Մեզ համար պետությունն է հիմնականը
12 Հունվար 2026
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ ՀՅԴ-ին հասցեագրված հայտարարություններին՝ դրանք որակելով անհիմն և իրականությանը չհամապատասխանող։
Նրա խոսքով՝ պետությունը չի սահմանափակվում որևէ պաշտոնյայի կամ կառավարության կազմով։
«Պետությունը գաղափար է և կառույց։ Պետությունը չի նշանակում նախարար, վարչապետ կամ պատգամավոր։ Պետությունը քանդվում է այն ժամանակ, երբ գաղափարն է խաթարվում, և հենց այդ քաղաքականությունն է Արցախը կորցնելուն հանգեցրել»,- նշել է նա։
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարի գնահատմամբ՝ Սինանյանի հայտարարությունները քաղաքական հաշվարկի արդյունք են, և նա պետք է նախ անդրադառնա սեփական անցյալին։
«Սինանյանը շատ լավ գիտի Դաշնակցության դերը։ Նա տարիներ առաջ ինքն է համագործակցել ՀՅԴ-ի հետ, եղել է Հայ դատի հանձնախմբի անդամ, ընտրվել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ՝ հենց այդ շրջանակների աջակցությամբ»,-ընդգծել է Կարապետյանը։
Խոսելով պետության հետ համագործակցության մասին հնչեցված պնդումներից՝ դաշնակցական գործիչը նշել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
«Մենք չենք համագործակցում սուտ, կեղծ ներկայացումների և մանիպուլյացիաների համար։ Բայց երբ խոսքը վերաբերում է պետական շահին՝ Հայաստանի ապագային, Հայ դատի գրասենյակները մշտապես համագործակցել և շարունակում են համագործակցել»,- ասել է նա։
Գասպար Կարապետյանի խոսքով՝ եվրոպական կառույցները լավ տեղեկացված են Հայ դատի գրասենյակների գործունեության մասին, իսկ համագործակցության մակարդակը հայտնի է թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, թե՛ դեսպաններին։
«Եթե Սինանյանը հարց ունի՝ թող դիմի արտաքին գործերի նախարարին կամ դեսպաններին և պարզի՝ որքանով ենք մենք համագործակցում Հայաստանի պետական շահերի շրջանակում»,- նշել է նա։
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահը նաև անդրադարձել է եկեղեցու նկատմամբ հնչող քննադատություններին՝ դրանք համարելով վտանգավոր և հակաժողովրդավարական միտումներ։
«Երբ հարձակումներ են իրականացվում եկեղեցու, հոգևորականների դեմ, սա արդեն արժեքային ճգնաժամ է։ Մեր ազգային գաղափարախոսությունը չի խառնվում օրվա քաղաքական շահերին։ Մեզ համար պետությունն է հիմնականը»,- եզրափակել է Կարապետյանը։
