ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի ցույցը ԵՄ պատվիրակության շենքի առջև
15 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի առջև տեղի ունեցավ բողոքի ցույց:
Ցույցի նպատակը ՀՀ-ում ազատազրկված և հետապնդման ենթարկվող քաղբանտարկյալների, ինչպես նաեւ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող ռազմագերիների հարցերին ԵՄ ուշադրություն հրավիրելն էր:
Երիտասարդները անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ընթերցեցին հայտարարություն՝ ուղղված Եվրոխպական միության երկրներին։
«Առաջին անգամը չէ, որ այստեղ ենք, սա խոսում է այն մասին, որ խնդիրները դեռեւս լուծված չեն: ԵՄ-ն տարիներ շարունակ արձագանքել է Հայաստանում քաղաքական ճգնաժամերին, երբ դրանք համընկնում էին իրենց քաղաքական օրակարգին», – հայտարարեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Արմենակ Գրիգորյանը:
«Մինչեւ 2018թ. ԵՄ-ն հետեւողականորեն բարձրաձայնում էր մարդու իրավունքների, արդարադատության եւ ժողովրդավարության չափանիշների խախտումների մասին: ԵՄ-ն ժամանակին ընդգծել է քաղաքական հետապնդումների, ընտրական խախտումների, ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիությունը, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության եւ համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը: Բայց այսօր՝ 2025թ նույն ԵՄ-ն լռում է, եւ մենք ստիպված ենք հարցնել, թե ինչու: 2018թ.-ից հետո Հայաստանում ձեւավորվել է ընտրովի արդարադատության նոր համակարգ, որտեղ քրեական հետապնդումները կիրառվում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա: Այսօր Հայաստանում հալածվում են Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ, ազգային բարերարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր համայնքապետեր: Մարդիկ ամիսներով եւ տարիներով պահվում են նախնական կալանքի տակ՝ զրկված են արդար դատաքննության իրավունքից եւ ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Նրանք քաղբանտարկյալներ են»,- նշեց Արմենակ Գրիգորյանը եւ հավելեց՝ «Ազատություն քաղբանտարկյալներին։ Արդարություն առանց ընտրովի մոտեցմանը, եվրոպական արժեքներ ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում»:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության վարչության անդամ Վարդան Գալստյանը խոսելով ՄԱԿ-ի գրասենյակի առաջ անցյալ շաբաթ իրականացրած իրենց բողոքի ցույցից, ասաց, որ ՄԱԿ գրասենյակ փոխանցված նամակի պատասխանը չի ստացվել, ինչը նշանակում է, որ այն չեն ուսումնասիրել:

Մանրամասները՝ տեսանյությում
