի իրենց օրակարգը, և իրենք չեն պատրաստվում հրաժարվել իրենց պահանջներից, ինչը պարզ ցույց է տալիս, որ Բաքվի մտադրությունները խաղաղության ձևակերպումների ներքո իրականում նպատակ ունեն վերականգնել և ամրապնդել Ադրբեջանի ռազմավարական դիրքերը Հարավային Կովկասում:
Ադրբեջանական ներքին քննարկումներում, ըստ վերլուծական աղբյուրների, լայն տարածում ունի այն համոզմունքը, որ «խաղաղության օրակարգը» ոչ թե երկկողմ վստահության վերականգնումն է, այլ հնարավորություն՝ հայկական դիրքերը ճնշելու, հայկական հանրությանը վախեցնելու և տնտեսական-տրանսպորտային գերիշխանություն հաստատելու համար : Բաքվում և մասնավորապես ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ ընդգծվում է, որ շուտով Հայաստանը պետք է հաշտվի անխուսափելիության հետ, և ողջ տարածքային հարցերը լուծվելու են Ադրբեջանի վերահսկողության համատեքստում: Ադրբեջանում քաղաքական և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակայնորեն կրկնում են, որ ցանկացած տնտեսական կամ ենթակառուցվածքային համագործակցություն պետք է անցնի իրենց վերահսկողությամբ, և որ Ադրբեջանի համար ընդունելի լուծում չկա, եթե դա չի ամրապնդում երկրի դիրքերը։
Հանրային ընկալումները Ադրբեջանի ներսում ևս համահունչ են պաշտոնական հռետորաբանությանը: Ըստ վերջին հասարակական հարցումների, ցանկացած խաղաղության նախաձեռնություն դիտվում է որպես հայկական զիջումների գործիք, և միայն փոքր թվով ադրբեջանցիների շրջանում կա հավատ, որ երկկողմ վստահությունը հնարավոր է, եթե Հայաստանն իրականորեն փոխի դիրքորոշումը: Ըստ այդմ, ադրբեջանական հասարակության մեծամասնությունն ընդունում է Ի. Ալիևի հայտարարությունները, որ խաղաղությունը պայմանավորված է միայն Ադրբեջանի շահերով, իսկ հայկական կողմը չի կարող պահանջներ առաջ քաշել՝ լինեն դրանք արդարացված, թե ոչ:
Հայաստանի իշխանությունները, մինչդեռ, արտաքին հարթության վրա փորձում են ներկայացնել իրավիճակը որպես «խաղաղության նոր փուլ» և «նոր էջ», բայց իրականում ներսում տեղի ունեցող քաղաքական ու դիվանագիտական գործընթացները մանիպուլյացիա են հանրության հանդեպ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ընդգծում է, որ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերը և նախաձեռնություններն ապահովում են փոխկապակցվածություն, ենթակառուցվածքային զարգացում և տնտեսության աճ (ասվածի համատեքստում առաջին տեղում, բնականաբար, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթն է)։ Սակայն, անկախ վերլուծաբանները և փորձագետները պնդում են, որ իրականում այդ ծրագրերը, օրինակ «TRIPP» միջանցքը, առաջին հերթին՝ Ադրբեջանին հնարավորություն են տալիս վերահսկելու Հայաստանի տարածքով անցնող ուղիները, տնտեսական լծակներ ձեռք բերել և խախտել Հայաստանի ինքնիշխանության սահմանները։
Անհասկանալի և բազմակողմանի այս գործընթացը բացահայտում է, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են ոչ թե երկրի շահերի օգտին, այլ փորձում են հանրության համար հեքիաթ հորինել, թե ինչպես են նրանք ապահովում խաղաղություն, փոխադարձ վստահություն և զարգացման հնարավորություններ: Իրականում, ըստ էության, Հայաստանը զիջում է սեփական դիրքերը և հանրությանը դարձնում մասնակից մի գործընթացի, որը ծառայեցվում է հիմնականում ադրբեջանական շահերին։
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթուղթն այս համատեքստում կարելի է դիտարկել որպես արտաքին գործածման լուսանկար, որը ծառայում է միջազգային հանրությանը ներկայացնելու, թե Հայաստանը շարժվում է խաղաղության, կայունության և վստահության ուղիով։ Սակայն փաստաթուղթը և այն հետապնդող նախագծերը՝ ճանապարհներ, ենթակառուցվածքներ և համատեղ տնտեսական ծրագրեր, իրականում նպաստում են Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը, ուժեղացնում են վերջինիս լծակները Հայաստանի նկատմամբ և նվազեցնում հայկական հանրային վերահսկողությունը: Ադրբեջանի իշխանական գնահատականները ցույց են տալիս, որ Բաքուն այս հռչակագիրը դիտարկում է որպես տեսանելի հաղթանակ և որպես իր տեսլականի լուծում: Ի. Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը «հիմնված է Ադրբեջանի տեսլականի վրա»՝ այն է, թե ինչպես պետք է կառուցվեն միջպետական հարաբերությունները։ Ի. Ալիևի այս հայտարարությունը բացահայտում է, որ Բաքուն դեմ է ոչ միայն ժամանակավոր խաղաղությանը, այլ բանակցային դիրքերի երկարաժամկետ վերաինտեգրմանը։
