ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հոգեւորի եւ հակահոգեւորի սահմանագծում. Ազգը՝ եկեղեցու կողքին

22 Դեկտեմբեր 2025

Պատմութիւնը բազմիցս ապացուցել է, որ իշխանութիւնն ու հոգեւոր-բարոյական հեղինակութիւնը նոյնական հասկացութիւններ չեն։

Իշխանութիւնը կարող է հիմնւել վարչական լծակների, ուժի եւ ընթացիկ քաղաքական լեգիտիմութեան վրայ, մինչդեռ հոգեւոր-բարոյական հեղինակութիւնը ձեւաւորւում է ժամանակի, գաղափարների, արժէքների, հաւատքի եւ պատմական ծառայութեան միջոցով։ Հայոց պատմութեան վերջին 17 դարերում, այդ հեղինակութեան մարմնաւորումը եղել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որը հարիւրամեակներ շարունակ, պետականութեան բացակայութեան պայմաններում, ստանձնել է ազգային-հոգեւոր ինքնութեան ու նկարագրի եւ պատմական յիշողութեան պահապանի առաքելութիւնը։ Դեկտեմբերի 18-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դարձաւ այն սահմանագիծը, որտեղ այս երկու սկզբունքները՝ իշխանութիւնն ու հոգեւոր-բարոյական հեղինակութիւնը, ճակատ առ ճակատ, ուղղակի առերեսւեցին։ Մի կողմում բազմահազար հաւատացեալներն էին, որոնք եկել էին պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպէս համազգային հեղինակութեան վերջին ինքնուրոյն յենարան, իսկ միւս կողմում՝ բազմաշերտ ուժայիններով պաշտպանւող, իշխանական պատւէրով եւ վարչական լծակների ամբողջ ներուժի օգտագործմամբ հաւաքւած մի քանի տասնեակ անձինք, որոնց ներկայութիւնն ու գործելակերպը վկայում էին ոչ թէ իրական հաւատքի կամ հոգեւոր մտահոգութեան, այլ Եկեղեցին գործող քաղաքական ուժի վերահսկողութեան ենթարկելու հետեւողական եւ նպատակաուղղւած ձգտման մասին։

Դեկտեմբերի 18-ին հայոց հաւատքի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնները յստակ ցոյց տւեցին, որ Հայաստանի Հանրապետութիւնում ընթացող գործընթացները վաղուց դուրս են եկել իշխանութիւն-ընդդիմութիւն դասական հակադրութեան շրջանակներից։

Այստեղ խօսքը այլեւս առանձին քաղաքական քայլերի եւ գործողութիւնների մասին չէ, այլ խորքային հոգեւոր-հակահոգեւոր, արժէքային-հակարժէքային բախման, որի առանցքում յայտնւել է այն ինստիտուտը, որն աւելի քան 1700 տարի եղել է հայ ժողովրդի գոյաբանական յենարանը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր մնում է այն եզակի համազգային կառոյցը, որը չի ենթարկւել գործող իշխանութեան գաղափարական վերաձեւմանը, չի տեղաւորւել փաշինեանական այսպէս կոչւած «Նոր Հայաստանի» քաղաքական նախագծի մէջ եւ չի կորցրել իր բարոյական ու հանրային լեգիտիմութիւնը։ Հէնց այս հանգամանքն է այն դարձնում անընդունելի ՀՀ գործող իշխանութեան համար, որը ձգտում է լինել ոչ միայն քաղաքական, այլեւ «արժէքային» միակ կենտրոնը։

Վեհափառ Հայրապետի դէմ ուղղւած համակարգւած յարձակումները, եկեղեցական ներքին կեանքին աշխարհիկ միջամտութեան փորձերը, «բարեփոխումների» անւան տակ առաջ մղւող պառակտիչ ու կազմաքանդող օրակարգը եւ այլընտրանքային «հոգեւորականների» արհեստական կերպարների առաջադրումը նոյն քաղաքական ռազմավարութեան փոխկապակցւած դրսեւորումներն են։ Այստեղ խնդիրը որեւէ անձի կամ առանձին հարցի շուրջ տարաձայնութիւնը չէ։ Խնդիրը Եկեղեցու՝ որպէս ինքնիշխան բարոյական եւ հոգեւոր հեղինակութեան կենտրոնի չէզոքացումն է։

