Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ բազմակողմանի վտանգներով. երբ պետութիւնը նահանջը հռչակում է լուծում
15 Դեկտեմբեր 2025
Գերմանիա կատարած այցի շրջանակում, Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց հետեւեալը. «Եւ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետեւ որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտէզ՝ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղութեամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձն իրատեսական չէ։ Եթէ մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պէտք է չշարունակենք ղարաբաղեան շարժումը։ Ղարաբաղեան շարժումն աւարտւել է, եւ այն սկսելու փորձերը օգտակար չեն: Բայց միւս կողմից՝ Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արեւմտեան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանութիւնը։
Հիմա պէտք է հասկանալ, թէ որը որի պատճառն է, որն է պատճառ, եւ որը՝ հետեւանք։
Ես ասում եմ՝ եկէք նստենք, ճանապարհային քարտէզ մշակենք, թէ ոնց ենք այս թեման հանում, որովհետեւ այս թեման հանելը նշանակում է երկարաժամկէտ ռազմավարական առումով ընդհանրապէս բացառել որեւէ կոնֆլիկտային իրավիճակ: Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետութիւնում չի կարող լինել «Արեւմտեան Ադրբեջան», եւ այո, եթէ մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականութիւնը, իսկ մենք ճանաչել ենք միմեանց տարածքային ամբողջականութիւնը, ուրեմն դա պէտք է ամբողջական իրականացւի»:
Փաշինեանի՝ Գերմանիայում հնչեցրած յայտարարութիւնը առաջին հայեացքից կարող է ներկայացւել որպէս «խաղաղութեան» կայացմանն ուղղւած հերթական նախաձեռնութիւն, սակայն խորքային ընթերցման դէպքում այն բացայայտում է որոշակի քաղաքական մտածողութիւն եւ մօտեցում, որը ոչ միայն չի բխում Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի կենսական շահերից, այլեւ վտանգաւոր կերպով համահունչ է Ադրբեջանի երկարաժամկէտ ռազմավարական օրակարգին։ Խօսքը պարզապէս անյաջող ձեւակերպման կամ դիւանագիտական-լեզւական սայթաքման մասին չէ. գործ ունենք մի հետեւողական գծի հետ, որը սահմանափակում է հայկական պահանջատիրական դաշտը եւ զուգահեռաբար ընդլայնում թշնամու օրակարգի շրջանակը։
Փաշինեանը յայտարարում է, որ «Ղարաբաղեան շարժումն աւարտւել է», որ արցախահայերի վերադարձը «իրատեսական չէ», եւ այդ հարցը «փակւած է»։ Սա ոչ թէ իրատեսութեան, այլ քաղաքական միակողմանի զիջումների լեկսիկոն է։ «Իրատեսական չէ» ձեւակերպումը կարող է կիրառւել մարտավարական փուլերում, սակայն երբ այն վերածւում է ռազմավարական դիրքորոշման, այն այլեւս պետական մտածողութիւն չէ, այլ պարտւողական աշխարհայեացք։ Արցախահայութեան վերադարձի իրաւունքը քաղաքական նախասիրութեան հարց չէ, այլ հիմնարար իրաւունք, որը բխում է միջազգային իրաւունքի այն սկզբունքից, ըստ որի բռնի տեղահանւած ժողովուրդը չի կարող զրկւել իր վերադարձի հնարաւորութիւնից։ Այդ իրաւունքի միակողմանի «փակումը» նշանակում է ոչ միայն հրաժարում կոնկրետ հիմնարար իրաւունքից, այլ վտանգաւոր նախադէպի ընդունում, ըստ որի ուժի կիրառումն ու էթնիկ զտումը կարող են բերել վերջնական քաղաքական արդիւնքի։
