Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում
14 Դեկտեմբեր 2025
Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ, այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը
Նա նշել է, որ քննարկել են մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր։
«Ընդհանուր առմամբ, անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում:
Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:
Հ.գ. Հիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
1. օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ,
2. Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն,
3. քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով,
4. ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում,
5. միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում,
6. վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում»,- հավելել է Իշխան Սաղաթելյանը։