Փաշինեանի վարած այս պայքարը չի բխում պահի քաղաքական հաշւարկից, այլ իշխանութեան ամբողջականացման այն մոդելից, որտեղ պետութիւնից անկախ իրական արժէքային եւ բարոյական յենման կենտրոն պարզապէս չի կարող գոյութիւն ունենալ։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին իր էութեամբ հէնց այդպիսին է՝ կառավարութիւնից տարբերւող, սակայն պետութեան հետ օրգանական եւ պատմական կապի մէջ։

Դեկտեմբերի 18-ը վերջնականապէս քօղազերծեց եւս մի իրողութիւն՝ հոգեւորականի սքեմով, քաղաքական իշխանութեան գործիքի վերածւածների ուխտադուրժ գործունէութեան իրական էութիւնը։ Տիրադաւ «եպիսկոպոսների» եւ հերձւած «քահանաների» ներկայութիւնը հակաեկեղեցական ասպատակմանը ոչ միայն բարոյական խեղման, այլեւ եկեղեցական կանոնական կարգի կոպիտ խախտման դրսեւորում է։ Քրիստոնէական ուսմունքն այս հարցում որեւէ երկիմաստութիւն չի թողնում․ «Զգուշացէք ի կեղծ մարգարէից, որք կը գան առ ձեզ ի հագուստ ոչխարաց, իսկ ներքուստ գայլ յափշտակողք են» (Մատթ. 7.15)։ Այն հոգեւորականը, որը կամովին կամ ակամայ վերածւում է աշխարհիկ իշխանութեան քաղաքական օրակարգի սպասարկուի, դադարում է լինել հոգեւոր հովիւ եւ դառնում է գործիք։ Սա այլեւս անհատական մոլորութեան խնդիր չէ, այլ եկեղեցական դաւաճանութեան փաստ։ Պատմութիւնը բազմիցս վկայել է, որ Եկեղեցին ներսից քայքայելու փորձերը եղել են արտաքին ճնշումներից առաւել վտանգաւոր, իսկ այսօր այդ փորձերը ուղղորդւում են քաղաքական իշխանութեան յստակ ցուցումներով, ինչը վտանգը դարձնում է առաւել խորքային եւ համակարգային։

Եւ այս խորապատկերում սխալ կը լինի տեղի ունեցողը դիտարկել բացառապէս ներեկեղեցական հարթութեան մէջ։ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ուղղւած այս արշաւը իր էութեամբ ուղղւած է հայոց պետականութեան հիմքերի դէմ։ Եկեղեցու հեղինակազրկումը նշանակում է ազգային ինքնութեան առանցքի խարխլում, իսկ ինքնութեան խարխլումը՝ պետական սուբիեկտութեան թուլացում։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է այն առանցքը, որի շուրջ հնարաւոր է եղել իւրովի վերակազմաւորել պետականութիւնը՝ պետականութեան բացակայութեան պայմաններում։ Այսօր այդ առանցքի թիրախաւորելը նշանակում է հասարակութեանը զրկել իր ներքին բարոյա-հոգեւոր դիմադրողականութիւնից եւ այն դարձնել առաւել խոցելի արտաքին ազդեցութիւնների ու ճնշումների հանդէպ։

Եթէ այս քաղաքական նախագիծը յաջողի, հետեւանքները կարող են լինել անդառնալի։ Ազգային համախմբման այս կարեւոր ինստիտուցիոնալ յենարանի կորուստը կը յանգեցնի հասարակութեան բարոյա-հոգեւոր խորքային կազմաքանդման, ազգային-պատմական յիշողութեան յարաբերականացման եւ պետականութեան ընկալման վերածմանը զուտ վարչական կառոյցի։

Դեկտեմբերի 18-ը ցոյց տւեց նաեւ մէկ այլ կարեւոր իրողութիւն. հասարակութեան հաւատաւոր եւ գիտակից հատւածը պատրաստ է պաշտպանել իր Եկեղեցին։ Սակայն նման համախմբումը, որքան էլ նշանակալի, բայց բաւարար չէ։ Անհրաժեշտ է նպատակային, գաղափարական, համակարգւած եւ երկարաժամկէտ գործողութիւնների համադրութիւն։ Եկեղեցու ներսում պահանջւում է կանոնական յստակութիւն եւ կարգապահութիւն: Տիրադաւների եւ հերձւածների հարցը չի կարող մնալ անորոշ կամ ձեւական մակարդակում։ Աշխարհիկ հասարակութիւնն էլ պարտաւոր է ձեւաւորել իրաւական եւ քաղաքացիական պաշտպանութեան մեխանիզմներ՝ Եկեղեցու անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը պահպանելու համար։