Սակայն առաւել մտահոգիչը այն է, որ այս միակողմանի հրաժարումը չի ուղեկցւում հակառակ կողմի օրակարգի համարժէք սահմանափակմամբ։ Ընդհակառակը՝ «ճանապարհային քարտէզի» անւան տակ առաջարկւում է քննարկել, թէ ինչպէս «զուգահեռ փակել» մէկ այլ թեմա՝ այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» հարցը։ Այստեղ է, որ բացայայտւում է մօտեցման իրական վտանգաւորութիւնը։ Մինչ Փաշինեանը հետեւողականօրէն շարունակում է հրապարակային կերպով դուրս բերել Արցախի հարցը բանակցային եւ քաղաքական օրակարգից, հակառակ կողմի տարածքային ակնարկները ոչ թէ մերժւում են որպէս ապօրինի եւ անհեթեթ, այլ տեղափոխւում են քննարկման դաշտ՝ ստանալով քաղաքական շրջանառութիւն։
Փաստ է, որ քաղաքականութեան մէջ այն, ինչ դրւում է բանակցութիւնների սեղանին, արդէն իսկ որոշակի լեգիտիմութիւն է ձեռք բերում։ Եթէ արցախահայերի վերադարձի իրաւունքը հռչակւում է «աւարտւած» թեմա, իսկ մտացածին «արեւմտեան ադրբեջանցիների» այսպէս կոչւած «իրաւունքները» մնում են քննարկման առարկայ, ապա ստեղծւում է մի կառուցւածք, որտեղ զիջումները միակողմանի են, իսկ պահանջները՝ շարունակական։ Այլընտրանքային եւ կենսունակ մօտեցումը ենթադրում է հակառակը՝ այնպիսի քաղաքական գիծ, որտեղ բանակցութիւնների օրակարգը ձեւաւորւում է ոչ թէ հրաժարումներով, այլ իրաւունքների եւ անվտանգութեան համարժէքութեան սկզբունքով, եւ որտեղ ապօրինի պահանջները չեն ներառւում քննարկման մէջ։
Լուրջ մտահոգութիւն է առաջացնում նաեւ Փաշինեանի խօսքում տարածքային ամբողջականութեան մասին հնչեցւած ձեւակերպումը՝ «եթէ մենք ճանաչել ենք միմեանց տարածքային ամբողջականութիւնը, ապա դա պէտք է ամբողջական իրականացւի»։ Թւացեալ պարզ այս նախադասութիւնը վտանգաւոր է այն համատեքստում, որտեղ Ադրբեջանի պաշտօնական դիսկուրսում «տարածքային ամբողջականութիւն» հասկացութիւնը վաղուց է վերածւել պատմական ռեւիզիոնիզմի եւ նոր պահանջների գործիքի։ Առանց յստակ սահմանազատման եւ առանց ուժի կիրառման արդիւնքների չլեգիտիմացման մասին սկզբունքային շեշտադրումների, նման մօտեցումն ակամայ ուժեղացնում է այն նարատիւը, ըստ որի ենթադրաբար խախտւած է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների հաշւին։
Ազգային եւ պետական մտածողութեան տեսանկիւնից խաղաղութիւնը չի կարող կառուցւել այնպիսի տրամաբանութեամբ, որտեղ հակամարտութեան հետեւանքները ներկայացւում են որպէս «փակւած էջ», իսկ դրանց առաջացման պատճառները՝ անքննելի։ Արցախի հարցի վարչական «փակումը» ոչ միայն չի վերացնում հակամարտութեան հիմքերը, այլ խորացնում է դրանց ազդեցութիւնը՝ զրկելով Հայաստանին իրաւական եւ քաղաքական լծակներից։ Նոյն կերպ, «Արեւմտեան Ադրբեջանի» կեղծ օրակարգի վերաբերեալ որեւէ «ճանապարհային քարտէզ» քննարկելը բացում է դուռը նոր պահանջների համար՝ սկսած «համայնքային իրաւունքներից» մինչեւ բացայայտ տարածքային պահանջներ։ Իրատեսական այլընտրանքը ենթադրում է նման օրակարգերի սկզբունքային մերժում եւ անվտանգութեան հարցերի կապակցում ոչ թէ հրաժարումների եւ զիջումների, այլ իրական զսպման մեխանիզմների հետ։