Ազգային և միջազգային մամուլում արձանագրված է, որ Ադրբեջանը խաղաղության շուրջ խոսույթներն օգտագործում է նաև ներքին քաղաքական իրավիճակը վերահսկելու համար: Նախագահ Ի. Ալիևը և պաշտպանության նախարարությունը հրապարակային հայտարարություններ են անում, որ ամենակարճ ժամանակում Հայաստանը պետք է ընդունի նոր կարգավիճակ, հակառակ դեպքում իրենք կշարունակեն ուժային մեխանիզմների կիրառումը, ինչը փաստում է, որ խաղաղության օրակարգն Ադրբեջանում ընկալվում է որպես զսպման և ճնշման գործիք հայկական կողմի վրա:
Ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը, ներքին քաղաքականության լիբերալ շերտերի բացակայությունը և իշխանական քարոզչությունը ցույց են տալիս, որ Բաքուն փաստացի չի պատկերացնում խաղաղության օրակարգը երկկողմ հաշտեցման տեսանկյունից: Խաղաղության նախաձեռնությունները ներկայացվում են միայն որպես Հայաստանի վերահսկելի զիջումների միջոց, և իրականում Ադրբեջանը գործընթացը դիտարկում է որպես լծակ՝ հայկական տարածքներ և ենթակառուցվածքներ վերահսկելու համար: Ի. Ալիևը բազմիցս հայտարարել է, որ համաձայնությունները չեն կարող սահմանափակել իրենց պահանջները, ինչը պարզ արտահայտում է Ադրբեջանի իրական աշխարհաքաղաքական ծրագրերը և Ադրբեջանի ներսում խաղաղության օրակարգի ընկալումները՝ այն ոչ թե վստահություն ստեղծելու մասին է, այլ հայկական դիրքերը ճնշելու և հավելյալ լծակներ ձեռք բերելու:
Հանրային ընկալումներն Ադրբեջանի ներսում ամրապնդվում են նաև կրթական, լրատվական և քաղաքացիական հասարակության շրջանակներում: Լրատվամիջոցները և սոցիալական ցանցերի հրապարակումները հաճախ «խաղաղության օրակարգը» ներկայացնում են որպես հայկական կողմին պարտադրված զիջումներ: Հատկանշական է, որ ադրբեջանցի օգտատերերի մեծամասնությունը աջակցում է իշխանությունների դիրքորոշմանը, այն է՝ Հայաստանը պետք է շարունակի զիջումները, որպեսզի տարածաշրջանում կայունություն հաստատվի: Սա ընդգծում է, որ խաղաղության օրակարգի ընկալումն արհեստածին Ադրբեջանի ներսում լիովին համահունչ է պաշտոնական քաղաքականությանը։
Փաստացի, խաղաղության ներկայիս ձևակերպումները Հայաստանում ներկայացվում են որպես ձեռքբերում, բայց իրականում դրանք ծառայում են Ադրբեջանի շահերին, և ՀՀ իշխանություններն օգտագործում են դրանք՝ հանրության վրա ազդեցություն գործելու և սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Համաշխարհային դերակատարների, ներառյալ ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի և ԵՄ-ի, ակնարկներն էլ փաստում են, որ այս գործընթացը կարևոր է, բայց հիմնական շահերի առանցքում Բաքվի և Վաշինգտոնի հետաքրքրություններն են։
Ակնհայտ է, որ ադրբեջանական քաղաքական շրջանակների և միջազգային հանրության համար բազմակողմ գործընթացներում Հայաստանը միայն դիտորդի դերում է, իսկ խաղաղության հռչակագրերն առաջին հերթին ամրապնդում են Ադրբեջանի ազդեցությունը։ Այս փաստը հաստատում է այն մտահոգությունը, որ Հայաստանի իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հաճախ ծառայում են միայն որպես հանրային մանիպուլյացիա, իսկ իրականում գործընթացը չի բխում Հայաստանի շահերից և վտանգում է պետության ինքնիշխանությունը, ստեղծելով նոր աշխարհաքաղաքական կախվածություններ և տնտեսական ու անվտանգային ճգնաժամեր:
Ուստի կարող ենք եզրակացնել, որ անկախ արտաքին դերակատարների ներգրավվածությունից և պաշտոնական հայտարարություններից, խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրականում չկա, իսկ գործընթացը ծառայեցվում է հիմնականում Ադրբեջանի ռազմավարական շահերին՝ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների քաղաքական հետաքրքրությունների ապահովմանը՝ ձևականորեն ներկայացնելով դրանք որպես հայ ժողովրդի ձեռքբերում։
Լիանա Պետրոսյան