Մտաւորականութիւնն ու լրատւամիջոցները պէտք է հրաժարւեն կեղծ չէզոքութիւնից եւ յստակ գնահատական տան տեղի ունեցողին, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ազգային են հռչակում, այլեւս չեն կարող եւ չպէտք է լռեն։

Յիշեցենք կրկին. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայոց Հայրապետի շուրջ զարգացումները իշխանութիւն-ընդդիմութիւն դասկան հակադրութեան դրսեւորում չէ եւ չի էլ կարող լինել։ Սա ինքնութեան պահպանման պայքար է։ Դեկտեմբերի 18-ը վկայեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին միայն անցեալի ժառանգութիւն չէ, այլ ներկայի եւ ապագայի կենսական առանցք։ Վեհափառ Հայրապետի պաշտպանութեան շուրջ ձեւաւորւած համախմբումը քաղաքական եւ բարոյական յստակ ուղերձ էր ՀՀ գործող իշխանութեանը, որը փորձում է Եկեղեցին վերածել իրական հոգեւոր եւ ազգային նկարագրից զուրկ, ենթակայ կառոյցի։

«Եւ ճանաչեցէ՛ք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ազատ կ՛առնէ զձեզ» (Յովհ. 8.32) աւետարանական այս պատգամն այսօր հնչում է որպէս հրամայական։ Ճշմարտութիւնը պահանջում է ոչ միայն ճանաչում, այլեւ պատասխանատւութիւն եւ գործողութիւն։ Իսկ լռութիւնն այս փուլում այլեւս չէզոքութիւն չէ, այլ յանցաւոր մասնակցութիւն՝ մեր ինքնութեան ամրագմբէթի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նպատակային կազմաքանդման փորձերին։ Դեկտեմբերի 18-ը հայ ժողովուրդի գիտակից հատւածի յստակ խօսքն էր, շառաչուն ապտակը՝ տիրադաւութեանն ու հաւատադաւութեանը։ Այժմ հարցը մէկն է՝ կը վերածւի՞ արդեօք այդ գործողութիւնը շարունակական, գիտակցւած, հոգեւոր-գաղափարական եւ կազմակերպւած դիմադրութեան՝ յանուն Եկեղեցու, յանուն պետականութեան եւ յանուն ազգային ինքնութեան, թէ՞ կը մնայ որպէս պոռթկման եւ ցասումի առանձին դրւագ:

Այս հարցի պատասխանից է մեծապէս կախւած հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան ապագայ տեսլական:

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քեպէգի մէջ արժանավայել կերպով նշուեցաւ

Կիրակի, 1 մարտ 2026-ին, յետմիջօրէի ժամը 6:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոն

03 Մարտ 2026
Արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում դա

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հան

03 Մարտ 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Այսօրվանից կարելի է համացանցի վրա ընթերցել «Դրօշակի» 2026 թ․ 2-րդ համարը։ Պաշտ

03 Մարտ 2026
Գեմպրիճի մէջ հանդիսաւոր կերպով նշուեցա

Կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. Գեմպրիճի «Արամ-Դրօ» կոմիտէին, շաբաթ, 28 փետրուար 2026-

03 Մարտ 2026
Հաղորդագրութիւն ՀՅԴ ԼԵՄ Պատգամաւորական

ՀՅԴ ԼԵՄ Պատգամաւորական 30-րդ ժողովը, որ սկիզբ առաւ 28 փետրուար 2026-ին խոր մտա

03 Մարտ 2026
Ակնարկ. Տարածաշրջանի Բռնկումը. Տարբեր

Իրանի դէմ սանձազերծուած պատերազմը ամբողջ տարածաշրջանը ներքաշեց աննախընթաց տարո

03 Մարտ 2026
Թորոնթոյի մէջ մեծ շուքով նշուեցաւ ՀՅ Դ

Ուրբաթ, 27 փետրուար 2026-ին, Թորոնթոյի Հայ երիտասարդական կեդրոնի «Համազգային»-

02 Մարտ 2026
Օրուան հետքերով-­ Յի­շե­լով ­Սում­կա­յ

Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի կող­մէ ­Խո­ջա­լո­ւի յու­շար­ձա­նի բա­ց

02 Մարտ 2026
Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ի

01 Մարտ 2026
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company