Հետեւաբար, Փաշինեանի այս յայտարարութիւնը պէտք է դիտարկել ոչ թէ առանձին վերցւած, այլ որպէս վերջին տարիներին ձեւաւորւած մի ընդհանուր քաղաքական գծի շարունակութիւն, որտեղ «խաղաղութեան» անւան տակ իրականացւում է ազգային շահերի հետեւողական նահանջ։ Սա այն սահմանն է, որտեղ գործընթացը դադարում է լինել խաղաղ եւ վերածւում է միակողմանի պարտադրանքի։ Արցախի հարցի դուրսբերումը օրակարգից, տարածքային ամբողջականութեան վտանգաւոր մեկնաբանութիւնները եւ թշնամու օրակարգի քննարկելի դարձնելը միասին ձեւաւորում են մի միջավայր, որը սպառնում է Հայաստանի երկարաժամկէտ անվտանգութեանը եւ ինքնիշխանութեանը։
Պատմական փորձը ցոյց է տալիս, որ բարդ ազգային խնդիրները պարզունակ քաղաքական բանաձեւերով «փակելու» փորձերը չեն յանգեցնում կայունութեան։ Երբ պետութիւնը ինքնակամ սահմանափակում է իր պահանջատիրական դաշտը եւ զուգահեռաբար ընդլայնում հակառակ կողմի պահանջների շրջանակը, նա ոչ թէ նւազեցնում է ռիսկերը, այլ տեղափոխում դրանք ապագայ՝ աւելի խոցելի դիրքերից։ Այլընտրանքը խաղաղութեան գործընթացի վերակառուցումն է՝ այն հիմնելով իրական իրաւունքների ամրապնդման, փոխադարձ պարտաւորութիւնների համարժէքութեան եւ ուժի կիրառման հետեւանքների չլեգիտիմացման վրայ։
Խաղաղութիւնը, որպէս ռազմավարական նպատակ, չի կարող գոյութիւն ունենալ իրական անվտանգութեան հաշւին եւ չի կարող հաստատւել իրաւունքի ընտրողական կիրառման միջոցով։ Այն, ինչ այսօր Փաշինեանի կողմից ներկայացւում է որպէս «կոնֆլիկտային թեմաների փակման» փորձ, իրականում վտանգաւոր նախադէպ է ստեղծում՝ ըստ որի ուժի կիրառմամբ, էթնիկ զտմամբ եւ պատմական փաստերի վերաշարադրմամբ հնարաւոր է հասնել քաղաքական արդիւնքի։ Նման նախադէպի ընդունումը ոչ միայն խարխլում է ներկայիս պետական դիրքերը, այլ նաեւ ձեւաւորում է ապագայի վտանգաւոր հեռանկար, որտեղ նոր պահանջները դառնում են անխուսափելի, իսկ դիմակայելու հնարաւորութիւնները՝ սահմանափակ։
Առ այդ, խնդիրը յուզական արձագանքի կամ գաղափարական հակադրութեան մէջ չէ, այլ սառը հաշւարկի անհրաժեշտութեան մէջ։ Եթէ խաղաղութեան գործընթացը չի հիմնւում անվտանգութեան մակարդակի իրական բարձրացման, իրաւունքների պաշտպանւածութեան եւ փոխադարձ զսպման վրայ, այն դառնում է միակողմանի գործընթաց՝ անորոշ եւ վտանգաւոր վերջնակէտով։ Իսկ նման գործընթացները, յատկապէս փոքր եւ անվտանգութեան լուրջ մարտահրաւէրների առջեւ կանգնած պետութիւնների համար, պատմականօրէն աւարտւել են ոչ թէ կայունութեամբ, այլ նոր ճգնաժամերով՝ աւելի ծանր պայմաններում եւ աւելի սահմանափակ ընտրութեան հնարաւորութիւններով։
Ալիք
