ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման եզրին

12 Հունվար 2026

Ներքին լարվածություն, արտաքին ուղղորդում, վերահսկելի ճգնաժամ



Իրանում վերջին օրերին արձանագրված ներքաղաքական լարվածությունը եւ դրան ուղեկցած զանգվածային անկարգությունները պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված դրվագների, այլ երկարատեւ եւ բազմաշերտ գործընթացների համատեքստում, որոնց հիմքում ընկած են թե՛ ներքին սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական խնդիրները, թե՛ արտաքին համակարգային ազդեցությունները։ Սակայն, ի տարբերություն արևմտյան մեդիա եւ դրանց քարոզչության հետեւանքով սոցիալական հարթակներում ձեւավորվող նարատիվների, տեղի ունեցող զարգացումները չեն կրում դասական հեղափոխությունների չափորոշիչներին համապատասխան բնույթ եւ չեն համապատասխանում «ռեժիմի փլուզման» կամ «իշխանափոխության անխուսափելիության» սցենարներին։ Դրանք ավելի շուտ արտահայտում են կառավարման մոդելի նկատմամբ կուտակված դժգոհության բռնկումային դրսեւորումներ, որոնք արտաքին միջամտության հետևանքով ենթարկվել են նպատակային ձեւախեղման։

Բողոքների բուն պատճառները, ինչպես եւ նախորդ տարիներին, կապված են հիմնականում Իրանում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ։ Տասնամյակներ շարունակվող պատժամիջոցային ճնշումը հանգեցրել է տնտեսության կառուցվածքային թուլացման, սղաճի խրոնիկ բնույթի, ազգային արժույթի արժեզրկման, ռենտային համակարգի ձեւավորման, եւ այդ բոլորի հետևանքով սոցիալական անհավասարության խորացմանը։ Այս ամենը հատկապես ծանր է անդրադարձել քաղաքային միջին խավի եւ երիտասարդության վրա, որոնք միաժամանակ ավելի կրթված են, ավելի գլոբալացված եւ ավելի պահանջատեր՝ քաղաքական մասնակցության, սոցիալական արդարության եւ անձնական ազատությունների հարցերում։ Սերունդների միջեւ արժեքային հակասությունները, կանանց իրավունքների շուրջ լարվածությունները եւ հանրային մասնակցության սահմանափակվածությունը ստեղծել են սոցիալական լարվածության կայուն ֆոն։

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբերվում էին դասական սոցիալական բողոքներից։ Դրանք արագ դուրս եկան սոցիալ-տնտեսական օրակարգից եւ վերածվեցին անկառավարելի բռնության, սրբապղծության եւ բացահայտ սադրիչ գործողությունների։ Մզկիթների եւ Ղուրանի այրումը, հասարակական տարածքներում ազգային-կրօնական խորհրդանիշների հանդեպ ցուցադրական ոտնձգությունները, ինչպես նաեւ նպատակային սպանություններն ու աննախադեպ զանգվածային վանդալիզմը չէին կարող դիտարկվել որպես ինքնաբուխ քաղաքացիական դժգոհության դրսեւորում։ Այս գործողությունները ոչ միայն օտար էին Իրանի ավանդապաշտ եւ կրոնապաշտ հասարակության արժեքային համակարգին, այլեւ օբյեկտիվորեն աշխատում էին սոցիալ-տնտեսական հողի վրա ձեւավորված խաղաղ բողոքի շարժման լեգիտիմության դեմ։

Հենց այս կետում է, որ ակնհայտ է դառնում արտաքին գործոնի դերակատարումը։ ԱՄՆ-ը եւ Իսրայելը երկար տարիներ իրականացնում են Իրանի ներքին կայունության թուլացմանն ուղղված բազմաշերտ քաղաքականություն՝ քաղաքական մեկուսացումից մինչեւ տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմ։ Վերջին անկարգությունների ընթացքում այդ գործիքակազմը գործի դրվեց ամբողջ ծավալով։ Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվեցին ապատեղեկատվական նյութեր, արհեստականորեն ուռճացվեցին իրադարձությունների մասշտաբները, իսկ բռնի գործողությունները ներկայացվեցին որպես «ժողովրդական ապստամբություն»։ Միաժամանակ ակնհայտ էր անկարգությունների մասնակից որոշ խմբերի ուղղորդվածությունը, գործողությունների համակարգված բնույթը եւ խորհրդանշական թիրախների ընտրությունը, ինչը բնորոշ է ոչ թե սոցիալական բողոքին, այլ քաղաքական սադրանքին։

Սակայն արտաքին աջակցությունը, ինչպես ցույց է տալիս Իրանի փորձը, ինքնուրույն չի ստեղծում կենսունակ քաղաքական օրակարգ եւ շարժում։ Այն կարող է միայն ուժեղացնել արդեն գոյություն ունեցող դժգոհությունները, բայց չի կարող փոխարինել ներքին լեգիտիմությանը։ Իրանում բացակայում է այն սոցիալական բազան եւ կազմակերպված առաջնորդությունը, որը թույլ կտար արտաքին հովանավորչությամբ իրականացնել համակարգային իշխանափոխություն։ Քաղաքական ընդդիմությունը ներսում շարունակում է մնալ մասնատված, արտաքին ուժերի կողմից կառավարելի եւ օտարածին, հիմնականում՝ հակազգային օրակարգով, առանց միասնական ծրագրի եւ առաջնորդության, իսկ ցույցերի սոցիալական բնույթը չի ծնում գաղափարական կամ քաղաքական համախմբում։

Անկարգությունների թափի կտրուկ նվազումը հինգշաբթի եւ ուրբաթ օրերից հետո պայմանավորված էր ոչ միայն իշխանությունների համաչափ եւ համապատասխան անվտանգային գործողություններով, այլեւ հասարակության լայն շերտերի վերաբերմունքով։ Իրանի հասարակության համար, նույնիսկ առկա դժգոհությունների պայմաններում, սրբապղծությունը, ազգային-կրոնական խորհրդանիշների դեմ բռնությունը, վանդալիզմը եւ անմեղ մարդկանց սպանությունները կարմիր գծեր են։ Այդ գործողությունները սթափեցրին սոցիալ-տնտեսական հողի վրա ձեւավորված բողոքների նկատմամբ համակրանք ունեցող քաղաքացիների մեծ զանգվածներին, որոնց համար ակնհայտ դարձավ արտաքին ուղղորդմամբ իրականացվող անկարգությունների իրական բնույթն ու նպատակը։ Այս հանգամանքը վճռորոշ դեր խաղաց լարվածության թափի նահանջի գործում:

Իշխանությունների արձագանքը բնութագրվում էր ուժի դիրքերից՝ հստակ կառավարչական տրամաբանությամբ։ Գերագույն հոգեւոր առաջնորդի, Հանրապետության նախագահի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաեւ ԻՀՊԿ-ի եւ Բանակի հայտարարությունները միտված էին ոչ միայն ուժի ցուցադրմանը, այլեւ ներքին կոնսոլիդացիային եւ պետական ինստիտուտների կայունության վերահաստատմանը։ Անվտանգային համակարգի համախմբվածությունը եւ կառավարման ինստիտուտների շարունակական գործունակությունը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Իրանի պետական համակարգը չի գտնվում փլուզման եզրին։

Միեւնույն ժամանակ, տեղի ունեցող զարգացումները համընկան արտաքին ճնշումների նոր փուլին։ ԱՄՆ-ի դիրքորոշումը, հատկապես Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունները, ռազմական հարվածի հնարավորության մասին ակնարկները եւ ուժի կիրառման սպառնալիքները նպատակ ունեին ոչ միայն արտաքին ճնշման ուժեղացմանը, այլեւ ներքին լարվածության խթանմանը։ Հատկանշական է սակայն, որ այս հռետորաբանությունը հակասական կերպով ուղեկցվում է Իրան–ԱՄՆ անուղղակի շփումներով, որոնք դատելով կողմերի հայտարարություններից, առկա են, ինչը ցույց է տալիս Վաշինգտոնի երկակի մոտեցումը։ Մի կողմից՝ ուժի սպառնալիք եւ քաղաքական ճնշում, մյուս կողմից՝ դիվանագիտական շփումների պահպանում՝ տարածաշրջանային մեծ պատերազմի ռիսկերը վերահսկելու համար։

Ռազմական ուղիղ հարվածի հավանականությունը, չնայած բարձրաձայնվող հայտարարություններին, շարունակում է մնալ սահմանափակ։ Տրամաբանությունը հուշում է, որ նման սցենարը չափազանց բարձր գին կունենա ոչ միայն Իրանի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ հենց ԱՄՆ-ի համար։ Այդ պատճառով ավելի հավանական է թվում շարունակվող ճնշման, սահմանափակ անվտանգության գործողությունների եւ տեղեկատվական պատերազմի համադրումը։

Վերադառնալով ներքաղաքական իրավիճակին, անհրաժեշտ է նշել, որ ներքին խնդիրների առկայությունը Իրանի իշխանությունների համար ստեղծում են լուրջ ռիսկեր։ Սոցիալական անհավասարության խորացումը, երիտասարդության ապագայի նկատմամբ անորոշությունը, հանրային մասնակցության սահմանափակումները եւ կառավարման մոդելի թերությունները երկարաժամկետ հեռանկարում կարող են վերածվել ավելի լուրջ ճգնաժամերի։ Թեեւ ներկայումս համակարգը կայուն է, իսկ ճգնաժամը՝ վերահսկելի, այդ կայունությունը չի կարող անընդհատ պահպանվել առանց իրական եւ արմատական բարեփոխումների։ Ներիշխանական վերադասավորումները եւ սահմանափակ սոցիալ-տնտեսական կոսմետիկ բարեփոխումները կարող են ժամանակավորապես մեղմել լարվածությունը, բայց չեն կարող վերացնել դրա խորքային պատճառները։

Եզրափակելով՝ Իրանում վերջին օրերի զարգացումները պետք է դիտարկել որպես կառավարման մոդելի լուրջ ճնշման տակ գտնվող, սակայն դեռեւս ինստիտուցիոնալորեն կայուն եւ պետականորեն գործունակ համակարգի ներսում առաջացած լարվածության դրսեւորումներ, որոնք ունեն բարձր ռիսկայնություն։ Դրանք, սակայն, չեն համապատասխանում հեղափոխական ճգնաժամի դասական չափորոշիչներին եւ չեն տեղավորվում արեւմտյան մեդիադաշտում հաճախ շրջանառվող «ռեժիմի փլուզման» կամ «անխուսափելի իշխանափոխության» նարատիվի մեջ։ Արտաքին ուղղորդմամբ եւ տեղեկատվական պատերազմի ուղեկցությամբ իրականացված անկարգությունները չհանգեցրին համակարգային ճեղքման, քանի որ բախվեցին ինչպես պետական անվտանգության եւ կառավարման ինստիտուտների համախմբված դիմադրությանը, այնպես էլ հասարակության արժեքային ինքնապաշտպանությանը։

Այս համատեքստում հունվարի 12-ին Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած միլիոնանոց հանրահավաքները դարձան վերջին օրերի գործընթացների քաղաքական-հասարակական որոշակի ամփոփումը։ Դրանք ցուցադրեցին, որ հասարակության զգալի հատվածը, սոցիալ-տնտեսական խոր դժգոհությունների պայմաններում անգամ չի նույնականացնում իրեն սրբապղծությամբ, վանդալիզմով եւ նպատակային բռնությամբ ուղեկցված անկարգությունների հետ եւ շարունակում է Իսլամական Հանրապետությունը դիտարկել որպես պետականության եւ ինքնիշխանության կրող համակարգ։ Այդ ցույցերը ոչ միայն հակակշռեցին արտաքին կենտրոններից սնվող ապատեղեկատվական նարատիվները, այլեւ փաստացի հաստատեցին, որ Իրանի հասարակությունը բեւեռացված է, բայց ոչ կազմաքանդված, իսկ իշխանության լեգիտիմության սոցիալական հենարանը՝ թեեւ ճնշման տակ, շարունակում է պահպանվել։

Միեւնույն ժամանակ, այս իրողությունը չպետք է ստվերի այն փաստը, որ ներքին սոցիալական, տնտեսական եւ կառավարչական խնդիրները մնում են չլուծված եւ կուտակված։ Սոցիալական անհավասարության խորացումը, երիտասարդության ապագայի նկատմամբ անորոշությունը, հանրային մասնակցության սահմանափակումները եւ կառավարման մոդելի կառուցվածքային թերությունները երկարաժամկետ հեռանկարում կարող են վերածվել ավելի խորքային ճգնաժամերի։ Ներկայումս համակարգը կայուն է, իսկ ճգնաժամը՝ վերահսկելի, սակայն այդ կայունությունը չի կարող երկարաժամկետ պահպանվել առանց իրական, հետեւողական եւ խորքային բարեփոխումների։

Այսպիսով, վերջին իրադարձությունները վկայում են ոչ թե Իրանի փլուզման, այլ նրա դիմադրողականության մասին՝ միաժամանակ բացահայտելով այն սահմանները, որոնց անտեսումը կարող է ապագայում հանգեցնել ավելի վտանգավոր սցենարների։ Ներկա փուլում Իսլամական Հանրապետությունը պահպանել է վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ, սակայն ներքին վերափոխումների հարցը շարունակում է մնալ ոչ թե ընտրություն, այլ ժամանակի հրամայական։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company